Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է
Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է
«ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ այնքանով է փաստ, որքանով որ արևի ջերմությունը»,— ասում է պրոֆեսոր Ռիչարդ Դոքինսը՝ էվոլյուցիոն տեսության հայտնի գիտնականներից մեկը։ Իհարկե, փորձերը և ուղղակի դիտումները ապացուցում են, որ արևը ջերմության մեծ աղբյուր է։ Բայց արդյո՞ք դրանք նաև ապացուցում են, որ էվոլյուցիոն ուսմունքը փաստ է։
Նախքան այս հարցին պատասխանելը նախ պետք է պարզել մի բան։ Շատ գիտնականներ նկատել են, որ ժամանակի ընթացքում կենդանի արարածների սերունդները թեթևակի փոփոխության են ենթարկվում։ Չարլզ Դարվինը այս պրոցեսը կոչեց «մոդիֆիկացիոն փոփոխականություն»։ Այդ փոփոխությունները նկատվել են, գրանցվել փորձերի արդյունքում, և շատ բուսաբույծներ ու անասնաբույծներ օգտվել են դրանցից։ * Այդ փոփոխությունները կարող են համարվել փաստ։ Գիտնականները այդ աննշան փոփոխությունները անվանում են միկրոէվոլյուցիա։ Այդ անվանման նշանակությունը ցույց է տալիս այն, ինչ պնդում են շատ գիտնականներ. իբրև թե այդ չնչին փոփոխությունները փաստում են լիովին ուրիշ երևույթ, որին ոչ ոք ականատես չի եղել, և որը նրանք կոչում են մակրոէվոլյուցիա։
Դարվինն ավելի հեռուն գնաց, քան թույլ են տալիս տեսանելի փոփոխությունները։ Իր հայտնի՝ «Տեսակների ծագումը» գրքում նա գրեց. «Ես դիտում եմ բոլոր արարածներին ոչ թե որպես հատուկ ստեղծագործությունների, այլ մի քանի արարածների սերունդների»։ Դարվինն ասում էր, որ ժամանակի ընթացքում այս նախնական «մի քանի արարածները» կամ այսպես կոչված կյանքի պարզ ձևերը աստիճանաբար փոխակերպվել են կյանքի միլիոնավոր ձևերի՝ շնորհիվ «չափազանց փոքր փոփոխությունների»։ Էվոլյուցիոն տեսության կողմնակիցներն ասում են, որ այդ փոքրիկ փոփոխությունները կուտակվել են և դարձել այն մեծ փոփոխությունների պատճառը, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի ձուկը վերածվեր երկկենցաղի, իսկ կապիկը՝ մարդու։ Այդ ենթադրյալ մեծ փոփոխություններն անվանում են մակրոէվոլյուցիա։ Այս երկրորդ պնդումը շատերին տրամաբանական է թվում։ Նրանք մտածում են այսպես. «Եթե տեսակների ներսում փոքր փոփոխություններ կարող են տեղի ունենալ, ուրեմն երկար տարիների ընթացքում էվոլյուցիան կարող էր մեծ փոփոխություններ առաջացնել»։ *
Մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է երեք հիմնական ենթադրությունների վրա
1. մուտացիաները հումք են տալիս, որն անհրաժեշտ է նոր տեսակների ստեղծման համար *
2. բնական ընտրության շնորհիվ նոր տեսակներ են առաջանում և
3. հնէաբանական տվյալները փաստում են, որ բույսերի և կենդանիների օրգանիզմում մակրոէվոլյուցիա է տեղի ունեցել։
Արդյո՞ք մակրոէվոլյուցիայի ապացույցներն այնքան հիմնավոր են, որ դրանք պետք է փաստ համարել։
Կարո՞ղ են մուտացիաները նոր տեսակներ առաջ բերել
Բույսի կամ կենդանու օրգանիզմի կառուցվածքը * Հետազոտողները հայտնաբերել են, որ մուտացիաները՝ գենետիկական կոդում աննշան փոփոխությունները, կարող են փոփոխություններ մտցնել բույսերի և կենդանիների սերունդների մեջ։ 1946 թ.–ին Նոբելյան մրցանակի դափնեկիր և մուտացիոն գենետիկայի ուսումնասիրության հիմնադիր Հերման Մյուլլերը հայտարարեց. «Ոչ միայն այս շատ հազվադեպ պատահող, հիմնականում չնչին փոփոխությունների կուտակումն է բույսերի և կենդանիների արհեստական կատարելագործման գլխավոր պատճառը, այլ այն, թե ինչպես է սելեկցիայի շնորհիվ կատարվել բնական էվոլյուցիան»։
