Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ

Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ

Հարցազրույց կենսաքիմիկոսի հետ

ՀԱԶԱՐ ինը հարյուր իննսունվեց թվականին Մայքլ Բիհին, որն այժմ Լիհայի համալսարանում (Փենսիլվանիա, ԱՄՆ) կենսաքիմիայի պրոֆեսոր է, հրատարակեց իր՝ «Դարվինի սև արկղը. բիոքիմիան մարտահրավեր է նետում էվոլյուցիոն տեսությանը» գիրքը (անգլ.)։ 1997թ. մայիսի 8–ի «Արթնացե՛ք»–ի համարում (ռուս., անգլ.) տպագրվել էին «Ինչպե՞ս ենք հայտնվել այստեղ. պատահականորե՞ն, թե՞ ինչ–որ մեկի նախագծման շնորհիվ» վերնագրով մի շարք հոդվածներ, որտեղ մեջբերումներ էին արվել Բիհիի գրքից։ Հաջորդ տասնամյակի ընթացքում էվոլյուցիոն տեսությանը թիկունք կանգնող գիտնականները ջանում էին հերքել Բիհիի բարձրացրած փաստարկները։ Քննադատները մեղադրում էին նրան՝ ասելով, որ նա թույլ է տալիս, որ իր կրոնական համոզմունքները, իսկ նա կաթոլիկ է, ազդեն իր գիտական դատողության վրա։ Ուրիշները պնդում են, որ նրա պատճառաբանությունները գիտական չեն։ «Արթնացե՛ք»–ը հարցազրույց է անցկացրել պրոֆեսոր Բիհիի հետ՝ իմանալու համար, թե ինչու են նրա գաղափարները նման հակառակություն առաջ բերել։

«ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ՈՐ ԿՅԱՆՔԸ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Երբ մենք տեսնում ենք բարդ ֆունկցիոնալ համակարգեր, հետևություն ենք անում, որ նրանք նախագծված են։ Վերցրեք, օրինակ, առօրյայում օգտագործվող խոտ հնձող սարքը, ավտոմեքենան կամ նույնիսկ ավելի պարզ սարքեր։ Ինձ դուր է գալիս մկան թակարդի օրինակը։ Տեսնելով, թե դրա տարբեր մասերը ինչպես են դասավորված մուկ բռնելու համար՝ մենք եզրակացնում ենք, որ այն նախագծված է։

Այժմ գիտությունը այնքան է զարգացել, որ բացահայտել է կյանքի սկզբնական մակարդակը։ Եվ ի զարմանս մեզ՝ գիտնականները բարդ ֆունկցիոնալ մեխանիզմներ են հայտնաբերել կյանքի մոլեկուլյար մակարդակում։ Օրինակ՝ կենդանի բջիջներում կան փոքրիկ «բեռնատարներ», որոնք բջջի մի ծայրից մյուսը պաշար են տեղափոխում։ Գոյություն ունեն շատ փոքր «ճանապարհային նշաններ», որոնք այս «բեռնատարներին» ասում են, որ նրանք թեքվեն աջ կամ ձախ։ Որոշ բջիջներ ունեն մոլեկուլային «կախովի շարժիչներ», որոնք հեղուկի միջով առաջ են մղում բջիջներին։ Ցանկացած այլ պարագաներում նման բարդ համակարգեր տեսնելիս մարդիկ կեզրակացնեին, որ դրանք նախագծված են եղել։ Մենք այլ կերպ չենք կարող բացատրել այս բարդությունը՝ չնայած Դարվինի էվոլյուցիոն տեսության պնդումներին։ Քանի որ մեր սեփական փորձերից գիտենք, որ նման բարդ համակարգերը նախագծման արդյունք են, ուստի իրավացիորեն կարող ենք մտածել, որ մոլեկուլային համակարգերը նույնպես բանական նախագծման արդյունք են»։

«ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐ ԿՈԼԵԳԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՁԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։

ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Շատ գիտնականներ համաձայն չեն իմ եզրակացություններին, քանի որ հասկանում են, որ բանական նախագծման գաղափարը գիտական բացատրություններից վեր է և ֆիզիկական աշխարհից դուրս է։ Իսկ հակառակ եզրակացությունը նյարդայնացնում է շատերին։ Սակայն ինձ միշտ սովորեցրել են, որ գիտությունը պետք է գա այնպիսի եզրակացությունների, որոնց հանգեցնում են ապացույցները։ Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»։

«ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՅՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ ԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՂԻ ԳԱՂԱՓԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է։

ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Նախագծողի գոյությունը ընդունելը տգիտության նշան չէ։ Այն հիմնված չէ մի բանի վրա, որը մենք չգիտենք, այլ այն բանի վրա, որը մենք հաստատ գիտենք։ Երբ 150 տարի առաջ Դարվինը հրատարակեց իր՝ «Տեսակների ծագումը» գիրքը, կյանքը պարզ էր թվում։ Գիտնականները կարծում էին, թե բջիջը այնքան պարզ է, որ կարող է հանկարծակի առաջանալ ծովի տիղմից։ Բայց այդ ժամանակից ի վեր գիտությունը հայտնաբերել է, որ բջիջները անսահմանորեն բարդ են, շատ ավելի բարդ, քան 21–րդ դարի աշխարհի բոլոր սարքավորումները։ Բջիջների ֆունկցիոնալ բարդությունը վկայում է նպատակային նախագծման մասին»։

«ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԻ՞ ՓԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ ԷՐ ՍՏԵՂԾԵԼ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԲԱՐԴ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ԴՈՒՔ ՆՇԵՑԻՔ։

ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Գիտական գրականությունը քննելով՝ դուք երբեք չեք տեսնի, որ որևէ մեկը լուրջ փորձեր է կատարել (փորձառական կամ գիտական) բացատրելու համար, թե ինչպես են այսպիսի մոլեկուլային մեխանիզմներն առաջ եկել դարվինյան պրոցեսում։ Չնայած դրան՝ իմ գիրքը թողարկվելուց հետո այս տաս տարիների ընթացքում շատ գիտական կազմակերպություններ, ինչպիսիք են Գիտությունների ազգային ակադեմիան և Գիտական առաջընթացի ամերիկյան ընկերությունը, դիմել են իրենց անդամներին, որպեսզի նրանք անհետաձգելիորեն իրենց ձեռքից եկածն անեն՝ մերժելու համար այն գաղափարը, որ կյանքը բանական նախագծման արդյունք է»։

«ԱՐԹՆԱՑԵ՛Ք». ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՄԱՏՆԱՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՅՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ, ԸՍՏ ԻՐԵՆՑ, ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԼԱՎ ՉԵՆ ԶԱՐԳԱՑԱԾ։

ՊՐՈՖԵՍՈՐ ԲԻՀԻ. «Միայն այն, որ մենք չգիտենք որևէ օրգանի առանձնահատկության պատճառը, դեռևս չի նշանակում, որ այդ օրգանը կարևոր դեր չի խաղում։ Օրինակ՝ մի ժամանակ կարծում էին, թե այսպես կոչված թերաճ օրգանները մարդու մարմնում և այլ կենդանի օրգանիզմներում վկայում են թերզարգացածության մասին։ Կարծիք կար, օրինակ, որ կույրաղիքը և նշագեղձերը թերաճ օրգաններ են, և դրանք առանց մտածելու հեռացնում էին։ Սակայն հետո հայտնաբերվեց, որ այդ օրգանները մեծ դեր են խաղում իմուն համակարգում, և դրանք այլևս չեն համարվում թերաճ օրգաններ։

Մեկ ուրիշ հանգամանք, որ պետք է հիշենք, այն է, որ կենսաբանության մեջ որոշ բաներ իսկապես տեղի են ունենում պատահականորեն։ Սակայն միայն այն, որ իմ ավտոմեքենան փոս ընկած տեղ ունի կամ անվադողը իջած է, դեռ չի նշանակում, որ ավտոմեքենան կամ անվադողը նախագծված չի եղել։ Նմանապես, այն փաստը, որ որոշ բաներ կենսաբանության մեջ տեղի են ունենում պատահականորեն, չի նշանակում, որ կյանքի բարդ ու զարգացած մոլեկուլային մեխանիզմները պատահականորեն են առաջացել։ Այս փաստարկը պարզապես տրամաբանական չէ»։

[Մեջբերում 12–րդ էջի վրա]

«Իմ կարծիքով՝ չընդունել մի բան զուտ այն պատճառով, որ դա փիլիսոփայության տեսանկյունից ցանկալի չէ, վկայում է քաջության պակասի մասին»