Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞ւմ կհավատաք դուք

Ո՞ւմ կհավատաք դուք

Ո՞ւմ կհավատաք դուք

«Ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է» (ԵԲՐԱՅԵՑԻՍ 3։4

ՀԱՄԱՁԱ՞ՅՆ եք Աստվածաշնչի վերոհիշյալ խոսքերը շարադրողի հետ։ Այս խոսքերը գրի առնվելուց հետո մոտ 2000 տարի շարունակ մարդկությունը գիտական մեծ առաջընթաց է ապրել։ Կա՞ արդյոք որևէ մեկը, որ դեռ հավատում է, թե բնությունը ունի Նախագծող, այսինքն՝ Ստեղծիչ, Աստված։

Նույնիսկ զարգացած երկրներում շատ մարդիկ կպատասխանեն՝ այո։ Օրինակ՝ 2005 թ.–ին Միացյալ Նահանգներում «Նյուսուիկ» շաբաթաթերթի կողմից անցկացված հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 80 տոկոսը «հավատում է, որ Աստված է ստեղծել տիեզերքը»։ Մի՞թե այս հավատը թերի կրթության արդյունք է։ Արդյոք որևէ գիտնական հավատո՞ւմ է Աստծուն։ 1997 թ.–ին գիտական մի պարբերագրում («Nature») գրվել էր, որ կենսաբանների, ֆիզիկոսների և մաթեմատիկոսների գրեթե 40 տոկոսը հավատում է, որ Աստված ոչ միայն գոյություն ունի, այլ նաև լսում և պատասխանում է աղոթքներին։

Սակայն այլ գիտնականներ խիստ դեմ են այս կարծիքին։ Նոբելյան մրցանակի դափնեկիր դոկտոր Հերբերտ Հաութմանը վերջերս գիտական մի կոնֆերանսի ժամանակ ասաց, որ գերբնականի՝ հատկապես Աստծու հանդեպ հավատը անհամատեղելի է գիտության հետ։ Նա նշեց. «Այս տեսակ հավատը վնասակար է մարդկության բարեկեցության համար»։ Նույնիսկ այն գիտնականները, ովքեր հավատում են Աստծուն, չեն սովորեցնում, որ բարդ կառուցվածք ունեցող բույսերն ու կենդանիները Նախագծող ունեն։ Ինչո՞ւ։ Նշելով պատճառներից մեկը՝ Սմիթսոնյան ինստիտուտի պալեոկենսաբան Դուգլաս Էրվինը ասում է. «Գիտությունը հրաշքներ չի ընդունում»։

Կարելի է ուրիշներին թույլ տալ, որ նրանք թելադրեն ձեզ, թե ինչպես մտածեք և ինչին հավատաք։ Կամ էլ կարող եք ինքներդ հետազոտել փաստերը և ձեր սեփական եզրակացություններն անել։ Հաջորդ էջերում գիտության վերջին հայտնագործությունների մասին կարդալիս հարցրեք ինքներդ ձեզ. «Տրամաբանակա՞ն է եզրակացնել, որ գոյություն ունի Ստեղծիչ»։

[Մեջբերում 3–րդ էջի վրա]

Ինքնե՛րդ հետազոտեք փաստերը

[Շրջանակ 3–րդ էջի վրա]

ԱՐԴՅՈ՞Ք ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ԿՐԵԱՑԻՈՆԻՍՏՆԵՐ ԵՆ

Եհովայի Վկաները հավատում են Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի՝ արարչագործության մասին արձանագրությանը։ Այնուհանդերձ, ոչ մի հիմք չկա մտածելու, որ Եհովայի Վկաները կրեացիոնիստներ են։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկն այն է, որ կրեացիոնիստները հավատում են, թե տիեզերքը, երկիրը և նրա վրա գոյություն ունեցող կյանքը ստեղծվել են 24 ժամից բաղկացած վեց օրվա ընթացքում մոտ 10 000 տարի առաջ։ Սակայն Աստվածաշունչը նման բան չի սովորեցնում։ * Կրեացիոնիստները նաև ընդունում են շատ ուսմունքներ, որոնք Աստվածաշնչի վրա հիմնված չեն։ Իսկ Եհովայի Վկաները իրենց կրոնական ուսմունքները հիմնում են միայն Աստծու Խոսքի վրա։

Ավելին, որոշ երկրներում «կրեացիոնիստ» բառը օգտագործվում է որպես հոմանիշ՝ մատնանշելու ֆունդամենտալիստական խմբերին, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքականության մեջ։ Այս խմբերը փորձում են ազդեցություն բանեցնել քաղաքական գործիչների, դատավորների և կրթության ոլորտում աշխատողների վրա, որպեսզի նրանք ընդունեն այնպիսի օրենքներ և ուսմունքներ, որոնք համապատասխանում են կրեացիոնիստների դավանանքին։

Եհովայի վկաները չեզոք դիրք են բռնում քաղաքականության հարցում։ Նրանք հարգում են կառավարության՝ օրենքներ սահմանելու և գործադրելու իրավունքը (Հռովմայեցիս 13։1–7)։ Միևնույն ժամանակ նրանք լրջորեն են վերաբերվում Հիսուսի խոսքերին այն մասին, որ իրենք «այս աշխարհքիցը չեն» (Յովհաննէս 17։14–16)։ Իրենց քարոզչական ծառայությամբ նրանք հնարավորություն են ընձեռում մարդկանց սովորելու այն օգուտների մասին, որոնք կարող են ստանալ՝ ապրելով Աստծու չափանիշներով։ Սակայն նրանք չեն խախտում իրենց քրիստոնեական չեզոքությունը և չեն աջակցում ֆունդամենտալիստական խմբերին. վերջիններս փորձում են այնպիսի քաղաքացիական օրենքներ հաստատել, որոնք կստիպեն ուրիշներին ընդունել Աստվածաշնչի չափանիշները (Յովհաննէս 18։36

[Ծանոթագրություն]

^ պարբ. 11 Տե՛ս «Աստվածաշնչի տեսակետը. գիտությունը հակասո՞ւմ է «Ծննդոց» գրքի արձանագրությանը» հոդվածը (էջ 18)։