որոշվում է այն բազմաթիվ տեղեկություններով, որոնք պարունակվում են գենետիկական կոդում, որը գտնվում է յուրաքանչյուր բջջի կորիզում։Իրականում մակրոէվոլյուցիոն ուսմունքը հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։ Արդյո՞ք հնարավոր է փաստել այս համարձակ պնդումը։ Քննարկենք, թե ինչ է բացահայտվել գենետիկայի բնագավառում 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում։
1930–ականների վերջին գիտնականները ոգևորությամբ ընդունեցին այն միտքը, որ եթե բնական ընտրության արդյունքում մուտացիաներից առաջանան բույսերի նոր տեսակներ, ապա արհեստական կամ մարդու կողմից կատարած մուտացիաների ընտրությունը պետք է որ ավելի արդյունավետ լինի։ «Ընդհանուր առմամբ կենսաբանները և հատկապես գենետիկները, բուսաբույծները և անասնաբույծները մեծ ուրախություն էին ապրում»,— ասում է Վուլֆ Էկկեհարդ Լյոնիգը՝ Գերմանիայում բույսերի բուծման հետազոտության գծով Մաքս Փլանկ ինստիտուտի մի գիտնական «Արթնացե՛ք»–ին տրված հարցազրույցի ժամանակ։ Ո՞րն էր այդ ուրախության պատճառը։ Լյոնիգը, որը մոտ 28 տարի ուսումնասիրել է բույսերի գենային մուտացիաները, ասում է. «Այս հետազոտողները կարծում էին, որ եկել է ժամանակը փոխելու բույսերի և կենդանիների բուծման ավանդական մեթոդները։ Նրանք կարծում էին, որ ընտրողաբար մուտացիաներ կատարելով՝ կարող են ստանալ բույսերի և կենդանիների նոր և ավելի լավ տեսակներ»։ *
Միացյալ Նահանգների, Ասիայի և Եվրոպայի գիտնականները կազմեցին հարուստ հիմնադրամ ունեցող հետազոտության ծրագրեր՝ կիրառելով մեթոդներ, որոնք խոստանում էին արագացնել բույսերի և կենդանիների էվոլյուցիան։ Ինչպիսի՞ն եղան արդյունքները ավելի քան 40 տարվա լարված հետազոտություններից հետո։ Հետազոտող Պիտեր Զենգբուշը ասում է. «Չնայած ֆինանսական ահռելի ծախսերին՝ ճառագայթման միջոցով անընդհատ բազմացող տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին»։ Լյոնիգը շարունակում է. «1980–ականներին գիտնականների հույսերն ի չիք դարձան, իսկ մեծ ուրախությունը վերացավ։ Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտացիաները «սելեկցիայի առումով բացասական արժեքներ» ներկայացրեցին, այսինքն՝ նրանք մահացան, կամ ավելի թույլ էին, քան բնական պայմաններում առաջացող մուտացիաները։ *
Նույնիսկ այդ դեպքում ընդհանուր առմամբ 100 տարվա ընթացքում կատարված մուտացիոն հետազոտությունների և մասնավորապես 70 տարվա բույսերի և կենդանիների մուտացիաների տվյալները գիտնականներին հնարավորություն են տալիս եզրակացություններ անել նոր տեսակներ առաջ բերելու մուտացիաների կարողության վերաբերյալ։ Փաստերը քննելուց հետո Լյոնիգը եզրակացնում է. «Մուտացիաները չեն կարող [բույսերի և կենդանիների] սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։ Այս եզրակացությունը համապատասխանում է մուտացիայի բնագավառում 20–րդ դարում կատարված բոլոր փորձերի և ստացված արդյունքների հետ, ինչպես նաև հավանականության օրենքների հետ։ Այսպիսով պարբերաբար առաջացող տարատեսակությունների օրենքը ենթադրում է, որ հստակ տարբերվող գեներով տեսակները ունեն իրական սահմաններ, որոնք չեն կարող ոչնչանալ կամ խախտվել պատահական մուտացիաների պատճառով»։
