Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Գերմանիայում 10 փոքր երեխաներից 7-ը գրանցված է ինտերնետում։ Ծնողները իրենց փոքրիկների համար էջ են ստեղծում, էլեկտրոնային հասցե են բացում, տեղադրում են նրանց նկարները կամ ուլտրաձայնային պատկերները։ Մասնագետները, սակայն, խորհուրդ են տալիս զգույշ լինել, քանի որ էլեկտրոնային նկարները կարող են ուղեկցել երեխային ողջ կյանքում (BABY UND FAMILIE, ԳԵՐՄԱՆԻԱ)։

Ըստ կառավարության վիճակագրական տվյալների՝ Ռուսաստանում ամեն տարի 14 000 կին է մահանում ընտանիքում կատարված բռնության հետևանքով (RIA NOVOSTI, ՌՈՒՍԱՍՏԱՆ)։

Էվերեստ լեռնագագաթի՝ 6858 մետրից 7752 մետր բարձրության վրա գտնվող հալվող ձյունը պարունակում է արսեն և կադմիում՝ քիմիական տարրեր, որոնք վտանգավոր են խմելու ջրի համար։ Ենթադրվում է, որ պատճառը մարդկային գործոնն է (SOIL SURVEY HORIZONS, ԱՄՆ)։

Չինաստանում միակ ընկերությունը, որն իրավունք ունի Աստվածաշնչեր տպագրելու, վերջերս տպել է 80 միլիոներորդ օրինակը։ Այս ընկերությունը ամեն ամիս տպում է 1 միլիոն Աստվածաշունչ, որը կազմում է աշխարհում տպագրվող բոլոր Աստվածաշնչերի մեկ քառորդը (XINHUA, ՉԻՆԱՍՏԱՆ)։

«Ամերիկացիների ավելի քան 10 տոկոսը (10,1 տոկոս), որ մեծացել է կաթոլիկ ընտանիքում, դադարել է կաթոլիկ եկեղեցի հաճախելուց» (NATIONAL CATHOLIC REPORTER, ԱՄՆ)։

2010 թ. բնական աղետները

Առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը 2010 թ.-ին գրանցել է 950 բնական աղետ, որոնք տեղի են ունեցել ամբողջ աշխարհում։ Այս թիվը գերազանցում է վերջին տասը տարիների միջին քանակը, որը ամեն տարի գրանցվել է 785։ Ամենասարսափելի հինգ աղետներից եղել են Հայիթիի, Չիլիի և Չինաստանի երկրաշարժերը, Պակիստանում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղները և Ռուսաստանի ջերմային ալիքները, որոնց ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ մահացան շոգից ու օդի աղտոտումից։ Իսկ Հյուսիսային Եվրոպայի մոխիրը, որն առաջացել էր իսլանդական հրաբխից, թեպետ անմիջականորեն քիչ վնասներ հասցրեց, բայց խցանեց օդային երթևեկությունը։ Ավստրալիայում երկու ուժգին կարկտախառը փոթորիկ 2 միլիարդ դոլարից ավել վնաս տվեց։ «Տնտեսական ողջ կորուստները, այդ թվում նաև այն կորուստները, որոնց ծախսը ապահովագրական ընկերությունները չեն ծածկել, անցած տարվա 50 միլիարդից հասել են 130 միլիարդ դոլարի»,— նշում է Լոնդոնի թերթերից մեկը (The Telegraph)։

Նեանդերթալցիները նմա՞ն են եղել մեզ

«Երկար ժամանակ այն կարծիքն է եղել, որ նեանդերթալցիները ստորակարգ մարդիկ են եղել, սակայն իրականում նրանք բանական մարդկանց նման՝ կարողություններ են ունեցել»,— նշվում է «Նյու սայենթիստ» հանդեսում։ Վերջին տարիներին կատարած հայտնագործությունները ցույց են տալիս, որ նեանդերթալցիները ծածկ են կառուցել, կրակը օգտագործելու ձև են իմացել, հագուստ են կրել, կերակուր, գործիքներ են պատրաստել, անգամ սոսինձ են ստեղծել, որով նիզակի երկար փայտե կոթին ամրացրել են երկաթե սուր ծայրը։ Ապացույցներ կան նաև, որ նրանք հոգ են տարել հիվանդների մասին, կրել են խորհրդանշական զարդեր և թաղել են իրենց մահացած հարազատներին։ Վաշինգտոնի համալսարանի (Սենտ Լուիս, Միսուրի, ԱՄՆ) մարդաբանության պրոֆեսոր Էրիկ Թրինքսի համաձայն՝ «նեանդերթալցիները մեզ նման մարդիկ են եղել և հավանաբար ունեցել են մտային նույն կարողությունները, որ մենք ունենք»։