Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ հավատը արարչագործության հանդեպ

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ հավատը արարչագործության հանդեպ

Երիտասարդները հարցնում են...

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել իմ հավատը արարչագործության հանդեպ

«Երբ դասարանում քննարկվում էր էվոլյուցիոն տեսությունը, ես հասկացա, որ դա բոլորովին տարբերվում է այն ամենից, ինչ ես սովորել էի։ Այդ տեսությունը ներկայացվեց որպես փաստ, և դա ինձ վախեցրեց» (Ռայեն, 18 տարեկան)։

«Ես մոտ 12 տարեկան էի։ Իմ ուսուցչուհին էվոլյուցիոն տեսության նախանձախնդիր կողմնակից էր։ Նա նույնիսկ իր մեքենայի վրա դարվինյան նշան էր փակցրել։ Այդ պատճառով ես կաշկանդվում էի խոսել արարչագործության հանդեպ իմ հավատի մասին» (Թայլեր, 19 տարեկան)։

«Ես սարսափեցի, երբ հասարակագիտություն դասավանդող իմ ուսուցչուհին ասաց, որ մեր հաջորդ դասը լինելու է էվոլյուցիոն տեսության մասին։ Ես գիտակցում էի, որ այդ վիճաբանական թեմայի վերաբերյալ իմ տեսակետը պետք է արտահայտեմ դասարանի առջև» (Ռաքել, 14 տարեկան)։

ՀԱՎԱՆԱԲԱՐ դու նույնպես Ռայենի, Թայլերի և Ռաքելի նման անհանգստանում ես, երբ դասարանում պետք է խոսվի էվոլյուցիոն տեսության մասին։ Իհարկե, դու հավատում ես, որ Աստված է ստեղծել ամեն բաները (Յայտնութիւն 4։11)։ Քո շուրջը տեսնում ես բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ամեն ինչ նախագծված է բանականություն ունեցող մեկի կողմից։ Բայց դասագրքերը, ինչպես նաև քո ուսուցիչը ասում են, որ մենք աստիճանաբար ենք զարգացել։ Ուստի միգուցե մտածես. «Ո՞վ եմ ես, որ այդ թեմայի շուրջ վիճեմ այդպիսի «մասնագետների» հետ»։ Նաև քեզ գուցե մտահոգի այն հարցը, թե ինչպես կարձագանքեն քո դասընկերները, երբ խոսես Աստծու մասին։

Եթե քեզ անհանգստացնում են նմանատիպ հարցեր, մի՛ մտահոգվիր։ Դու միակը չես, որ հավատում ես արարչագործությանը։ Իրականում նույնիսկ մի շարք գիտնականներ էվոլյուցիոն տեսության կողմնակիցներ չեն։ Բազմաթիվ ուսուցիչներ նույնպես չեն ընդունում այս տեսությունը։ Իսկ Միացյալ Նահանգներում հինգ ուսանողներից չորսը հավատում են Արարչի գոյությանը, չնայած այն բանին, որ դասագրքերը այլ բան են սովորեցնում։

Այնուհանդերձ, գուցե հարցնես. «Ի՞նչ ասեմ արարչագործության հանդեպ իմ հավատը պաշտպանելու համար»։ Համոզված եղիր, որ կարո՛ղ ես վստահությամբ խոսել, նույնիսկ եթե երկչոտ ես։ Սակայն անհրաժեշտ է նախապես պատրաստվել։

Փորձիր հավատդ

Եթե մեծացել ես քրիստոնեական ընտանիքում, հավանաբար հավատում ես արարչագործությանը, որովհետև քեզ դա են սովորեցրել։ Իսկ այժմ, երբ արդեն չափահաս ես դարձել, ուզում ես Աստծուն երկրպագել «բանականությամբ», քանի որ համոզմունքներիդ համար հիմքեր ունես (Հռովմայեցիս 12։1, ՆԱ)։ Պողոսը հորդորեց առաջին դարի քրիստոնյաներին. «Ամեն բան փորձեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21)։ Ինչպե՞ս կարող ես «փորձել» հավատդ արարչագործության հանդեպ։

Ուշադրություն դարձրու, թե ինչ գրեց Պողոսը Աստծու մասին. «Նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են» (Հռովմայեցիս 1։20)։ Ի մտի ունենալով այս խոսքերը՝ խորհիր մարդու մարմնի, երկրագնդի, անսահման տիեզերքի, օվկիանոսների խորության, ինչպես նաև զարմանահրաշ միջատների, բույսերի, կենդանիների կամ ցանկացած այլ բանի մասին, որը հետաքրքրում է քեզ։ Այնուհետև օգտագործելով ‘բանականությունդ’՝ հարցրու ինքդ քեզ՝ «ի՞նչն է համոզում ինձ, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

