Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեքենա նորոգելիս հիշիր անվտանգության մասին

Մեքենա նորոգելիս հիշիր անվտանգության մասին

Մեքենա նորոգելիս հիշիր անվտանգության մասին

Ավտոմեքենա նորոգելու հարցում Կևինը բավական փորձառու էր։ Նա գիտեր՝ ինչպես փոխել իր մեքենայի յուղը. հանել փականը, որպեսզի յուղը դատարկվի, և հետո փականը նորից տեղադրել ու ամրացնել։ Բայց մի անգամ, երբ նա ուժեղ սեղմեց դարձակը, վերջինս դուրս թռավ հեղույսի գլխիկի վրայից։ Կևինի ձեռքը կպավ մետաղյա մի սուր կտորի, որը վնասեց նրա ափը։ Կտրվածքն այնքան խորն էր, որ հարկ եղավ վրան մի քանի կար դնել։

ԿԵՎԻՆԻ նման՝ շատ մարդիկ սովորաբար իրենք են նորոգում իրենց ավտոմեքենան։ Ոմանք դա անում են պարզապես իրենց ծախսերը նվազեցնելու նպատակով։ Բայց ավտոմեքենա նորոգելու և այն սարքին վիճակում պահելու վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ ունենալը բերում է այլ օգուտներ ևս։ Քեթի անունով մի կին, օրինակ, պատմում է. «Մի անգամ երկար ճանապարհ գնալիս մեքենաս փչացավ։ Սակայն քանի որ սովորել էի մեքենա նորոգել, կարողացա անձամբ վերացնել անսարքությունը և շարունակել ճանապարհը»։

Թերևս դու նույնպես ցանկանաս անձամբ նորոգել և սարքին վիճակում պահել քո մեքենան։ Սակայն դա անելիս ինչպե՞ս կարող ես պահպանել անվտանգության կանոնները։

Նախապես մտածիր

Առաջին հերթին նախապատվությունը պետք է տաս անվտանգությանը։ a Ինչպես երևում է Կևինի օրինակից, վնասվելու հավանականությունը մեծ է, երբ այն տարածությունը, որում աշխատում ես, նեղ է, կամ երբ գործիքի օգնությամբ ուժ ես գործադրում։ Ինչպե՞ս կարող ես խուսափել քեզ վնասելուց։ Հեղույս ձգելիս համոզվիր, որ դարձակը լավ է հագցված նրա գլխիկին։ Հարց տուր ինքդ քեզ. «Եթե գործիքը տեղից դուրս թռչի, ձեռքս ինչի՞ն կխփեմ»։ Ձեռնոց հագնելը կամ ձեռքը շորով փաթաթելը որոշ չափով պաշտպանություն կլինի։ Որպեսզի ճիշտ գործադրես ուժդ, հնարավորության դեպքում գործիքը ձգիր դեպի քեզ և ոչ թե հակառակ ուղղությամբ։ Նաև աշխատիր ամեն անգամ մեկ քառորդով պտտեցնել դարձակը։ Հեռատեսության և ինքնավերահսկման այս սկզբունքները միշտ էլ օգտակար են։ Երբեք թույլ մի տուր, որ ժամանակի պակասը ստիպի քեզ անտեսել դրանք։

Հաճախ մարդ վնասում է ինքն իրեն, երբ աշխատում է այնպիսի գործիքով, որը նախատեսված չէ տվյալ գործը անելու համար։ Ահա մի օրինակ. մի անգամ Թոմը մեծ դժվարությամբ փոխեց իր մեքենայի մոմերը։ Ինչո՞ւ։ Նրա դարձակը շատ կարճ էր և շարունակ դուրս էր թռչում առաջին մոմի վրայից։ Ի վերջո Թոմը երկարացնող ձող հագցրեց դարձակի վրա և պտտող գործիքի օգնությամբ հանեց այն։ Դրանից հետո մնացած հինգ մոմերը նա փոխեց այն նույն ժամանակահատվածում, որը պահանջվեց միայն առաջինը փոխելու համար, ընդ որում որևէ ձևով վնասվելու վտանգ իրեն այլևս չէր սպառնում։ Ի՞նչ դաս կարելի է քաղել այս օրինակից։ Ճիշտ գործիքով աշխատելը շատ կարևոր է։

