Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես լինել արդար

Ինչպես լինել արդար

Ինչպես լինել արդար

ՄԵՐ Արարիչը ուզում է, որ մենք երջանիկ լինենք, ներքին խաղաղություն ունենանք և ուրիշներին էլ երջանկացնենք։ Ուստի նա հորդորում է մեզ «արդարություն գործադրել, բարություն սիրել» (Միքիա 6։8)։ Իսկ ինչպե՞ս։ Զարգացնելով այնպիսի հատկություններ, որոնք կմղեն մեզ արդար լինելու։ Տեսնենք, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում մեզ այս հարցում։

ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄԸ։ Ագահության դեմ պայքարելու ամենազորեղ զենքը սերն է, սակայն ոչ թե ռոմանտիկ սերը, այլ անշահախնդիր սերը ուրիշների հանդեպ։ Այդպիսի «սերը.... բարի» է և «իր շահը չի փնտրում»,— գրված է 1 Կորնթացիներ 13։4, 5 համարներում։ Ավելին, այս սերը չի դրսևորվում միայն ընտանիքի և ընկերների հանդեպ։ «Եթե սիրեք ձեզ սիրողներին, էլ ի՞նչ վարձատրություն կունենաք»,— հարցրեց Հիսուսը՝ մատնանշելով այն միտքը, որ անգամ Աստծուն չճանաչող մարդիկ են սիրում նրանց, ովքեր սիրում են իրենց (Մատթեոս 5։46

ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ՆԱԽԱՊԱՇԱՐՄԱՆ ՀԱԿՈՒՄԸ։ Գործեր 10։34, 35 համարներում կարդում ենք. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։ Աստված մարդկանց փրկություն տալու համար չի կարևորում ռասան, սոցիալական կարգավիճակը կամ սեռը։ Նա տարբերություն չի դնում մարդկանց միջև ու նրա համար «ո՛չ հրեա կա, ո՛չ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ ազատ, ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին» (Գաղատացիներ 3։28)։ Եթե ընդօրինակենք Աստծուն, կկարողանանք հաղթահարել նախապաշարման հակումը։ Ահա Դորոթիի օրինակը, որն ապրել է Միացյալ Նահանգներում։

Դորոթիին այնքան էր անհանգստացնում ռասայական խտրականությունը, որ նա որոշեց մասնակցել հեղափոխության՝ ճնշված սևամորթներին թեթևացում բերելու համար։ Սակայն այդ ընթացքում նա սկսեց հաճախել Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին և խորապես տպավորվեց սևամորթ ու սպիտակամորթ մարդկանց ջերմ վերաբերմունքով։ Կարճ ժամանակ անց Դորոթին հասկացավ, որ միայն Աստված կարող է փոխել մարդկանց։ Երբ նա զգաց սպիտակամորթ Վկաների սերը իր հանդեպ, մարդիկ, որոնց նա պատրաստ էր «առանց վարանելու հանուն հեղափոխության սպանելու», նրա սիրտը լցվեց ու սկսեց լաց լինել։

ՓՈԽԻՐ ՀԱԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ։ Նախքան քրիստոնյա դառնալը Հիսուսի վաղ հետևորդները եղել էին հարբեցողներ, չարախոսներ, շորթողներ։ Սակայն Աստծու օգնությամբ նրանք այդ բացասական հատկությունների փոխարեն սկսեցին դրսևորել սեր, բարություն, մեղմություն (1 Կորնթացիներ 5։11; 6։9–11; Գաղատացիներ 5։22)։ Այսօր նույնպես միլիոնավոր մարդիկ, երկրպագելով Աստծուն, սկսում են փոփոխություններ անել իրենց կյանքում։ Տեսնենք, թե ինչ փոփոխություն արեց Ֆիրուդինը, որն ապրում է Ադրբեջանում։

Ֆիրուդինը մեծացել է մանկատանը, որտեղ հաճախ կռվել է տղաների հետ։ Հետագայում նա դարձավ ձեռնամարտի մարզիչ։ Նա ասում է. «Ես կոպիտ էի, դաժան ու բռնի։ Եթե ճաշի ժամանակ կինս՝ Զահրան, ինչ-որ բան մոռանում էր դնել սեղանին, օրինակ, ատամի փայտիկները, ծեծում էի նրան։ Իսկ եթե փողոցում զբոսնելիս որևէ տղամարդ նայում էր կնոջս, նրան էլ էի ծեծում»։

