Աստվածաշնչի տեսակետը
Պե՞տք է աղոթելու համար գնալ տաճար, սրբավայր կամ եկեղեցի
ԲԱԶՄԱԹԻՎ մարդիկ Աստծուն աղոթելու համար կանոնավորաբար այցելում են տարբեր կրոնական վայրեր։ Ուրիշներն էլ երկար ուխտագնացության են գնում։ Ի՞նչ ես կարծում, պե՞տք է գնաս տաճար, սրբավայր կամ եկեղեցի, որ աղոթես Աստծուն։ Թե՞ կարող ես խոսել նրա հետ ցանկացած ժամի և վայրում։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Մարդկության պատմության սկզբում չկար ոչ մի երկրպագության վայր։ Մեր նախածնողների տունը մի գեղեցիկ պարտեզ էր (Ծննդոց 2։8)։ Այդտեղից նրանք հաղորդակցվում էին իրենց Արարչի՝ Եհովա Աստծու հետ։ Հետագայում, երբ երկիրը լցվեց մարդկանցով, արդար մարդիկ, օրինակ՝ Նոյը, «ճշմարիտ Աստծու հետ քայլեցին» և այդպես վարվեցին՝ առանց երկրպագության վայրեր գնալու (Ծննդոց 6։9)։ Այդ մարդիկ սիրում էին Եհովային, աղոթքի միջոցով մտերմանում էին նրա հետ ու արժանանում նրա հավանությանը։
Աստված ձեռակերտ շինություններում չի բնակվում
Հին ժամանակներում ապրած հավատարիմ մարդիկ գիտեին, որ երկրի և լայնարձակ տիեզերքի Ստեղծիչը չի ապրում ձեռակերտ շինություններում։ «Մի՞թե Աստված երկրի վրա՝ մարդկանց հետ է ապրելու»,— հարցրեց իմաստուն Սողոմոն թագավորը։ «Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել»,— իրավամբ ընդունեց նա (2 Տարեգրություն 6։18)։ Ճիշտ է, հին Իսրայելը խորան ուներ, իսկ հետագայում՝ տաճար, որտեղ, համաձայն Աստծու Օրենքի, հավաքվում էին տարեկան կրոնական տոները նշելու համար (Ելք 23։14–17)։ Սակայն նրանք կարող էին աղոթել Աստծուն ամեն ժամանակ, երբ հովվում էին հոտերը, աշխատում էին իրենց արտերում, ընտանիքի հետ ժամանակ էին անցկացնում կամ վայելում էին առանձնության պահերը (Սաղմոս 65։2; Մատթեոս 6։6)։
Մենք էլ կարող ենք աղոթել Աստծուն ցանկացած վայրում և ցանկացած ժամի։ Մեր Օրինակը՝ Հիսուս Քրիստոսը, հաճախ էր գնում հանգիստ, առանձին վայրեր, որ աղոթի (Մարկոս 1։35)։ Օրինակ՝ մի առիթով «նա գնաց լեռը, որ աղոթի, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկաս 6։12)։
Որպես հրեա՝ Հիսուսը կրոնական տոներին գնում էր Երուսաղեմի տաճար (Հովհաննես 2։13, 14)։ Այնուհանդերձ, նա կանխագուշակեց, որ կգա մի ժամանակ, երբ տաճարն այլևս չի լինի ճշմարիտ երկրպագության կենտրոն։ Մի անգամ, երբ Հիսուսը խոսում էր սամարացի կնոջ հետ Սամարիայի լեռան մոտ, որտեղ նրանք տաճար ունեին, ասաց. «Գալիս է ժամը, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք Հորը և ո՛չ էլ Երուսաղեմում»։ Հետո նա ավելացրեց, որ ճշմարիտ երկրպագուները պետք է «երկրպագեն Հորը ոգով և ճշմարտությամբ» (Հովհաննես 4։21, 23)։