Այդ հարցին պատասխանելու համար 14–ամյա Սեմը ուշադրություն է դարձնում մարդու մարմնի վրա։ Նա ասում է. «Մարդու մարմինը չափազանց բարդ կառուցվածք ունի։ Այն չէր կարող աստիճանաբար զարգանալ»։ 16–ամյա Հոլին համաձայնվում է. «Քանի որ ես շաքարախտ ունեմ, շատ բան եմ սովորել այն մասին, թե ինչպես է գործում մարդու մարմինը։ Օրինակ՝ ինձ ապշեցնում է այն, թե ինչպես է ենթաստամոքսային գեղձը՝ մի փոքր օրգան, որը թաքնված է ստամոքսի ետևում, հսկայական գործ կատարում, որպեսզի նպաստի արյան և ուրիշ օրգանների աշխատանքին»։

Այլ պատանիներ մեկ ուրիշ տեսանկյունից են նայում այս հարցին։ Ջարեդը, որը 19 տարեկան է, ասում է. «Ինձ համար ամենամեծ ապացույցն այն է, որ մենք հոգևոր կարիքներ ունենք, կարող ենք գնահատել գեղեցիկը, ինչպես նաև ունենք սովորելու ձգտում։ Իսկ այսպիսի բաները անհրաժեշտ չեն կյանքի պահպանման համար, ինչպես սովորեցնում է մեզ էվոլյուցիոն տեսությունը։ Միակ խելամիտ բացատրությունն այն է, որ մենք ստեղծվել ենք ինչ–որ մեկի կողմից, ով ցանկանում էր, որ վայելենք կյանքը»։ Թայլերը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, նույն եզրակացությանն է հանգել. «Երբ մտածում եմ կյանքի պահպանման համար բույսերի ունեցած դերի և նրանց զարմանալիորեն ստեղծված բարդ կառուցվածքի մասին, համոզվում եմ, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

Արարչագործության մասին ավելի հեշտ կկարողանաս արտահայտվել, եթե մանրամասնորեն ուսումնասիրել ես այդ հարցը և իրոք համոզվել դրանում։ Ուստի Սեմի, Հոլիի, Ջարեդի և Թայլերի նման՝ ժամանակ հատկացրու հետազոտելու Աստծու հրաշալի ստեղծագործությունները։ Ապա «լսիր», թե դրանք ինչ են «ասում» քեզ։ Անկասկած, դու կգաս այն նույն եզրակացությանը, որ արեց Պողոս առաքյալը. ոչ միայն Աստծու գոյությունը, այլև նրա հատկությունները կարող են «ստեղծուածներովն իմացուելով տեսնվ[ել]»։ *

Իմացիր, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Բացի Աստծու ստեղծագործություններն ուսումնասիրելուց, արարչագործության հանդեպ քո հավատը պաշտպանելու համար դու պետք է նաև իմանաս, թե այդ մասին իրականում ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Կարիք չկա քննարկել այնպիսի բաներ, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ տեղեկություններ չկան։ Քննարկենք մի քանի օրինակներ։

Իմ դասագրքում գրված է, որ երկրագունդը և արեգակնային համակարգը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ։ Աստվածաշնչում չի նշվում այդ մասին։ Իրականում այն չի բացառում, որ տիեզերքը, հնարավոր է, գոյություն է ունեցել միլիարդավոր տարիներ նախքան առաջին արարչագործական «օրը» (Ծննդոց 1։1, 2

Իմ ուսուցիչն ասում է, որ երկրագունդը չէր կարող ստեղծված լինել ընդամենը վեց օրում։ Աստվածաշնչում չի նշվում, որ վեց արարչագործական «օրերից» յուրաքանչյուրը բառացի 24 ժամ տևողություն ուներ։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս պարբերագրի 18–20 էջերը։

Մեր դասարանը քննարկեց մի քանի օրինակներ այն մասին, թե ինչպես են կենդանիները և մարդիկ ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել։ Աստվածաշնչում գրված է, որ Աստված կենդանի արարածներին ստեղծեց «իրանց տեսակի պէս» (Ծննդոց 1։20, 21)։ Աստծու Խոսքը թիկունք չի կանգնում այն գաղափարին, թե կյանքը առաջացել է անկենդան մատերիայից, կամ որ Աստված մեկ բջջի միջոցով է սկիզբ տվել էվոլյուցիայի ընթացքին։ Սակայն յուրաքանչյուր «տեսակ» մեծ բազմազանության պոտենցիալ ունի։ Այսպիսով, Աստվածաշունչը ասում է, որ յուրաքանչյուր «տեսակի» մեջ փոփոխությունները հնարավոր են։

