Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կենդանի բնության զարմանահրաշ հարստությունը Վերին Ամազոնիայում

Կենդանի բնության զարմանահրաշ հարստությունը Վերին Ամազոնիայում

Կենդանի բնության զարմանահրաշ հարստությունը Վերին Ամազոնիայում

ՊԵՐՈՒԱԿԱՆ ԱՆԴԵՐԻ ստորոտից Հարավային Ամերիկայի երկայնքով 3700 կիլոմետր դեպի արևելք սփռված է դալար ճյուղերով և փարթամ տերևներով զարդարված մի կանաչ գորգ, որը խաչվում է Ատլանտյան օվկիանոսի կապույտ ջրերի հետ։

Պերուում Ամազոնիայի ջունգլիները զբաղեցնում են երկրի գրեթե 60 տոկոսը։ Պերուի բնակչության միայն մի փոքր մասն է ապրում այս տարածքում, որի հարուստ բուսականության և կենդանական աշխարհի համար 35 մետր բարձրություն ունեցող ծառերն ասես ամպհովանի լինեն։ Իրականում, Ամազոնիան համարվում է երկրագնդի էկոլոգիական ամենահարուստ գանձարանը։ Տոթակեզ օդում ճախրում է ավելի քան 3000 տեսակի թիթեռ։ Մոտ 4000 տեսակի խոլորձներ ի ցույց են դնում իրենց չքնաղ ծաղիկները։ Ավելի քան 90 տեսակի օձեր անձայն սողում են ծառերի ճյուղերի և գետնի վրայով։ Մոտ 2500 տեսակի ձկներ, այդ թվում էլեկտրական օձաձուկը և պիրանիան հսկում են գետերն ու վտակները։

Ամազոնիայի ջրային ուղիներից ամենագլխավորը Ամազոն գետն է։ Որոշ մասերում տարեկան տեղումները հասնում են 2,5–3 մետրի, ինչի պատճառով Ամազոնն ու նրա 1100 վտակները դուրս են գալիս իրենց հուներից։ Ջերմությունն ու խոնավությունը ջերմոցային էֆեկտ են ստեղծում, ինչը բույսերը շատ են սիրում։ Հետաքրքիր է, որ այստեղի փարթամ բուսականությունը փթթում է կավային հողում, որը, ի դեպ, համարվում է աղքատ հող, անպետք՝ մշտատև մշակման համար։

Առաջին բնակիչները

Ո՞վ կցանկանար ապրել այսպիսի վայրում։ Հնագետները կարծում են, որ Ամազոն գետի ավազանը միլիոնավոր մարդկանց հանգրվան է եղել անցյալ դարերում։ Այժմ Ամազոնիայի պերուական մասում մոտ 300000 մարդ է բնակվում, որոնք պատկանում են ավելի քան 40 էթնիկական խմբերի։ Կարծիք կա, որ այդ խմբերից 14-ը գրեթե ամբողջովին մեկուսացած է արտաքին աշխարհից։ «Քաղաքակրթության» հետ կարճ ծանոթությունից հետո այդ մարդիկ պատսպարվել են ջունգլիների խորքերում՝ խուսափելով որևէ շփումից։

Ե՞րբ և որտեղի՞ց են ջունգլիների այդ բնակիչները եկել այստեղ։ Մասնագետները ենթադրում են, որ մեր թվարկությունից հարյուրամյակներ առաջ հյուսիսից եկել են առաջին գաղթականները։ Հիվարոները (հայտնի էին նրանով, որ զմռսում էին սպանված թշնամիների գլուխները) եկել էին Կարիբյան կղզիներից, արավակիները՝ Վենեսուելայից, իսկ մյուս ցեղերը, ամենայն հավանականությամբ՝ արևելքից և հարավից՝ Բրազիլիայից ու Պարագվայից։

Հաստատվելուց հետո ցեղերից շատերը տեղից տեղ էին տեղափոխվում, զբաղվում էին որսորդությամբ և սնունդ հայթայթում։ Նրանք նաև մշակում էին որոշ կուլտուրաներ, որոնք աճում էին թթու հողում, օրինակ՝ մանիոկա, կծու տաքդեղ, բանան և եգիպտացորեն։ Իսպանացի տարեգրողների տեղեկությունների համաձայն՝ որոշ ցեղեր շատ զարգացած են եղել՝ պատրաստել են սննդի պահեստներ և ընտելացրել վայրի կենդանիներին։

