Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հույս տառապյալներին

Հույս տառապյալներին

Հույս տառապյալներին

ԱՆՑՅԱԼՈՒՄ մարդիկ աշխատում էին խուսափել տրամադրության խանգարումով տառապողներից, ինչի հետևանքով նման անհատները դարձել էին վտարանդիներ։ Ոմանք զրկվում էին աշխատանքից կամ էլ չէին կարողանում գտնել այն։ Մյուսներից հրաժարվում էին իրենց իսկ ընտանիքի անդամները։ Հաճախ սա միայն ավելի էր բարդացնում խնդիրը և խանգարում էր հիվանդներին օգնություն ստանալ։

Վերջին տասնամյակներին, սակայն, կլինիկական դեպրեսիայի ու երկբևեռ խանգարման հետազոտությունը մեծ արդյունքներ է բերել։ Այժմ հայտնի է, որ այս հիվանդությունները հնարավոր է բուժել։ Սակայն օգնություն ստանալը այնքան էլ հեշտ չէ։ Ինչո՞ւ։

Ճանաչել ախտանիշները

Հուզական խանգարումը հնարավոր չէ ախտորոշել արյան անալիզի կամ ռենտգենյան ճառագայթների միջոցով։ Փոխարենը՝ որոշակի ժամանակահատվածում ուսումնասիրում են մարդու վարքը, մտածելակերպը և առողջ դատելու ունակությունը։ Որպեսզի հաստատվի, որ տվյալ անձնավորությունը տառապում է նման հիվանդությամբ, պետք է առկա լինեն մի շարք ախտանիշներ։ Սակայն խնդիրն այն է, որ ընտանիքի անդամներն ու ընկերները երբեմն չեն գիտակցում, որ իրենց տեսածը հուզական խանգարման նշան է։ Այս առնչությամբ դոկտոր Դավիթ Միկլովիցն ասում է. «Նույնիսկ եթե մարդիկ համաձայնվում են, որ անհատի վարքը նորմալ չէ, նրանք հակասական կարծիքներ են ունենում այն մասին, թե ինչն է ստիպում վերջինիս այդպես վարվել»։

Անգամ եթե ընտանիքի անդամները տեսնում են, որ անհատի վիճակը մտահոգության առիթ է տալիս, վերջինիս շատ դժվար է լինում համոզել, որ նա բժշկական օգնության կարիք ունի։ Իսկ եթե հիվանդը դուք եք, ապա հավանաբար այնքան էլ հակված չեք դիմել օգնության։ Ահա թե ինչ է գրում դոկտոր Մարկ Գոլդը. «Դեպրեսիայի մեջ գտնվելիս հնարավոր է հավատաք ձեր ուղեղում ծագող այն մտքերին, թե դուք վատն եք, և թե օգնության դիմելն իմաստ չունի, քանի որ ձեզ նման մարդը անհույս անձնավորություն է։ Թերևս չցանկանաք այդ մասին խոսել որևէ մեկի հետ և մտածեք, որ դեպրեսիայի մեջ գտնվելն ամոթ է, և որ դա ձեր մեղավորությունն է։ .... Միգուցե դուք չիմանաք, որ այդ զգացմունքները դեպրեսիայի նշան են»։ Այնուամենայնիվ, ծանր դեպրեսիայով տառապող մարդու դեպքում բժշկի դիմելը շատ կարևոր է։

Ինչ խոսք, ժամանակ առ ժամանակ տխրություն բոլորս էլ ապրում ենք, բայց անպայման չէ, որ դա տրամադրության խանգարման նշան լինի։ Իսկ եթե նման զգացումներն ավելի ուժե՞ղ են, քան սովորական թախիծը։ Կամ եթե սովորականից ավելի երկա՞ր են տևում, ասենք երկու շաբաթ և ավելին։ Հնարավոր է նաև, որ ընկճված վիճակը խանգարում է ձեզ նորմալ աշխատել, սովորել կամ հաղորդակցվել։ Նման դեպքում խելամիտ կլինի խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ, որը կարող է ախտորոշել և բուժել դեպրեսիայի հետ կապված խանգարումները։

Եթե խախտված է ուղեղի կենսաքիմիական հավասարակշռությունը, հիվանդին, ամենայն հավանականությամբ, դեղեր կնշանակեն։ Մեկ ուրիշ դեպքերում նրան հավանաբար օգնություն ցույց կտրվի հոգեբանական զրույցների միջոցով, որոնց շնորհիվ հիվանդը կսովորի հաղթահարել իր խնդիրը։ Երբեմն բուժման այս երկու մեթոդները կիրառվում են միաժամանակ, և դա լավ արդյունքներ է բերում։ a Կարևորը օգնության դիմելն է։ Ահա թե ինչ է ասում նախորդ հոդվածում հիշատակված Լենորան, որ տառապում է երկբևեռ խանգարումով. «Այս հիվանդություններով տառապողները հաճախ վախենում և ամաչում են իրենց վիճակից։ Իրականում, սակայն, այն դեպքում է ամոթ, երբ քո խնդրի մասին կասկածելով հանդերձ՝ չես փնտրում այն օգնությունը, որի կարիքն այդքան ունես»։

