Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս կարող եմ իմաստուն կերպով ծախսել փողը

Ինչպե՞ս կարող եմ իմաստուն կերպով ծախսել փողը

Աստվածաշնչի տեսակետը

Ինչպե՞ս կարող եմ իմաստուն կերպով ծախսել փողը

«Թեև աշխատավարձս գնալով պակասում է, ծախսերս շարունակում են ավելանալ։ Հաճախ քունս փախչում է, գիշերները մտածում եմ, թե ինչպես եմ հոգալու ընտանիքիս կարիքները» (Ջեյմս)։

«Ինձ թվում էր, թե փակված եմ չորս պատի մեջ, ու այս իրավիճակից ելք չկա» (Շերի)։

ՏՆՏԵՍԱԿԱՆ անկայուն ժամանակներում հաճախ ենք լսում այսպիսի խոսքեր։ Վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին արտահայտվելիս Խուան Սոմավիան, որը Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենն է, նշեց. «Սա միայն Ուոլ ստրիտի ճգնաժամը չէ, սա համաշխարհային ճգնաժամ է»։

Երբ մարդիկ անսպասելիորեն կորցնում են իրենց աշխատանքը կամ անհրաժեշտ միջոցներ չեն ունենում ընտանիքի հիմնական կարիքները բավարարելու համար, սկսում են շատ անհանգստանալ և հուսալքության գիրկն են ընկնում։ Նման զգացումներ ունեցել է Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Դավիթը։ Նա աղոթեց. «Սրտիս նեղութիւնները շատ են. հանիր ինձ իմ վիշտերիցը» (Սաղմոս 25։17)։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում մեր ժամանակների մասին։ Կարո՞ղ են նրա իմաստուն խորհուրդները օգնել մեզ ունենալու ապահովության զգացում և հոգեկան անդորր։

Իմաստուն խորհուրդներ դժվարին ժամանակների համար

Աստվածաշունչը նախագուշակել էր, որ ներկայիս աշխարհի «վերջին օրերում» «ցավեր» և «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1; Մատթեոս 24։8)։ Այս խոսքերը ճշմարիտ են։ Սակայն թեև ապրում ենք դժվարին ժամանակներում, կարո՛ղ ենք հույս ունենալ։ Իր Խոսքի միջոցով Աստված տալիս է մեզ անհրաժեշտ իմաստություն, որ հաջողությունների հասնենք, նույնիսկ տնտեսական այս անկայուն ժամանակներում։

Օրինակ՝ Աստծու Խոսքը օգնում է մեզ ճիշտ տեսակետ ունենալու փողի հանդեպ։ Ժողովող 7։12 համարում կարդում ենք. «Իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը»։ Ճիշտ է, փողը կարող է որոշակի պաշտպանություն տալ, բայց միայն աստվածային իմաստությունը, որն ամփոփված է Աստվածաշնչի էջերում, կարող է բերել իրական ապահովություն բոլոր ժամանակներում։ Տեսնենք, թե ինչպես։

Ինչ անել ծանր տնտեսական պայմաններում

Եղիր ջանասեր։ «Ծոյլի հոգին փափաքում է եւ չ’ունի. բայց աշխատասէրների հոգին կը պարարտանայ» (Առակաց 13։4)։ Ի՞նչ ենք սովորում այս համարից։ Ձգտիր ունենալ ազնիվ և ջանասեր աշխատողի համբավ։ Լավ աշխատողին թանկ են գնահատում գործատերերը։ Եվ հավանականությունը մեծ է, որ առաջինը հենց այդպիսի աշխատողին գործ կառաջարկեն և նա կլինի վերջինը, ով կկորցնի իր աշխատանքը (Եփեսացիներ 4։28

Նախքան գնումներ անելը հաշվի առ գինը։ Հիսուսն ասել է. «Ձեզանից ո՞ր մեկը, որ եթե ուզում է աշտարակ կառուցել, նախ չի նստում և չի հաշվում ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ արդյոք այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։ Թեև Հիսուսը նկատի ուներ, որ իր հետևորդը դառնալու համար անհատը պիտի հաշվի առնի, թե ինչ է դա արժենալու իր համար, նրա խոսքերը ակնհայտորեն ճշմարիտ են նաև ուղղակի իմաստով։ Ուստի բյուջե կազմիր, գրի առ, թե իրականում ինչի կարիք ունես և թե ինչքան գումար կպահանջվի դրանք բավարարելու համար։

Փող մի՛ վատնիր վատ սովորությունների վրա։ Մոլեխաղը, ծխախոտի, թմրանյութի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը Աստծուն տհաճ սովորություններ են (Առակաց 23։20, 21; Եսայիա 65։11; 2 Կորնթացիներ 7։1

