Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը

Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը

Ինչու ենք հավատում Արարչի գոյությանը

Գիտական տարբեր բնագավառներում աշխատող մասնագետներ գտնում են, որ բնությունը բանական նախագծման արդյունք է։ Նրանք անտրամաբանական են համարում այն կարծիքը, թե կյանքն իր ամբողջ բարդությամբ պատահականորեն է հայտնվել երկրի վրա։ Ուստի մի շարք գիտնականներ և հետազոտողներ հավատում են Արարչի գոյությանը։

Նրանցից ոմանք դարձել են Եհովայի վկաներ։ Նրանք համոզված են, որ Աստվածաշնչի Աստվածը նյութական Տիեզերքի Նախագծողն է և Կառուցողը։ Ինչո՞ւ են նրանք եկել այդ եզրակացության։ «Արթնացե՛ք»–ը հարցազրույց է անցկացրել մի քանիսի հետ։ Նրանց մեկնաբանությունները գուցե հետաքրքիր լինեն ձեզ համար։ *

«Կյանքի անսահման բարդությունները»

ՎՈՒԼՖ–ԷԿԿԵՀԱՐԴ ԼՅՈՆԻԳ։

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Անցած 28 տարիներին կատարել եմ գիտական աշխատանքներ՝ կապված բույսերի գենետիկական մուտացիաների հետ։ Այդ տարիներից 21–ը աշխատել եմ բույսերի բուծման հետազոտությամբ զբաղվող Մաքս Փլանկ ինստիտուտում (Քյոլն, Գերմանիա)։ Նաև մոտ երեք տասնամյակ է, ինչ ծառայում եմ որպես երեց Եհովայի վկաների քրիստոնեական ժողովներից մեկում։

Գենետիկայի բնագավառում կատարած իմ փորձերն ու հետազոտությունները, ինչպես նաև կենսաբանական գիտությունների, ինչպիսիք են ֆիզիոլոգիայի և մորֆոլոգիայի ուսումնասիրությունները, ինձ կանգնեցնում են կյանքի անսահման և հաճախ անբացատրելի բարդությունների առաջ։ Այս առարկաների ուսումնասիրությունը խորացրել է իմ համոզվածությունն այն բանում, որ կյանքը, նույնիսկ կյանքի պարզագույն ձևերը, պետք է որ բանական Նախագծող ունենան։

Գիտական հասարակությունը լավատեղյակ է, որ կյանքը անսահման բարդ է։ Սակայն այս հետաքրքիր փաստերը սովորաբար ներկայացվում են էվոլյուցիայի քողի տակ։ Իմ կարծիքով արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրության դեմ ուղղված փաստարկներն ուղղակի փլուզվում են, երբ մանրակրկիտ քննության են ենթարկվում։ Տասնամյակներ շարունակ ես ուսումնասիրել եմ նման փաստարկները։ Երկար ժամանակ ուսումնասիրելով կենդանի օրգանիզմները և քննելով այն, թե ինչպես են Տիեզերքը կառավարող օրենքները հաստատված այնպես, որ երկրի վրա կարող է գոյություն ունենալ կյանք՝ ես պարտավորված եմ զգում հավատալ Արարչի գոյությանը։

«Յուրաքանչյուր բան, որ ես տեսնում եմ, պատճառ ունի»

ԲԱՅՐՈՆ ԼԵՈՆ ՄԵԴՈՈՒԶ։

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես ապրում եմ Միացյալ Նահանգներում և աշխատում եմ Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունում, լազերային ֆիզիկայի բնագավառում։ Ներկայումս մասնակցում եմ մի տեխնոլոգիայի զարգացմանը, որի նպատակն է բարելավել համաշխարհային կլիմայի, եղանակի և մոլորակների հետ կապված այլ երևույթների վերահսկողությունը։ Ես ծառայում եմ որպես երեց Կիլմարնոք քաղաքի (Վիրջինիա նահանգ) Եհովայի վկաների ժողովներից մեկում։

Իմ հետազոտություններում ես հաճախ պետք է կիրառեմ ֆիզիկայի սկզբունքները։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես և ինչու են որոշ բաներ պատահել։ Իմ ուսումնասիրությունների բնագավառում տեսնում եմ այն բանի ապացույցը, որ ամեն բան պատճառ ունի։ Ես հավատում եմ, որ գիտության տեսակետից տրամաբանական է ընդունել, որ Աստված բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բաների սկզբնապատճառն է։ Բնության օրենքները այնքան կայուն են, որ ես չեմ կարող չհավատալ, որ նրանք չեն հաստատվել Արարչի կողմից։