Իր հետ տեղի ունեցածի մասին Լենորան պատմում է. «Մի ամբողջ տարի գրեթե գամված էի անկողնուն։ Մի օր, երբ ինձ փոքր–​ինչ լավ զգացի, զանգահարեցի բժշկին և պայմանավորվեցի հանդիպման մասին»։ Պարզվեց, որ Լենորան հիվանդ է երկբևեռ խանգարումով։ Նրան դեղամիջոցներ նշանակեցին։ Սա շրջադարձային նշանակություն ունեցավ Լենորայի համար։ Նա ասում է. «Դեղերն ընդունելու շնորհիվ ինձ լավ եմ զգում։ Սակայն միշտ ստիպված եմ լինում հիշեցնել ինքս ինձ, որ եթե դադարեցնեմ դա անել, նախկին ախտանիշները կվերադառնան»։

Նույնը կարելի է ասել նաև Բռենդոնի մասին, որը տառապում է դեպրեսիայով։ Նա պատմում է. «Երբ դեռ պատանի էի, շարունակ մտածում էի ինքնասպանության մասին, քանի որ ինձ ճնշում էր անարժեքության զգացումը։ Բժշկի դիմեցի, միայն երբ 30–ն անց էի»։ Լենորայի նման՝ Բռենդոնը դեղեր է ընդունում։ Բայց նրա բուժումն այսքանով չի սահմանափակվում։ «Իմ ընդհանուր վիճակը լավացնելու համար խնամք եմ տանում ուղեղիս և մարմնիս մասին։ Ես հանգստանում եմ և ուշադրություն եմ դարձնում այն բանին, թե ինչպես եմ սնվում։ Նաև միտքս ու սիրտս սնուցանում եմ Աստվածաշնչի դրական մտքերով»։

Բռենդոնը, սակայն, շեշտում է, որ կլինիկական դեպրեսիան առողջական խնդիր է և ոչ թե հոգևոր։ Այս բանի գիտակցումը շատ կարևոր է առողջությունը վերականգնելու համար։ Բռենդոնը պատմում է. «Մի անգամ եղբայրներից մեկը բարի մղումներով ասաց, թե քանի որ համաձայն Գաղատացիս 5։22, 23–ի՝ ուրախությունը սուրբ ոգու պտուղ է, իմ ընկճվածությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ ոգու ներգործությունը խոչընդոտող ինչ–​որ բան եմ անում։ Սա մեղավորության ավելի մեծ զգացում առաջ բերեց իմ մեջ, և ես ավելի ընկճվեցի։ Բայց այն բանից հետո, երբ դիմեցի բժշկի օգնության, ինձ վրա տարածված գորշ ամպը սկսեց ցրվել։ Ես ինձ այնքա՜ն լավ զգացի։ Երանի թե ավելի շուտ ձեռնարկած լինեի այդ քայլը»։

Հաղթել պայքարում

Նույնիսկ ախտորոշումից և բուժումը սկսելուց հետո տրամադրության խանգարումը, ամենայն հավանականությամբ, դեռ դժվարություններ կպատճառի հիվանդին։ Կելին, որ պայքարում է ծանր դեպրեսիայի դեմ, երախտապարտ է իրեն ցուցաբերված բժշկական օգնության համար։ Սակայն նրա կարծիքով՝ չափազանց կարևոր է նաև ուրիշների քաջալերանքը։ Սկզբում Կելին չէր ցանկանում դիմել մյուսներին, քանի որ չէր ուզում բեռ դառնալ նրանց համար։ «Անհրաժեշտ էր, որ սովորեի ոչ միայն օգնություն փնտրել, այլև ընդունել այն։ Ես չկարողացա կանգնեցնել շարունակ խորացող իմ ընկճվածությունը, մինչև որ ի վիճակի չեղա մարդկանց առջև բացելու իմ սիրտը»,— պատմում է նա։

