Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատրաստ եղեք դժվարություններին

Պատրաստ եղեք դժվարություններին

Պատրաստ եղեք դժվարություններին

«Ես որոշեցի թողնել ծխելը հանուն մեր նորածնի առողջության։ Ուստի տանը մի նշան փակցրի՝ «Չծխե՛լ»։ Սակայն ընդամենը մեկ ժամ անց մեջս ասես մի ցունամի բարձրացավ. նիկոտին ընդունելու ցանկությունն այնքան ուժեղ էր, որ ես վառեցի ծխախոտը» (Յոշիմիցու, Ճապոնիա)։

ԻՆՉՊԵՍ երևում է Յոշիմիցուի օրինակից, ծխելը թողնելը շատ դժվար է։ Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոտ 90 տոկոսը նրանց, ովքեր փորձել են թողնել ծխելը, նորից սկսել է ծխել։ Ուստի եթե փորձում եք թողնել ծխելը, դա ձեզ կհաջողվի այն դեպքում, երբ պատրաստ լինեք դիմագրավելու դժվարություններին։ Որո՞նք են ավելի հաճախ հանդիպող դժվարությունները։

Նիկոտին ընդունելու ուժեղ ցանկությունը։ Այդ ցանկությունը գլուխ է բարձրացնում վերջին ծխախոտը ծխելուց հետո երեք օրվա ընթացքում և թուլանում է մոտ երկու շաբաթ անց։ «Ցանկությունը մշտական չէ, այն գալիս է ալիքի պես»,— ասում է նախկին մի ծխող։ Նույնիսկ տարիներ անց ձեր մեջ կարող է ծխելու ուժգին ցանկություն առաջանալ։ Եթե հանկարծ նման բան լինի, ձեռքն անմիջապես ծխախոտին մի՛ տարեք։ Սպասեք մոտ հինգ րոպե, և ցանկությունը, ամենայն հավանականությամբ, կանցնի։

Ուրիշ նշաններ։ Սկզբում մարդիկ դժվարությամբ են կարողանում արթուն մնալ կամ կենտրոնանալ, նրանք հակված են արագ քաշ հավաքելու։ Կարող են ունենալ ցավեր, քոր, քրտնարտադրություն, հազ, տրամադրության փոփոխություն, որը դրսևորվում է անհամբերությամբ և արագ բարկանալու հակվածությամբ։ Հնարավոր է՝ նույնիսկ դեպրեսիայի մեջ ընկնեն։ Սակայն այս նշաններից շատերը թուլանում են չորսից վեց շաբաթների ընթացքում։

Այս դժվար ժամանակահատվածում կան գործնական միջոցներ, որոնք կարող են օգնել։ Օրինակ՝

Բավարար ժամանակ հատկացրեք քնին։

Շատ ջուր կամ հյութ խմեք։ Առողջ սնունդ օգտագործեք։

Մարմնամարզությամբ զբաղվեք։

Խորը շնչեք և պատկերացրեք, թե ինչպես է մաքուր օդը լցվում թոքերի մեջ։

Գայթակղություններ։ Որոշ գործեր ու զգացմունքներ կարող են ձեր մեջ ծխելու ցանկություն առաջացնել։ Օրինակ՝ գուցե դուք ծխում էիք որևէ խմիչք խմելիս։ Եթե այդպես է, ըմպելիքը դանդաղ մի՛ խմեք, երբ արդեն թողել եք ծխելը։ Իհարկե, ժամանակի ընթացքում կկարողանաք վայելել ըմպելիքը՝ առանց շտապելու։

Եթե նախկինում որոշ գործեր անելիս ծխում էիք, ապա այդ սովորությունը դեռ երկար ժամանակ կմնա, թեև օրգանիզմը արդեն մաքրվել է նիկոտինից։ «Ծխելը թողնելուց տասնինը տարի հետո,— ասում է Տորբենը, որի մասին արդեն խոսեցինք,— ընդմիջման ժամին սուրճի հետ ծխելն ինձ դեռ գայթակղեցնում է»։ Որպես կանոն, սակայն, որոշ գործեր անելիս ինքնաբերաբար ծխելու սովորությունը ժամանակի ընթացքում թուլանում է և անցնում։

Ոգելից խմիչքների դեպքում խնդիրն այլ է։ Մինչ դուք փորձում եք թողնել ծխելը, գուցե հրաժարվեք ալկոհոլից և խուսափեք այն վայրերից, որտեղ ոգելից խմիչքներ են մատուցվում, քանի որ ձախողումների մեծ մասը լինում է խմելիս։ Ինչո՞ւ է այդպես։