Եթե այս եզրակացությունը այդքան ակնհայտ է, ապա ինչո՞ւ են շատ գիտնականներ հավատում էվոլյուցիային։ Հնարավո՞ր է, որ էվոլյուցիոնիստները անհիմն ձևով են դիտում իրենց ապացույցները։ Բացառված չէ։ Սակայն դիտումները, որքան էլ որ համոզիչ լինեն, չեն երաշխավորում, որ եզրակացությունը ճիշտ կլինի։ Օրինակ՝ լազերային ֆիզիկայի հետազոտությամբ զբաղվող անհատը կարող է պնդել, որ լույսն ալիք է և նման է ձայնային ալիքներին, քանի որ հաճախ լույսը ալիքի ձևով է տարածվում։ Սակայն նրա եզրակացությունը վերջնական չի կարող լինել, քանի որ ապացույցները նաև ցույց են տալիս, որ լույսը տարածվում է բազմաթիվ մասնիկների միջոցով, որոնք հայտնի են ֆոտոններ անունով։ Նմանապես, նրանք, ովքեր պնդում են, թե էվոլյուցիան փաստ է, իրենց եզրակացությունները հիմնում են միայն ապացույցների մի մասի վրա և թույլ են տալիս, որ իրենց կայացրած եզրակացությունները ազդեն այն բանի վրա, թե ինչպես են նրանք վերաբերվում ամբողջական ապացույցին։

Ես զարմանում եմ, որ մարդիկ էվոլյուցիոն տեսությունը փաստ են համարում, մինչդեռ էվոլյուցիայի «մասնագետները» վիճում են, թե ինչպես պետք է դա տեղի ունեցած լիներ։ Օրինակ՝ դուք կընդունեի՞ք, որ թվաբանությունը փաստ է, եթե որոշ մասնագետներ ասեին, թե 2–ին գումարած 2 հավասար է 4–ի, ուրիշներն էլ ասեին, որ դա հավասար է 3–ի կամ 6–ի։ Եթե գիտության դերը կայանում է նրանում, որ նա ընդունում է միայն այն բաները, ինչը կարելի է ապացուցել, փորձելով համոզվել և վերարտադրել, ուրեմն այն տեսությունը, ըստ որի՝ կյանքը առաջ է եկել համընդհանուր նախնուց, գիտական փաստ չէ։

«Ինչ–որ բանը չի կարող առաջանալ ոչ մի բանից»

ՔԵՆՆԵԹ ԼՈՅԴ ՏԱՆԱԿԱ։

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես երկրաբան եմ և ներկայումս աշխատում եմ Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունում (Ֆլագստաֆ, Արիզոնա)։ Մոտ երեք տասնամյակ է, ինչ մասնակցում եմ երկրաբանության տարբեր բնագավառներում կատարվող հետազոտություններին, այդ թվում նաև մոլորակների երկրաբանական հետազոտություններին։ Իմ հետազոտությունների արդյունքում գրված բազմաթիվ հոդվածներ և Մարս մոլորակի երկրաբանական քարտեզները տպագրվել են հեղինակավոր գիտական պարբերագրերում։ Որպես Եհովայի վկա՝ ես ամեն ամիս մոտավորապես 70 ժամ անցկացնում եմ՝ քաջալերելով մարդկանց ընթերցել Աստվածաշունչը։

Ինձ դասավանդել են էվոլյուցիոն տեսություն, սակայն ես չէի կարող ընդունել այն միտքը, որ տիեզերքը կառուցելու համար պահանջվող հսկայական էներգիան կարող էր առաջանալ առանց զորեղ Արարչի։ Ինչ–որ բանը չի կարող առաջանալ ոչ մի բանից։ Նաև հենց Աստվածաշնչում ես գտնում եմ Արարչի գոյությունը ապացուցող շատ զորեղ մի փաստ։ Այդ գրքում տրվում են գիտական փաստերի բազմաթիվ օրինակներ գիտության այն բնագավառի վերաբերյալ, որով ես եմ զբաղվում։ Դրանցից է, օրինակ, այն, որ երկիրը գնդաձև է և կախված է «ոչնչի վերայ» (Յոբ 26։7; Եսայիա 40։22)։ Նախքան մարդիկ կհայտնագործեին և կապացուցեին դա, այս փաստերը բազում տարիներ առաջ արդեն գրի էին առնվել Աստվածաշնչում։