Լինելով Եհովայի վկա՝ Կելին իր հավատակիցների հետ հաճախում է քրիստոնեական հանդիպումների, որոնք անցկացվում են Թագավորության սրահում։ Սակայն երբեմն նույնիսկ այդ ուրախ միջոցառումներն են նրա համար դժվարություն ներկայացնում։ «Լույսերը, շուրջբոլորդ այս ու այն կողմ գնացող մարդիկ և աղմուկը հաճախ կարող են ճնշել։ Դա իմ մեջ մեղավորության զգացում է առաջ բերում, և ես ավելի եմ ընկճվում, քանի որ սկսում եմ մտածել, թե իմ խանգարումը հոգևորի պակասի նշան է»։ Ինչպե՞ս է Կելին լուծում այս խնդիրը։ «Ես հասկացա, որ դեպրեսիան հիվանդություն է, որի դեմ հարկավոր է պայքարել։ Նրանով չի չափվում իմ սերը Աստծո և քրիստոնյա հավատակիցներիս հանդեպ։ Այն իմ հոգևոր վիճակի ճշմարիտ ցուցանիշը չէ»,— ասում է նա։

Լուսիան, որին արդեն հիշատակել ենք այս հոդվածաշարում, շնորհակալ է իրեն ցուցաբերված գերազանց բժշկական օգնության համար։ Նա ասում է. «Հոգեբույժին դիմելը չափազանց կարևոր քայլ էր։ Դրա շնորհիվ ես սովորեցի հաղթահարել տրամադրության այն կտրուկ փոփոխությունները, որ պայմանավորված են այս հիվանդությամբ»։ Լուսիան նույնպես շեշտում է հանգստանալու կարևորությունը։ «Մանիայի փուլում քունն անփոխարինելի բան է։ Որքան ավելի քիչ եմ քնում, այնքան ավելի ուժեղ են արտահայտվում մանիայի ախտանշանները։ Նույնիսկ երբ քունս չի տանում, ինձ սովորեցրել եմ անկողնուց վեր կենալու փոխարեն պառկած մնալ ու հանգստանալ»։

Շեյլային, որի մասին նույնպես արդեն խոսել ենք, օգնում է օրագիր պահելը։ Այնտեղ նա գրավոր արտահայտում է իր զգացմունքները։ Շեյլան տեսնում է, որ իր տրամադրվածությունը բավական փոխվել է դեպի լավը։ Այնուամենայնիվ, դեռևս կան դժվարություններ։ «Եթե ինչ–​ինչ պատճառով հոգնում եմ, բացասական մտքերը սողոսկում են ուղեղս։ Բայց ես սովորել եմ լռեցնել դրանք կամ առնվազն իջեցնել դրանց ձայնը»,— ասում է նա։

Մխիթարություն Աստծո Խոսքից

Աստվածաշունչը զորության աղբյուր է անհանգստացնող մտքերի հետևանքով տառապող շատ մարդկանց համար (Սաղմոս 94։17–19, 22)։ Շերին, օրինակ, առանձնապես քաջալերական է համարում Սաղմոս 72։12, 13 խոսքերը։ Այնտեղ սաղմոսերգուն Աստծո կողմից նշանակված Թագավոր Հիսուս Քրիստոսի մասին ասում է. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ»։ Շերիին ոգևորություն են պատճառում նաև Պողոս առաքյալի խոսքերը՝ արձանագրված Հռովմայեցիս 8։38, 39–ում. «Հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը»։

Իլեյնը, որ տառապում է երկբևեռ խանգարումով, գտնում է, որ Աստծո հետ իր փոխհարաբերությունները նման են խարիսխի։ Նա մեծ մխիթարություն է ստանում սաղմոսերգուի հետևյալ խոսքերից. «Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած» (Սաղմոս 51։17)։ Իլեյնը ասում է. «Իսկապես մխիթարական է իմանալ, որ մեր սիրառատ երկնային Հայրը՝ Եհովան, հասկանում է ինձ։ Նրան աղոթքով դիմելը զորացնում է ինձ, հատկապես երբ շատ մտահոգված եմ լինում կամ գտնվում եմ դժվարության մեջ»։

Ինչպես տեսնում ենք, հուզական խանգարումով ապրելը առանձնահատուկ դժվարություններ է առաջ բերում։ Սակայն Շերին և Իլեյնը համոզվել են, որ Աստծուն աղոթքով վստահելը, ինչպես նաև համապատասխան բուժում ընդունելը նպաստել է իրենց վիճակի բարելավմանը։ Իսկ ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամներն ու ընկերները օգնել նրանց, ովքեր տառապում են երկբևեռ խանգարումով կամ դեպրեսիայով։

[Ծանոթագրություններ]

a «Արթնացե՛ք»–ը նախապատվություն չի տալիս որևէ առանձին մեթոդի։ Քրիստոնյան պետք է համոզվի, որ նրա ընտրած բուժումը չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին։