Ուշադրություն դարձրեք վերոհիշյալ փաստերի նշանակության վրա։ Եթե բարձրաստիճան գիտնականները չեն կարող նոր տեսակներ առաջ բերել արհեստականորեն, այսինքն՝ իրենց ընտրությամբ մուտացիաներ կատարելով, արդյո՞ք հավանական է, որ այդ ոչ բանական երևույթը ինքնին նոր տեսակներ առաջ կբերի։ Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող վերածել բույսերի և կենդանիների սկզբնական տեսակները բոլորովին նոր տեսակների, ապա ինչպե՞ս պետք է տեղի ունեցած լիներ մակրոէվոլյուցիան։
Արդյո՞ք բնական ընտրության շնորհիվ նոր տեսակներ են ստեղծվում
Դարվինը հավատում էր, որ բնական ընտրությունը բարենպաստ կլիներ կյանքի այն ձևերի համար, որոնք կհարմարվեին իրենց շրջապատող պայմաններին, մինչդեռ կյանքի չհարմարվող ձևերը ի վերջո կմահանային։ Էվոլյուցիոնիստները սովորեցնում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գենային մուտացիաների շնորհիվ ավելի շատ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար էվոլյուցիոնիստները պնդում են, որ այս մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր տեսակների։
Ինչպես նշվեց, հետազոտությունների արդյունքում ստացված ապացույցները պարզ ցույց են տալիս, որ մուտացիաները չեն կարող առաջ բերել բույսերի և կենդանիների բոլորովին նոր տեսակներ։ Այնուամենայնիվ, ի՞նչ ապացույցներ ունեն էվոլյուցիոնիստները՝ փաստելու համար այն պնդումը, որ սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում։ 1999 թ.–ին Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հրատարակած գրքույկներից մեկում ասվում էր. «Տեսակառաջացման [նոր տեսակների էվոլյուցիայի] անզուգական օրինակը ներառում է սերինոսների 13 տեսակների ուսումնասիրությունը, որը կատարել է Դարվինը Գալապագոս կղզիներում, և որն այժմ հայտնի է Դարվինի սերինոսներ անվանումով»։
1970–ական թվականներին մի խումբ հետազոտողներ Պիտեր և Ռոզեմարի Գրանտների գլխավորությամբ սկսեցին ուսումնասիրել այդ սերինոսներին և հայտնաբերեցին, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսները, որոնք համեմատաբար ավելի մեծ կտուցներ ունեին, ավելի հեշտությամբ էին վերապրել, քան փոքր կտուց ունեցողները։ Քանի որ կտուցների չափն ու ձևը սերինոսների 13 տեսակները որոշելու հիմնական կերպերից են, համարվեց, որ այս գյուտը մեծ կարևորություն ունի։ Գրքույկում ասվում է. «Գրանտները եզրակացրեցին, որ եթե մոտավորապես 10 տարին մեկ այդ կղզիներում երաշտ տեղի ունենա, ապա սերինոսների նոր տեսակներ կարող են առաջանալ միայն 200 տարին մեկ»։
Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի գրքույկում չեն հիշատակվում որոշ կարևոր, բայց
շփոթեցնող փաստեր։ Երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Ուստի Պիտեր Գրանտը և ասպիրանտ Լիլ Գիբսը 1987 թ.–ին մի գիտական պարբերագրում գրեցին, որ նրանք «սելեկցիայի բնագավառում բոլորովին հակառակ[ն]» են տեսել։ 1991 թ.–ին Գրանտը գրեց, որ «բնական ընտրության ենթարկված պոպուլյացիան ետ ու առաջ է տատանվում» ամեն անգամ, երբ կլիման փոխվում է։ Հետազոտողները նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին գոյատևում, քան նրանց ծնողները։ Պիտեր և Ռոզեմարի Գրանտները եզրակացրին, որ եթե այդ զուգավորումը շարունակվի, ապա արդյունքում սերինոսների երկու «տեսակները» 200 տարվա ընթացքում կվերածվեն մեկ տեսակի։1966 թ.