Արդյոք Աստված էվոլյուցիայի՞ միջոցով ստեղծեց կյանքը
Արդյոք Աստված էվոլյուցիայի՞ միջոցով ստեղծեց կյանքը
«Արժանի ես, Տէր, որ առնես փառքը, եւ պատիւը, եւ զօրութիւնը. որ դու ստեղծեցիր ամեն բաները եւ քո կամենալովը կան եւ ստեղծուեցան» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 4։11)։
ԵՐԲ Չարլզ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը հայտնի դարձավ, կարճ ժամանակ անց քրիստոնեություն դավանողներից շատերը սկսեցին միջոցներ փնտրել, որ Աստծու հանդեպ իրենց հավատը համաձայնեցնեն այդ տեսության հետ։
Այսօր աշխարհի ամենահայտնի քրիստոնեական կրոններն ընդունում են, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կյանքը։ Ոմանք սովորեցնում են, որ Աստված այնպես է ծրագրավորել տիեզերքը, որ կենդանի արարածներն անխուսափելիորեն զարգանան անկենդան քիմիական տարրերից, և դրա շնորհիվ ի վերջո առաջ գա մարդկությունը։ Այս ուսմունքի (թեիստական էվոլյուցիա) կողմնակիցները չեն կարծում, որ Աստված միջամտել է զարգացման ընթացքին այն սկսվելուց ի վեր։ Ուրիշներն էլ կարծում են, թե ընդհանուր առմամբ Աստված թույլ է տվել, որ էվոլյուցիան առաջ բերի բույսերի և կենդանիների շատ ընտանիքներ, բայց երբեմն միջամտել է, որպեսզի զարգացումը առաջընթաց ունենա։
Ուսմունքների միաձուլում. արդյոք լրացնո՞ւմ են մեկը մյուսին
Ներդաշնա՞կ է արդյոք էվոլյուցիոն տեսությունը Աստվածաշնչի ուսմունքներին։ Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ լիներ, այդ դեպքում առաջին մարդու՝ Ադամի մասին աստվածաշնչյան արձանագրությունը լավագույն դեպքում կդիտվեր որպես մի պատմություն, որը չպետք է բառացի հասկանալ, և որից կարելի է պարզապես բարոյական դասեր քաղել (Ծննդոց 1։26, 27; 2։18–24)։ Մի՞թե Հիսուսը այդպիսի տեսակետ ուներ աստվածաշնչյան այս արձանագրության վերաբերյալ։ Նա ասաց. «Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց. Սորա համար մարդ կ’թողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կ’յարի եւ երկուսը կ’լինին մէկ մարմին։ Որովհետեւ այլ եւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ» (Մատթէոս 19։4–6)։
Այս խոսքերը Հիսուսը մեջբերեց «Ծննդոց» գրքի 2–րդ գլխից, որտեղ խոսվում է արարչագործության մասին։ Եթե Հիսուսը հավատար, որ առաջին ամուսնությունն առասպելական պատմություն էր, արդյոք նա մեջբերում կանե՞ր «Ծննդոց» գրքից, որպեսզի հիմնավորեր ամուսնության սրբության մասին իր ուսմունքը։ Իհարկե ո՛չ։ Հիսուսը նշեց «Ծննդոց» գրքի արձանագրությունը, որովհետև գիտեր, որ այն ճշգրիտ է (Յովհաննէս 17։17)։
Հիսուսի աշակերտները նույնպես հավատում էին արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը։ Օրինակ՝ Ղուկասի Ավետարանում նշվում է Հիսուսի ամբողջ տոհմաբանությունը՝ սկսած Ադամից (Ղուկաս 3։23–38)։ Եթե Ադամը առասպելական կերպար լիներ, մի՞թե այս տոհմաբանությունը, որը փաստ է, չէր վերածվի առասպելի։ Իսկ եթե այս տոհմաբանական ծառը առասպելական լիներ, որքանո՞վ վստահելի կլիներ Հիսուսի այն պնդումը, թե նա Դավթի շառավղից ծնված Մեսիան է (Մատթէոս 1։1)։ Ղուկաս ավետարանիչը գրում է, որ ինքը «սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւե[ց]»։ Պարզ է, որ նա հավատում էր արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը (Ղուկաս 1։3)։
Պողոս առաքյալի հավատը Հիսուսի հանդեպ սերտորեն կապված էր «Ծննդոց» գրքի արձանագրությանը վստահելու հետ։ Նա գրեց. «Որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15։21, 22)։ Եթե Ադամը չլիներ ամբողջ մարդկության իրական նախահայրը, որի միջոցով «մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը», ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Հիսուսը մահանար՝ վերացնելու համար ժառանգված մեղքի հետևանքները (Հռովմայեցիս 5։12; 6։23)։
