Ինչ են ասել ուրիշները
Ֆրանսիա
«Եհովայի վկաները այնպիսի քաղաքացիներ են, որոնք հարգում են պետության օրենքները.... Նրանք չեն սպառնում հասարակության մեջ ընդունված կարգուկանոնին։ Նրանք աշխատում են, վճարում են հարկերը, նպաստում են մեր երկրի տնտեսական զարգացմանը և բարեգործություն են անում։ Հաճելի է տեսնել, թե ինչպես են տարբեր ռասաներից և տարբեր ծագում ունեցող այս մարդիկ հավաքվում խաղաղությամբ.... Եթե բոլորը Եհովայի վկա լինեին, ապա ոստիկանները կմնային առանց գործի» (Ֆրանսիայի ոստիկանական միության խոսնակ)։
Ուկրաինա
«Եհովայի վկաները իրենց երեխաների մեջ բարձր բարոյական չափանիշներ են սերմանում։ Նրանք սովորեցնում են իրենց երեխաներին խուսափել այն վարքից, արարքներից և նույնիսկ վերաբերմունքից, որն այս աշխարհում նորմալ է համարվում և կարող է վնասել հենց իրենց և ուրիշներին։ Այդ պատճառով Վկաները զգուշացնում են նրանց թմրադեղեր օգտագործելու վնասների, ծխելու և ոգելից խմիչքը չարաշահելու մասին։ Նրանք գիտակցում են ազնվության և ջանասեր լինելու կարևորությունը.... Եհովայի վկաները սովորեցնում են իրենց երեխաներին լավ հատկություններ զարգացնել, հարգանք դրսևորել իշխանությունների, ուրիշ մարդկանց ու նրանց ունեցվածքի հանդեպ և լինել օրինապահ քաղաքացիներ» («Ուկրաինայի կրոնների պատմությունը»՝ խմբագրված պրոֆեսոր Պետրո Յարոցկիի կողմից)։
Իտալիա
«Երեսուն հազար հոգի Օլիմպիական մարզադաշտում. կատարյալ լռություն.... Չկա աղբ, աղմուկ-աղաղակ։ Այդպիսին էր տեսարանը երեկ Օլիմպիական մարզադաշտում.... Ոչ մի հայհոյանք, ոչ մի սիգարետ ու [խմիչքի] տարաներ։ Միայն բացված Աստվածաշնչեր, նշումներ անող մարդիկ և հանգիստ նստած երեխաներ» («L’Unità», տեղեկացնում էր Հռոմում Եհովայի վկաների համաժողովի մասին)։
Բրիտանիա
«Չելթընհեմի արքդիակոնը ասում է, որ [Անգլիայի եկեղեցին] մի խումբ նվիրված անհատների կարիք ունի, որոնք Եհովայի վկաների պես՝ քարոզչական գործունեություն կծավալեն» («Գազետ», Գլոսթերի թեմ)։
Նիդերլանդներ
Լեուվարդենի Թագավորության սրահի մոտ ապրող հարևանները Վկաներին մի նամակ ներկայացրին, որում գրված էր. «Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ լավ տեսք եք տալիս Նորդերվեգին։ Ձեր անդամները միշտ գեղեցիկ հագնված են և լավ վարվելակերպ ունեն։ Երեխաները դաստիարակված են, մարդիկ սխալ տեղում չեն կայանում մեքենաները, փողոցը չեն աղտոտում, իսկ Թագավորության սրահի տարածքը միշտ մաքուր ու կոկիկ է։ Հուսով ենք, որ դուք երկար կմնանք մեր հարևանները, քանի որ մենք շատ ուրախ ենք, որ ձեզ նման հարևաններ ունենք»։
Մեքսիկա
Էլիո Մասֆերերը՝ Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի պրոֆեսորը և հետազոտողը, ասաց, որ Վկաները օգնում են մարդկանց, ովքեր «տառապում են ընտանեկան խնդիրներից, օրինակ՝ բռնաբարությունից, ընտանեկան բռնությունից, հարբեցողությունից և թմրադեղեր օգտագործելուց»։ Նա ասաց, որ Վկաների ուսմունքները «բարձրացնում են մարդկանց արժանապատվությունը, ովքեր տառապում են թերարժեքության զգացումից», և դրա շնորհիվ «նրանք ավելի քիչ խնդիրներ են ունենում և անում են այն, ինչը հաճելի է Աստծուն» («Excélsior» թերթ)։
Բրազիլիա
Մի թերթ տեղեկացնում է. «Եհովայի վկաների կազմակերպությունը իսկապես տպավորիչ է։ Վայրերը, որտեղ նրանք հավաքվում են, միշտ մաքուր են։ Ամեն բան շատ լավ է կազմակերպված.... Երբ նրանց հանդիպումն ավարտվում է, այդ վայրն ավելի մաքուր է լինում, քան կար։ Ելույթների ընթացքում կատարյալ լռություն է տիրում։ Մարդիկ իրար չեն հրմշտում։ Բոլորը լավ վարվելակերպ ունեն.... Դա իրոք որ կազմակերպված կրոն է։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում երկրպագել Աստծուն» («Comércio da Franca»)։
Եհովայի վկաները հավատում են, որ Արարիչը բոլորից լավ գիտի այն սկզբունքները, որոնց համաձայն պետք է ապրեն իր ստեղծած էակները (Եսայիա 48:17, 18)։ Ուստի Վկաները պատիվը Աստծուն են տալիս, երբ իրենց լավ վարքի համար ուրիշների կողմից գովասանքի են արժանանում։ Հիսուսն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառք տան ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:16)։