–ին էվոլյուցիոնիստ–կենսաբան Ջորջ Քրիստոֆեր Վիլյամսը գրեց. «Ցավալի է, որ բնական ընտրության տեսությունը ծնվել է որպես էվոլյուցիայի փոփոխության պատճառի բացատրություն։ Այդ տեսությունը շատ ավելի կարևոր է, որպեսզի բացատրի օրգանիզմների հարմարվածությունը»։ Էվոլյուցիոնիստ Ջեֆրի Շվարցը 1999 թ.–ին գրեց, որ եթե Վիլյամսի եզրակացությունները ճիշտ են, բնական ընտրությունը կարող է օգնել տեսակներին հարմարվելու փոփոխվող պայմաններին, սակայն «այն չի ստեղծում որևէ նոր բան»։
Իրականում Դարվինի սերինոսները «նոր բան» չեն դառնում։ Նրանք մնում են սերինոսներ։ Եվ այն փաստը, որ նրանց տարբեր տեսակները զուգավորվում են, կասկածի տակ է դնում այն մեթոդները, որոնք որոշ էվոլյուցիոնիստներ օգտագործում են տեսակները որոշելու համար։ Ավելին, նրանք բացահայտում են այն հանգամանքը, որ նույնիսկ հեղինակավոր գիտական ակադեմիաները փաստերը ներկայացնում են կանխակալ ձևով։
Հնէաբանական տվյալները ապացուցո՞ւմ են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները
Վերը նշված ԳԱԱ–ի գրքույկը ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոներն ավելի շատ են փաստում մակրոէվոլյուցիան։ Այնտեղ ասվում է. «Այնքան շատ բրածո անցողիկ ձևեր են հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների և պրիմատների սերունդների միջև, որ հաճախ դժվար է կոնկրետ որոշել, թե երբ է անցում տեղի ունեցել մի տեսակից մյուսը»։
Այս ինքնավստահ հայտարարությունը բավականին զարմանալի է։ Ինչո՞ւ։ 2004 թ.–ին «Նեշնլ ջիոգրաֆիք» պարբերագրում հնէաբանական տվյալները նկարագրվում էին որպես էվոլյուցիան պատկերող ֆիլմ, որտեղ յուրաքանչյուր 1000 կադրից 999–ը կորել են մոնտաժի ժամանակ («National Geographic»)։ Արդյո՞ք այն մեկ «կադրը» իրականում փաստում է մակրոէվոլյուցիոն պրոցեսը։ Ի՞նչ են իրականում ցույց տալիս հնէաբանական տվյալները։ Էվոլյուցիայի ջատագով Նիլզ Էլդրիջը ընդունում է, որ հնէաբանական տվյալները ցույց են տալիս, որ երկար ժամանակահատվածում «տեսակների մեծ մասի մեջ քիչ կամ ընդհանրապես էվոլյուցիոն փոփոխություն տեղի չի ունեցել»։
Մինչև այսօր աշխարհի գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն բրածոներ և միլիարդավոր միկրոբրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ այս մեծ և մանրամասն տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը հայտնվել են հանկարծակի և մնացել են անփոփոխ,
իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։ Հնէաբանական տվյալներից ստացված փաստերը քննելուց հետո կենսաբան Ջոնաթան Վելսը գրում է. «Ապացուցված չէ, որ թագավորությունների մակարդակում, տեսակների և դասերի մեջ կան մոդիֆիկացիոն փոփոխականության ենթարկված սերունդներ, որոնք ունեն ընդհանուր նախնիներ։ Եթե դատենք հնէաբանական տվյալներից և մոլեկուլային համակարգերից, ապա կարելի է ասել, որ դա նույնիսկ լավ հիմնավորված տեսություն չէ»։Էվոլյուցիա. փա՞ստ, թե՞ առասպել