Համոզվիր, թե ինչին ես հավատում

Կարիք չկա, որ անհարմար զգաս կամ ամաչես այն բանի համար, որ հավատում ես արարչագործությանը։ Փաստերը ցույց են տալիս, որ խելամիտ է և գիտականորեն հիմնավորված հավատալ այն բանին, որ մենք ստեղծված ենք բանականություն ունեցող ինչ–որ մեկի կողմից։ Ի վերջո ոչ թե արարչագործությունը, այլ էվոլյուցիոն տեսությունն է պահանջում կույր հավատ և հրաշքներ՝ առանց հրաշագործի։ «Արթնացե՛ք»–ի այս համարում տեղ գտած մյուս հոդվածները քննելուց հետո դու անկասկած կհամոզվես, որ փաստերը թիկունք են կանգնում արարչագործությանը։ Երբ, գործի դնելով բանականությունդ, մանրամասնորեն ուսումնասիրես այս թեման, ավելի մեծ վստահությամբ կպաշտպանես քո հավատը դասարանի առջև։

Ահա թե ինչ է ասում Ռաքելը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում. «Ինձանից մի քանի օր պահանջվեց հասկանալու համար, որ չպետք է լռեմ։ Ես իմ ուսուցչուհուն տվեցի «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» գիրքը, որի մեջ ընդգծել էի մտքեր, որպեսզի նա ուշադրություն դարձնի դրանց։ Հետագայում նա ասաց ինձ, որ գիրքը իրեն լիովին նոր պատկերացում տվեց էվոլյուցիայի մասին, և որ ինքը ապագայում հաշվի կառնի տվյալ տեղեկությունը, երբ դասարանում խոսի այդ ուսմունքի մասին»։

«Երիտասարդները հարցնում են...» համարից ավելի շատ հոդվածներ կարող ես գտնել հետևյալ Web–կայքում՝ www.watchtower.org/ype

[Ծանոթագրություն]

^ պարբ. 14 Շատ պատանիներ օգուտներ են քաղել, երբ քննել են «Ինչպե՞ս է առաջացել կյանքը. էվոլյուցիայի՞, թե՞ արարչագործության միջոցով» և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքերը՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։

ՄՏԱԾԻՐ

◼ Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնց միջոցով դպրոցում կարող ես հեշտությամբ պաշտպանել քո հավատը արարչագործության հանդեպ։

◼ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ քո գնահատանքը Մեկի նկատմամբ, ով ստեղծել է բոլոր բաները (Գործք 17։26, 27

[Շրջանակ 27–րդ էջի վրա]

«ՓԱՍՏԵՐԸ ՇԱՏ ԵՆ»

«Ի՞նչ կասեիր մի երիտասարդի, որը փոքրուց հավատում է Ստեղծիչին, սակայն դպրոցում նրան էվոլյուցիա են սովորեցնում»։ Այս հարցը տրվել էր մի Եհովայի վկայի, որը մանրէակենսաբան է։ Նա պատասխանեց. «Դու պետք է դիտես այդ իրավիճակը որպես հարմար առիթ՝ ապացուցելու ինքդ քեզ, որ Աստված գոյություն ունի ոչ թե զուտ այն պատճառով, որ ծնողներդ են քեզ այդպես սովորեցրել, այլ որ դու ես քննել փաստերը և եկել այդպիսի եզրահանգման։ Հաճախ երբ ուսուցիչներին խնդրում են «ապացուցել» էվոլյուցիոն տեսությունը, նրանք չեն կարողանում դա անել և գիտակցում են, որ ընդունում են այդ ուսմունքը պարզապես այն պատճառով, որ իրենց հենց դա են սովորեցրել։ Դու կարող ես նույն ծուղակն ընկնել Ստեղծիչին հավատալու հարցում։ Ահա թե ինչու արժե ապացուցել ինքդ քեզ, որ Աստված իրո՛ք գոյություն ունի։ Փաստերը շատ են։ Դրանք դժվար չէ գտնել»։

[Շրջանակ 28–րդ էջի վրա]

Ի՞ՆՉՆ Է ՀԱՄՈԶՈՒՄ ՔԵԶ

Ներքևում նշիր երեք փաստ, որոնք համոզում են քեզ, որ գոյություն ունի Ստեղծիչ

1. ․․․․․

2. ․․․․․

3. ․․․․․