Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կեղծ ընկեր

Կեղծ ընկեր

Կեղծ ընկեր

Պատկերացրեք՝ ունեք մի «ընկեր», ում ճանաչել եք պատանեկության տարիներից։ Նրա հետ ձեզ ավելի հասուն եք զգացել, ձեր տեղն եք ունեցել հասակակիցների մեջ։ Լարված իրավիճակներում դիմել եք նրա օգնությանը, որ «լիցքաթափվեք»։ Կարելի է ասել՝ շատ հարցերում վստահել եք նրան։

Սակայն ժամանակի ընթացքում սկսեցիք նկատել նրա վատ կողմերը։ Նա ստիպում էր ձեզ, որ ուր էլ գնաք, իրեն ձեզ հետ տանեք, նույնիսկ եթե որոշ վայրերում նրա պատճառով ձեր ներկայությունը անցանկալի էր դառնում։ Թեև նրա շնորհիվ ձեզ հասուն էիք զգում, սակայն այս ամենը նա անում էր ձեր առողջության հաշվին։ Դեռ ավելին, գողանում էր ձեր աշխատավարձի մի մասը։

Վերջերս փորձեցիք խզել նրա հետ կապերը, բայց նա թույլ չտվեց ձեզ դա անել։ Այնպիսի տպավորություն է, ասես նա ձեր տերն է դարձել։ Այժմ զղջում եք, որ ծանոթացել եք նրա հետ։

ԱՅՍՊԻՍԻ կախվածություն ունեն ծխողներից շատերը ծխախոտից։ Էրլին անունով մի կին, որը ծխել է 50 տարի շարունակ, պատմում է. «Ծխախոտն ինձ ավելի շատ էր օգնում, քան կողքիս գտնվողները։ Ինձ համար նա մտերիմ ընկերոջից էլ լավն էր, երբեմն նա իմ միակ ընկերն էր»։ Այնուհանդերձ, Էրլինը գիտակցեց, որ ծխախոտը ոչ միայն կեղծ ընկեր է, այլև վտանգավոր է։ Ինչ խոսք, կարելի է ասել, որ վերոհիշյալ խոսքերը նրա մասին են գրված, սակայն կա մի բացառություն։ Երբ Էրլինն իմացավ, որ ծխելը Աստծուն տհաճ սովորություն է, քանի որ ապականում է մեր մարմինը, որը Աստված է տվել, նա դադարեց ծխելուց (2 Կորնթացիներ 7։1

Ֆրենկ անունով մի տղամարդ նույնպես որոշեց թողնել ծխելը, քանի որ ցանկանում էր հաճեցնել Աստծուն։ Բայց վերջին ծխախոտը ծխելուց մեկ-երկու օր հետո սկսեց տան հատակի տախտակների արանքներում չոքեչոք փնտրել ծխախոտի գեթ մի մնացորդ։ «Հենց այդ պահին որոշում կայացրի,— ասում է Ֆրենկը։— Երբ մի պահ սթափվեցի ու տեսա, որ կռացած կեղտոտ հատակի արանքներում ծխուկներ եմ փնտրում, ինքս ինձնից զզվեցի։ Դրանից հետո այլևս ծխախոտ չեմ դրել բերանս»։

Ինչո՞ւ է այդքան դժվար հրաժարվել ծխախոտից։ Հետազոտողները մի քանի պատճառ են նշում՝ 1) ծխախոտը թմրանյութի պես կապվածություն է առաջացնում, 2) շնչած նիկոտինը ուղեղ է հասնում ընդամենը յոթ վայրկյանում, 3) ծխելը մարդու առօրյայի մի մասն է։ Նա ծխում է ուտելիս, խմելիս, զրուցելիս, սթրեսից դուրս գալու համար և այլն։

Սակայն Էրլինի և Ֆրենկի օրինակները ցույց են տալիս, որ հնարավոր է ձերբազատվել այս վնասակար սովորությունից։ Եթե ծխում եք, բայց ցանկանում եք թողնել ծխելը, հաջորդ հոդվածները կարող են օգնել ձեզ բացելու կյանքի մի նոր էջ։