Ունեցեք հիմնավոր դրդապատճառներ
Ունեցեք հիմնավոր դրդապատճառներ
«Ծխելը թողնող մարդկանց միակ կարևորագույն առանձնահատկությունը այն է, որ նրանք բոլորն էլ վճռականություն են ունեցել» (Stop Smoking Now!)։
ՊԱՐԶ ասած՝ եթե ուզում եք թողնել ծխելը, դուք առնվազն պետք է դա անելու հիմնավոր դրդապատճառներ ունենաք։ Իսկ որո՞նք են դրանք։ Մտածեք, օրինակ, թե ինչ օգուտներ կունենաք, եթե չծխեք։
Կտնտեսեք ձեր փողերը։ Եթե հաշվենք, որ օրը մի տուփ եք ծխում, ապա մեկ տարում հազարավոր դոլարներ կարող եք ծախսել։ «Մտքովս էլ չի անցել, թե որքան գումար եմ վատնել ծխախոտի վրա» (Գյանու, Նեպալ)։
Կյանքից ավելի շատ ուրախություն կստանաք։ «Կարելի է ասել, որ ապրել սկսեցի, երբ թողեցի ծխելը։ Կյանքս գնալով ավելի ու ավելի է լավանում» (Ռեջինա, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։ Երբ մարդը թողնում է ծխելը, նրա համի ու հոտառության զգայարանները նկատելիորեն բարելավվում են։ Նա ավելի առույգ է դառնում և առողջ արտաքին տեսք է ունենում։
Ձեր առողջությունը կարող է բարելավվել։ «Ծխելը թողնելը մեծ ազդեցություն է թողնում տարբեր տարիքի տղամարդկանց և կանանց առողջության վրա, և դա տեղի է ունենում անմիջապես» (The U.S. Centers for Disease Control and Prevention)։
Ձեզ ավելի վստահ կզգաք։ «Ես թողեցի ծխելը, քանի որ չէի ուզում, որ ծխախոտը իմ տերը դառնա։ Ուզում էի ինքս լինել իմ մարմնի տերը» (Հենինգ, Դանիա)։
Ձեր ընտանիքն ու ընկերները նույնպես կշահեն։ «Ծխելը.... վնասում է նրանց առողջությունը, ովքեր ձեր շուրջն են.... Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամեն տարի թոքերի քաղցկեղից ու սրտի հիվանդություններից մահանում են հազարավոր մարդիկ, որոնց ներկայությամբ ծխել են» (American Cancer Society)։
Կհաճեցնեք Ստեղծչին։ «Սիրելինե՛ր.... եկեք մաքրենք մեզ մարմնի.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ «Ձեր մարմինները ներկայացնեք.... սուրբ և Աստծուն ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։
«Երբ հասկացա, որ Աստծուն տհաճ են մարմինը պղծող բաները, որոշեցի թողնել ծխելը» (Սիլվիա, Իսպանիա)։
Այնուհանդերձ, միայն դրդապատճառներ ունենալը բավարար չէ։ Մենք գուցե ունենանք ուրիշների օգնության կարիքը, այդ թվում նաև ընտանիքի և ընկերների։ Ինչպե՞ս կարող են նրանք օգնել։