Ինչո՞ւ են շատ հայտնի էվոլյուցիոնիստներ պնդում, որ մակրոէվոլյուցիան փաստ է։ Քննադատելով Ռիչարդ Դոքինսի պատճառաբանությունները՝ ազդեցիկ էվոլյուցիոնիստ Ռիչարդ Լևոնթին գրել է, որ շատ գիտնականներ հակված են ընդունելու այնպիսի գիտական պնդումներ, որոնք հակառակ են բանականությանը, «քանի որ [մարդը] ունի առաջնային հակում՝ հակում դեպի մատերիալիզմը»։ * Բազմաթիվ գիտնականներ նույնիսկ մերժում են ընդունել բանական Նախագծողի գոյությունը, քանի որ, ինչպես գրում է Լևոնթին, «մենք չենք կարող թույլ տալ այն միտքը, որ Աստծու Մատը խառն է ամեն ինչում»։
Այս առումով սոցիոլոգ Ռոդնի Սթարկը, ինչպես գրված է «Սայենթիֆիք ամերիքըն»–ում, ասում է. «200 տարի շարունակ այն միտքն է իշխել, որ եթե ցանկանում ես լինել գիտնական, պետք է միտքդ ազատ պահես կրոնական կապանքներից»։ Այնուհետև նա նշում է, որ հետազոտական ինստիտուտներում «կրոնական անհատները փակ են պահում իրենց բերանները», իսկ «ոչ կրոնական անհատները խտրականություն են դրսևորում նրանց հանդեպ»։ Ըստ Սթարկի՝ «բարձրաստիճան մարդկանց [գիտնականների] շրջանում անհատը ընդունվում է ոչ կրոնական լինելու համար»։
Եթե դու ցանկանում ես ընդունել մակրոէվոլյուցիոն ուսմունքը որպես ճշմարտություն, ապա պետք է հավաստիանաս, որ ագնոստիկ կամ աթեիստ գիտնականները թույլ չեն տալիս, որ իրենց անձնական համոզմունքները ազդեն գիտական հայտնագործությունների մեկնաբանության վրա։ Դու պետք է ընդունես, որ մուտացիաները և բնական ընտրությունն են առաջ բերել կյանքի բոլոր բարդ ձևերը, չնայած այն փաստին, որ մեկ դարի ընթացքում կատարված հետազոտությունները և միլիարդավոր մուտացիաների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մուտացիաները չեն փոխակերպել որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի։ Դու պետք է հավատաս այն բանին, որ բոլոր արարածները աստիճանաբար առաջացել են մեկ նախնուց, չնայած այն փաստին, որ հնէաբանական տվյալները հստակ ցույց են տալիս, որ բույսերի և կենդանիների տեսակների մեծ մասը առաջացել է հանկարծակի և չի վերածվել այլ տեսակների, նույնիսկ անթիվ տարիների ընթացքում։ Արդյոք այս հավատալիքը փաստերի՞ վրա է հիմնված, թե՞ առասպելի. ո՞րն է համոզիչ։
[Ծանոթագրություններ]
^ պարբ. 3 Օրինակ՝ շուն բազմացնողները կարող են ընտրողաբար այնպես զուգավորել այդ կենդանիներին, որ ի վերջո դրանց սերունդները ավելի կարճ ոտքեր և ավելի երկար մազեր ունենան, քան իրենց նախնիները։ Սակայն շուն բազմացնողների կողմից կատարված փոփոխությունները գենային ֆունկցիայում տեղի ունեցած կորուստների արդյունք են։ Օրինակ՝ տաքսայի փոքր չափը պայմանավորված է նրանով, որ կռճիկը նորմալ չի զարգանում, ինչը և առաջ է բերում գաճաճություն։
^ պարբ. 4 Ուշադրություն դարձրեք, որ «Ծննդոց» գրքի առաջին գլխում ասվում է, որ բույսերն ու կենդանիները բազմանալու էին «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։12, 21, 24, 25)։ Սակայն Աստվածաշնչում օգտագործված «տեսակ» բառը գիտական տերմին չէ, և այն չպետք է շփոթել «տեսակ» բառի գիտական նշանակության հետ։
^ պարբ. 6 Տե՛ս «Ինչպե՞ս են դասակարգվում օրգանիզմները» շրջանակը։
^ պարբ. 11 Հետազոտությունները ցույց են տալիս, որ բջջի ցիտոպլազման, նրա թաղանթը և այլ կառույցներ մեծ դեր են խաղում օրգանիզմի ձևավորման մեջ։
^ պարբ. 13 Լյոնիգի մեկնաբանությունները այս հոդվածում պատկանում են իրեն և չեն ներկայացնում բույսերի բուծման հետազոտության գծով Մաքս Փլանկ համալսարանի տեսակետը։