Հնարավոր է, որ մեքենայի տակ աշխատելու կամ էլեկտրասարքերի վահանակի տակ նայելու ժամանակ որևէ վնասակար բան մտնի աչքդ։ Ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։ «Աչքերիդ պաշտպանող հարմարանք դիր, օրինակ՝ պաշտպանական ակնոց»,— ասում է Շոնը, որն ավելի քան տասը տարի աշխատում է որպես մեխանիկ։ «Մեր ավտոսրահում,— շարունակում է նա,— նման պաշտպանական միջոցներ կրելը պարտադիր է»։ Պաշտպանական ակնոց հարկավոր է դնել նաև վտանգավոր հեղուկների, ինչպես օրինակ՝ մարտկոցի (ակումուլյատոր) էլեկտրոլիտի հետ գործ ունենալիս։

Քո ավտոմեքենայի տակ աշխատելիս միշտ օգտագործիր որակյալ ամբարձիկ (դոմկրատ) և վերհան մեքենա։ Նաև կարող ես մտնել այդ նպատակով փորված հատուկ փոսի մեջ։ Երբեք մի պառկիր մեքենայի տակ, եթե այն պահված է միայն ամբարձիկով։ Որոշ ավտոմեքենաների գրքույկներում նշվում է, թե որտեղ պետք է տեղադրվեն ամբարձիկներն ու նրանց հենակները, որպեսզի ամուր պահեն մեքենան։ Սակայն իմացիր, որ մի պատահական շարժումից, օրինակ՝ երբ որևէ «կամակոր» հեղույս ես թուլացնում, մեքենան կարող է հենակի վրայից վայր ընկնել։

Կանխիր անսպասելի վտանգները

Քո մեքենայի մասերը կարող են տաքանալ, ինչի հետևանքով նրանց դիպչելու դեպքում, հնարավոր է, այրվածքներ ստանաս։ Օրինակ՝ ռադիատորի ջուրը շարժիչի անջատվելուց հետո որոշ ժամանակ դեռ տաք է մնում։ Ուստի մի բացիր այն, քանի դեռ ջուրը չի սառել այնքան, որ ձեռքով հանգիստ կարողանաս դիպչել այդ սարքին։ Որոշ ռադիատորների օդափոխիչներ գործի են դրվում էլեկտրականությամբ և սկսում են աշխատել մեխանիկորեն նույնիսկ շարժիչի անջատվելուց հետո։ Վնասվածքներից խուսափելու համար մարտկոցից անջատիր հողանցման լարը նախքան աշխատանքդ սկսելը։

Ավտոմեքենայիդ վրա աշխատելիս հանիր մատանիներդ ու զարդերդ, հատկապես եթե շարժիչը միացված է։ Որևէ դուրս ցցված մասից կախ ընկնելուց բացի, դրանք կարող են կարճ միացման պատճառ դառնալ և շիկանալ։ Լայն թևքերը, փողկապները և նույնիսկ երկար մազերը կարող են խճճվել մեքենայի շարժվող մասերի մեջ։

Անգամ եթե գործդ ավարտված ես համարում, ավելորդ չի լինի, որ հետևես անվտանգության վերջին կանոնին։ «Միշտ երկրորդ անգամ ստուգիր աշխատանքդ»,— ասում է Դիրկը, որն ավտոմեքենաների նորոգման մի ծանրաբեռնված կայանում աշխատում է իբրև միջնորդ։ «Մի անգամ,— շարունակում է նա,— մեխանիկը մոռացավ դա անել արգելակների վրա աշխատելուց հետո։ Արգելակները չպահեցին մեքենան, և այն սլացավ ուղիղ դեպի իմ նստելու տեղը»։

Ինչպես վարվել ծայրահեղ իրավիճակներում

Մի օր Թոմը նկատեց, որ իր մեքենան չափից շատ է տաքացել։ Ջրատար փողը ճաքել էր, իսկ ռադիատորի ջուրը թափվել։ Մածուցիկ ժապավենով, որ նա պահում էր իր մեքենայում, Թոմը կարողացավ ժամանակավորապես նորոգել ավտոմեքենան՝ փակելով փողի ճեղքվածքը և ռադիատորի մեջ ջրի ու անտիֆրիզի խառնուրդ լցնելով։ Այնուհետև նա մեքենայով գնաց ավտոպահեստամասերի խանութ՝ նոր փող գնելու։ Թոմի օրինակից երևում է, որ հարկավոր է լինել պատրաստված և մեքենայում ունենալ այն նորոգելու համար անհրաժեշտ պահեստամասեր ու գործիքներ։

Մեքենա վարելիս ուշադրություն դարձրու ցանկացած տարօրինակ հոտի և աղմուկի։ Ահա մի դեպք. Իվոնը նկատեց, որ իր մեքենայի շարժիչից տարօրինակ հոտ է գալիս։ Նրա ամուսինը բացեց կապոտը և տեսավ անտիֆրիզի մի փոքրիկ «շատրվան», որ դուրս էր ցայտում ռադիատորի փողի վերևի մասում բացված բարալիկ անցքից։ Քանի որ խնդիրը բացահայտվեց նախքան մեքենայի գերտաքացումը, Իվոնն ու նրա ամուսինը կարողացան մեքենայով հասնել մինչև ավտոմեքենաների վերանորոգման կայան։