Նույնիսկ ալկոհոլի քիչ քանակությունը մեծացնում է նիկոտին ստանալու ցանկությունը։

Ընկերներով խմելը սերտորեն կապված է ծխելու հետ։

Ալկոհոլը թուլացնում է առողջ դատողությունը և ինքնատիրապետումը։ Աստվածաշունչն իրավամբ ասում է. «Գինին զրկում է բարի մղումներից» (Ովսէէ 4։11, ՆԱ)։

Ընկերակցություն։ Խուսափեք այն մարդկանց հետ շփվելուց, ովքեր ծխում են կամ կարող են ձեզ առաջարկել ծխել։ Նաև հեռու մնացեք նրանցից, ովքեր կթուլացնեն ծխելը թողնելու ձեր վճռականությունը, օրինակ՝ ծաղրելով ձեզ։

Զգացումներ։ Մի ուսումնասիրության համաձայն՝ ձախողվողների երկու երրորդը ծխելուց անմիջապես առաջ սթրեսի մեջ կամ բարկացած է եղել։ Եթե այդպիսի զգացումները դրդում են ձեզ ծխելու, փորձեք կենտրոնանալ մեկ ուրիշ բանի վրա՝ ջուր խմեք, մաստակ ծամեք կամ գնացեք զբոսնելու։ Աշխատեք մտածել դրական բաների մասին, օրինակ՝ աղոթեք Աստծուն օգնության համար կամ Աստվածաշնչից մի քանի էջ կարդացեք (Սաղմոս 19։14

Պատրվակներ մի՛ բերեք

● Ընդամենը մի ծուխ կքաշեմ։

Իրականություն։ Ընդամենը մի ծուխ քաշելը կարող է երեք ժամ բավարարել նիկոտին ընդունող ռեցեպտորների 50 տոկոսին։ Արդյունքում մարդը հաճախ նորից է սկսում ծխել։

● Ծխելն օգնում է ինձ հաղթահարելու սթրեսը։

Իրականություն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում նիկոտինը ավելացնում է սթրեսի հորմոնները։ Թվում է, թե սթրեսը անցնում է, այնինչ ժամանակավորապես թուլանում են այն նշանները, որոնք ի հայտ են գալիս ծխելը թողնելուց հետո։

● Արդեն շատ ուշ է, որ թողնեմ ծխելը։

Իրականություն։ Հոռետեսությունը թուլացնում է կամքի ուժը։ Աստծու Խոսքն ասում է. «Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի» (Առակաց 24։10)։ Ուստի խուսափեք այն մտքից, թե ձեզ դա չի հաջողվի։ Յուրաքանչյուր մարդ, ով իսկապես ցանկանում է թողնել ծխելը և կիրառում է այս պարբերագրում նշված գործնական խորհուրդները, կարող է հաջողության հասնել։

● Չեմ դիմանում ծխելը թողնելուց հետո ի հայտ եկող նշաններին։

Իրականություն։ Անշուշտ, այդ նշանները շատ ուժեղ են, սակայն դրանք մի քանի շաբաթների ընթացքում կթուլանան։ Ուրեմն մի՛ հանձնվեք։ Եթե ամիսներ կամ տարիներ հետո նորից ծխելու ցանկություն առաջանա, այն նույնպես կանցնի և հավանական է՝ մի քանի րոպեից, իհարկե եթե չվառեք գլանակը։

● Ես մտային հիվանդություն ունեմ։

Իրականություն։ Եթե բուժվում եք մտային հիվանդության դեմ, օրինակ՝ դեպրեսիայի կամ շիզոֆրենիայի, դիմեք ձեր բժշկին, որ օգնի ձեզ թողնելու ծխելը։ Գուցե նա ուրիշ բուժում նշանակի, որ դուք կարողանաք և՛ շարունակել ձեր բուժումը, և՛ թողնել ծխելը։

● Եթե նորից սկսեմ ծխել, ինձ ձախողված կհամարեմ։

Իրականություն։ Եթե «ընկնեք» ու նորից սկսեք ծխել, ինչպես պատահում է շատերի հետ, հիշեք, որ անհույս վիճակում չեք։ Պարզապես «վեր կացեք» և շարունակեք պայքարել։ «Ընկնել» չի նշանակում ձախողվել։ Եթե «ընկած» մնաք, ա՛յդ դեպքում կձախողվեք։ Ուստի մի՛ հանձնվեք։ Ի վերջո դա ձեզ կհաջողվի։

Քննենք Ռոմուալդոյի օրինակը, որը ծխել է 26 տարի և թողել է ծխելը 30 տարի առաջ։ «Չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ ձախողվել,— գրում է նա։— Ամեն անգամ շատ վատ էի զգում։ Ինձ թվում էր՝ անհույս մարդ եմ։ Սակայն երբ մի անգամ հաստատ վճռեցի Եհովա Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալ և սկսեցի անդադար նրանից օգնություն խնդրել, կարողացա վերջնականապես ձերբազատվել ծխելու սովորությունից»։

