Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը

Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը

Աստվածաշնչի տեսակետը

Գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը

ՇԱՏ մարդիկ պնդում են, որ գիտությունը հերքում է արարչագործության մասին «Ծննդոց» գրքի արձանագրությունը։ Սակայն հակասությունն իրականում ոչ թե գիտության և Աստվածաշնչի միջև է, այլ գիտության և այսպես կոչված քրիստոնեական ֆունդամենտալիզմի։ Ֆունդամենտալիստական խմբերից մի քանիսը սխալմամբ պնդում են, որ ըստ Աստվածաշնչի՝ բոլոր ֆիզիկական ստեղծագործություններն առաջ են եկել մոտավորապես 10 000 տարի առաջ վեց արարչագործական օրերում, որոնցից յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն ուներ։

Սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այս տեսակետին։ Եթե այն ընդուներ այդպիսի տեսակետ, ապա անցած հարյուր տարիների շատ գիտական հայտնագործություններ կասկածի կենթարկեին Աստվածաշնչի ճշգրտությունը։ Աստվածաշնչյան տեքստի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ մի հակասություն չկա Սուրբ գրությունների և գիտական փաստերի միջև։ Այդ պատճառով Եհովայի վկաները համաձայն չեն «քրիստոնյա» ֆունդամենտալիստների և շատ կրեացիոնիստների հետ։ Այս հոդվածի ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։

Ե՞րբ էր սկիզբը

«Ծննդոց» գրքի արձանագրությունը սկսվում է պարզ, սակայն զորավոր խոսքերով. «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։ Աստվածաշնչագետները համաձայն են, որ սուրբգրային այս համարը նկարագրում է մի գործողություն, որը կապ չունի արարչագործական օրերի հետ և որոնց մասին խոսվում է երրորդ համարից սկսած։ Իմաստն ակնհայտ է։ Ըստ Աստվածաշնչի առաջին խոսքերի՝ տիեզերքը, այդ թվում Երկիր մոլորակը արարչագործական օրերը սկսվելուց առաջ անորոշ ժամանակ արդեն գոյություն են ունեցել։

Երկրաբանները հաշվարկել են, որ երկիրը գոյություն ունի մոտավորապես 4 միլիարդ տարի, իսկ ըստ տիեզերագնացների՝ տիեզերքը գոյություն ունի 15 միլիարդ տարի։ Արդյոք այս հայտնագործությունները կամ նրանց մոտավոր հաշվարկները հակասո՞ւմ են Ծննդոց 1։1–ին։ Ո՛չ։ Աստվածաշունչը կոնկրետ չի նշում, թե որքան տարի գոյություն ունեն «երկինքը եւ երկիրը»։ Ուստի գիտությունը չի հերքում աստվածաշնչյան այս համարը։

Որքա՞ն են տևել արարչագործական օրերը

Ի՞նչ կարելի է ասել արարչագործական օրերի տևողության մասին։ Արդյո՞ք այդ օրերը բառացի 24 ժամ են տևել։ Ոմանք պնդում են, որ «Ծննդոց» գիրքն արձանագրող Մովսեսը, խոսելով շաբաթի մասին, որպես օրինակ բերեց վեց արարչագործական օրերին հաջորդող օրը, հետևաբար յուրաքանչյուր արարչագործական օր պետք է լինի բառացի 24 ժամ (Ելից 20։11)։ «Ծննդոց» գրքում գործածված բառերը թիկունք կանգնո՞ւմ են այս տեսակետին։

Իհարկե ոչ։ Փաստն այն է, որ եբրայերեն «օր» բառը չի նշանակում միայն բառացի 24 ժամ։ Օրինակ՝ ամփոփելով Աստծու արարչագործությունը՝ Մովսեսը արարչագործական բոլոր վեց օրերի մասին խոսեց որպես մեկ օրվա (Ծննդոց 2։4)։ Ավելին, արարչագործական առաջին օրը «Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր» (Ծննդոց 1։5)։ Այստեղ օր է կոչվում 24 ժամի միայն մի մասը։ Անկասկած, Գրությունները հիմք չեն տալիս որևէ մեկին ասելու, որ յուրաքանչյուր արարչագործական օր տևել է 24 ժամ։

