Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այ քեզ քի՜թ»

«Այ քեզ քի՜թ»

«Այ քեզ քի՜թ»

ԱՅՍ արձագանքը միանգամայն տեղին է, երբ Բոռնեոյում զբոսաշրջիկները առաջին անգամ տեսնում են մեծաքիթ արու կապիկի, որն ունի մսալի ու կախ ընկած քիթ։ Որոշ արուների քիթը կարող է ունենալ մինչև 18 սանտիմետր երկարություն՝ մարմնի երկարության մոտ մեկ քառորդ չափ։ Քանի որ քիթը ծածկում է բերանն ու կզակը, ուտելու ժամանակ նա պետք է այն մի կողմ տանի։ Եթե քո քիթն էլ այդքան լիներ, կհասներ մինչև կրծքավանդակիդ կեսը։

Իսկ որևէ օգուտ կա՞ այսքան մեծ քթից a։ Կարծիքները տարբեր են։ Հավանաբար այս քիթը դուրս է մղում մարմնի ավելորդ ջերմաստիճանը կամ էլ ուժգնություն է հաղորդում կապիկի ձայնին։ Հնարավոր է՝ այն ծառայում է որպես տեսանելի նախազգուշացում մյուս արու կապիկների համար։ Իրականում, արու կապիկի քիթը ուռչում է և կարմրում, երբ նա ջղայնանում է կամ ոգևորվում։ Մեկ ուրիշ կարծիքի համաձայն էլ մեծ քիթը կարևոր դեր է խաղում սեռական գրավչության հարցում՝ գերելով էգ կապիկի սիրտը։ Թերևս այս քիթը ուրիշ ֆունկցիաներ էլ է կատարում, սակայն մենք քիչ բան գիտենք կամ ոչինչ չգիտենք այդ մասին։

Ցմփոր կապիկներ

Մեծաքիթ կապիկները՝ արու կամ էգ, նաև ցմփոր են։ Իրականում նրանց ստամոքսը իրենց մարմնի քաշի քառորդ մասն է կազմում։ Դրա համար էլ թե՛ արուները, թե՛ էգերը ասես մշտապես հղի լինեն։ Իսկ ինչո՞ւ են նրանք մեծափոր։

Այս կապիկների ստամոքսը կովի ստամոքսի նման լցված է բուսականության և բակտերիաների ջրիկ խառնուրդով։ Բակտերիաները խմորում են ուտելիքը և մանրացնում ցելյուլոզը, ինչպես նաև որոշ բույսերի թույներ, որոնք կարող են կենդանի սպանել։ Հրաշալի մարսողական համակարգի շնորհիվ այս կապիկները կարողանում են սնվել տերևներով և շաքար չպարունակող բակլաբույսերի, արմավենիների ու այլ բույսերի պտուղներով և սերմերով, կերակուր, որը պարզ ստամոքս ունեցող պրիմատները չեն կարող մարսել։

Սակայն այս ուժեղ մարսողական համակարգը ունի նաև թերի կողմ։ Կապիկները պետք է չուտեն շաքար պարունակող պտուղներ, որոնք արագ են խմորվում։ Այդպիսի պտուղները կուռեցնեն կապիկի ստամոքսը հավանաբար այն աստիճան, որ նա կսատկի։

Ցելյուլոզով հարուստ սննդակարգի և բարդ ստամոքսի շնորհիվ մեծաքիթ կապիկները ուտելիքը մարսում են երկար ժամերի ընթացքում։ Այդ պատճառով սննդարար նախաճաշից հետո նրանք հանգստի կարիք ունեն, երբեմն շատ երկար, որպեսզի կարողանան նորից ուտել։

