1. Ճշգրիտ է պատմական տեսանկյունից
Պատճառներ՝ վստահելու աստվածաշնչին
1. Ճշգրիտ է պատմական տեսանկյունից
Դժվար կլիներ վստահել մի գրքի, որում սխալներ են հայտնաբերվել։ Պատկերացրեք՝ կարդում եք ժամանակակից պատմության մասին գիրք, որում նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 19–րդ դարում, կամ որ Միացյալ Նահանգների նախագահը կոչվում է ոչ թե «նախագահ», այլ «թագավոր»։ Մի՞թե նման սխալները ձեր մեջ հարցեր չէին առաջացնի գրքի արժանահավատության վերաբերյալ։
ՄԻՆՉԵՎ օրս դեռ չի եղել մի մարդ, որը կարողանար ապացուցել, որ Աստվածաշունչը պատմականորեն ճշգրիտ չէ։ Այդ գրքում խոսվում է իրական մարդկանց և իրական դեպքերի մասին։
Մարդիկ։ Աստվածաշնչի քննադատները հարցականի տակ են դրել Պոնտացի Պիղատոսի գոյությունը, որը Հռոմի կողմից նշանակված էր որպես Հրեաստանի կուսակալ։ Նա Հիսուսին հանձնեց թշնամիներին, որ ցցին գամեն (Մատթեոս 27։1–26)։ Այն մասին, որ Պիղատոսը ժամանակին Հրեաստանի կառավարիչն է եղել, արձանագրված է մի քարի [1] վրա։ Քարը հայտնաբերվել է 1961 թ.–ին Միջերկրական ծովի ափին գտնվող Կեսարիա քաղաքում։
Նախքան 1993 թվականը Աստվածաշնչից բացի ուրիշ ոչ մի ապացույց չկար, որ Դավիթը եղել է պատմական անձնավորություն (նա մի երիտասարդ խիզախ հովիվ էր, որը հետագայում դարձավ Իսրայելի թագավոր)։ Սակայն այդ տարի հնագետները Իսրայելի հյուսիսում բազալտի կտոր հայտնաբերեցին [2], որը թվագրվում է մ.թ.ա. 9–րդ դարով։ Ինչպես մասնագետներն են ասում, նրա վրա գրված են «Դավթի տուն» և «Իսրայելի թագավոր» արտահայտությունները։
Իրադարձություններ։ Մինչև վերջերս շատ գիտնականներ թերահավատությամբ էին վերաբերվում Աստվածաշնչի այն հաղորդագրությանը, որ գոյություն է ունեցել Եդովմ կոչվող ազգ, որը Դավթի ժամանակներում պատերազմել է իսրայելացիների դեմ (Բ Թագաւորաց 8։13, 14)։ Ըստ նրանց՝ Եդովմը այդ ժամանակներում եղել է հովիվներից բաղկացած մի պարզ համայնք և չի եղել այնքան կազմակերպված ու հզոր, որ կարողանար սպառնալ Իսրայելին։ Սակայն վերջերս կատարված պեղումները ցույց տվեցին, որ «դարեր առաջ [շատ ավելի վաղ, քան կարծում էին] Եդովմը եղել է բարդ կառույց ունեցող հասարակություն, ինչպիսին որ ներկայացվում է Աստվածաշնչում» («Biblical Archaeology Review»)։
Համապատասխան տիտղոսներ։ Այն 16 դարերի ընթացքում, որում գրվել է Աստվածաշունչը, բազմաթիվ կառավարիչներ են հայտնվել պատմության թատերաբեմում։ Որևէ ղեկավարի մասին խոսելիս Աստվածաշունչը միշտ նշում է նրան համապատասխանող տիտղոսը։ Օրինակ՝ Հերովդես Անտիպասի մասին ճշգրտորեն նշվում է, որ նա եղել է «չորրորդապետ», իսկ Գալլիոնը՝ «պրոկոնսուլ» (Ղուկաս 3։1; Գործեր 18։12)։ Եզրաս 5։6–ում խոսվում է Թաթանայի անունով մի մարդու մասին, որը «Գետի [Եփրատի] այս կողմում» եղող պարսկական գավառի իշխանն էր։ Մ.թ.ա. 4–րդ դարի մի մետաղադրամի վրա համանման խոսքեր են գրված։ Ասվում է, որ Մազաուս անունով պարսկական մի կառավարիչ «գետի այս կողմի» գավառի իշխանն էր։
Ճշգրտությունը աննշան թվացող մանրամասնություններում փոքր բան չէ։ Եթե կարող ենք վստահել Աստվածաշնչի գրողների ներկայացրած նույնիսկ փոքր մանրամասնություններին, ապա մի՞թե չենք կարող վստահել նրանց կողմից գրված մյուս տեղեկություններին։
[Թույլտվությամբ 5–րդ էջի վրա]
1: Photograph © Israel Museum, Jerusalem; courtesy of Israel Antiquities Authority; 2: HUC, Tel Dan Excavations; photo: Zeev Radovan