[Մեջբերում]

«Այն բանից հետո, երբ դիմեցի բժշկի օգնության, ինձ վրա տարածված գորշ ամպը սկսեց ցրվել։ Ես ինձ այնքա՜ն լավ զգացի» (Բռենդոն)

[Շրջանակ 9րդ էջի վրա]

Պատմում է մի ամուսին

«Նախքան հիվանդանալը Լուսիան իր մեծ խորաթափանցության շնորհիվ շատերին է օգնել։ Նույնիսկ հիմա, երբ կինս հանգիստ վիճակում է լինում, իր ջերմությամբ նա գրավում է իրեն այցի եկածներին։ Սակայն շատերը չեն հասկանում, որ Լուսիան անընդհատ որևէ ծայրահեղ վիճակում է՝ մերթ դեպրեսիվ, մերթ մանիակալ։ Սա երկբևեռ խանգարման «ժառանգությունն» է, որ նա «ստացել» է չորս տարի առաջ։

Երբ Լուսիան մանիակալ վիճակում է, սովորաբար արթնանում է գիշերվա ժամը մեկին, երկուսին, նույնիսկ երեքին՝ ստեղծագործական մտահղացումներով տոգորված։ Էներգիան ուղղակի թափվում է նրանից։ Նա սրտին մոտ է ընդունում ամեն մի չնչին բան։ Դրամը ծախսում է զգացմունքների ազդեցության տակ։ Լուսիան կարող է հայտնվել ամենավտանգավոր իրավիճակներում. նա իրեն անպարտելի է զգում ու չի նկատում իրեն սպառնացող բարոյական, ֆիզիկական և այլ վտանգները։ Զգացմունքի թելադրանքով կատարվող այս քայլերը կարող են հանգեցնել ինքնասպանության։ Նրա մանիակալ վիճակին միշտ անմիջապես հաջորդում է դեպրեսիան, որը սովորաբար արտահայտվում է նույն ուժգնությամբ, ինչ որ մանիան։

Իմ կյանքը հիմնովին փոխվել է։ Ու չնայած Լուսիան բուժվում է, այսօր մեր հնարավորություններն արդեն ուրիշ են, վաղն էլ ուրիշ կլինեն։ Հնարավորությունները փոփոխվում են մեր հանգամանքների հետ։ Մտքովս անգամ չէր անցնի, որ երբևէ կարող եմ այսքան հարմարվող դառնալ»։ (Մարիո)

[Շրջանակ 11րդ էջի վրա]

Երբ դեղեր են նշանակված

Ոմանք այն կարծիքի են, թե դեղեր ընդունելը թուլության նշան է։ Սակայն մի պահ այսպես մտածեք. շաքարախտով տառապող հիվանդը պետք է որոշակի բուժում ստանա, որի մեջ մտնում են նաև ինսուլինի ներարկումները։ Մի՞թե դա թույլ լինելու նշան է։ Հազիվ թե։ Դա պարզապես մարմնում եղող սննդարար նյութերը հավասարակշռելու միջոց է, որի շնորհիվ հիվանդը սկսում է իրեն լավ զգալ։

Ճիշտ այդպիսին է պարագան նաև դեպրեսիայով ու երկբևեռ խանգարումով տառապող մարդկանց դեպքում։ Թեպետ շատերին է օգուտ տվել հոգեբանական զրույցների ծրագիրը, որի շնորհիվ այդ մարդիկ կարողացել են հասկանալ իրենց հիվանդությունը, սակայն խոհեմ կլինի հաշվի առնել մի կարևոր հանգամանք ևս։ Եթե խախտված է ուղեղի քիմիական հավասարակշռությունը, հիվանդությունը հնարավոր չի լինի բուժել զուտ տրամաբանության օգնությամբ։ Ահա թե ինչ է ասում Սթիվենը, որ տառապում է երկբևեռ խանգարումով. «Ինձ բուժող մասնագետը սա պարզաբանեց հետևյալ օրինակով. նույնիսկ եթե մարդուն սովորեցնես ավտոմեքենա վարելու մասին աշխարհի բոլոր կանոնները, դրանք որևէ օգուտ չեն տա, եթե մեքենան ղեկ և արգելակներ չունենա։ Նմանապես, միայն խորհուրդներ ու բացատրություններ տալով՝ օգնած չես լինի դեպրեսիայով հիվանդին հասնել ցանկալի արդյունքների։ Ուղեղի քիմիական հավասարակշռության վերականգնումը առաջին կարևոր քայլն է»։

[Նկար 10–րդ էջի վրա]

Աստվածաշունչը զորության աղբյուր է բացասական մտքերի դեմ պայքարող շատ մարդկանց համար