Մշակույթների բախում

16 և 17-րդ դարերում իսպանացի կոնկիստադորները ներխուժեցին Ամազոնիա։ Նրանց հետևեցին ճիզվիտ և ֆրանցիսկյան միսիոներները, որոնց նպատակն էր հավատափոխ անել բնիկներին, որպեսզի վերջիններս ընդունեն կաթոլիկությունը։ Այդ միսիոներները ստեղծեցին գեղեցիկ աշխարհագրական քարտեզներ՝ շարժելու եվրոպացիների հետաքրքրությունը Ամազոնիայի հանդեպ։ Սակայն այդ միսիոներները նաև հիվանդությունների ու կործանման ճանապարհ բացեցին։

Օրինակ՝ 1638թ.-ին այն վայրում, որն այժմ կոչվում է Մայնաս պրովինցիա, հիմնադրվեց միսիոներական դպրոց։ Միսիոներները ստիպողաբար և անընտրողաբար հավաքեցին բնիկներին, այդ թվում նաև թշնամի ցեղերին և պարտադրեցին միավորվել մեկ համայնքի մեջ։ Իսկ ի՞նչ «վեհ» նպատակ էին նրանք հետապնդում։ Քանի որ բնիկները համարվում էին անկիրթ ու ստորադաս մարդիկ, նրանց ստիպում էին աշխատել միսիոներների և կոնկիստադորների համար։ Եվրոպացիների հետ սերտ շփման հետևանքով ջունգլիների հազարավոր բնակիչներ մահացան կարմրուկից, ծաղիկից, դիֆթերիայից և բորոտությունից, հազարավորներ էլ սովից։

Ժամանակի ընթացքում շատ հնդկացիներ փախան միսիոներական դպրոցներից, որոնք հաստատվել էին տարբեր կրոնական օրդենների կողմից։ Բազմաթիվ միսիոներներ էլ սպանվեցին ապստամբությունների ժամանակ։ 19-րդ դարում կար մի ժամանակահատված, երբ Ամազոնիայում մնացել էր ընդամենը մեկ քահանա։

Նրանց կյանքն այսօր

Տեղաբնիկներից շատերն այսօր շարունակում են ապրել իրենց ավանդույթների համաձայն։ Ինչպեսև հարյուրավոր տարիներ առաջ, խրճիթները սարքում են գերաններից և ծածկում արմավենու ճյուղերով կամ այլ բույսերով։ Քանի որ այդ խրճիթները հենվում են փայտե ոտքերի վրա, մարդկանց չեն վախեցնում ո՛չ տարեկան հեղեղները, ո՛չ էլ գիշատիչ կենդանիները։

Ամազոնիայի ցեղերը զանազան բաներով են զարդարվում։ Ջունգլիների խորքերում ապրող տղամարդիկ ու կանայք ազդրերին կտոր են փաթաթում կամ կարճ հյուսված կիսաշրջազգեստ են կրում, իսկ երեխաները վազվզում են մերկ ու բոկոտն։ Ովքեր ավելի շատ շփում ունեն արտաքին աշխարհի հետ, որդեգրել են հագնվելու արևմտյան ոճը։ Որոշ բնիկներ ծակում են իրենց քիթը կամ ականջի բլթակը և կախում օղեր, փայտիկներ, ոսկորներ կամ փետուրներ։ Ուրիշները, օրինակ՝ մայորունաները, իրենց այտերն են ծակում։ Տուկունա և հիվարո ցեղերի ներկայացուցիչները նույնիսկ խարտում են ատամները։ Տարբեր ցեղերի մարդիկ մարմնից հեռացնում են մազերը և մաշկի վրա դաջվածքներ անում։