Այո՛, Հիսուսը ոչ թե կենտրոնացել էր աղյուսներից պատրաստված ու կրով ներկված շինությունների, այլ անկեղծ սրտով մատուցվող ճշմարիտ երկրպագության վրա։ Բայց արդյո՞ք դա նշանակում էր, որ Հիսուսի հետևորդները, որոնք հետագայում կոչվեցին քրիստոնյաներ, երկրպագելու էին Աստծուն առանձին-առանձին (Գործեր 11։26)։ Ո՛չ, և այդպես ասելու հիմքեր կան։
Աստծու ժողովուրդը հոգևոր ընտանիք է
Աստծու ճշմարիտ ծառաները ընտանիք են՝ հոգևոր ընտանիք (Ղուկաս 8։21)։ Լավ ընտանիքի անդամները շատ գործեր միասին են անում, օրինակ՝ միասին ճաշում են, և դա ամրացնում է ընտանեկան կապերը։ Նույնը կարելի է ասել հոգևոր ընտանիքի առնչությամբ։ Քրիստոնեական հանդիպումները հոգևոր խնջույքներ են, որոնց ժամանակ ժողովի անդամները սնուցում են իրենց ներքին անձնավորությունը և ամրացնում հոգևոր կապերը։ Պողոս առաքյալը գրեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց» (Եբրայեցիներ 10։24, 25)։
Ուստի ճշմարիտ քրիստոնյաները գիտակցում են, որ ժողովը մեծ դեր է խաղում այն հարցում, որ յուրաքանչյուր անդամ հոգևոր հատկություններ զարգացնի, որոնք հնարավոր չէր լինի մշակել, եթե նրանք մեկուսացած լինեին։ Այդպիսի հատկություններից են սերը, ներողամտությունը, բարությունը, մեղմությունն ու խաղաղությունը (2 Կորնթացիներ 2։7; Գաղատացիներ 5։19–23)։
Իսկ որտե՞ղ էին վաղ քրիստոնյաները հավաքվում շփվելու և երկրպագելու համար։ Հաճախ նրանք հանդիպում էին առանձին տներում (Հռոմեացիներ 16։5; Կողոսացիներ 4։15)։ Օրինակ՝ երբ Պողոս առաքյալը գրեց իր հավատակցին, նա նաև իր նամակն ուղղեց նրա «տան մեջ եղող ժողովին» * (Փիլիմոն 1, 2)։
Այսօր նույնպես Աստծու ժողովուրդը չունի շքեղ կրոնական շինություններ, հակառակը՝ ունի վայրեր, որոնք հարմարավետ են, և բոլոր այցելուների համար տեղ կա այնտեղ։ Եհովայի վկաները այդպիսի վայրերը կոչում են Թագավորության սրահ։ Հավանաբար, ձեր տարածքում էլ կա Թագավորության սրահ։ Այս շինությունները արտաքինից համեստ են, իսկ հանդիպումների ժամանակ ճոխ արարողություններ չեն արվում։ Այնտեղ երգում են, աղոթում և Աստվածաշունչ քննարկում։
Բայցևայնպես, Եհովայի վկաները գնահատում են այն, որ կարող են առանձնանալ ու մտերմանալ Աստծու հետ։ Ուստի թե՛ ընտանիքները և թե՛ անհատները ամեն օր ժամանակ են տրամադրում աղոթելուն։ «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»,— ասվում է Հակոբոս 4։8-ում։
[ծանոթագրություն]
^ Հունարեն «ժողով» բառը հայերեն որոշ Աստվածաշնչերում թարգմանվել է «եկեղեցի»։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Արդյոք Աստված ձեռակերտ շինություններո՞ւմ է բնակվում (2 Տարեգրություն 6։18)։
● Որտե՞ղ Հիսուսը գիշերն անցկացրեց աղոթելով (Ղուկաս 6։12)։
● Ինչո՞ւ են ճշմարիտ երկրպագուները հավաքվում միասին (Եբրայեցիներ 10։24, 25)։
[մեջբերում 15-րդ էջի վրա]
Արդյոք որոշ վայրերում քո աղոթքները ավելի շա՞տ կլսվեն