Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչի՞ մասին է Աստվածաշունչը

Ինչի՞ մասին է Աստվածաշունչը

Ինչի՞ մասին է Աստվածաշունչը

ՈՄԱՆՔ Աստվածաշունչը համարում են պատմական գիրք, քանի որ այն պարունակում է հազարավոր տարիների պատմություն այն մասին, թե ինչպես է Աստված առնչվել մարդկանց հետ։ Մյուսները այն համարում են բարոյական չափանիշների գիրք։ Նրանք մատնացույց են անում ավելի քան 600 օրենքներ ու կանոններ, որոնք Աստված տվել է Իսրայել ազգին իրավական, ընտանեկան, բարոյական և կրոնական հարցերի վերաբերյալ։ Իսկ ուրիշներն Աստվածաշունչը համարում են հոգևոր հարցերին վերաբերող ուղեցույց, որը բացահայտում է Աստծու մտքերը։

Իրականում այս բոլոր նկարագրությունները ճիշտ են։ Աստվածաշունչն ինքն է ասում. «Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Այո՛, Աստծու Խոսքում գրի առնված ամեն բան, այդ թվում նաև պատմական արձանագրությունները, օրենքները և հոգևոր հարցերին վերաբերող խորհուրդները արժեքավոր են։

Սակայն Աստվածաշունչը պարզապես օգտակար տեղեկությունների հավաքածու չէ։ Այն Եհովա Աստծուց տրված հայտնություն է։ Այնտեղ կան Աստծու կողմից ներշնչված գործնական խորհուրդներ ամեն օրվա համար։ Այնտեղ նաև բացահայտվում է Եհովայի նպատակը երկրի և մարդկության առնչությամբ, ինչպես նաև ցույց է տրվում, թե ինչպես նա կվերացնի մարդկանց տառապանքի պատճառները։ Եվ որ ամենակարևորն է, Աստվածաշունչը բացատրում է, որ Աստծուն դիտավորյալ սխալ են ներկայացրել, և թե ինչպես է նա լուծելու այս տիեզերական հարցը։

Աստծուն անվանել են ստախոս և վատ կառավարիչ

Աստվածաշնչում նշվում է, որ Աստված առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, կատարյալ ստեղծեց թե՛ մտավոր առումով, թե՛ ֆիզիկական և բնակեցրեց նրանց իդեալական պայմաններում։ Նա հանձնարարեց նրանց իշխել երկրի և բոլոր կենդանիների վրա (Ծննդոց 1։28)։ Լինելով Աստծու զավակները՝ Ադամն ու Եվան երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն ունեին, եթե հնազանդվեին իրենց երկնային Հորը։ Եհովան միայն մեկ բան արգելեց նրանց անել։ «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր,— ասաց Եհովան.— բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17

Սակայն մի ոգեղեն արարած, որն Աստվածաշնչում կոչվում է Բանսարկու Սատանա, ճիշտ հակառակն ասաց. «Բնաւ չէք մեռնիլ» (Ծննդոց 3։1–5)։ Հանդգնաբար հակառակվելով Աստծուն՝ Սատանան Արարչին ոչ միայն ստախոս անվանեց, այլև ակնարկեց, որ Աստծու իշխելու ձևը սխալ է, այսինքն՝ մարդը կարող է առանց Աստծու ավելի լավ ապրել։ Սատանան համոզեց Եվային, որ Աստծուն չհնազանդվելը կարող է ազատություն և բարոյական հարցերում անկախություն բերել։ Նա ասաց, որ Եվան «Աստուծոյ պէս» կլինի։ Այդպես Սատանան հակառակվեց Եհովային՝ բիծ բերելով նրա անվանը և կասկածի տակ դնելով նրա նպատակները։

Այդ զրույցը լուրջ հետևանքներ ունեցավ։ Ուստի զարմանալի չէ, որ Եհովայի նպատակը իր անունը սրբացնելու և հեղինակությունը վերականգնելու առնչությամբ Աստվածաշնչի գլխավոր թեման է։ Այն ամփոփված է Հիսուսի տիպար աղոթքի մեջ, որը հաճախ կոչվում է «Տերունական աղոթք» կամ «Հայր մեր»։ Նա սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Թող սրբացվի՛ քո անունը։ Թող գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10

