Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ծնողներս չեն հասկանում ինձ

Ինչո՞ւ ծնողներս չեն հասկանում ինձ

Երիտասարդները հարցնում են

Ինչո՞ւ ծնողներս չեն հասկանում ինձ

ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ

Ուրբաթ ժամը չորսն է, և 17-ամյա Ջիմը շտապում է դեպի դուռը։ «Ես գնո՜ւմ եմ»,— ասում է նա՝ հուսալով, որ ծնողները չեն տա իրենց մշտական հարցը։

Նա գիտի, որ ծնողները միշտ նույն հարցն են տալիս։

«Ջիմի, ե՞րբ տուն կգաս»,— հարցնում է մայրը։

Ջիմը կանգ է առնում։ «Ըըը՜»,— կմկմում է նա։— «Ինձ մի՛ սպասեք, լա՞վ»։ Երբ բացում է դուռը, որ գնա, հայրն է կանչում. «Մի րոպե, Ջի՛մ»։

Ջիմը նորից կանգ է առնում, լսում է հոր խիստ տոնը. «Դու գիտես կանոնը։ Ժամը ութին՝ առանց բացառության»։

Շրջվելով դեպի հայրը՝ Ջիմը հոգոց է հանում. «Է՜, պապ, գիտե՞ս, թե ինչ դժվար է ասել ընկերներիս, որ պետք է շուտ տուն գնամ»։

Հայրը զիջումների չի գնում։ Կրկնում է. «Ուղիղ ժամը ութին՝ առանց բացառության»։

ԳՈՒՑԵ դու էլ ես նման իրավիճակում։ Անկախ նրանից, թե ինչին է վերաբերում հարցը՝ ճիշտ ժամանակին տուն գալուն, երաժշտությանը, ընկերներիդ, թե հագուստիդ, ծնողներդ հստակ կանոններ են դրել և այդ հարցում ճկուն չեն։ Բերենք օրինակ։

«Խորթ հայրս խիստ վերաբերմունք ուներ այն երաժշտության հանդեպ, որ լսում էի։ Բանը հասնում էր նրան, որ շպրտում էի իմ բոլոր CD-ները» (Բրենդոն) a։

«Մայրս քննադատում է ինձ, որ ընկերներ չունեմ։ Բայց երբ հարցնում եմ նրան, թե կարող եմ շփվել այսինչ անհատի հետ, նա ասում է՝ ոչ, քանի որ չի ճանաչում տվյալ մարդուն։ Ես շատ եմ կոտրվում» (Քարոլ)։

«Հայրս և խորթ մայրս ստիպում են, որ սպորտային վերնահագուստը մի համար մեծ գնեմ։ Հայրս պնդում է, որ եթե շորտիկը ծնկից վերև է, ապա այն շատ կարճ է» (Սերենա)։

Ի՞նչ կարող ես անել, եթե ծնողներիդ հետ ընդհանուր լեզու չես գտնում։ Կարո՞ղ ես այդ մասին նրանց հետ խոսել։ 17-ամյա Ջոանը ասում է. «Սովորաբար ծնողներս չեն ուզում լսել ինձ»։ Իսկ 15-ամյա Էմին ասում է. «Երբ տեսնում եմ, որ ծնողներս չեն հասկանում ինձ, բերանս փակում եմ»։

Բայց պետք չէ շուտ հանձնվել։ Գուցե քեզ միայն թվում է, թե ծնողներդ չեն ցանկանում լսել քեզ։

Նկատի առ հետևյալը. անգամ Աստված է լսում մարդկանց, երբ նրանք իր հետ խոսում են իրենց իրավիճակի մասին։ Օրինակ՝ Եհովան լսեց Մովսեսին, երբ նա խոսեց հօգուտ անհնազանդ իսրայելացիների (Ելք 32։7–14; 2 Օրենք 9։14, 19

Հնարավոր է՝ մտածես, որ ծնողներդ այնքան խելամիտ չեն, որքան Աստված է։ Ու չնայած մեծ տարբերություն կա, թե ինչ էր խոսում Մովսեսը Եհովայի հետ մի ողջ ազգի ապագայի մասին, և թե ինչ ես խոսում դու ծնողներիդ հետ տուն ուշ վերադառնալու մասին, այդուհանդերձ, ընդհանուր սկզբունք կա։

Եթե լուրջ խնդրի մասին պետք է խոսես, իշխանություն ունեցող մարդիկ, այս պարագայում ծնողներդ, թերևս կցանկանան լսել քեզ։

Գաղտնիքն այն է, թե ինչպես ես ներկայացնում քո հարցը։ Հետևյալ քայլերը կօգնեն քեզ։

1. Նշիր խնդիրը։ Ներքևում գրի առ, թե որ հարցում ծնողներիդ հետ համաձայնության չեք գալիս։

․․․․․

2. Նշիր, թե ինչ ես զգում։ Գրիր մի բառ, որը ցույց կտա, թե ինչ տեսակետ ունեն ծնողներդ այն հարցի վերաբերյալ, որը քեզ վիրավորում է, տխրություն է պատճառում, շփոթեցնում է, քո մեջ կասկածներ է առաջացնում և այլն։ (Օրինակ՝ այս հոդվածի նախաբանում բերված իրավիճակում Ջիմը ցույց է տալիս, որ իր ծնողների խիստ վերաբերմունքը՝ տուն վերադառնալու ժամանակի հետ կապված, ընկերների առաջ իրեն շփոթեցուցիչ իրավիճակի մեջ է գցում։)