Մտածեք մարդու կառուցվածքի մասին։ Մենք ունենք զգայական ընկալում, ինքնագիտակցություն, խելք, մտածելու և հաղորդակցվելու ունակություններ ու զգացմունքներ։ Մենք կարող ենք սիրել, շնորհակալ լինել այն բանի համար որ մեզ սիրում են և արտահայտել մեր սերը։ Էվոլյուցիան չի կարող բացատրել, թե ինչպես են առաջացել մարդկանց այս հրաշալի հատկությունները։

Հարցրեք ինքներդ ձեզ. «Որքանո՞վ են վստահելի և արժանահավատ ինֆորմացիայի այն աղբյուրները, որոնք թիկունք են կանգնում էվոլյուցիային»։ Երկրաբանական տվյալները ամբողջական չեն, բարդ են և շփոթեցնող։ Լաբորատորիաներում գիտական մեթոդներ օգտագործելով՝ էվոլյուցիոնիստները չեն կարողանում հիմնավոր կերպով ապացուցել էվոլյուցիոն տեսությունը։ Եվ թեպետ գիտնականները որևէ բրածոի տարեթիվը որոշելու համար սովորաբար հետազոտական լավ տեխնիկա են օգտագործում, սակայն հաճախ իրենց հայտնագործությունների մասին մեկնաբանություն տալիս նրանք առաջնորդվում են եսասիրական մղումներով։ Հայտնի է, որ երբ տարեթիվը համոզիչ չէ կամ հակասում է որևէ բանի, գիտնականները դա մեկնաբանում են իրենց ձևով։ Այստեղ մեծ դեր են խաղում նրանց կարիերան և արժանապատվության զգացումը։

Որպես գիտնական և որպես Աստվածաշունչ ուսումնասիրող՝ ես փնտրում եմ ամբողջական ճշմարտությունը, որտեղ ճիշտ հասկացողություն ունենալու համար հաշվի են առնվում բոլոր փաստերն ու դիտումները։ Իմ կարծիքով Արարչի հանդեպ հավատը ամենատրամաբանականն է։

«Հստակ նախագիծ, որն առկա է բջջի մեջ»

ՊԱՈՒԼԱ ԿԻՆՉԵԼՈԵ։

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Որպես հետազոտող՝ մի քանի տարիների փորձ ունեմ բջջի, մոլեկուլային կենսաբանության և մանրէաբանության բնագավառում։ Ներկայումս աշխատում եմ Ատլանտայի Էմորիի համալսարանում (Ջորջիա, ԱՄՆ)։ Նաև կամավոր ծառայություն եմ կատարում որպես Աստվածաշնչի ուսուցիչ ռուսախոս համայնքում։

Որպես իմ ուսման մի մաս՝ ես չորս տարի ուսումնասիրել եմ բջիջը և նրա բաղադրիչները։ Որքան շատ էի սովորում ԴՆԹ–ի, ՌՆԹ–ի, սպիտակուցների և նյութափոխանակության ճանապարհների մասին, այնքան զարմանում էի, թե որքան բարդ, կազմակերպված և ճշգրիտ են դրանք։ Ու թեև ես տպավորված էի այն բանով, թե որքան շատ բան մարդը գիտի բջջի մասին, սակայն ավելի շատ ինձ զարմացրեց այն, թե սովորելու դեռ որքան բան կա։ Պատճառներից մեկը, թե ինչու եմ ես հավատում Աստծու գոյությանը, այն հստակ նախագիծն է, որն առկա է բջջի մեջ։

Աստվածաշնչի ուսումնասիրությունն ինձ ցույց է տվել, որ Արարիչը Եհովա Աստված է։ Ես համոզված եմ, որ նա ոչ միայն իմաստուն Նախագծող է, այլև բարի և սիրառատ Հայր, որը հոգ է տանում իմ մասին։ Աստվածաշունչը բացատրում է կյանքի նպատակը և երջանիկ ապագայի հույս է տալիս։