Ամազոնիայի բնակչությանը ծանոթ են հազարավոր բույսեր, որոնք օգտագործում են դեղամիջոցներ պատրաստելու համար։ Դրանցից ստանում են քսուքներ օձի խայթոցի, դիզենտերիայի, մաշկային և այլ հիվանդությունների դեմ։ Մինչ արևմուտքի բնակչությունը կհայտնաբերեր կաուչուկը, Ամազոնիայի բնակիչները արդեն օգտագործում էին կաուչուկատու ծառերի հյութը՝ զամբյուղները անջրանցիկ դարձնելու, ինչպես նաև ռեզինե գնդակներ պատրաստելու համար։ Անտառը նրանց ապահովում է փոխադրամիջոցներով, որպեսզի հեռավոր վայրեր հասնեն։ Տղամարդիկ կտրում են ծառերը, փորում են դրանք և մակույկներ պատրաստում, որ անցնեն ջրային ուղիներով։ Իսկ մեծ կոճղերից թմբուկներ են պատրաստում, որոնց ազդանշանները լսելի են շատ հեռվից։

Շամանների և սնոտիապաշտության ազդեցությունը

Ամազոնիայի բնակիչները հավատում են, թե ջունգլիները լիքն են գիշերները շրջող ուրվականներով, ոգիներով, որոնք հիվանդացնում են մարդկանց, և աստվածներով, որոնք թաքնվում են գետերում՝ սպասելով անզգույշ զոհերին։ Պերուի մեծ ցեղերից մեկը՝ ագուարունան, պաշտում է հինգ տարբեր աստվածների՝ «Հայր ռազմիկին», «Հայր ջրին», «Մայր երկրին», «Հայր արևին» և «Հայր շամանին»։ Շատերը հավատում են, թե մարդիկ վերածվում են բույսերի ու կենդանիների։ Վախենալով ոգիներին նեղացնելուց՝ բնիկները խուսափում են որոշ կենդանիներ սպանելուց և միայն անհրաժեշտության դեպքում են որսի դուրս գալիս։

Կրոնական և հասարակական կյանքում մեծ համբավ են վայելում շամանները, որոնք օգտագործում են հալյուցինոգեն բույսեր՝ տրանսի մեջ ընկնելու համար։ Որոշ գյուղացիներ դիմում են այդ շամաններին, որպեսզի վերջիններս բուժեն նրանց հիվանդությունները, գուշակեն ապագան, օրինակ՝ արդյոք բերքը առատ կլինի, կամ որսը հաջող կանցնի։

Արդյոք Ամազոնիան կվերանա՞

Ամազոնիան աստիճանաբար ոչնչանում է քաղաքակրթության ոտնձգությունների պատճառով։ Նոր մայրուղիները ճեղքում են անտառները, ֆերմաների ու կոկոսի պլանտացիաների պատճառով ջունգլիների տարածքը գնալով փոքրանում է, անօրինական անտառահատման պատճառով ոչնչանում են մեծ տարածքներ. ամեն օր հատվում է 1200 ֆուտբոլի դաշտին հավասար տարածք։ Ջրամբարներն ու Ամազոն գետը սնող վտակները աղտոտվում են հանքային արդյունաբերության և կոկաինի անօրինական արտադրության պատճառով։

Նույնիսկ այսպիսի մեկուսի վայրում մարդիկ զգում են, որ ապրում են Աստվածաշնչում նշված «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Արդյոք Ամազոնիան կվերանա՞։ Աստծու Խոսքը վստահեցնում է՝ ո՛չ։ Աստծու Թագավորության ժամանակ ամբողջ երկիրը դրախտի կվերածվի, ինչպես որ նպատակադրել է մեր Արարիչը (Եսայիա 35։1, 2; 2 Պետրոս 3։13

[նկար 16-րդ էջի վրա]

Ամազոն գետը

[նկար 17-րդ էջի վրա]

Ագուարունա ցեղը պաշտում է հինգ աստվածների

[նկար 17-րդ էջի վրա]

Լամա ցեղի կանայք

[նկար 18-րդ և 19-րդ էջերի վրա]

Հնդկացին խողովակով նետեր է արձակում

[թույլտվությամբ]

© Renzo Uccelli/PromPerú

[նկար 18-րդ էջի վրա]

Գյուղական խրճիթ

[նկար 19-րդ էջի վրա]

Ամեն օր հատվում է 1200 ֆուտբոլի դաշտին հավասար տարածք

[թույլտվությամբ]

© José Enrique Molina/age fotostock

[նկար 16-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Alfredo Maiquez/age fotostock

[նկար 17-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Top: © Terra Incógnita/PromPerú; bottom: © Walter Silvera/PromPerú