Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Դիտում ենք աշխարհը»

«Դիտում ենք աշխարհը»

«Դիտում ենք աշխարհը»

«Ծովը երկրագնդի ամենամեծ տարածքն է և ամենադաժան միջավայրը .... սակայն այնտեղ ուր էլ որ նայում ենք, ամենուրեք գտնում ենք կյանք և երբեմն էլ ահռելի առատությամբ» («ՆՅՈՒ ՍԱՅԵՆԹԻՍՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)

Վերջին դատական գործերից մեկի ժամանակ Հարիսբերգի (Փենսիլվանիա, ԱՄՆ) ֆեդերալ դատարանի դատավորը վճռեց, որ «հանրակրթական դպրոցներում գիտության վերաբերյալ դասերի ժամանակ [Բանական նախագծողի] մասին սովորեցնելը՝ որպես էվոլյուցիոն ուսմունքին փոխարինող ուսմունք, հակասում է սահմանադրությանը» («ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ», ԱՄՆ)

2005 թ.–ին կատարված լրատվական մի հարցում ցույց տվեց, որ «ամերիկացիների 51 տոկոսը մերժում է էվոլյուցիոն տեսությունը» («ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍ», ԱՄՆ)

«Աշխարհի ամենածեր կենդանին»՝ Բրիսբենի (Ավստրալիա) կենդանաբանական այգում ապրող Հարիետ անունով գալապագոսյան հսկա կրիան, որը կշռում էր 150 կիլոգրամ, սատկեց 2006 թ. հունիսին։ Նա ապրեց 175 տարի (ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ)

Շվեյցարացի հետազոտողները հայտնաբերել են, որ եգիպտացորենի որոշ տեսակներ իրենք իրենց պաշտպանում են արմատակեր որդերից։ Նրանք հատուկ հոտ են արձակում հողի մեջ։ Սա գրավում է փոքրիկ պարազիտներին, որոնք սպանում են որդերի թրթուրներին («DIE WELT», ԳԵՐՄԱՆԻԱ)

Հսկա կաղամարի լուսանկարը

Ճապոնիայի հարավում գտնվող Բոնին կղզիների մոտակայքում գիտնականները առաջին անգամ բնական պայմաններում լուսանկարել են հսկա կենդանի կաղամար։ Նրանք իրենց կարթերին ամրացրել էին փոքր կաղամարներ ու մանր ծովախեցգետիններ և դրանց վերևում կախել էին տեսախցիկներ։ Հսկա կաղամարը, որը հայտնվեց 900 մետր խորության վրա, մոտավորապես 8 մետր լայնություն ուներ։

«Դինոզավրերը խոտ են կերել»

«Գիտնականների համար շատ զարմանալի է» բացահայտել, որ «դինոզավրերը խոտ են կերել»,– ասվում է մի հաղորդագրությունում («Associated Press»)։ Այս հայտնագործությունը կատարվել է այն ժամանակ, երբ հետազոտվել է բրածո սարոպոդի կղանքը, որը գտնվել է Հնդկաստանում։ Ինչո՞ւ են գիտնականները զարմացել։ Հաղորդագրությունում բացատրվում է, որ գիտնականները նախկինում կարծում էին, թե «խոտը սկսել է աճել երկրի մակերևույթի վրա դինոզավրերի անհետանալուց բավականին երկար ժամանակ անց»։ Նրանք նաև կարծում էին, որ սարոպոդները «չունեին կտրիչ ատամներ, որպեսզի ծամեին կոշտ տերևները»։ Պալեոբուսաբան Կարոլինա Ստրյոմբերգը, որը այդ հայտնագործությունը կատարող թիմի ղեկավարն է, ասում է. «Շատ մարդիկ երբեք չէին պատկերացնի, որ [սարոպոդները] խոտ են կերել»։

Ինչպե՞ս են թռչում մեղուները

Կատակով ասվել է, թե ինժեներները ապացուցել են, որ մեղուները չեն կարող թռչել։ Թվում է, թե կարճ թևեր ունեցող այդ «ծանր» միջատները չեն կարողանա օդ բարձրանալ։ Հայտնաբերելու համար այդ միջատների գաղտնիքը՝ ինժեներները «վայրկյանում 6000 կադր արագությամբ նկարահանել են թևերը թափահարող մեղուների»,– ասվում է «Նյու Սայենթիստ» պարբերագրում։ Մեղուների տեխնիկայի մասին ասվում է, որ այն «արտասովոր է»։ «Թևը 90 աստիճանով ետ է գնում, և մինչ վերադառնալը վայրկյանում 230 անգամ թափահարում է։ .... Այն նման է շարժիչի, որի սայրը նույնպես պտտվում է»,– բացատրում է հետազոտական խմբի անդամներից մեկը։ Նրանց հայտնագործությունները կարող են օգնել ինժեներներին նախագծել ավելի լավ շարժիչներ և ստեղծել ավելի նոր և ճկուն շարժումներ կատարող ինքնաթիռներ։

Երգող մկները

«Մկները կարող են երգել և .... ապագա զույգերին գրավելու համար նրանց երգերը գրեթե այնքան բարդ են, որքան թռչունների երգերը»,– ասվում է «Նյու Սայենթիստ» պարբերագրում։ Մկների երգերը ուլտրաձայնային հաճախականություն ունեն, այսինքն՝ այնպիսի տոնայնություն, որը մարդկային ականջի համար լսելի չէ։ Հավանաբար սա է պատճառը, որ նախկինում դրանք աննկատ են մնացել։ Սենտ Լուիս քաղաքի (Միսուրի, ԱՄՆ) հետազոտողները հայտնաբերել են, որ արու մկների վոկալիզացիան «այնպիսի ֆրազերի և եղանակների է բաժանված, որ կարող է սահմանվել որպես «երգ»»։ Այսպիսով, մկները ընդգրկվում են բացառիկ խմբի մեջ։ Երգելու կարողություն ունեցող մյուս կաթնասունների թվում են կետերը, դելֆինները, որոշ տեսակի առնետներ և, իհարկե, մարդիկ։