Հավատ չընծայել արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը նշանակում է քանդել քրիստոնեական հավատի բուն հիմքը։ Էվոլյուցիոն տեսությունը և Քրիստոսի ուսմունքները անհամատեղելի են։ Այս երկու հավատալիքների միաձուլումը կարող է միայն թույլ հավատ առաջ բերել, որը «երերուած ու տատանուած [է] վարդապետութեան ամեն քամուցը» (Եփեսացիս 4։14)։
Հավատ՝ հիմնված ամուր հիմքի վրա
Դարեր շարունակ Աստվածաշունչը ենթարկվել է քննադատության և հարձակումների։ Սակայն կրկին ու կրկին փաստվել է, որ այն ճշգրիտ է։ Ապացուցվել է, որ պատմության, առողջության կամ գիտության մասին Աստվածաշնչի արձանագրությունները վստահելի են։ Մարդկանց միջև փոխհարաբերությունների մասին նրա տված խորհուրդները արժանահավատ են և արդիական։ Մարդկային փիլիսոփայություններն ու տեսությունները խոտի պես աճում են և ի վերջո թառամում, իսկ Աստծու Խոսքը «կ’մնայ յաւիտեան» (Եսայիա 40։8)։
Էվոլյուցիոն ուսմունքը միայն գիտական տեսություն չէ։ Այն մարդկային փիլիսոփայություն է, որը ծաղկել և տասնյակ տարիներ բարգավաճել է։ Սակայն վերջին տարիների ընթացքում Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը փոփոխվել է և «մուտացիայի» ենթարկվել, քանի որ մեծ ջանքեր են գործադրվել ժխտելու համար այն փաստը, որ բնությունը նախագծված է եղել։ Մենք հրավիրում ենք ձեզ քննել այս հարցը հաջորդ հոդվածներում։ Բացի այդ, գուցե ցանկանաք կարդալ այս էջում և 32–րդ էջում պատկերված հրատարակությունները։
Ուսումնասիրելով այս թեման՝ դուք հավանաբար կհայտնաբերեք, որ ձեր վստահությունը այն ամենի հանդեպ, ինչ որ ասում է Աստվածաշունչը անցյալի մասին, կմեծանա։ Եվ որ ամենակարևորն է, ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումների հանդեպ ձեր հավատը կզորանա (Եբրայեցիս 11։1)։ Դուք նաև կմղվեք փառաբանելու Եհովային, «որ ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 146։6)։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒ՛Ն
Գիրք բոլորի համար։ Այս գրքույկում քննարկվում են կոնկրետ օրինակներ, որոնք փաստում են Աստվածաշնչի հեղինակավոր լինելը
Գոյություն ունի՞ արդյոք հոգատար ստեղծիչ։ Կարող եք քննել գիտական շատ փաստեր և իմանալ, թե ինչու է հոգատար Աստված թույլ տալիս այսքան շատ տառապանք
Ի՞նչ է սովորեցնում աստվածաշունչը իրականում։ «Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ» հարցի պատասխանը կարող եք գտնել այս գրքի 3–րդ գլխում
[Մեջբերում 10–րդ էջի վրա]
Հիսուսը հավատում էր արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությանը։ Մի՞թե նա սխալվում էր։
[Շրջանակ 9–րդ էջի վրա]
Ի՞ՆՉ Է ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
Էվոլյուցիան մի բառարանում սահմանվում է որպես «փոփոխության պրոցես, որը կատարվում է որոշակի ուղղությամբ»։ Սակայն այս տերմինը գործածվում է մի քանի իմաստներով։ Այն կարող է նկարագրել անկենդան մարմիններում տեղի ունեցող մեծ փոփոխությունները, ինչպես օրինակ՝ տիեզերքի զարգացումը։ Բացի այդ, էվոլյուցիան նկարագրում է փոքր փոփոխությունները կենդանի մարմիններում՝ այն, թե ինչպես են բույսերն ու կենդանիները հարմարվում իրենց միջավայրին։ Սակայն այս բառը ավելի հաճախ գործածվում է բացատրելու համար այն տեսությունը, ըստ որի՝ կյանքը առաջ է եկել անկենդան քիմիական տարրերից, որոնք ձևավորվել են որպես ինքնավերարտադրվող բջիջներ և աստիճանաբար զարգացել ու դարձել են ավելի բարդ արարածներ, որոնցից բանականը մարդն է։ Այս հոդվածում «էվոլյուցիա» տերմինը գործածվում է երրորդ իմաստով։
[Թույլտվությամբ]
Space photo։ J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA