Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ արևը արնագույն դարձավ

Երբ արևը արնագույն դարձավ

Երբ արևը արնագույն դարձավ

ՄԻ ԱՆՍՈՎՈՐ չոր մառախուղ 1783թ. ամռան ամիսներին պատեց հյուսիսային կիսագնդի մեծ մասը։ Արևը արնագույն դարձավ, բուսականությունը խորշոմեց, բազմաթիվ մարդիկ մահացան։ Ըստ հաշվարկների՝ միայն Ֆրանսիայում և Անգլիայում այս երևույթը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր խլեց։ Շատերը առողջական խնդիրներ ունեցան. այնքան շատ մարդ էր հիվանդացել, որ բերքի չվնասված մասը հավաքող չկար։

Այս մառախուղը դարձավ «անցյալ հազարամյակի ամենաարտակարգ մթնոլորտային և գեոֆիզիկական երևույթը»։ Այդ ժամանակ, սակայն, միայն Իսլանդիայի բնակիչները գիտեին, թե որն էր պատճառը. ժայթքել էր տեղի հրաբուխը։ Եվ դա մի այնպիսի երևույթ էր, որի նմանը, ըստ մասնագետների, տեղի է ունենում մի քանի հարյուրամյակը մեկ։ Ամենից շատ վնասներ էր կրել Իսլանդիան. բնակչության մոտ 20 տոկոսը մահացել էր։

Լակի ճեղքվածքային հրաբխի ժայթքումը

1783թ. հունիսի 8-ին Իսլանդիայի հարավային մասում գտնվող Սիդա տարածքի բնակիչները տեսան Լակի ճեղքվածքային հրաբխի ժայթքման առաջին չարագուշակ նշանները։ Որոշ երկրների ականատեսների նշումների հիման վրա հետազոտողները կարողացան կազմել հրաբխային ամպի ամենօրյա շարժման ուղղության քարտեզը։ Իսլանդիայում ապրող ականատեսներից մեկը՝ Յոն Ստեյնգրիմսոնը, նշել էր, որ տեսել է, թե ինչպես «սև մշուշը» եկավ հյուսիսից։ Երկինքը մթնեց, և գետինը ծածկվեց մոխրով։ Հետո երկրաշարժեր և ցնցումներ եղան։ Նա նշել էր նաև, որ մի շաբաթ անց «կրակի մի ահավոր հեղեղ հոսեց Սկաֆտաու գետի կանիոնով»՝ կլանելով իր ճանապարհին հանդիպող ամեն բան։ Ստեյնգրիմսոնը գրի էր առել իր տեսածը ութ ամիս շարունակ։

Այս աղետի ժամանակ երկրակեղևում առաջացավ 25 կիլոմետր երկարությամբ ճեղքվածք, որտեղից արտանետվեց 15 խորանարդ կիլոմետր լավա։ Այս երևույթը գիտության մեջ հայտնի է որպես բազալտային լավայի արտանետում։ Ի դեպ, հրաբխային այդպիսի ժայթքում դեռևս չի գրանցվել։ Հարյուրավոր մետր բարձրությամբ շատրվանող լավան հոսեց 80 կիլոմետր երկարությամբ՝ ծածկելով 580 քառակուսի կիլոմետր տարածք, և լցրեց Սկաֆտաու գետի հունը։

Հաջորդ տարվա ընթացքում խոտի վրա նստած մոխրի և թունաքիմիկատների պատճառով սատկեց Իսլանդիայի խոշոր եղջերավոր անասունների ավելի քան 50 տոկոսը և ձիերի ու ոչխարների մոտ 80 տոկոսը։ Երկրով մեկ սով սկսվեց։ Լակի հրաբուխը նաև արտանետեց 122 միլիոն տոննա ծծմբի երկօքսիդ, որը ռեակցիայի մեջ մտնելով ջրային գոլորշու հետ՝ վերածվեց մոտ 200 միլիոն տոննա ծծմբական թթվի աերոզոլի *։

Հեռահաս հետևանքներ

Այդ ամառ քամիները թունավոր օդը տարածեցին հեռավոր վայրերում։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բնակիչները ասացին, որ իրենց կյանքում երբեք չէին տեսել «այդպիսի յուրահատուկ և ծխագույն մշուշ»։ Գարշահոտ ունեցող ծծմբախառը մշուշը առաջացրեց շնչառական ուղիների հիվանդություններ, դիզենտերիա, գլխացավ, աչքերի բորբոքում, կոկորդի ցավ և այլն։ Ծծմբի երկօքսիդի թանձր ամպը և ծծմբաթթուն չխնայեցին ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին։

Գերմանիայի հաշվետվության համաձայն՝ մի գիշերվա մեջ թունավոր մառախուղի պատճառով չորացան Էմս գետի երկայնքով ձգվող ծառերի տերևները։ Անգլիայում բանջարեղենը խորշոմեց, տերևները թորշնեցին, ասես խանձված լինեին։ Նմանատիպ հաշվետվություններ եկան Ֆրանսիայից, Հունգարիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Սկանդինավիայից և Սլովակիայից։ Իրականում, այդ քիմիական մշուշը հասավ շատ հեռու՝ Պորտուգալիա, Թունիս, Սիրիա, Ռուսաստան, արևմտյան Չինաստան և Նյուֆաունդլենդ։

Ջերմաստիճանը նույնպես փոխվեց, քանի որ մթնոլորտային թունավոր շերտը փակեց արևի ճառագայթները։ Համեմատած 18-րդ դարի երկրորդ կեսի մյուս տարիների հետ՝ 1784թ.-ին Եվրոպայում եղանակը 2 աստիճանով ցրտեց, իսկ Իսլանդիայում՝ գրեթե 5 աստիճանով։ Հյուսիսային Ամերիկայում 1783–1784թթ. ձմեռն այնքան ցուրտ էր, որ սառցաբեկորներ էին «լողում Միսսիսիպիով.... ու հասնում մինչև Մեքսիկական ծոց»։

Որոշ գիտնականների կարծիքով՝ հյուսիսարևմտյան Ալյասկայում ապրող կաուվերակները (էսկիմոսներ) գրեթե ոչնչացման եզրին էին սովի պատճառով, որը հավանաբար Լակի հրաբխի ժայթքման հետևանքն էր։ Ուսումնասիրելով ծառերի տարեկան օղակները (դենդրոքրոնոլոգիա)՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ 400 տարիների ընթացքում 1783թ. Ալյասկայի ամառը ամենացուրտն էր։ Կաուվերակները նույնիսկ լեգենդ ունեն այն մասին, որ մի տարի տաք եղանակը ավարտվեց հունիսին, որին հաջորդեց սաստիկ ցուրտն ու սովը։

Լակին և մեր ժամանակները

1783թ. աղետը համարյա մոռացվել է մասամբ այն պատճառով, որ տեղի է ունեցել շատ վաղուց և որ տուժած մարդկանց մեծամասնությունը տեղյակ չի եղել դրա առաջացման պատճառի մասին։ Իսլանդիայում, սակայն, Լակի հրաբուխը մինչ օրս հիշվում է որպես երկրի պատմության ամենաահավոր բնական աղետը։

Ոմանց կարծիքով՝ այս աղետը Աստծու պատիժն էր։ Սակայն Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այդ տեսակետին (Հակոբոս 1։13)։ Աստված նույն ձևով չի վարվում թե՛ չար, թե՛ բարի մարդկանց հետ, քանի որ «նորա ամեն ճանապարհները իրաւունք են» (Բ Օրինաց 32։4)։ Իրավունք, այսինքն՝ արդարություն, կդրսևորվի առանձնահատուկ կերպով ապագայում, երբ Աստված կմիջամտի մարդկանց գործերին։ Ինչպես ասում է Աստվածաշունչը, Աստծու նպատակն է արմատախիլ անել մահվան ու տառապանքի բոլոր պատճառները, այդ թվում նաև բնական աղետները (Եսայիա 25։8; Հայտնություն 21։3, 4

[ծանոթագրություն]

^ պարբ. 7 Ծծմբի երկօքսիդը աղտոտում է օդը, որի հետևանքով թթվային անձրև է տեղում։ Այս գազը առաջանում է վառելանյութի՝ ածխի, բնական գազի և նավթի այրման հետևանքով։

[նկար 30-րդ և 31–րդ էջերի վրա]

Լակի ճեղքվածքային հրաբուխը (վերևից)

[նկար 30–րդ և 31-րդ էջերի վրա]

Լավայի շատրվան

[նկար 31-րդ էջի վրա]

Իսլանդիա (լուսանկար տիեզերքից)

[նկար 30-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Lava fountain: © Tom Pfeiffer; aerial photo: U.S. Geological Survey; satellite photo: Jacques Descloitres, MODIS Rapid Response Team, NASA/GSFC