Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Որքանո՞վ է խելամիտ հավատալ Աստծուն

Որքանո՞վ է խելամիտ հավատալ Աստծուն

Որքանո՞վ է խելամիտ հավատալ Աստծուն

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե որն է պատճառը, որ ամեն բան՝ սկսած ատոմի մասնիկներից մինչև հսկա գալակտիկաները, ղեկավարվում են մաթեմատիկական ճշգրիտ օրենքներով։ Երբևէ խորհե՞լ ես կյանքի մասին, նրա բազմազանության, նրա բարդության և ապշեցուցիչ կառուցվածքի մասին։ Շատերը տիեզերքը և նրանում գոյություն ունեցող կյանքը համարում են տիեզերական պայթյունի և էվոլյուցիայի արդյունք։ Սակայն մյուսներն էլ համարում են, որ դրանք բանական Ստեղծչի ձեռքի գործերն են։ Քո կարծիքով՝ այս երկու տեսակետներից ո՞րն է ավելի տրամաբանական։

Այս երկու կարծիքներն էլ հիմնված են հավատի վրա։ Անշուշտ, հավատ է անհրաժեշտ Աստծու գոյությունն ընդունելու համար։ Սակայն, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, «ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Նմանապես, ոչ մի մարդ չի տեսել, թե ինչպես է առաջացել տիեզերքը և ինչպես է սկիզբ առել կյանքը։ Ոչ էլ որևէ մեկը երբևէ տեսել է, թե ինչպես է կյանքի մի տեսակը վերափոխվել, ավելի զարգացել կամ բոլորովին այլ տեսակ դարձել։ Բրածոները վկայում են այն մասին, որ Երկրի վրա կենդանիների բազմաթիվ տեսակներ ի հայտ են եկել միաժամանակ և, ըստ էության, մնացել են անփոփոխ *։ Ուստի հարցն այն է, թե դրանցից որն ունի ամուր և հաստատուն հիմք, հավատն էվոլյուցիայի՞ հանդեպ, թե՞ Ստեղծչի։

Քո հավատն ամո՞ւր հիմք ունի

Աստվածաշունչն ասում է, որ իսկական «հավատի» հիմքը «ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբրայեցիներ 11։1)։ Աստվածաշնչի մեկ այլ թարգմանության մեջ այս խոսքը հնչում է հետևյալ կերպ՝ «հավատը.... մեզ վստահեցնում է, որ իրական են այն բաները, որոնք չենք տեսնում» (The New English Bible)։ Անկասկած, կան շատ անտեսանելի իրողություններ, որոնց հանդեպ դու ամուր հավատ ունես։

Բերենք մի օրինակ։ Շատ ճանաչված պատմաբաններ հավատում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Հիսուս Քրիստոսը իրական անձնավորություններ են եղել։ Արդյոք այս պատմաբանների հավատը հիմնվա՞ծ է փաստերի վրա։ Այո՛, նրանք կարող են վստահելի պատմական ապացույցներ ներկայացնել։

Գիտնականները նույնպես հավատում են գոյություն ունեցող անտեսանելի իրողությունների, քանի որ «ակնհայտ ապացույց» կա։ Օրինակ՝ 19-րդ դարի ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը նկատեց տիեզերքի կազմության հիմնական «շինանյութի»՝ ատոմի մասնիկների միջև եղած փոխհարաբերությունները։ Նա հասկացավ, որ դրանք ունեն որոշ ընդհանրություններ, ուստիև կարող են դասակարգվել ըստ ատոմային զանգվածի և քիմիական հատկությունների։ Հավատալով ու վստահելով էլեմենտների իր խմբավորման հաջորդական դասավորությանը՝ նա կազմեց տարրերի պարբերական համակարգը և ճշգրտորեն նշեց այնպիսի տարրերի մասին, որոնք դեռ հայտնաբերված չէին։

Հնագետները, հազարամյակներ առաջ հողի տակ անցած առարկաները ուսումնասիրելով, եզրակացություններ են անում հին քաղաքակրթությունների մասին։ Պատկերացրեք, օրինակ, որ հնագետը հայտնաբերել է ճիշտ նույն չափի, խնամքով տաշված տասնյակ քարեր, որոնք հավասար շարված են իրար վրա։ Դրանք դասավորված են որոշակի երկրաչափական համաչափությամբ, ինչը չէր կարող ինքնաբերաբար լինել։ Ի՞նչ եզրահանգման պետք է գա հնագետը։ Մի՞թե նա կմտածի, թե իր գտածը պատահականության արդյունք է։ Ընդհակառակը՝ այն կհամարի հնում ապրած մարդկանց գործունեության ակնհայտ ապացույց, և դա, ինչ խոսք, խելամիտ եզրակացություն կլինի։

