Դիտում ենք աշխարհը
Դիտում ենք աշխարհը
Հարավարևելյան Եվրոպայում գտնվող Վրաստանի Հանրապետությունում «վերջին տասը տարում ամուսնալուծությունների թիվը գրեթե կրկնապատկվել է»։ Ամուսնալուծվողներից շատերը 20 տարեկանից ցածր տարիքի են (FINANCIAL, ՎՐԱՍՏԱՆ)։
Իռլանդիայում 11–16 տարեկան երեխաների 17 տոկոսը «իրենց լրիվ անունը օնլայն տվել է այնպիսի մարդկանց, որոնց երբևէ չի հանդիպել»։ Նրանց տասը տոկոսը նաև տվել է «էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և նկարը» (ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ)։
Ամբողջ աշխարհում անտառների այրվելու դեպքերի ընդամենը 4 տոկոսն է բնական պատճառներով եղել։ Մյուս բոլոր դեպքերում կրակը գիտակցաբար կամ անգիտակցաբար բռնկել են մարդիկ (PRESSEPORTAL, ԳԵՐՄԱՆԻԱ)։
«Ամերիկացիներից գրեթե 10 հոգուց մեկը [12 կամ բարձր տարիքի] կանոնավորաբար ապօրինի թմրադեղեր է օգտագործում, այդ թվում մարիխուանա, կոկաին, հերոին, հալյուցինոգեններ, ինհալյատորներ կամ դեղատոմսով բաց թողնվող հանգստացնող դեղամիջոցներ» (USA TODAY, ԱՄՆ)։
Ինքնատիրապետումը կայունության գաղտնիքն է
«Հետազոտողները կարծում են, որ պատանեկության տարիներին ինքնատիրապետման պակասը կարող է նշան լինել, որ չափահաս տարիքում անհատը գուցե ունենա առողջական խնդիրներ, ֆինանսական անկայուն վիճակ և քրեական անցյալ»,— ասում է «Թայմ» հանդեսը։ Նրանք ուսումնասիրել են ավելի քան 1 000 մարդկանց ծննդից մինչև 32 տարեկան հասակը։ «Ովքեր [որպես երեխաներ] ավելի իմպուլսիվ են եղել, շուտ են կոտրվել ու դժվարությամբ են սպասել իրենց ցանկությունների իրականացմանը կամ իրենց հերթին», չափահաս տարիքում, ըստ տվյալների, հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է եղել, որ ունեցել են վատ առողջություն, ցածր եկամուտ, միայնակ ծնող են դարձել կամ հանցանք են գործել։ «Կարելի է սովորել ինքնատիրապետում դրսևորել»,— նշում է հանդեսը՝ ավելացնելով. «Եթե դպրոցը և ընտանիքը վաղօրոք սովորեցնեն երեխաներին ինքնատիրապետում դրսևորել, նրանք կմեծանան առողջ և կդառնան ավելի կայուն մարդիկ»։
Վատ վարորդները ոստիկաննե՞ր
Հնդկաստանի իշխանությունները նոր միջոցներ են փորձում երթևեկության կանոնները խախտողներին ուղղելու համար. նրանք դառնալու են ճանապարհային ոստիկաններ։ Նպատակը վարորդներին օգնելն է հասկանալու, թե ինչ է նշանակում վերացնել քաոսը, որ իրենք ստեղծում են երթևեկության ժամանակ։ Այժմ վարորդներին տուգանելու փոխարեն՝ Գուրգաոնի (հյուսիսարևմտյան Հնդկաստան) ոստիկանությունը նաև պահանջում է նրանցից կես կամ ավելի ժամով ոստիկանների հետ կարգավորել երթևեկությունը։ Որոշ վարորդներ ընդունում են, որ այս դասի շնորհիվ փոխել են իրենց վերաբերմունքը։ «Երթևեկության կանոնները խախտելու համար Գուրգաոնում ամեն օր հազար հոգու տուգանում ենք,— ասում է այդ տեղանքի ոստիկանության պետ Բհատրի Արորան,— ուրեմն ամեն օր կարող ենք ունենալ 1 000 «ոստիկան» ավել»։