Այդ դեպքում որքա՞ն են տևել արարչագործական օրերը։ «Ծննդոց» գրքի առաջին և երկրորդ գլուխներում գործածված բառերը ցույց են տալիս, որ այստեղ խոսքը գնում է ավելի մեծ ժամանակահատվածի մասին։

Ստեղծագործությունները աստիճանաբար են առաջ եկել

Մովսեսը իր արձանագրությունը գրել է եբրայերեն լեզվով և երկրի վրա ապրող մարդու տեսանկյունից։ Հաշվի առնելով այս երկու փաստերը, ինչպես նաև այն, որ տիեզերքը գոյություն է ունեցել արարչագործական օրերից առաջ՝ մենք կկարողանանք լուծել շատ վիճելի հարցեր՝ կապված արարչագործության մասին արձանագրության հետ։ Ինչպե՞ս։

«Ծննդոց» գրքի արձանագրության ուշադիր ուսումնասիրությունը բացահայտում է, որ մեկ օրվա ընթացքում սկսված գործողությունները շարունակվել են հաջորդ մեկ կամ մի քանի օրերի ընթացքում։ Օրինակ՝ նախքան արարչագործական առաջին օրվա սկսվելը, ամպերի հաստ շերտը խոչընդոտում էր, որ լույսը արդեն գոյություն ունեցող արևից հասներ երկրի մակերևույթ (Յոբ 38։9)։ Առաջին օրվա ընթացքում այդ շերտը սկսեց բարակել՝ թույլ տալով, որ լույսը ներթափանցի մթնոլորտ։ *

Երկրորդ օրը մթնոլորտը շարունակեց պարզանալ՝ հաստ շերտ ունեցող ամպերի և օվկիանոսի միջև ստեղծելով լայն տարածություն։ Չորրորդ օրը մթնոլորտն այնքան էր պարզվել, որ արևը և լուսինը տեսանելի էին դարձել «երկնքի հաստատութիւնումը» (Ծննդոց 1։14–16)։ Այլ խոսքերով՝ երկրի վրա ապրող մարդու տեսանկյունից արևը և լուսինը սկսեցին երևալ։ Այս ամենը տեղի ունեցավ աստիճանաբար։

«Ծննդոց» գրքի արձանագրությունը նաև ցույց է տալիս, որ մինչ մթնոլորտը շարունակում էր պարզանալ, հինգերորդ օրը սկսեցին ստեղծվել «թռչունները» («թռչուններ» թարգմանված եբրայերեն բառը ներառում է նաև թռչող միջատներին և թաղանթաթևավորներին)։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ վեցերորդ օրվա ընթացքում Աստված դեռևս «շին[ում էր] հողիցը բոլոր դաշտի կենդանիները եւ երկնքի բոլոր թռչունները» (Ծննդոց 2։19

Հստակ է, որ Աստվածաշնչի լեզուն թույլ է տալիս ենթադրել, որ յուրաքանչյուր արարչագործական օրվա ընթացքում ստեղծագործությունների մեծ մասը աստիճանաբար է առաջ եկել և ոչ թե անմիջապես։ Հավանաբար նրանցից մի քանիսը ստեղծվել են արարչագործական հաջորդ օրերի ընթացքում։

