Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անարդարության հասցրած վերքերը

Անարդարության հասցրած վերքերը

Անարդարության հասցրած վերքերը

ՄԱՅՔԼԸ, որը բռնաբարության համար 27 տարի Տեխասի (ԱՄՆ) բանտերից մեկում ազատազրկման մեջ էր գտնվել, 2010 թվականին ազատ արձակվեց։ Սակայն այդպիսի հանցանք նա չէր գործել։ Նրա անմեղությունը փաստեց ԴՆԹ-ի թեստը, որը, ցավոք, այն ժամանակ առկա չէր։ Ավելի ուշ հանցագործները գտնվեցին, սակայն դատական հետապնդում չիրագործվեց, քանի որ վաղեմության օրենքի ժամկետը լրացել էր։

Շատ հանցագործներ անպատիժ են մնում։ Այդ մասին «Թելեգրաֆ» թերթում նշվում է, որ Մեծ Բրիտանիայում «անցած տասնամյակում չբացահայտված սպանությունների թիվը կրկնապատկվել է, ինչը վախ է ներշնչում՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ ոստիկանությունը և դատարանները անզոր են պայքարելու լուրջ հանցագործությունների դեմ»։

2011թ. օգոստոսին Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փորձեց մեկ ուրիշ հանցագործության դեմ պայքարել. խռովություն Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Լոնդոնում և այլ քաղաքներում։ Կատաղի ամբոխները հրդեհներ էին գցում, ջարդում էին խանութների պատուհանները և թալանում դրանք՝ ոչնչացնելով ոչ միայն առևտրի կենտրոններ, տներ և մեքենաներ, այլև մարդկանց ապրուստի միջոցները։ Ո՞րն էր պատճառը։ Շատերի կարծիքով՝ ագահությունը։ Սակայն ոմանք ասում են, որ այդ արարքները իրականում անարդարությունների դեմ ուղղված դժգոհության արտահայտում են։ Այդ խռովարարները, ինչպես ասում են որոշ մեկնաբաններ, գուցե խորապես հիասթափված ու անտեսված երիտասարդներ են, որոնք մեծացել են աղքատ թաղամասերում և բարեկեցիկ կյանքի հեռանկար չեն ունեցել։

Այս առումով ճշմարիտ են Աստվածաշնչում արձանագրված Հոբի խոսքերը. «Գոչում եմ օգնության համար, բայց արդարադատություն չկա» (Հոբ 19։7)։ Այսօր էլ շատերը աղաղակում են արդարության համար, բայց նրանց աղաղակը հաճախ չի լսվում։ Այդ դեպքում ո՞վ է ի զորու վերացնելու անարդարությունը։ Անիմա՞ստ է հույսեր փայփայել ու հավատալ, որ վաղը ավելի լավ կլինի։ Գոհացուցիչ պատասխաններ ստանալու համար նախ տեսնենք, թե ինչ է ընկած անարդարության հիմքում։