^ պարբ. 14 Մուտացիաներ կատարելու բազմաթիվ փորձերը ցույց տվեցին, որ նոր մուտացիաների թիվը հետևողականորեն նվազում է, մինչդեռ արդեն իսկ գոյություն ունեցող մուտացիաները կանոնավորաբար առաջացնում էին իրենց տեսակի մուտացիաներ։ Լյոնիգը այս երևույթից առաջ բերեց «պարբերաբար առաջացող տարատեսակությունների օրենքը»։ Բացի այդ, վերոհիշյալ բույսերի մուտացիաների ավելի քիչ, քան մեկ տոկոսը պետք է ենթարկվեր հետագա հետազոտությունների, և այս խմբի գրեթե մեկ տոկոսը հարմար էին գտնվել կոմերցիոն գործածության համար։ Իսկ կենդանիներից ստացված մուտացիաների արդյունքները շատ ավելի վատն էին, քան բույսերինը, և այդ մեթոդը այլևս չկիրառվեց։
^ պարբ. 29 Մատերիալիզմը այստեղ վերաբերում է այն տեսությանը, ըստ որի մատերիականը միակ հիմնական իրականությունն է, և որ տիեզերքում ամեն ինչ, ներառյալ կյանքի բոլոր տեսակները առաջացել են առանց որևէ գերբնական միջամտության։
[Մեջբերում 15–րդ էջի վրա]
«Մուտացիաները չեն կարող փոխակերպել [բույսի կամ կենդանու] որևէ կոնկրետ տեսակ բոլորովին նոր տեսակի»
[Մեջբերում 16–րդ էջի վրա]
Լավագույն դեպքում Դարվինի սերինոսները ցույց են տալիս, որ տեսակները կարող են հարմարվել փոփոխվող կլիմային
[Մեջբերում 17–րդ էջի վրա]
Ըստ հնէաբանական տվյալների՝ կենդանիների բոլոր մեծ խմբերն առաջացել են հանկարծակի և մնացել են գրեթե ամբողջովին անփոփոխ
[Շրջանակ 14–րդ էջի վրա]
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ
Օրգանիզմները դասակարգվում են ըստ խմբերի. կոնկրետ խմբերից մինչև թագավորություններ։ * Օրինակ՝ համեմատիր մարդկանց և ճանճերի դասակարգումը, որ բերված է ներքևում.
ՄԱՐԴԻԿ ՊՏՂԱՃԱՆՃԻԿՆԵՐ
Տեսակներ sapiens melanogaster
Դասակարգում Homo դրոզոֆիլա
Ընտանիք հոմինիդներ պտղաճանճիկներ
Կարգ պրիմատներ երկթևանիներ
Դաս կաթնասուններ միջատներ
Տիպ քորդավորներ հոդվածոտանիներ
Թագավորություն կենդանական կենդանական
[Ծանոթագրություն]
^ պարբ. 48 Ուշադրություն դարձրու. «Ծննդոց» գրքի առաջին գլուխը ցույց է տալիս, որ բույսերն ու կենդանիները «իրանց տեսակի պէս» սերունդ էին տալու (Ծննդոց 1։12, 21, 24, 25)։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչում օգտագործված «տեսակ» բառը գիտական եզր չէ, և այն չպետք է շփոթել «տեսակ» բառի գիտական նշանակության հետ։
[Թյուլտվությամբ]
Այս աղյուսակը հիմնված է Ջոնաթան Վելսի՝ «Էվոլյուցիայի կուռքերը. փա՞ստ, թե՞ առասպել։ Ինչո՞ւ շատ բաներ, որ մենք սովորեցնում ենք էվոլյուցիայի մասին, հորինվածք է» գրքի վրա («Icons of Evolution—Science or Myth? Why Much of What We Teach About Evolution Is Wrong»)
[Նկար 15–րդ էջի վրա]
Պտղաճանճիկի մուտացիան (վերևում), թեև թերզարգացած է, բայց այնուամենայնիվ պտղաճանճիկ է
[Թույլտվությամբ]
© Dr. Jeremy Burgess/Photo Researchers, Inc.
[Շրջանակ 15–րդ էջի վրա]
Բույսերի մուտացիաներ կատարելու փորձերը ցույց տվեցին, որ նոր մուտացիաների թիվը նվազում էր, մինչդեռ արդեն իսկ գոյություն ունեցող մուտացիաները առաջացնում էին իրենց տեսակի մուտացիաներ (պատկերված մուտացիան ավելի մեծ ծաղիկներ ունի)
[Թույլտվությամբ 13–րդ էջի վրա]
From a Photograph by Mrs. J. M. Cameron/ U.S. National Archives photo
[Թույլտվությամբ 16–րդ էջի վրա]
Finch heads։ © Dr. Jeremy Burgess/ Photo Researchers, Inc.
[Թույլտվությամբ 17–րդ էջի վրա]
Dinosaur։ © Pat Canova/Index Stock Imagery; fossils։ GOH CHAI HIN/AFP/Getty Images