Ըստ իրենց տեսակի

Արդյոք բույսերի և կենդանիների աստիճանաբար ի հայտ գալը նշանակո՞ւմ է, որ Աստված օգտագործել է էվոլյուցիան՝ կենդանի արարածների մեծ բազմազանությունը ստեղծելու համար։ Ո՛չ։ Արձանագրությունը պարզ ցույց է տալիս, որ Աստված ստեղծեց բույսերի ու կենդանիների բոլոր հիմնական տեսակները (Ծննդոց 1։11, 12, 20–25)։ Արդյո՞ք այս սկզբնական «տեսակի» բույսերն ու կենդանիները ծրագրավորված էին հարմարվելու շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։ Ի՞նչն է որոշում «տեսակի» սահմանը։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում։ Սակայն այն շեշտում է, որ կենդանի արարածները առաջ եկան «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։21)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ «տեսակի» մեջ մտնող բազմազանությունը սահմանափակ է։ Թե՛ հնէաբանական տվյալները և թե՛ ժամանակակից հետազոտությունները թիկունք են կանգնում այն մտքին, որ բույսերի և կենդանիների հիմնական տեսակները անսահմանորեն մեծ ժամանակահատվածում չնչին փոփոխության են ենթարկվել։

«Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, որ տիեզերքը, այդ թվում նաև երկրագունդը և նրա վրա ապրող կենդանի արարածները ստեղծվել են կարճ ժամանակում և համեմատաբար ոչ հեռու անցյալում, ինչպես որ պնդում են որոշ ֆունդամենտալիստներ։ Ավելին, «Ծննդոց» գրքի արձանագրությունն այն մասին, թե ինչպես է ստեղծվել տիեզերքը և թե ինչպես է կյանքը առաջ եկել երկրի վրա, ներդաշնակ է վերջին տարիների գիտական հայտնագործություններին։

Շատ գիտնականներ իրենց փիլիսոփայական համոզմունքների պատճառով մերժում են Աստվածաշնչի այն պնդումը, որ Աստված է ստեղծել բոլոր բաները։ Սակայն հետաքրքիր է, որ դեռևս հին ժամանակներում Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում Մովսեսը գրել էր, որ տիեզերքը սկիզբ է ունեցել և որ կյանքը առաջ է եկել աստիճանաբար՝ ժամանակի ընթացքում։ Ինչպե՞ս կարող էր Մովսեսն իմանալ գիտականորեն ճշգրիտ այդ տեղեկությունը 3500 տարի առաջ։ Գոյություն ունի մեկ տրամաբանական բացատրություն։ Միայն այն անձնավորությունը, որը երկինքն ու երկիրը ստեղծելու զորություն և իմաստություն ունի, կարող էր Մովսեսին տալ այդպիսի ճշգրիտ գիտելիքներ։ Սա հիմնավորում է Աստվածաշնչի այն պնդումը, որ այդ գիրքը «Աստուծոյ շունչն է» (Բ Տիմոթէոս 3։16, ԱԱ

[Ծանոթագրություն]

^ պարբ. 14 Նկարագրելու համար այն, թե ինչ տեղի ունեցավ արարչագործական առաջին օրը, եբրայերենում գործածվում է «օհր» բառը, որը մատնանշում է լույսն առհասարակ, իսկ չորրորդ օրվա համար օգտագործվում է եբրայերեն «մաօհր» բառը, որը նշանակում է լույսի աղբյուր։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Ե՞րբ Աստված ստեղծեց տիեզերքը (Ծննդոց 1։1

◼ Արդյո՞ք երկիրը ստեղծվել է 24 ժամ տևողություն ունեցող վեց օրում (Ծննդոց 2։4

◼ Ինչպե՞ս կարող էին Մովսեսի գրածները երկրագնդի ստեղծման մասին գիտականորեն ճշգրիտ լինել (Բ Տիմոթէոս 3։16

[Մեջբերում 19–րդ էջի վրա]

«Ծննդոց» գիրքը չի սովորեցնում, թե տիեզերքը ստեղծվել է կարճ ժամանակում և համեմատաբար ոչ հեռու անցյալում

[Մեջբերում 20–րդ էջի վրա]

«Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)

[Թույլտվությամբ 18–րդ էջի վրա]

Universe։ IAC/RGO/David Malin Images

[Թույլտվությամբ 20–րդ էջի վրա]

NASA photo