Մի օր Ֆիրուդինի կյանքում շրջադարձային բան տեղի ունեցավ։ Երբ նա իմացավ, որ Հիսուսը խնդրել էր Աստծուն ներել այն զինվորներին, ովքեր իրեն փայտին էին գամել, մեծապես ազդվեց (Ղուկաս 23։34)։ «Միայն Աստծու Որդին կարող էր այդպես վարվել»,— մտածեց նա։ Հետո սկսեց Աստծուն փնտրել։ Իսկ երբ հանդիպեց Եհովայի վկաներին, ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու նրանց առաջարկը։ Շուտով սկսեց փոխվել։ Իրականում նա այնքան բարիացավ Զահրայի հանդեպ, որ վերջինս նույնպես ցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այսօր երկուսն էլ միասնորեն երկրպագում են ճշմարիտ Աստծուն։

Ինչ խոսք, փոխվելով մենք չենք կարող հեղափոխել ողջ աշխարհը։ Բայց Աստված կարող է. նա նպատակադրել է հաստատել նոր, արդար աշխարհ։ Հիշի՛ր. 2 Տիմոթեոս 3։1–4 համարները, որոնք մեջբերված էին նախորդ հոդվածում, ցույց տվեցին, որ Աստվածաշունչը կանխագուշակել էր, թե մեր օրերում մարդիկ ինչպիսին էին լինելու։ Այս մարգարեությունը, ինչպեսև շատ ուրիշ մարգարեություններ ամբողջությամբ կատարվել են։ Հետևաբար մենք պետք է լրջորեն վերաբերվենք նաև անարդարությունը վերացնելու Աստծու խոստմանը։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածից, Աստված նույնիսկ բացահայտել է մեզ, թե ինչպես է իրագործելու այդ նպատակը։ Ինչպե՞ս։

[շրջանակ/նկար 7-րդ էջի վրա]

ՀԱՅԴԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ

Հայդին, որն ապրում է Միացյալ Նահանգներում, պատմում է. «Ես չէի համակերպվում ռասայական խտրականության, պատերազմների, չքավորության և այլ անարդարությունների հետ և լուծում էի փնտրում։ Համագործակցում էի քաղաքացիական իրավունքների շարժման հետ և ի վերջո միացա քաղաքական կուսակցության, բայց դրանով ոչ մի բան չլուծվեց»։

«Հասկանում էի, որ ավելի մեծ փոփոխություններ են պետք ու որոշեցի ընդգրկվել հիպիական շարժման մեջ։ Նորից հիասթափություն։ Նկատեցի, որ հիպիներին ավելի շատ հետաքրքրում են սեքսը, թմրանյութերը և ռոքնռոլը, քան ներկա համակարգի փոփոխությունը, ու այս բանի գիտակցումը ինձ խոր դեպրեսիայի մեջ գցեց։ Մի օր հանդիպեցի մի Եհովայի վկա կնոջ, և նա Աստվածաշնչից ցույց տվեց, թե Աստված ինչ փոփոխություններ է անելու։ Նա կարդաց Հայտնություն 21։3, 4 համարները, որոնցում ասվում է, որ Աստված սրբելու է բոլոր մարդկանց արտասուքը, վերացնելու է ցավը, տառապանքը, աղաղակը, ինչը հաճախ լինում է անարդարության հետևանքով։ Չէի հավատում, որ այդ խոստումները իրականություն կդառնան»։

«Կասկածներս վերացան, երբ իմացա, թե ինչ է ասում Աստվածաշունչը Աստծու զորության և սիրո մասին ու տեսա, թե ինչ սեր կա Եհովայի վկաների մեջ։ Հիմա անհամբերությամբ սպասում եմ Աստծու խոստումների կատարմանը»։

[նկար 6-րդ էջի վրա]

Ընդօրինակելով Աստծու սերը՝ հաղթահարում ենք նախապաշարման հակումը

[նկար 6-րդ էջի վրա]

Ֆիրուդինը իր կնոջ՝ Զահրայի հետ