Այս հոդվածաշարի վերջին հոդվածում կքննենք ևս մի քանի գործնական առաջարկ, որոնք կօգնեն ձեզ հաղթանակած դուրս գալու այս պայքարից։

[շրջանակ/​նկար 7-րդ էջի վրա]

ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՄԱՀԱՑՈՒ ԵՆ

Ծխախոտը տարբեր կերպ է գործածվում։ Ծխախոտային որոշ արտադրանքներ նույնիսկ վաճառվում են առողջ սննդի և դեղաբույսերի խանութներում։ Այնուամենայնիվ, «ծխախոտի բոլոր տեսակներն են մահացու»,— ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ծխախոտը կարող է պատճառ լինել, որ մահացու տարբեր հիվանդություններ առաջանան, օրինակ՝ քաղցկեղ և սիրտ-անոթային հիվանդություններ։ Ծխող մայրերը կարող են նաև վնասել իրենց չծնված երեխաներին։ Ի՞նչ ձևերով են սովորաբար ծխախոտային արտադրանքները գործածվում։

Բիդիս։ Այս փոքր, ձեռքով փաթաթված գլանակները սովորաբար գործածվում են ասիական երկրներում։ Բիդիսները մի քանի անգամ ավելի շատ խեժ, նիկոտին և ածխածնի օքսիդ են արտազատում, քան սովորական գլանակները։

Սիգար։ Պատրաստված են ծխախոտատերևի կամ ծխախոտային թղթի մեջ պիրկ փաթաթված թութունից։ Սիգարների թութունը թեթև ալկալային է, իսկ սիգարետներինը՝ թթու։ Դա է պատճառը, որ սիգարի նիկոտինը բերանով մտնում է օրգանիզմ, նույնիսկ առանց սիգարը վառելու։

Կրիտեքս կամ մեխակ պարունակող սիգարետ։ Սովորաբար պարունակում է 60 տոկոս թութուն և 40 տոկոս մեխակ։ Այն ավելի շատ խեժ, նիկոտին և ածխածնի օքսիդ է արտազատում, քան սովորական գլանակները։

Ծխամորճ։ Ծխամորճով ծխելը անվնաս տարբերակ չէ, քանի որ ինչպես ծխախոտ ծխելու, այնպես էլ ծխամորճով ծխելու դեպքում քաղցկեղ և այլ հիվանդություններ կարող են առաջանալ։

Անծուխ ծխախոտ։ Սա այն ծխախոտն է, որը ծամում են կամ շնչում։ Դրա մեջ է մտնում նաև համեմված գուտկան (օգտագործվում է Հարավարևելյան Ասիայում)։ Նիկոտինը անցնում է արյան մեջ բերանով։ Անծուխ ծխախոտը նույնքան վնասակար է, որքան մյուս ծխախոտները։

Ծխելու սարքեր (բոնգ, ղայլան, նարգիլե, շիշաԱյս սարքերի միջոցով ծուխը անցնում է ջրով լի անոթով։ Այնուհանդերձ, այս պրոցեսը չի նվազեցնում թունաքիմիկատների քանակը, այդ թվում նաև քաղցկեղածին տարրերի, որոնք անցնում են թոքեր։

[շրջանակ/​նկար 8-րդ էջի վրա]

ՕԳՆԵԼ ՈՒՐԻՇԻՆ ԹՈՂՆԵԼՈՒ ԾԽԵԼԸ

Պահպանեք դրական տրամադրվածություն։ Գովելն ու վարձատրելը ավելի արդյունավետ են, քան քննադատական ու կշտամբանքի խոսքեր ասելը։ «Ոչի՛նչ, մի անգամ էլ փորձիր» արտահայտությունն ավելի ազդեցիկ է, քան «է՜հ, էլի չկարողացար»-ը։

Ներողամիտ եղեք։ Սրտին մոտ մի՛ ընդունեք, եթե նա, ով փորձում է թողնել ծխելը, բարկանա ձեզ վրա կամ հուսալքվի։ Ոգևորիչ բաներ ասեք, օրինակ՝ «Գիտեմ, որ քեզ համար դժվար է, բայց ես հպարտանում եմ քեզանով»։ Երբեք մի՛ ասեք. «Դու ավելի լավն էիր, երբ ծխում էիր»։

Իսկական ընկեր եղեք։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած» (Առակաց 17։17)։ Այո՛, ձգտեք «ամեն ժամանակ»՝ օրվա որ ժամին էլ լինի կամ ինչ տրամադրություն էլ ունենա դիմացինը, համբերատար և սիրալիր լինել նրա հանդեպ։