Երբ դպրոցում երեխաներին դասավանդում են էվոլյուցիոն տեսություն, նրանք գուցե սկսեն կասկածել, թե ինչին կարելի է հավատալ։ Սա կարող է դժվար ժամանակ լինել նրանց համար։ Եթե նրանք հավատում են Աստծուն, ապա սա հավատի փորձություն կլինի։ Սակայն նրանք հաջողությամբ կարող են հաղթահարել այս փորձությունը՝ քննելով բնության մեջ գտնվող այն բազմաթիվ զարմանալի բաները, որոնք շրջապատում են մեզ, և շարունակելով ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Արարչի և նրա հատկությունների մասին։ Անձամբ ես այդպես եմ վարվել և եկել եմ այն եզրակացության, որ արարչագործության վերաբերյալ Աստվածաշնչի արձանագրությունը ճշգրիտ է և չի հակասում իսկական գիտությանը։

«Օրենքների զարմանալի պարզությունը»

ԷՆՐԻԿԵ ՀԵՐՆԱՆԴԵՍ ԼԵՄՈՒՍ։

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Ես Եհովայի վկաների լիաժամ ծառայող եմ։ Աշխատում եմ Մեխիկոյի Ազգային համալսարանում՝ որպես տեսական ֆիզիկայի մասնագետ։ Ներկայումս իմ աշխատանքի մեջ է մտնում այն, որ ես թերմոդինամիկայի տեսանկյունից ճիշտ բացատրություն գտնեմ մի երևույթի համար, որը կոչվում է գրավոթերմային աղետ. այն աստղերի աճման մի մեխանիզմ է։ Նաև զբաղվում եմ ԴՆԹ–ի բարդ մոլեկուլային կառուցվածքի ուսումնասիրությամբ։

Կյանքը չափազանց բարդ է, և այն չէր կարող առաջացած լինել պատահականորեն։ Օրինակ՝ մտածեք ինֆորմացիայի այն հսկայական քանակության մասին, որ պարունակվում է ԴՆԹ–ի մոլեկուլում։ Մաթեմատիկական հավանականությունը, որ քրոմոսոմը կարող է պատահականորեն առաջանալ, հավասար է 1/9 տրիլիոնի, իսկ դա այնքան անհավանական է, որ կարելի է համարել անհնարին։ Կարծում եմ՝ անմտություն է հավատալ, որ բանականություն չունեցող ուժերը կարող էին ստեղծել ոչ միայն մեկ քրոմոսոմ, այլև այն զարմանալի բարդ բաները, որ գոյություն ունեն կենդանի արարածներում։

Բացի այդ, երբ ուսումնասիրում եմ նյութի բարդ կազմությունը՝ սկսած միկրոսկոպիկ մակարդակից մինչև հսկա միգամածությունների շարժումը տիեզերական տարածության միջով, տպավորվում եմ այդ շարժումը կառավարող օրենքների զարմանալի պարզությամբ։ Ինձ համար այդ օրենքները պարզապես Մեծագույն Մաթեմատիկոսի աշխատանք չեն, նրանք նման են Վարպետ Նկարչի ստորագրության։

Մարդիկ հաճախ զարմանում են, երբ նրանց հայտնում եմ, որ ես Եհովայի վկա եմ։ Երբեմն նրանք հարց են տալիս, թե ինչպե՞ս կարող եմ հավատալ Աստծուն։ Նրանց արձագանքը հասկանալի է, քանի որ կրոնների մեծ մասը հավատացյալներին չի քաջալերում փնտրել իրենց ուսուցանված բաների ապացույցը կամ քննել իրենց համոզմունքները։ Սակայն Աստվածաշունչը քաջալերում է մեզ գործի դնել մեր «մտածելու ունակությունը» (Առակաց 3։21, ՆԱ)։ Բնության մեջ գոյություն ունեցող բանականությամբ կատարված նախագծերի ապացույցը, նաև աստվածաշնչյան փաստերն ինձ համոզում են, որ Աստված ոչ միայն գոյություն ունի, այլև հետաքրքրված է մեր աղոթքներով։

[Ցանոթագրություններ]

^ պարբ. 3 Այս հոդվածում ներկայացված մասնագետների տեսակետներից բոլորը չէ, որ արտացոլում են նրանց գործատերերի տեսակետները։

[Թույլտվությամբ 22–րդ էջի վրա]

Mars in background։ Courtesy USGS Astrogeology Research Program, http։//astrogeology.usgs.gov