Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իսկական արդարություն Աստծու կառավարության ներքո

Իսկական արդարություն Աստծու կառավարության ներքո

Իսկական արդարություն Աստծու կառավարության ներքո

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ մարգարեությունները ցույց են տալիս, որ ներկա աշխարհը փոխարինվելու է նոր աշխարհով։ Ավելին, այդ նոր աշխարհում լինելու է միայն մեկ կառավարություն՝ Աստծու Թագավորությունը, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է (Հայտնություն 11։15)։ Իսկ ինչպե՞ս է Աստծու Թագավորությունը վերացնելու անարդարությունը։ Երկու ձևով։

1. Աստծու Թագավորությունը կվերացնի մարդկային անարդար իշխանությունը։ Դանիել 2։44-ում գրված է. «Այն թագավորների [կառավարությունների] օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու.... Այն փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր [մարդկային] թագավորություններին, իսկ ինքը մնալու է հավիտյան»։

2. Աստծու Թագավորությունը կկործանի անարդարներին, իսկ արդարներին կփրկի։ Սաղմոս 37։10 համարն ասում է. «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի»։ Իսկ 28-րդ համարում կարդում ենք. «Եհովան սիրում է արդարությունը և չի լքի իրեն նվիրվածներին։ Նրանք հավիտյան կպահպանվեն»։

«Նվիրվածները» կտեսնեն, թե ինչպես են կատարվում Հիսուսի տիպար աղոթքի խոսքերը. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։10)։ Իսկ ո՞րն է Աստծու կամքը երկրի առնչությամբ։

Երբ Աստծու Թագավորությունը իշխի երկրի վրա

Կոռուպցիա և հարստահարում չի լինի։ Եբրայեցիներ 1։9-ում Հիսուսի մասին գրված է. «Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը»։ Որպես արդար Ղեկավար՝ Հիսուսը «կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին.... Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին, նրանց արյունը թանկարժեք կլինի նրա աչքերում» (Սաղմոս 72։12–14

Բոլորը կապրեն առատության մեջ։ «Երկիրն իր պտուղը կտա. Աստված՝ մեր Աստվածը, կօրհնի մեզ» (Սաղմոս 67։6)։ «Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։16)։ Մի անգամ Հիսուսը հրաշքով կերակրեց հազարավոր մարդկանց, դա նախաշողն էր այն բանի, ինչ նա անելու է Աստծու Թագավորության միջոցով (Մատթեոս 14։15–21; 15։32–38

Կատարյալ արդարություն կլինի, քանի որ արտաքին գործոնները գերիշխող չեն լինի։ «Չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի [Աստծուց], այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Իսկ Քրիստոսի մասին կարդում ենք. «Նա չի դատի միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանի զուտ իր ականջի լսածով։ Խեղճերին արդարությամբ կդատի և հօգուտ երկրի հեզերի արդարամտությամբ հանդիմանություն կանի» (Եսայիա 11։3, 4

Թագավորական իշխանությունը մո՛տ է

Այսօր տիրող իրավիճակները ցույց են տալիս, որ աշխարհը արագորեն մոտենում է իր վերջին։ Սաղմոս 92։7-ում ասվում է. «Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են, և չարիք գործողները՝ ծաղկում, միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն»։ Իսկ ի՞նչ անել Աստծու հավանությունն ունենալու և փրկվողների մեջ լինելու համար։ Հիսուս Քրիստոսն ասել է. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3

Ուզո՞ւմ ես ստանալ այդ անգին գիտելիքները։ Եթե այո, ապա Հայդիի, Դորոթիի և Ֆիրուդինի նման՝ դու էլ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։ Նրանք սիրով կպատասխանեն ձեր հարցերին։ Կրթական այս ծրագիրը անվճար է։

[շրջանակ/նկար 9-րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՆԱԼ, ԵՐԲ ԿՅԱՆՔՆ ԱՆԱՐԴԱՐ Է

Էմիլին, որն ապրում է Միացյալ Նահանգներում, յոթ տարեկանից տառապում է լեյկեմիայով (սպիտակարյունություն)։ Չնայած նրա ընկերները ժամանակ առ ժամանակ նույնպես հիվանդանում են, օրինակ, գրիպով են վարակվում, սակայն Էմիլին տարիներ շարունակ բուժման ծանր պրոցեսներով է անցնում, որոնցից է քիմիաբուժությունը։ Նա ասում է. «Լեյկեմիան ահավոր բան է»։

Չնայած կյանքը ուժեղ հարվածել է նրան, սակայն նա վհատության գիրկը չի ընկել։ Էմիլին սպասում է այն ժամանակին, երբ Աստծու Թագավորության ներքո «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Էմիլին ասում է. «Իմ սիրած համարը Մարկոս 12։30-ն է. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով»։ Երբ աղոթում եմ Եհովային, նա ինձ ուժեղ է դարձնում։ Շնորհակալություն եմ հայտնում նրան, որ ինձ լավ ընտանիք, ժողով ու նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս է տվել։ Այս հույսը ինձ շատ է զորացնում»։

[նկարներ 8 և 9-րդ էջերի վրա]

Աստծու Թագավորության ներքո բոլորը կվայելեն սննդի առատություն, իսկական արդարություն և նախապաշարումից զերծ կյանք