Ի՞նչ սխալ բան կա հեռախոսային սեքսի մեջ
Երիտասարդները հարցնում են...
Ի՞նչ սխալ բան կա հեռախոսային սեքսի մեջ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ սեքսը,— ասվում է ամերիկյան մի հայտնի պարբերագրի մեջ,— փոխարինել է սիրային նամակներին և դարձել ռոմանտիկ կապի նախընտրելի միջոց իրարից հեռու գտնվող զույգերի համար»։
Իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Դա հեռախոսի միջոցով էրոտիկ թեմաների շուրջ բացահայտորեն խոսելն է կամ դրանք լսելը։ a Այս բանով զբաղվողները հաճախ դիմում են ձեռնաշարժության, որպեսզի բավարարում տան իրենց բորբոքված կրքերին։ Թե՛ մտերմության շրջանում գտնվող զույգերի, թե՛ միմյանց անծանոթ մարդկանց մեջ հեռախոսային սեքսը այնպիսի տարածում է գտել, որ մտահոգվելու առիթ է տալիս։ Շատերը նույնիսկ բացեիբաց թիկունք են կանգնում այդ սովորությանը։
«Դա ամենաանվտանգ սեքսն է»,— պնդում է մի կին։ Եվ ինչպես երևում է, շատերն են այդպես մտածում։ Օրինակ՝ 2000 թ. հոկտեմբերին Ռուսաստանում առողջության բնագավառի մասնագետների մի խումբ թերթերում գովազդի միջոցով քաջալերում էր հեռախոսային սեքսը՝ ՄԻԱՎ–ի տարածումը խոչընդոտելու նպատակով։
Սակայն կան մարդիկ, ովքեր սեքսի այս տեսակը գովազդում են պարզապես իրենց շահից դրդված։ Հեռախոսային սեքսի ծառայությունները, որոնց վճարում են անբարո զրույցներ լսելու համար, միայն ԱՄՆ–ում ավելի քան մեկ միլիարդ դոլարի եկամուտ են բերում։
Իսկ ինչո՞ւ է այս սովորությունը նման տարածում գտել։ Մի գրքում տրվում է այսպիսի պատասխան. «Ֆիզիկական և էմոցիոնալ մերձեցումը վտանգավոր է։ Ֆիզիկական առումով առկա է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակվելու վտանգը, անձնական/մասնագիտական առումով՝ պատվազրկության, դատապարտության արժանանալու, ինչպես նաև «աննորմալ» ցանկության հետևանքները քաղելու մտավախությունը։ Հեռախոսային սեքսը նվազեցնում է այսպիսի վտանգների ենթարկվելու հավանականությունը» («The Fantasy Factory»)։
Ճիշտ է, սեքսի այս տեսակով զբաղվելու համար ուրիշի հետ ֆիզիկապես չես մտնում սեռական հարաբերության մեջ։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, թե հեռախոսային սեքսի մեջ ոչ մի վատ բան չկա, և այն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։
Անվնա՞ս է արդյոք
Սեռական ցանկությունը ուժեղ է հատկապես պատանեկան տարիներին։ Այս տարիքը, երբ սեռական ցանկությունները հասնում են իրենց գագաթնակետին, Աստվածաշունչն անվանում է ծաղկման շրջան (Ա Կորնթացիս 7։36, ՆԱ)։ Կյանքի այս կրիտիկական շրջանում երիտասարդ քրիստոնյան պետք է սովորի «իր անօթը պահել սրբութեամբ եւ պատուով» (Ա Թեսաղոնիկեցիս 4։4)։ Սա նշանակում է, որ դու պետք է սովորես վերահսկել և զսպել քո սեռական ցանկությունները, ինչը շատ կարևոր է սեքսի հանդեպ առողջ, հավասարակշռված տեսակետ ունենալու համար։
Մինչդեռ հեռախոսային սեքսը սովորեցնում է տրվել սեռական զգացումներին և ոչ թե զսպել դրանք։ Ավելին, այն առաջ է բերում այլասերված, աղավաղված տեսակետ հակառակ սեռի նկատմամբ։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ սեռական հարաբերությունների մեջ կարող են մտնել միայն ամուսնացած զույգերը (Եբրայեցիս 13։4)։ Սակայն հեռախոսային սեքսը խրախուսում է երիտասարդներին սեռական հաճույքներ ստանալ՝ առանց ամուսնական կապի մեջ մտնելու։ Աստվածաշունչն ուսուցանում է, որ իսկական երջանկությունը գալիս է տալուց և ոչ թե ստանալուց (Գործք 20։35)։ Իսկ հեռախոսային սեքսը խրախուսում է եսասիրաբար օգտագործել ուրիշներին՝ որպես սեփական հաճույքների բավարարման առարկա։ Ամուսնական զույգերին Աստվածաշունչը քաջալերում է իսկապես մտերմանալ միմյանց հետ՝ փոխադարձ սեր և վստահություն զարգացնելով (Եփեսացիս 5։22, 33)։ Այնինչ հեռախոսային սեքսը նպաստում է սառնության և ծածկամտության։