Ինչպես է Աստված սրբացնում իր անունը

Սատանան որոշ հիմնական հարցեր բարձրացրեց։ Ո՞վ ասաց ճշմարտությունը՝ Եհովա՞ն, թե՞ Սատանան։ Արդյոք իր արարածների վրա Եհովայի իշխելու կերպը արդար և բարի՞ է։ Նա իրավունք ունի՞ ակնկալելու, որ մարդիկ հնազանդվեն իրեն։ Մարդիկ ավելի լավ վիճակում կլինեի՞ն, եթե իրենք իրենց վրա իշխեին։ Այս հարցերին պատասխանելու համար Եհովան ժամանակավորապես թույլ է տվել, որ մարդիկ իշխեն իրենց վրա։

Ի՞նչ է եղել արդյունքը։ Սկսած այն ժամանակից, երբ Եդեմում հնչեցին այդ ստերը՝ մարդկային պատմությունը լի է եղել դժվարություններով և տառապանքով, ինչը ցույց է տվել, որ Սատանան մեծ ստախոս է, և որ Աստծուց անկախ լինելը միայն չարիք է բերում։ Այնուամենայնիվ, սիրուց և անսահման իմաստությունից մղված՝ Եհովան սրբացնելու է իր անունը՝ վերացնելով բոլոր այն խնդիրները, որոնք սկիզբ են առել Եդեմում։ Նա անելու է դա Մեսիական Թագավորության միջոցով։ Ի՞նչ Թագավորություն է դա։

Աստծու Թագավորությունը կլուծի խնդիրները

Միլիոնավոր մարդիկ կանոնավորաբար անգիր են ասում «Հայր մեր»–ը։ Եկեք մի պահ խորհրդածենք այդ աղոթքի նշանակության շուրջ։ Քննենք հետևյալ խոսքերը. «Թող գա՛ քո թագավորությունը» (Մատթեոս 6։10)։ Այդ Թագավորությունը սրտի վերացական վիճակ չէ, ինչպես ոմանք են կարծում։ Այն, որ «թագավորություն» բառի մեջ կա «թագավոր» բառը, ցույց է տալիս, որ դա կառավարություն է՝ երկնային կառավարություն Հիսուս Քրիստոսի՝ «թագավորների Թագավորի» իշխանության ներքո (Հայտնություն 19։13, 16; Դանիէլ 2։44; 7։13, 14)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուսը կիշխի ողջ երկրի վրա, մշտատև խաղաղություն ու հավասարություն կհաստատի բոլոր մարդկանց միջև և կմաքրի երկիրը ամեն տեսակ չարությունից (Եսայիա 9։6, 7; 2 Թեսաղոնիկեցիներ 1։6–10)։ Այդպիսով ոչ թե որևէ մարդկային կառավարություն, այլ Աստծու Թագավորությունը կիրականացնի Հիսուսի հետևյալ խոսքերը. «Թող կատարվի՛ քո կամքը.... երկրի վրա» (Մատթեոս 6։10

Այդ խոսքերը կատարելու նպատակով Հիսուսը իր կյանքը տվեց որպես փրկանք՝ Ադամի ժառանգներին ազատագրելով մեղքից ու մահից (Հովհաննես 3։16; Հռոմեացիներ 6։23)։ Ուստի բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ, Աստծու Թագավորության ներքո կտեսնեն, որ Ադամի մեղքի ազդեցությունը վերանում է, և մարդիկ աստիճանաբար դառնում են կատարյալ (Սաղմոս 37։11, 29)։ Այլևս չեն լինի տկարությունները, որոնք լինում են հատկապես տարեց հասակում։ Նույնիսկ հիվանդության և մահվան բերած զգացական ցավը անցած կլինի (Հայտնություն 21։4

Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստված կիրականացնի իր խոստումները։ Պատճառներից մեկն այն է, որ Աստվածաշնչում գրի առնված հարյուրավոր մարգարեություններ արդեն կատարվել են (տե՛ս էջ 9)։ Ուստի հստակ է, որ Աստվածաշնչի հանդեպ հավատը կույր չէ կամ այնպիսի անիրական բան չէ, ինչին անհատն ուզում է հավատալ, այլ հիմնված է տրամաբանության և բազմաթիվ ապացույցների վրա (Եբրայեցիներ 11։1

Գործնական խորհուրդներ մեր օրերի համար

Բացի այն, որ Աստվածաշունչը ապագայի ամուր հույս է տալիս, այն նաև օգնում է մեզ այսօր ապրել ավելի երջանիկ կյանքով։ Օրինակ՝ Աստծու Խոսքը գերազանց գործնական խորհուրդներ է տալիս ամուսնության, ընտանեկան կյանքի, մարդկային փոխհարաբերությունների, երջանկություն գտնելու և շատ ուրիշ հարցերի վերաբերյալ։ Քննենք ընդամենը մի քանի օրինակ։

Խոսելուց առաջ մտածիր։ «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է» (Առակաց 12։18

Խուսափիր նախանձի նույնիսկ չնչին դրսևորումներից։ «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին» (Առակաց 14։30

Դաստիարակիր երեխաներիդ։ «Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից»։ «Բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար» (Առակաց 22։6; 29։15

Ներողամիտ եղիր։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմածություն ցույց կտրվի» (Մատթեոս 5։7)։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Սերը ամեն յանցանքները կ’ծածկէ» (Առակաց 10։12)։ Եթե մեկը այնպիսի լուրջ մեղք է գործել քո դեմ, որ չես կարողանում պարզապես ներել ու մոռանալ, ապա Աստվածաշունչը քեզ խորհուրդ է տալիս. «Գնա և ցույց տուր նրան, թե որն է իր սխալը, երբ դու և նա մենակ եք» (Մատթեոս 18։15

Խուսափիր փողասիրությունից։ «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք.... ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին» (1 Տիմոթեոս 6։10)։ Ուշադրություն դարձրու, որ Աստվածաշունչը դատապարտում է «փողասիրությունը» և ոչ թե փող ունենալը։

«Նամակ» մեր երկնային Հորից

Այսպիսով կարելի է ասել, որ Աստվածաշնչում շատ բաների մասին է խոսվում։ Ինչպես տեսանք, այն հիմնականում Աստծու և նրա նպատակների մասին է։ Սակայն այնտեղ նաև խոսվում է մեր մասին և ասվում է, թե ինչպես կարող ենք երջանիկ լինել հիմա, ինչպես նաև հավիտյան Աստծու Թագավորության ներքո։ Ինչ–որ իմաստով Աստվածաշունչը նման է մի նամակի, որը ստացել ենք մեր երկնային Հորից՝ Եհովայից (Մատթեոս 6։9)։ Այդ «նամակի» միջոցով Եհովան հայտնում է մեզ իր թանկագին մտքերը և բացահայտում է իր կամքը ու իր հրաշալի հատկությունները։

Կարդալով Աստվածաշունչը և խորհրդածելով մեր կարդացածի շուրջ՝ մենք սկսում ենք «տեսնել» Աստծուն որպես իրական անձնավորության։ Մեր անկեղծ սրտերը մղում են մեզ մոտենալ նրան սիրո միասնության կապով (Հակոբոս 4։8)։ Ինչ խոսք, Աստվածաշունչը միայն պատմական դեպքեր, մարգարեություններ և օրենքներ չի պարունակում։ Այնտեղ նաև խոսվում է Աստծու հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու մասին։ Եվ հենց դա է անզուգական և շատ թանկարժեք դարձնում այդ գիրքը (1 Հովհաննես 4։8, 16

[Մեջբերում 19–րդ էջի վրա]

Աստվածաշնչի հիմնական թեման ամփոփված է Հիսուսի տիպար աղոթքի առաջին մի քանի նախադասությունների մեջ

[Շրջանակներ/նկար 21–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԴԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստվածաշունչ կարդալը հետաքրքիր է։ Իրականում նրա պատմություններն ու բարոյական խրատներն այնքան հայտնի են, որ մեծ տեղ են գրավել շատ լեզուների գրականության մեջ։ Աստվածաշունչը օգնում է մեզ ճանաչել մեր Արարչին՝ Եհովա Աստծուն։ Այն նաև գործնական իմաստության աղբյուր է։ Աստվածաշնչի առակներից մեկն ասում է. «Իմաստութեան սկիզբն է, «Իմաստութիւն ստացիր». եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր» (Առակաց 4։7)։ Ինչպե՞ս կարող ես մեծագույն օգուտներ քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից։

Ձգտիր ընթերցանությունդ պլանավորել այնպիսի ժամերի, երբ դու սովորաբար զգոն վիճակում ես լինում։ Եվ արագ ու թռուցիկ մի կարդա նյութը։ Քո նպատակը պետք է լինի Աստծու մտքերն իմանալը և հասկանալը։ Ընթերցանությունն ավարտելուց հետո խորհրդածիր կարդացածիդ շուրջ և համեմատիր այն քո իմացած բաների հետ։ Դա կխորացնի քո հասկացողությունը և գնահատանքը (Սաղմոս 143։5

Գուցե հարցնես. «Որտեղի՞ց սկսեմ կարդալ Աստվածաշունչը»։ Անշուշտ, կարող ես սկսել հենց սկզբից։ Սակայն ոմանք առաջին անգամ Աստվածաշունչը կարդալիս հարմար են գտել սկսել Ավետարաններից՝ «Մատթեոս», «Մարկոս», «Ղուկաս» և «Հովհաննես» գրքերից, որոնցում արձանագրված են Հիսուսի կյանքն ու ծառայությունը։ Նրանցից ոմանք ընթերցանությունը շարունակել են՝ կարդալով գեղեցիկ ձևով շարադրված և իմաստությամբ լի, բանաստեղծական ոճով գրված գրքերը՝ «Սաղմոսները», «Առակաց»–ը և «Ժողովող»–ը։ Այնուհետև գուցե քո մեջ ցանկություն առաջանա ընթերցելու Աստվածաշնչի մյուս հատվածները (տե՛ս շրջանակը)։ Մի խաբվիր այն սխալ գաղափարով, թե պետք է կարդաս Աստվածաշնչի միայն այն հատվածը, որն ընդունված է անվանել Նոր Կտակարան։ Հիշիր, որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16

Արդյունավետ է Աստվածաշունչը հատկապես թեմա առ թեմա ուսումնասիրելը։ Օրինակ՝ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որը Եհովայի վկաները գործածում են որպես ուսումնասիրության ձեռնարկ իրենց ծառայության մեջ, պարունակում է այսպիսի ժամանակահարմար թեմաներ՝ «Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել», «Աստծուն ընդունելի երկրպագությունը» և «Որտե՞ղ են գտնվում մահացածները» (տե՛ս 18–րդ էջի շրջանակը)։

[Շրջանակներ 21–րդ էջի վրա]

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԵՄԱՏԻԿ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Կյանքի ծագումը և մարդու մեղք գործելը «Ծննդոց»

Հին Իսրայելի կազմավորումը «Ելից» գրքից մինչև «Բ Օրինաց»

Հետաքրքիր իրադարձություններ «Յեսու» գրքից մինչև «Եսթեր»

Տպավորիչ պոեզիա և երգեր «Յոբ», «Սաղմոս», «Երգ Երգոց»

Իմաստություն կյանքի համար «Առակաց», «Ժողովող»

Մարգարեություններ և բարոյական չափանիշներ «Եսայիա» գրքից մինչև «Մաղաքիա» և «Հայտնություն»

Հիսուսի կյանքը և ուսուցումները «Մատթեոս» գրքից մինչև «Հովհաննես»

Քրիստոնեության հաստատվելը և տարածվելը «Գործեր»

Նամակներ ժողովներին «Հռոմեացիներ» գրքից մինչև «Հուդա»