Հետևաբար չպե՞տք է արդյոք մենք էլ նույն ձևով մտածենք՝ տեսնելով, թե ինչ հրաշալի կերպով է ստեղծված բնությունը։ Շատերը, այդ թվում ճանաչված գիտնականներ այսպիսի տրամաբանությամբ են առաջնորդվում։

Կույր պատահականությո՞ւն, թե՞ հանճարեղ նախագիծ

Տարիներ առաջ բրիտանացի մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Ջեյմս Ջինսը գրեց, որ զարգացող գիտության լույսի ներքո «տիեզերքը ավելի շատ նմանվում է հանճարեղ մտքի, քան հանճարեղ մեքենայի»։ Նա նաև նշեց. «Թվում է, թե տիեզերքը նախագծվել է մի կատարյալ մաթեմատիկոսի կողմից, և դա այն բանի ապացույցն է, որ կա մի նախագծող և վերահսկող զորություն, ինչը որոշ ընդհանրություններ ունի մարդու մտքի կարողությունների հետ»։

Շատ այլ գիտնականներ նույնպես եկել են նման եզրահանգման։ Օրինակ՝ ֆիզիկոս Փոլ Դեյվիսն ասել է. «Ողջ տիեզերքը ժամանակակից աստղագետներին ցույց է տալիս, որ կա նախագիծ»։ Իսկ հանրահայտ ֆիզիկոս և մաթեմատիկոս Ալբերտ Էյնշտեյնը գրել է. «Հրաշք է այն, որ հնարավոր է հասկանալ [շրջապատող աշխարհը]»։ Շատերի համար կյանքն ինքնին հրաշք է՝ սկսած կյանքի «հիմնարար աղյուսներից»՝ գեներից մինչև մարդու ապշեցուցիչ ուղեղը։

ԴՆԹ-ն և մարդու ուղեղը

Բոլոր կենդանի օրգանիզմների գեները պահպանվում և ժառանգաբար փոխանցվում են ԴՆԹ-ի մոլեկուլի շնորհիվ *։ Այս բարդ թթուն համեմատվում է մի ծրագրի կամ բաղադրատոմսի հետ։ ԴՆԹ-ն տվյալների մի բազա է, որտեղ տեղեկությունները կոդավորված են քիմիական միացությունների տեսքով և պահպանվում են մոլեկուլային միջավայրում։ Այս միջավայրում այդ տվյալները վերծանվում են, և բջիջը գործում է դրա հրահանգներին համապատասխան։ Իսկ որքա՞ն տեղեկություններ կան ԴՆԹ-ում։ Մի աշխատության մեջ նշվում է, որ եթե չորս տեսակի նուկլեոտիդները, որոնցից կազմված է ԴՆԹ-ի մոլեկուլը, նշանակվեն այբուբենի տառերով, ապա այդ տառերը «կլցնեն սովորական չափի գրքի միլիոնավոր էջեր»։

Գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներում ԴՆԹ-ի պարուրաձև մոլեկուլները գտնվում են թելաձև մարմնիկներում՝ քրոմոսոմներում, որոնք խնամքով պահված են բջջակորիզում, իսկ բջջակորիզի տրամագծի միջին չափը մոտ 5 միկրոմետր * է։ Միայն պատկերացրու. քո անզուգական օրգանիզմի բոլոր տվյալները տեղավորվում են փոքրիկ «տուփերում», որոնց կարելի է տեսնել միայն մանրադիտակի օգնությամբ։ Ինչպես ասաց մի գիտնական, կենդանի օրգանիզմները ունեն «տվյալների պահպանման և վերարտադրման մեզ հայտնի ամենասեղմ համակարգը»։ Մեզ ապշեցնում է համակարգչային չիփերի, տեսասկավառակների և նմանատիպ այլ առարկաների հիշողության ծավալը։ Սակայն որքա՜ն առավել ապշեցուցիչ է ԴՆԹ-ի մոլեկուլը, որի գաղտնիքները առայժմ լիովին բացահայտված չեն։ Դեռ ավելին, «Նյու սայենթիստ» հանդեսում ասվում է. «Ամեն մի բացահայտված գաղտնիք նոր առեղծվածի դուռ է բացում» *։