Վնասաբեր կախվածություն
Հին Կորնթոսը հայտնի էր որպես անբարո բարքերի քաղաք։ Այս պատճառով Պողոս առաքյալը այնտեղ ապրող քրիստոնյաներին գրեց. «Վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11։3)։ Հեռախոսային սեքսը ժամանակակից այն միջոցներից է, որ Սատանան գործադրում է երիտասարդներին ապականելու նպատակով։
Որոշ պատանիներ անվերահսկելի կախվածություն են ձեռք բերել հեռախոսային սեքսի ծառայություններին զանգահարելու հանդեպ։ Թե որքան մոլի կարող են դառնալ ոմանք, երևում է մի երիտասարդի օրինակից (անվանենք նրան Ջիմ)։ Մի անգամ գովազդային ցուցանակի վրա նա տեսավ հեռախոսային սեքսի ծառայության համարը։ Մտապահելով այն՝ Ջիմը ավելի ուշ զանգահարեց՝ լոկ հետաքրքրությունից դրդված։ Ժամանակի ընթացքում այդ զանգերը դարձան ավելի ու ավելի հաճախակի։ Շատ չանցած՝ նա իր ուսերին 600 դոլարի վարձավճար կուտակեց։
Եթե ամուրի անհատը սեռական կիրք է բորբոքում իր մեջ, նա վարվում է Աստծո Խոսքում տրվող խորհրդին հակառակ։ Աստվածաշունչը հորդորում է. «Սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են, պոռնկութիւնը, պղծութիւնը, կիրքը» (Կողոսացիս 3։5)։
Վտանգները մտերմության շրջանում
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն երիտասարդ զույգերի մասին, որոնք մտերմություն են անում և ամուսնանալու լուրջ մտադրություն ունեն։ Ինչ խոսք, բնական է, որ սիրահարված մարդիկ ցանկանան արտահայտել իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Դեռևս աստվածաշնչյան ժամանակներում աստվածավախ մի օրիորդ իր նշանածի մասին ասաց. «Ես իմ սիրականինն եմ, եւ նա էլ ինձ է ցանկանում» (Երգ Երգոց 7։10)։ Մինչ մոտենում է հարսանիքի օրը, միանգամայն ճիշտ և տեղին է, որ նշանված անհատները քննարկեն որոշ ինտիմ հարցեր։ Սակայն մի՞թե հեռախոսային սեքսը ռոմանտիկ զգացմունքներ արտահայտելու ապահով միջոց է։
Ո՛չ։ Նույնիսկ նշանված զույգերը պարտավոր են հետևել Պողոս առաքյալի տված խորհրդին. «Բայց պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։ Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն։ Որովհետեւ սա գիտէք, որ ոչ մի պոռնիկ, կամ պիղծ, կամ ագահ, որ կռապաշտ է՝ ժառանգութիւն չ’ունի Քրիստոսի եւ Աստուծոյ արքայութիւնումը» (Եփեսացիս 5։3–5; Կողոսացիս 3։8)։
Ինչ խոսք, անբարո մտքեր արթնացնելու կամ ձեռնաշարժության դրդելու նպատակով գիտակցաբար զրույց վարելը անմաքրություն է Եհովայի աչքում։ Դա կարող է դրդել մարդուն
խախտելու աստվածային ավելի լուրջ սկզբունքներ։ Օրինակ՝ երիտասարդ մի զույգ մտերմություն էր անում մեծ հեռավորության վրա։ Սկզբում նրանց հաճախակի հեռախոսային զրույցները միմյանց ճանաչելու միջոց էին։ Սակայն կարճ ժամանակ անց նրանք սկսեցին խոսել անբարո թեմաների շուրջ։ Զրույցները գնալով ավելի ու ավելի բաց էին դառնում։ Ուստի զարմանալի չէ, որ երբ հանգամանքների բերումով նրանք կարողացան իրար հետ լինել, անմաքուր արարքներ գործեցին։Ուրեմն՝ եթե ցանկանում ենք հաճելի լինել Աստծուն, անկասկած, պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի չընկնենք հեռախոսային սեքսի ծուղակը։ Ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել այս հարցում։