«Զերծ եղիր փողասիրությունից»։ Փող սիրողները դժբախտ են լինում և արագ հիասթափվում են։ Իրականում, նրանք «ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցում են» (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Ավելին, այդպիսի մարդիկ դառնում են իրենց անհագ «ախորժակի» ծառաները, քանի որ անկախ նրանից՝ ինչքան շատ բան ունեն, երբեք չեն բավարարվում ունեցածով (Ժողովող 5։10

Սովորիր բավարարվել ունեցածով։ «Մենք ոչինչ չենք բերել աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուստի ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով՝ դրանցով բավարարվենք» (1 Տիմոթեոս 6։7, 8)։ Այն մարդիկ, ովքեր քչով են բավարարվում, չափից շատ չեն անհանգստանում, երբ տնտեսական վիճակն անկում է ապրում։ Ուստի սովորիր բավարարվել ունեցածով (տե՛ս աջ կողմում գտնվող շրջանակը)։

Մեզնից ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Ժողովող 9։11-ում կարդում ենք. «Ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին»։ Հետևաբար, այս հանգամանքը հաշվի առնելով՝ իմաստուն մարդիկ «իրենց հույսը չեն դնում անկայուն հարստության վրա, այլ դնում են Աստծու վրա», որն իր նվիրված ծառաներին խոստանում է. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (1 Տիմոթեոս 6։17; Եբրայեցիներ 13։5

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում մեր ժամանակները (2 Տիմոթեոս 3։1–5

Որտե՞ղ կարելի է հուսալի առաջնորդություն գտնել այսօր (Սաղմոս 19։7

Ինչպե՞ս կարող եմ լավ ապագա ստեղծել ընտանիքիս համար (Ժողովող 7։12

[շրջանակ/​նկար 11-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵ՞Ս ՏՆՏԵՍԵԼ ՓՈՂԸ

Գնումներ։ Ցուցակ կազմիր և մի՛ գնիր այն բաները, որոնք չէիր նախատեսել։ Փնտրիր հարմար գնով ապրանքներ։ Օգտվիր զեղչի քարտերից և անհրաժեշտ իրերը գնիր զեղչերի ժամանակ։ Երբ հնարավորություն ունես, մեծածախ գնումներ կատարիր։

Տան հետ կապված ծախսեր։ Վարձերը ժամանակին մուծիր, որ խուսափես տուգանքներից։ Կերակուր և ըմպելիք պատրաստիր տանը և չափավոր օգտագործիր սնունդն ու ոգելից խմիչքը։ Անտեղի միացրած մի՛ թող լույսերն ու սարքերը։ Եթե հնարավոր է, օգտվիր էլեկտրաէներգիան խնայող սարքերից։ Ջերմամեկուսիչ նյութեր օգտագործիր տունդ տաք պահելու համար։ Մտածիր ավելի փոքր տան մեջ ապրելու հնարավորության մասին։

Տրանսպորտ։ Եթե անձնական մեքենայի կարիք ունես, գնիր այնպիսինը, որը լավ վիճակում է և քիչ վառելանյութ է ծախսում։ Անպայման չէ, որ այն նոր լինի։ Հնարավորության դեպքում ճանապարհ գնա ուրիշների հետ։ Կարող ես նաև օգտվել տրանսպորտային մյուս փոխադրամիջոցներից, ոտքով քայլել կամ հեծանիվով գնալ։ Հանգստանալու գնա, երբ գները մատչելի են։ Ծրագրիր հանգստանալ քո բնակության վայրից ոչ շատ հեռու։

Հեռախոս և զվարճություններ։ Կարիք կա՞, որ և՛ քաղաքային, և՛ բջջային հեռախոս ունենաս։ Եթե երեխաներդ բջջային հեռախոս ունեն, կարո՞ղ են քիչ լիցքավորել կամ էլ հրաժարվել դրանից։ Եթե բաժանորդագրվել ես որևէ հեռուստատեսային ծառայության, կարո՞ղ ես խնայել փողը՝ վճարելով ավելի քիչ ալիքներ դիտելու համար։ Գրքեր և ֆիլմեր գնելու փոխարեն՝ գրքերը վերցրու գրադարաններից, իսկ ֆիլմերը՝ վարձով տրվող խանութներից *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 26 Հավելյալ առաջարկների համար տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2009թ. ապրիլ-հունիս համարի՝ «Խելամտորեն տնօրինեք ձեր փողը» հոդվածը և «Արթնացե՛ք»-ի 2006թ. հուլիս-սեպտեմբեր համարի՝ «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարի՝ «Ինչպե՞ս կարող եմ խելամտորեն տնօրինել իմ գումարը» հոդվածը։