Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անարդարության արմատները

Անարդարության արմատները

Անարդարության արմատները

ՄՈՏ երկու հազար տարի առաջ Աստվածաշնչում ճշգրտորեն տրվել էր մեր օրերի նկարագիրը։ 2 Տիմոթեոս 3։1–4 համարներում կարդում ենք. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր.... անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող.... առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր»։

Շատերը կհամաձայնվեն, որ այս բացասական հատկությունները սովորական բան են դարձել այսօր։ Դրանք դրսևորվում են տարբեր ձևերով՝ ագահության, նախապաշարման, հակասոցիալական վարքագծի, կոռուպցիայի և ֆինանսական ծայրաստիճան անհավասարության միջոցով։ Քննենք դրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին։

ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ։ Ոմանք ասում են. «Ագահությունը առողջարար է» կամ «Ագահությունը բարիք է»։ Բայց այս պնդումները սուտ են։ Ագահությունը չարիք է։ Հաճախ ագահությունն է, որ դրդում է անհատին խաբեության, խարդախ ներդրումային ծրագրեր իրականացնելու, առանց պատասխանատվության փող պարտք տալու կամ վերցնելու։ Արդյո՞ւնքը. օրինակ՝ սնանկացում, ինչի հետևանքով շատերը տուժում են։ Ինչ խոսք, զոհերից մի քանիսը հենց իրենք են ագահ։ Բայց նրանց մեջ կան նաև աշխատասեր մարդիկ, որոնք կորցնում են տներ կամ զրկվում են նպաստից։

ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄ։ Նախապաշարումով լցված մարդիկ ուրիշներին անարդարացիորեն դատում են և նույնիսկ խտրականություն դնում ռասայի, մաշկի գույնի, սեռի, սոցիալական կարգավիճակի կամ կրոնի հիման վրա։ ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հարավամերիկյան երկրներից մեկում մի հղի կին հիվանդանոցում մահացավ այն պատճառով, որ մեկ ուրիշ հիվանդանոցում ռասայի և սոցիալական կարգավիճակի հիման վրա խտրականություն էր դրսևորվել նրա հանդեպ։ Ծայրաստիճան նախապաշարման հետևանք են էթնիկական մաքրումը և ցեղասպանությունները։

ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾ։ «Հակասոցիալական վարքագիծ» գրքում նշվում է. «Ամեն տարի տասնյակ հազարավոր ընտանիքներ են քայքայվում, հարյուր հազարավոր կյանքեր են խորտակվում, միլիոնավոր դոլարներ են կորում զուտ հակասոցիալական վարքագծի պատճառով։ Բռնությունն ու ագրեսիան այնքան մեծ տարածում են գտել մեր հասարակության մեջ, որ դժվար չէ հասկանալ, թե ինչու ապագայում պատմաբանները քսաներորդ դարի վերջը կբնորոշեն ոչ թե որպես «Տեղեկատվական դարաշրջան», այլ որպես «Հակասոցիալական դարաշրջան», ժամանակահատված, երբ հասարակությունը պատերազմի էր դուրս եկել հենց իր դեմ»։ Այս գիրքը հրատարակվել է 1997թ.-ին, և մինչ այսօր մարդկանց վերաբերմունքի մեջ և վարքագծում ոչ մի դրական փոփոխություն չի նկատվել։

ԿՈՌՈՒՊՑԻԱ։ Հարավաֆրիկյան Հանրապետության կոռուպցիայի վերաբերյալ մի հաշվետվություն նշում է, որ ավելի քան յոթ տարիների ընթացքում 25,2 միլիարդ ռենդի (4 միլիարդ դոլար) 81 տոկոսից ավելին, որը տրամադրվել էր տվյալ մարզի հիվանդանոցային ցանցին, ճիշտ ձևով չի օգտագործվել։ Գումարը, որ «պետք է ծախսվեր մարզի հիվանդանոցների, կլինիկաների և բուժկենտրոնների պայմանները բարելավելու համար», չէր ծառայել իր նպատակին, ինչպես նշում է մի պարբերագիր (The Public Manager)։

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ։ «Թայմ» հանդեսի հաշվետվության համաձայն՝ 2005թ.-ին բրիտանացիների տարեկան եկամտի մոտ 30 տոկոսը ստանում է «աշխատողների միայն 5 տոկոսը»։ Իսկ Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին «ամերիկացիների եկամտի ավելի քան 33 տոկոսը ստանում է աշխատողների 5 տոկոսը»։ Ամբողջ աշխարհում մոտ 1,4 միլիարդ մարդ ապրում է օրական 1,25 ամերիկյան դոլար կամ ավելի քիչ աշխատավարձով, իսկ չքավորության պատճառով ամեն օր 25000 երեխա է մահանում։

Որևէ լուծում կա՞

1987թ.-ին Ավստրալիայի վարչապետը նպատակ էր դրել, որ մինչև 1990 թվականը ոչ մի ավստրալացի երեխա չի ապրելու չքավորության մեջ։ Այդ նպատակը չիրագործվեց։ Հետագայում վարչապետը նույնիսկ ափսոսաց, որ այսպիսի նպատակ է ունեցել։

Այո՛, անկախ նրանից, թե որքան հզոր, հարուստ կամ ազդեցիկ է անհատը, միևնույնն է, նա մարդ է և անզոր է անարդարությունը վերացնելու։ Իրականում, անգամ հզոր մարդիկ են անարդարությունների զոհ դառնում, ծերանում և մահանում։ Այս իրողությունը հիշեցնում է հետևյալ աստվածաշնչյան համարները։

«Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

«Մի՛ ապավինեք իշխանավորներին.... որոնց մոտ փրկություն չկա» (Սաղմոս 146։3

Եթե ընդունում ենք, որ այս խոսքերը ճշմարիտ են, ապա չենք հիասթափվի՝ տեսնելով, որ մարդկանց ջանքերը հաջողությամբ չեն պսակվում։ Իսկ ի՞նչ անել, հանձնվե՞լ։ Ո՛չ։ Այս հոդվածաշարի վերջին հոդվածից կիմանանք, որ շուտով իսկական արդար աշխարհ է լինելու։ Բայց մինչ այդ մի բան կարող ենք անել։ Քննենք մեր վարքագիծը։ Այժմ հարցրու ինքդ քեզ. «Կարո՞ղ եմ ուրիշների հանդեպ արդար լինել։ Ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ»։ Հենց այս մասին կխոսվի հաջորդ հոդվածում։

[նկարներ 4 և 5-րդ էջերի վրա]

Ա. Չինաստանում ոստիկանները ձերբակալում են մի տղամարդու, որը մասնակցել է ռասայական բռնության

Բ. Կողոպուտ և ավերում Լոնդոնում

Գ. Ծայրաստիճան չքավորություն Ռուանդայի փախստականների ճամբարում

[թույլտվությամբ]

Top left: © Adam Dean/Panos Pictures; top center: © Matthew Aslett/Demotix/CORBIS; top right: © David Turnley/CORBIS