Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թինգաթինգա արվեստ, որը ժպիտ է առաջացնում

Թինգաթինգա արվեստ, որը ժպիտ է առաջացնում

Թինգաթինգա արվեստ, որը ժպիտ է առաջացնում

«ԹԻՆԳԱԹԻՆԳԱՅԻ շնորհիվ մենք կարողանում ենք տեսնել աշխարհը մեր մեջ ապրող երեխայի աչքերով. ուրախ, զվարթ և գունագեղ»,— գրում է Դենիել Ավգուստան՝ Թինգաթինգա արվեստի համատեղ ընկերության տնօրենը։ Թինգաթինգա արվեստը առնչվում է Աֆրիկային՝ նրա վայրի կենդանական աշխարհին ու մշակույթին, այն հատկապես Տանզանիայի մասին է, որը այս արվեստի ծննդավայրն է։

Արվեստի այս ոճը իր անունը ստացել է հենց հիմնադրից՝ Էդվարդ Սաիդ Թինգաթինգայից, որը ծնվել է 1932 թ.-ին։ Տանզանիայի հարավում գտնվող նրա գյուղի բնության տեսարանը, վայրի կենդանիները, անկասկած, խորապես տպավորել ու ոգեշնչել են նրան մանկության տարիներին։ Մոտ 20 տարեկանում նա թողել է իր հայրենի տունը՝ տարվելով լավ աշխատանքի և ապրելակերպի որոնումներով։ Հետագայում տեղափոխվել է մայրաքաղաք Դար էս-Սալամ, որտեղ սկսել է աշխատել որպես այգեգործ։ Երեկոները նա իր տաղանդը արտահայտում էր երաժշտության և պարի միջոցով և որոշ ժամանակ հետո նույնիսկ հայտնի դարձավ որպես երաժիշտ։

1968 թվականը Էդվարդի կյանքում շրջադարձային էր։ Նա պետական գործի է անցնում մայրաքաղաքի Մուհիմբիլի հիվանդանոցներից մեկում։ Այնտեղ կարողանում է ժամանակ գտնել և մանկության տարիների վառ հիշողություններն ու տպավորությունները արտահայտել իր իսկ արվեստի ոճում։ Արդյունքում ծնվում է Թինգաթինգա արվեստը։ Ցավոք, Էդվարդը հնարավորություն չի ունեցել օգտվելու արվեստի մասնագիտացված խանութների ներկանյութերից, վրձիններից և այլ պարագաներից։ Այդ պատճառով օգտագործել է այնպիսի նյութեր, որ կարելի էր գնել ցանկացած տնտեսական խանութից։ Օրինակ՝ օգտվել է էմալի ներկերից, որոնցով ներկում էին հեծանիվները, իսկ նրա «կտավները» կարտոնի կտորներ էին, որոնց մի երեսը հարթ ու փայլուն էր, ինչը հնարավորություն էր տալիս ստեղծելու շողշողուն պատկերներ։

Էդվարդի ոճը պարզ էր։ Նկարի ֆոնի համար նա օգտագործում էր մեկ կամ երկու գույն։ Առաջին պլանում նկարում էր մի պատկեր՝ որոշակիորեն չափազանցված, վառ գունավորված աֆրիկյան կենդանի։ Էդվարդը ֆոնը չէր լրացնում բնապատկերով կամ այլ դետալներով։

Էդվարդը թույլ էր տալիս, որ իր մտերիմ ընկերներն ու բարեկամները ներկա լինեն, երբ ինքը նկարում էր։ Շուտով մի քանիսը դարձան նրա «աշակերտները», և նրա ոճը մեծ տարածում գտավ։

Առաջին իսկ նկարից սկսած՝ Թինգաթինգա արվեստը պարունակել է վառ գույներ և արտահայտված կոնտուրներով պարզ ֆիգուրներ։ Տարիների ընթացքում, սակայն, այս ոճը զարգացավ ու դարձավ ավելի կատարելագործված՝ յուրաքանչյուր աշխատանքի մեջ պատկերելով մի քանի ֆիգուր։ Եվ իրականում այսօր էլ որոշ նկարիչներ իրենց նկարներում պատկերում են մի քանի բան՝ մարդկանց, կենդանիների և տարբեր առարկաներ։

Ոգեշնչման աղբյուր

Թինգաթինգա արվեստը անսպառ ոգեշնչման աղբյուր է։ Նկարներում կարելի է տեսնել աֆրիկյան ֆաունան ու ֆլորան իր զանազանությամբ ու ապշեցուցիչ գունագեղությամբ՝ այծքաղ, գոմեշ, փիղ, ընձուղտ, գետաձի, առյուծ, կապիկ, զեբր և այլ կենդանիներ, ինչպես նաև տարբեր տեսակի ծաղիկներ, ծառեր, թռչուններ, ձկներ։ Նշենք նաև, որ շատ նկարների համար որպես ֆոն ծառայում է Աֆրիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Կիլիմանջարոն (գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելյան մասում)։

Ժամանակակից Թինգաթինգա արվեստը պատկերում է նաև Աֆրիկայի մարդկանց և նրանց մշակույթը։ Կան կտավներ, որոնցում պատկերված է մի գեղեցիկ օր մարդաշատ շուկայում, այցելություն հիվանդանոց կամ պարզապես առօրյա գյուղական կյանք։

Հենց սկզբից Թինգաթինգա արվեստը տաղանդավոր աֆրիկացիներին հնարավորություն է տվել արտահայտելու իրենց ներաշխարհը և միևնույն ժամանակ եկամտի աղբյուր է եղել։ Թինգաթինգա ոճի արվեստագետները ստեղծել են նկարիչների միություն, որը հիմնվել է Դար էս-Սալամում։ Ոմանք նույնիսկ հետևում են ավանդույթին՝ նկարելով էմալի ներկով։ Եթե Էդվարդ Թինգաթինգան ողջ լիներ այսօր (նա մահացել է 1972 թ.-ին), նրա արվեստի հռչակը, անկասկած, մեծ ժպիտ կառաջացներ նրա դեմքին։