Մենակություն չեն սիրում

Մեծաքիթ ու ցմփոր կապիկները հազվադեպ են մենակ լինում թե՛ ուտելու ժամանակ, թե՛ հանգստանալիս։ Իշխող արուները վերահսկում են մինչև ութ էգ կապիկներից բաղկացած հարեմը և նրանց ձագերին։ Այս հոտում ծնված արուները վտարվում են հոտից, երբ մեծանում են ու կարող են ինքնուրույն հոգ տանել իրենց մասին։ Նրանք էլ իրենց հերթին միանում են ուրիշ երիտասարդ արուների՝ կազմելով խմբեր, որոնցում նույնպես կան մեկ կամ երկու ավագ արուներ։ Սակայն նրանք, ովքեր տեղյակ չեն այս բանից, հեշտությամբ կարող են ենթադրել, որ այդ խմբերը հարեմ են։

Մեծաքիթ կապիկները մի արտասովոր սովորություն ունեն. հաճախ խառնվում են ուրիշ արու կապիկների հարեմների հետ, հատկապես երեկոները, երբ հավաքվում են գետերի մոտ։ Այդ ժամանակ արուներից մեկը իր ուժը ցուցադրելու շոու է անում, եթե զգում է, որ իր էգերի հանդեպ հետաքրքրություն է ցույց տալիս մեկ ուրիշը։ Այդ որձը, որը կշռում է մոտ 20 կիլոգրամ, սովորաբար կանգնում է ոտքերի ու թաթերի վրա՝ բերանը լայն բաց արած և աչքերը իր մրցակցի վրա պլշած։ «Բոռնեոյի մեծաքիթ կապիկները» գրքում նշվում է. «Եթե ցանկալի արդյունքի չի հասնում, ապա անսպասելիորեն ու անկանխատեսելիորեն արուն ցատկում է ծառերի միջով՝ հաճախակի բարձր ձայն արձակելով և անընդհատ վայրէջք կատարելով չորացած ճյուղերի վրա, որոնք ջարդվելիս կտրուկ ձայն են արձակում՝ խառնվելով իր մռնչոցին»։ Երբեմն էլ կռիվներ են լինում, բայց հազվադեպ։

«Մեծաքիթ կապիկները ոչ միայն տարօրինակ տեսք ունեն, այլև տարօրինակ ձայներ են արձակում»,— գրված է վերոնշյալ գրքում։ Այս կենդանիները խռնչում են, կռկռում են, մռնչում են և ճչում են, հատկապես երբ երեկոյան հավաքվում են գետերի մոտ։ Խառնաղմուկի ժամանակ մայր կապիկները զբաղված են իրենց կապտավուն դեմք ունեցող ձագերին կերակրելով ու խնամելով։ Իսկ երբ անտառում մութն ընկնում է, կապիկները հարմար տեղեր են գտնում ծառերի վրա, սովորաբար գետի մոտ գտնվող բարձր ծառերի վրա, ու քուն մտնում։

Մեկ ուրիշ տարօրինակություն

Մեծաքիթ կապիկները մեկ ուրիշ տարօրինակություն էլ ունեն. նրանց ոտքի թաթերը մասամբ լողաթաղանթով են։ Այս առանձնահատկությունը հնարավորություն է տալիս նրանց ոչ միայն լավ լողալու, այլև ապահով քայլելու գետաբերաններին աճող մանգրերի ցեխի միջով։ Մանգրերի մասին խոսելիս, անկասկած, միտքդ կգան նաև կոկորդիլոսները։ Եվ իրոք այդպես է։ Այս կապիկների տիրապետության տարածքում շատ կոկորդիլոսներ կան։ Այդ դեպքում ինչպե՞ս է նրանց հաջողվում խույս տալ իրենց թշնամուց։