Արդյոք տրամաբանակա՞ն է այսպիսի կատարյալ նախագիծը և կազմակերպված գործունեությունը վերագրել կույր պատահականությանը։ Եթե դու պատահաբար գտնեիր բարդ տեխնիկայի մասին մի ձեռնարկ, որը գործնական կիրառության համար շատ հարմար և գեղեցիկ շարադրանքով մեկ միլիոն էջ ունեցող մի գիրք լիներ, արդյոք կմտածեի՞ր, թե այն ինքնիրեն է գրվել։ Իսկ եթե այդ գիրքն այնքան փոքր լիներ, որ կարդալու համար անհրաժեշտ լիներ մի հզոր մանրադիտակ, մի՞թե այն քեզ չէր ապշեցնի։ Ի՞նչ կմտածեիր այդ գրքի մասին, եթե այնտեղ գրված լինեին ճշգրիտ տեղեկություններ ինքնավերականգնվող և ինքնավերարտադրվող «բանական» մեխանիզմի մասին, որը բաղկացած է միլիարդավոր մասնիկներից, ինչպես նաև նշված լինեին ստույգ հրահանգներ, թե այդ մասնիկներից յուրաքանչյուրը կոնկրետ երբ և ինչպես պետք է միանա մյուսին։ Անշուշտ, երբեք ոչ ոքի մտքով անգամ չի անցնի այդպիսի գիրքը համարել պատահականության արդյունք։

Ուսումնասիրելով բջջի ներսում տեղի ունեցող տարբեր պրոցեսների մասին ժամանակակից հետազոտությունների արդյունքները՝ բրիտանացի փիլիսոփա Էնթընի Ֆլուն, որ մի ժամանակ աթեիզմի ջատագով էր, ասաց. «Աներևակայելի բարդություն ունեցող այս պրոցեսները, որոնք անհրաժեշտ են (կյանք) առաջ բերելու համար, [ցույց են տալիս], որ այստեղ բանականություն կա»։ Ֆլուի կարծիքով՝ «պետք է հետևել փաստերին, ուր էլ որ դրանք առաջնորդեն»։ Նրա պարագայում փաստերն առաջնորդեցին այն բանին, որ նա ամբողջությամբ փոխեց իր մտածելակերպը. այժմ Ֆլուն հավատում է Աստծուն։

ԴՆԹ-ի «արտադրանքներից» մեկը՝ մարդու ուղեղը, նույնպես ակնածանք է ներշնչում շատ գիտնականների։ Այն համարվում է «տիեզերքում եղած ամենաբարդ մարմինը»։ Նույնիսկ գերնոր համակարգիչները շատ պարզունակ են՝ համեմատած 1,3 կիլոգրամ միջին քաշ ունեցող վարդա-մոխրագույն այս օրգանի հետ, որը կազմված է նյարդաբջիջներից և այլ հյուսվածքներից։ Մի նյարդաբանի կարծիքով՝ որքան գիտնականները նոր բաներ են բացահայտում ուղեղի և մտքի մասին, այնքան այդ օրգանը «ավելի է հիացնում նրանց և միևնույն ժամանակ դառնում է ավելի անըմբռնելի»։

Միայն մտածիր. ուղեղի շնորհիվ մենք կարողանում ենք շնչել, ծիծաղել, լաց լինել, գլուխկոտրուկ լուծել, հեծանիվ քշել, բանաստեղծություն գրել, ակնածալից հիացմունքով նայել գիշերվա աստղազարդ երկնքին։ Արդյոք խելամիտ կամ տրամաբանական կլինի՞ այս կարողություններն ու ընդունակությունները վերագրել կույր էվոլյուցիայի շարժիչ ուժերին։

Հավատ՝ հիմնված փաստերի վրա

Մեզ լավ ճանաչելու համար արդյո՞ք էվոլյուցիոնիստների նման պետք է նայենք կյանքի ստորակարգ ձևերին, ինչպես օրինակ՝ կապիկներին, թե՞ պետք է դիմենք Աստծուն։ Անշուշտ, մեր և կենդանիների միջև կան շատ նմանություններ, օրինակ, մենք էլ ենք զգում ենք ուտելու, խմելու, քնելու պահանջ, ինչպես նաև ունենք բազմանալու կարողություն։ Այդուհանդերձ, մենք անկրկնելի ենք շատ առումներով։ Բանականությունը մղում է մեզ մտածելու, որ մարդուն բնորոշ հատկությունները փոխանցվել են մեզ մեկից, ով ավելի բարձր է, այսինքն՝ Աստծուց։ Աստվածաշունչն այս միտքը փոխանցում է մի պարզ արտահայտությամբ՝ ասելով, որ Աստված մարդուն ստեղծեց «իր պատկերով» (Ծննդոց 1։27)։ Մի պահ խորհրդածիր Աստծու այն հատկությունների շուրջ, որոնց մասին նշված են Բ Օրինաց 32։4, Հակոբոս 3։17, 18, 1 Հովհաննես 4։7, 8 համարներում։