Ճնշիր քո մարմինը
Հեռախոսային սեքսը կարող է գցել կախվածության մեջ։ Ուստի պետք է ‘մեր մարմինը ճնշենք և նվաճենք’ Եհովայի հավանությանն արժանանալու համար (Ա Կորնթացիս 9։27)։ Եթե դու զբաղվում ես հեռախոսային սեքսով, ինչո՞ւ չդիմես օգնության։ Առաջին ճիշտ քայլը քո քրիստոնյա ծնողներին այդ մասին պատմելը կլինի։ Այո, դրանով ամենայն հավանականությամբ կվշտացնես նրանց։ Սակայն հենց նրանք են այն մարդիկ, ովքեր կկարողանան լինել քո լավագույն օգնականները վարքագիծդ ուղղելու և նույն սխալը չկրկնելու հարցում։ Ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաների ժողովի երեցները նույնպես կարող են օգնել քեզ, և նրանք պատրաստ են դա անելու։
Եթե ամուսնանալու նպատակով մտերմություն ես անում որևէ մեկի հետ, վճռիր պահպանել քո մաքրությունը նույնիսկ հեռախոսով խոսելիս։ Ահա թե ինչ է պատմում Լետիսիա անունով նշանված մի քրիստոնյա կին. «Ես ու նշանածս միասին կարդում ենք աստվածաշնչյան հոդվածներ մաքրություն պահպանելու վերաբերյալ։ Դրանց օգնությամբ կարողանում ենք մաքուր պահել մեր խիղճը, և մենք անչափ գնահատում ենք դա»։ Եթե ձեր խոսակցությունը սկսում է ընթանալ անվայել թեմաների շուրջ, համարձակություն ունեցիր փոխելու թեման։ Իրար հետ քննարկեք, թե ինչու է հարկավոր հետևել այն բանին, որ ձեր զրույցները լինեն մաքուր։
Որոշ երկրներում հեռախոսային սեքսի ծառայությունները ուշ ժամերին գովազդվում են հեռուստացույցով։ Թերևս քեզ համար լավ կլինի խուսափել գիշերները հեռուստացույց դիտելուց։ Եվ քանի որ ձեռնաշարժությամբ զբաղվելը նույնպես բորբոքում է անբարո մտքերը և ոչ թե սպանում դրանք, շատ կարևոր է, որ խուսափես այդ անմաքուր սովորությունից։ b Դու կարող ես ազատվել այդպիսի մտքերից, եթե շարունակ մտածես շիտակ բաների մասին (Փիլիպպեցիս 4։8)։ Քո վճռականությունն ամրապնդելու համար ընկերակցիր նրանց հետ, ովքեր չեն օգտագործում անպարկեշտ բառեր, ամեն օր կարդա Աստծո Խոսքը և քրիստոնեական հրատարակությունները։ Դրա շնորհիվ տեղ չես թողնի անբարո երազանքներին, և նրանք չեն կարողանա ներս սողոսկել ու ապականել քո միտքը։ Իսկ ամենակարևորը, աղոթքով օգնություն խնդրիր Աստծուց։ Պետրոս առաքյալը գրում է. «Ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։6, 7)։
«Պատանիները անթույլատրելի սեքսի դիմելու մեծ ճնշման են ենթարկվում»,— ասում է Բրազիլիայում ապրող մի երիտասարդ քրիստոնյա աղջիկ։ Սակայն Եհովան հասկանում է քո դժվարությունները։ Վստահ եղիր, որ նա անհրաժեշտ օգնությունը կտրամադրի քեզ, որպեսզի կարողանաս մաքուր մնալ իր աչքում (Եփեսացիս 6։14–18)։
[Ծանոթագրություններ]
a Նմանատիպ վնասակար սովորություն է կիբեռսեքսը՝ Ինտերնետի զրուցատեղիների միջոցով էրոտիկ խոսակցություններ վարելը։
b Թե ինչպես կարելի է հաղթահարել ձեռնաշարժության սովորությունը, տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը, էջ 198–211, ռուս.։
[Նկար 28–րդ էջի վրա]
Մտերմություն անող զույգերը պետք է զգուշանան, որ իրենց զրույցը չդառնա անմաքուր
[Նկար 28–րդ էջի վրա]
Թե՛ հեռախոսային սեքսը, թե՛ կիբեռսեքսը լայն տարածում են գտնում
[Նկար 30–րդ էջի վրա]
Աստծո Խոսքն ու քրիստոնեական հրատարակությունները կարդալով՝ կամրապնդես մաքուր մնալու քո վճռականությունը