Իսկ ինչպե՞ս է պետք վարվել, եթե ավտոմեքենան փչանում է մայրուղու վրա։ Առաջին հերթին աշխատիր երթևեկելի հատվածից հնարավորին չափ հեռու տանել մեքենան։ Ուղևորները, հատկապես երեխաները, պետք է շարունակեն նստած մնալ՝ ամրակապիչներով կապված։ Եթե անհրաժեշտ է ավտոմեքենայից դուրս գալ, աշխատիր կանգնել երթևեկելի մասից որքան հնարավոր է հեռու։ Միացրու վթարային լուսարձակները։ Բացիր կապոտը՝ ի նշան այն բանի, որ մեքենադ փչացել է։ Ուշադրությամբ տեղադրիր վթարի մասին նախազգուշացնող ազդանշանները։

Եթե քո ավտոմեքենայի մարտկոցը նստել է, ապա գուցե որոշես աշխատեցնել այն՝ միացնելով ուրիշ մեքենայի մարտկոցի։ Սակայն հիշիր, որ մարտկոցները հեշտությամբ բռնկվող գազ են արտադրում։ Մի թեթև կայծը կարող է պայթյունի պատճառ դառնալ, ինչի հետևանքով քայքայիչ էլեկտրոլիտը անձրևի նման կթափվի քեզ վրա։ Հետևաբար եթե դու կամ քեզ օգնող անհատը վստահ չեք այն հարցում, թե ինչպես մարտկոցը միացնել մեքենային, սպասեք օգնության։

Ինչպես տեսար, ավտոմեքենան սարքին վիճակում պահպանելը լուրջ պատասխանատվություն է։ Անկախ այն բանից՝ մեքենայիդ վրա աշխատում ես վթարի հետևանքները վերացնելու նպատակով թե պարզապես հերթական անգամ նորոգում ես այն՝ միշտ հիշիր. անվտանգության մասին մտածելը անհրաժեշտությո՛ւն է։

[Ծանոթագրություններ]

a Եթե ինչ–​որ բան առաջին անգամ ես նորոգում, աշխատիր քեզ մոտ ունենալ քո մեքենայի նորոգման վերաբերյալ գրքույկի օրինակը կամ խնդրիր որևէ փորձառու ընկերոջ օգնել քեզ։ Եթե քո մեքենայում տեղադրված են համակարգչային կամ ուրիշ բարդ մեխանիզմներ, լավ կլինի դիմել համապատասխան սարքավորումներ և հմտություններ ունեցող վարպետի։

[Մեջբերում]

Հաճախ մարդը վնասում է ինքն իրեն, երբ աշխատում է այնպիսի գործիքով, որը նախատեսված չէ տվյալ գործը անելու համար

[Շրջանակ 21-րդ էջի վրա]

Ինչ պահել մեքենայում

□✔  Լրացուցիչ անվադող և ամբարձիկ

□✔  Հաղորդալարեր

□✔  Լուսազդանշան կամ անդրադարձիկ

□✔  Գործիքներ և պաշտպանական ակնոց

□✔  Լապտեր

□✔  Լրացուցիչ բաքեր հեղուկների համար

(յուղի, ջրի, անտիֆրիզի, արգելակային հեղուկի)

□✔  Մածուցիկ ժապավեն

□✔  Լրացուցիչ ապահովիչներ

□✔  Բուքսիրային պարան (Ուշադրություն. որոշ երկրների օրենքներով՝ ավտոմեքենան բուքսիրի կարող են վերցնել միայն դրա իրավունքն ունեցող վթարային մեքենաները)

□✔  Արկղ գործիքներն ու բաքերը նորմալ վիճակում պահպանելու համար

Հնարավոր է, որ ցանկանաս մեքենայում ունենալ ուրիշ գործիքներ ևս։ Սակայն ճանապարհներին գտնվող ավտոմեքենաների նորոգման կայանները որոշ դեպքերում հրաժարվում են նորոգել շարքից դուրս եկած մեքենան, եթե վերջինիս տերն արդեն որոշ գործեր կատարել է նրա վրա։ Եթե դու գրանցված ես տեխնիկական սպասարկման որևէ կայանում, ճշտիր, թե ինչ կարգի նորոգում կարող ես ինքդ անել։