․․․․․

3. Մտածիր ծնողի պես։ Պատկերացրու՝ երեխա ունես և այնպիսի իրավիճակում եք, որ ինչ-որ հարցի վերաբերյալ համաձայնության չեք գալիս։ Որպես ծնող ի՞նչը քեզ ամենաշատը կմտահոգեր և ինչո՞ւ։ (Օրինակ՝ Ջիմի պարագայում ծնողները գուցե վախ են զգում՝ մտածելով նրա անվտանգության մասին։)

․․․․․

4. Վերանայիր հարցը։ Պատասխանիր հետևյալ հարցերին։

Ի՞նչ դրական բան կարող ես տեսնել ծնողներիդ տեսակետի մեջ։

․․․․․

Ի՞նչ կարող ես անել նրանց մտահոգությունները թեթևացնելու համար։

․․․․․

5. Քննարկիր խնդիրը ծնողներիդ հետ և մտածիր լուծումների մասին։ Կիրառելով վերը նշված քայլերը, ինչպես նաև քննելով «Հաղորդակցման առաջարկներ» շրջանակի խորհուրդները՝ թերևս կտեսնես, որ կարող ես հաղորդակցվել ծնողներիդ հետ ավելի հասուն ձևով։ Քելին իր հոր և մոր հետ այսպես է շփվում։ Նա ասում է. «Վիճելուց օգուտ չկա, դրանով ոչ մի հարց չի լուծվում։ Ես խնդիրը լուծում եմ՝ ծնողներիս հետ խոսելով։ Մենք միշտ երկկողմանի զիջումների ենք գնում, որ համաձայնության գանք»։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։

[ծանոթագրություն]

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

[շրջանակ 20-րդ էջի վրա]

ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

«Լսելով ավելի շատ բանի կհասնես, քան գոռալով։ Եթե լսես ծնողներիդ և փորձես հասկանալ նրանց, ամենայն հավանականությամբ նրանք էլ նույն ձևով քեզ հետ կվարվեն» (Ռայեն)։

Կարդա՛ Փիլիպպեցիներ 2։3, 4։

«Անհարգալից մի՛ պատասխանիր։ Ես այդպես էի վարվում, մինչև որ վերջապես հասկացա, որ վեճ և հետևաբար պատիժ չէր լինի, եթե կառավարեի լեզուս» (Դանիելա)։

Կարդա՛ Առակներ 17։27; 21։23։

«Սպասիր, մինչև իրավիճակը հանդարտվի, այդ ժամանակ ծնողներդ կուզեն լսել քեզ» (Քոլետ)։

Կարդա՛ Առակներ 25։11։

«Ծնողներդ պետք է իմանան, որ հարգում և լսում ես իրենց։ Նախքան քո զգացմունքները արտահայտելը հավաստիացրու, որ լսել ես նրանց և հասկացել» (Էմիլի)։

Կարդա՛ Առակներ 23։22; Հակոբոս 1։19։

[շրջանակ 20-րդ էջի վրա]

ՄԻ ՊԱՐԶ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

[նկար 20-րդ էջի վրա]

Բոլոր տարաձայնությունները չէ, որ պետք է քննարկել։ Որոշ դեպքերում կարող ես «խոսել քո սրտի հետ.... և լուռ մնալ» (Սաղմոս 4։4)։ Բիատրիս անունով մի աղջիկ ասում է. «Երբ մտածում եմ, թե որքան փոքր կլինի այդ հարցը վաղը, մեծ պրոբլեմ չեմ սարքում։ Եվ այդպես ամեն ինչ անցնում-գնում է»։

[շրջանակ 21-րդ էջի վրա]

ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ

Ինչպե՞ս եք լուծել տարաձայնությունները ձեր ծնողների հետ։ Եթե նորից պատանի լինեիք, ուրիշ կե՞րպ կվարվեիք։ Եթե այո, ապա ինչպե՞ս։

[շրջանակ/նկար 21-րդ էջի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԴ

Վինդիա. «Մի բան ասելուց առաջ մտածում եմ։ Հաշվի եմ առնում ծնողներիս կարծիքը և նախքան նրանց հետ խոսելը աղոթում եմ։ Եթե գիտեմ, որ ասածներիս պատճառով կռիվ կծագի, լուռ եմ մնում, մինչև որ կարողանամ մտքերս արտահայտել այնպես, որ կռիվ չլինի»։

Ռոս. «Երբ զգում եմ, որ ջղայնանում եմ, այդ պահին մտածում եմ, որ կարող եմ կռվի պատճառով օրս փչացնել։ Դրա համար էլ հիմա ավելի քիչ եմ բարկանում, քան առաջ»։

Ռամոնա. «Կարծում եմ՝ միշտ ճիշտ է լսել ծնողներին։ Ի վերջո, նրանց կարծիքը այդքան էլ չի տարբերվում իմ կարծիքից, և մեր միջև եղած անհամաձայնությունը այնքան էլ մեծ չէ»։