Կերպերից մեկն այն է, որ լռելյայն գետն են մտնում ու շների պես լողալով իրար հետևից առանց նույնիսկ ալիք բարձրացնելու անցնում են մյուս ափը։ Իսկ եթե գետը նեղ է, նկատվել է, որ ուրիշ մարտավարություն են օգտագործում։ Բարձրանում են ծառը, վազելով մի ճյուղից մյուսն են ցատկում, հավանաբար 9 մետր ջրից բարձր, հետո փորով խփվում են ջրին և հնարավորինս արագ լողում դեպի մյուս ափ։ Այս մարտավարությունը օգտագործում են անգամ մայր կապիկները՝ ձագերին իրենց վրա տանելով։ Երբեմն ամբողջ հոտն է ջուրը լցվում, և մի խելագար հոսք առաջացնելով՝ ուղղվում դեպի մյուս ափ։ Սակայն ամենավտանգավոր թշնամին կոկորդիլոսը չէ։

Առնված են պաշտպանության տակ

Մեծաքիթ կապիկները ընդգրկվել են ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցուցակի մեջ, քանի որ իրենց հայրենիքում մի քանի հազար են մնացել, և գնալով նրանց թիվը պակասում է։ Ինչ խոսք, մարդու կողմից արվող հրդեհները, ծառահատումը, տուրիզմը և արմավի յուղի պլանտացիաների համար անտառներ վերացնելը պատճառներից մի քանիսն են։ Մեկ այլ գործոն որսն է։ Ոմանք որսում են այս կապիկներին պարզապես սպորտի համար։ Մյուսները սպանում են նրանց՝ կերակուրի կամ ավանդական բժշկության մեջ օգտագործելու համար։ Քանի որ այս կապիկները հաճախ քնում են գետաբերաններում գտնվող ծառերի վրա, հեշտությամբ են դառնում որսորդի զոհը։ Երկրներից մեկում հինգ տարվա ընթացքում կապիկների թիվը 50 տոկոսով կրճատվեց, քանի որ որսորդները հաճախ որսում էին նրանց արագընթաց նավակներով։

Բնապահպանները ահազանգում են այս ոչնչացող կապիկների մասին։ Այսօր մեծաքիթ կապիկները առնված են Բոռնեոյի բնապահպանության նախարարության պաշտպանության տակ։ Սակայն բավակա՞ն է արդյոք այսքանը նրանց կյանքը փրկելու համար։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն նշենք, որ այս կենդանիները չեն համակերպվում «գերության» մեջ ապրելուն։ Իսկ եթե վերանան կենդանական աշխարհից, մեծ կորուստ կլինի, քանի որ վերջիններս տարօրինակություններ բացահայտելու աղբյուր են։

Մեծաքիթ կապիկները այն հազարավոր կենդանիներից ընդամենը մի տեսակն են, որոնց ապագան մռայլ է։ Բազում կենդանի տեսակներ արդեն անհետացել են։ Բայց իրավիճակը բոլորովին անհույս չէ. Աստված շուտով լիարժեք վերահսկողության տակ կառնի երկիր մոլորակը՝ վերացնելով անարդար մարդկանց, և իր ժողովրդին կսովորեցնի հոգ տանել իրենց երկրային տան մասին (Առակներ 2։21, 22)։ Մարդիկ «չեն վնասի և ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա,— խոստանում է Եհովա Աստված,— որովհետև երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը» (Եսայիա 11։9

[ծանոթագրություն]

a Էգերը նույնպես մեծ քիթ ունեն, սակայն այն արու կապիկների քթի չափ մեծ չէ։

[նկար 12-րդ էջի վրա]

Մեծաքիթ կապիկները ունեն առանձնահատուկ քիթ և ցմփոր են

[թույլտվությամբ]

© Peter Lilja/age fotostock

[նկար 13-րդ էջի վրա]

Արուների քիթը կախված է բերանի վրա։ Ուտելու ժամանակ քիթը պետք է մի կողմ տանել

[թույլտվությամբ]

© Juniors Bildarchiv/Alamy

[նկար 14-րդ էջի վրա]

Մեծաքիթ կապիկները հազվադեպ են մենակ լինում

[թույլտվությամբ]

© Peter Lilja/age fotostock