Մեր Ստեղծիչն օժտել է մեզ մտածելու կարողությամբ, որպեսզի կարողանանք ճանաչել այն աշխարհը, որում ապրում ենք, և գտնել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Այս առնչությամբ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլիամ Ֆիլիպսը գրում է. «Երբ տեսնում եմ տիեզերքում տիրող կարգուկանոնը, նրա գեղեցկությունը և որ կարելի է այդ ամենն ըմբռնել, գալիս եմ մի եզրակացության. աչքերիս առաջ բարձր բանականության ձեռքի գործ է։ Այս ամենի փոխկապվածության վերաբերյալ որպես գիտնական իմ գնահատանքը և ֆիզիկական օրենքների զարմանահրաշ պարզությունը ամրացնում են իմ հավատն Աստծու հանդեպ»։

Մոտ երկու հազար տարի առաջ մի մարդ, որը նույնպես ուսումնասիրել էր շրջապատող աշխարհը, գրեց. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու Աստվածությունը, հստակ կերպով երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք արդարացում չունեն» (Հռոմեացիներ 1։20)։ Այդ մարդը քրիստոնյա Պողոս առաքյալն էր, որը բարձրագույն կրթություն էր ստացել ու լավ գիտեր Մովսիսական օրենքը։ Տրամաբանական փաստերի վրա հիմնված հավատը մղում էր նրան ընդունելու, որ Աստված իրական անձնավորություն է, իսկ արդարության խոր զգացումը մղում էր նրան փառաբանելու Աստծուն նրա ստեղծագործությունների համար։

Հավանաբար համոզվեցիր, որ բոլորովին էլ անտրամաբանական չէ Աստծուն հավատալը։ Ինչպես Պողոս առաքյալը, թող որ դու էլ ոչ միայն հավատաս Աստծու գոյությանը, այլև գնահատանքով լցվես նրա հանդեպ։ Միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Եհովա Աստված իրական անձնավորություն է և ունի այնպիսի չքնաղ հատկություններ, որոնք ջերմացնում են մեր սրտերը և մղում մեզ մոտենալու իրեն (Սաղմոս 83։18; Հովհաննես 6։44; Հակոբոս 4։8

[ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Տե՛ս «Արդյոք էվոլյուցիան փա՞ստ է» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2006 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր համարում։

^ պարբ. 14 ԴՆԹ, կամ՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու։

^ պարբ. 15 Միկրոմետրը երկարության չափման միավոր է, որը հավասար է մետրի մեկ միլիոներորդ մասին։

^ պարբ. 15 Երբ Չարլզ Դարվինը ձևակերպում էր էվոլյուցիոն տեսությունը, նա գաղափար անգամ չուներ բջջի բարդ կառուցվածքի մասին։ Նրա ժամանակներում այն «սև արկղ» էր գիտնականների համար։

[շրջանակ 24-րդ էջի վրա]

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱ՞Ն Է ՉՀԱՎԱՏԱԼ ԱՍՏԾՈՒՆ ԿՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Մարդկանց մեծ մասը չի հավատում Ստեղծչին այն պատճառով, որ շատ կրոններում Աստծու անունով չարագործություններ են արվում։ Բայց մի՞թե սա հիմնավոր պատճառ է։ Էնթընի Ֆլուի՝ «Աստված կա» գրքի նախաբանում Ռոյ Աբրահամ Վարգիսը գրում է. «Կրոնների դաժանություններն ու չարագործությունները չեն կարող պատճառ լինել, որ հարցականի տակ դրվի Աստծու գոյությունը, ինչպես որ շատ միջուկային ռումբեր ստեղծելու վտանգը չի կարող հարցականի տակ դնել E=mc2 բանաձևի ճշգրտությունը *։

[ծանոթագրություն]

^ պարբ. 32 Էներգիան հավասար է զանգվածի և լույսի արագության քառակուսու արտադրյալին։

[նկարներ 23-րդ էջի վրա]

Եթե այս հնագույն կառույցի հեղինակը մարդն է, ապա ո՞վ է մեզ շրջապատող աշխարհը կառուցողը

[նկար 23-րդ էջի վրա]

Ալբերտ Էյնշտեյն

[նկարներ 24-րդ և 25–րդ էջերի վրա]

ԴՆԹ-ն նման է մի միկրոսկոպիկ գրքի, որը պարունակում է բոլոր տեղեկությունները բանական կյանքի մասին

[նկարներ 25-րդ էջի վրա]

Մարդու ուղեղը համարվում է «տիեզերքում եղած ամենաբարդ մարմինը»

[նկար 22-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© The Print Collector/age fotostock