Պոդագրա. պատճառները և ռիսկի գործոնները
Պոդագրա. պատճառները և ռիսկի գործոնները
ՊՈԴԱԳՐԱՆ (նաև՝ հոդատապ) հոդաբորբի ամենատարածված տեսակներից է և կարող է անտանելի լինել։ «Հոդաբորբ» գրքում ասվում է. «Պոդագրան հիվանդություն է, որը պայմանավորված է օրգանիզմում միզաթթվի փոխանակության խանգարմամբ։ Այս հիվանդության պատճառը հստակ բնորոշված է. հոդի ձուսպային հեղուկում միզաթըթվի բյուրեղների առկայությունը.... հատկապես ոտքի բութ մատի շրջանում» (Arthritis)։
Միզաթթուն վնասակար նյութ է, որը շրջանառվում է արյան մեջ և օրգանիզմում պուրինային փոխանակության վերջնական արդյունք է։ Երբ միզաթթուն օրգանիզմում կուտակվում է, ինչը սովորաբար մեզում բավարար չափով չլուծվելու արդյունք է, բութ մատի հոդի մեջ ձևավորվում են միզաթթվի բյուրեղներ, չնայած այն կարող է ախտահարել նաև այլ հոդեր։ Հոդը բորբոքվում է և ուռչում, տանջալի ցավ է պատճառում, դիպչելիս տաքություն ես զգում *։ Ալֆրեդ անունով մի հիվանդ ասում է. «Նույնիսկ թեթև հպումը անտանելի սուր ցավ է առաջացնում»։
Մի հաղորդագրության մեջ նշվում է. «Պոդագրայի նոպան սովորաբար մոտ մեկ շաբաթ է տևում, եթե բուժման համար քայլեր չեն ձեռնարկվում։ Հաջորդ նոպան կարող է լինել ամիսներ և նույնիսկ տարիներ հետո։ Եթե ամբողջական բուժում չկիրառվի, նոպաների միջև ընդմիջումը հնարավոր է կարճանա, դրանք [կարող են դառնալ] ավելի ցավոտ, իսկ հոդերը կարող են մեկընդմիշտ վնասվել։ Երբեմն պոդագրան կարող է քրոնիկ (երկարատև) ընթացք ստանալ» (Arthritis Australia)։
Պոդագրան հոդաբորբի տեսակներից ամենաբուժելին է։ Բուժումը հաճախ ընդգրկում է ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղանյութեր, իսկ կրկնվելու կամ խիստ ցավոտ նոպաների դեպքում՝ ալոպուրինալ դեղանյութ, որն օգնում է կանխելու միզաթթվի ձևավորումը։ Սակայն հնարավո՞ր է արդյոք կանխել կրկնվելու հավանականությունը։ Թերևս հնարավոր է, եթե հիվանդը գիտի ռիսկի գործոնները։
Կրկնվելու ռիսկի գործոնները
Ռիսկի հիմնական գործոններն են տարիքը, սեռը և ժառանգական բնույթը։ Որոշ մասնագետների կարծիքով՝ հիվանդների ավելի քան 50 տոկոսը իրենց ընտանիքում ունեցել է այս հիվանդությունը։ Ալֆրեդը, որի մասին նշվեց վերևում, ասում է. «Թե՛ հայրս, թե՛ պապս ունեցել են պոդագրա»։ Ավելի հաճախ հիվանդանում են 40–50 տարեկան տղամարդիկ։ Իրականում, տղամարդիկ երեք-չորս անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք, որոնց մոտ այս հիվանդությունը հազվադեպ զարգանում է դաշտանադադարից առաջ։
Ճարպակալում և սննդակարգ։ Մի հանրագիտարանում նշվում է. «Պոդագրայի ժամանակ սննդակարգում կարծես այլևս հարկավոր չէ սահմանափակել պուրինային հիմքեր ունեցող սննդամթերքի օգտագործումը, հակառակը՝ բժիշկները կենտրոնանում են նյութափոխանակության խանգարումները բուժելու վրա, քանի որ պոդագրային սովորաբար նպաստում են ճարպակալումը, ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականության սինդրոմը և դիզլիպիդեմիան», կամ՝ արյան մեջ լիպիդների ոչ նորմալ մակարդակը, օրինակ՝ խոլեստերինը (Encyclopedia of Human Nutrition)։
Այդուհանդերձ, որոշ մասնագետներ նաև խորհուրդ են տալիս կրճատել պուրինային հիմքերով հարուստ սննդամթերքի օգտագործումը, օրինակ՝ թթխմոր պարունակող սնունդ, ձկնեղեն, ոչխարի, տավարի միս *։
Խմիչք։ Ալկոհոլի չարաշահումը կարող է խոչընդոտել օրգանիզմից միզաթթվի դուրս մղումը՝ բարձրացնելով միզաթթվի մակարդակը։
Առողջական վիճակ։ Միացյալ Նահանգների Մայիո կլինիկայի համաձայն՝ պոդագրան կարող է առաջանալ առողջական վատ վիճակի պատճառով, օրինակ՝ «երբ անբուժելի է մնում արյան բարձր ճնշումը (հիպերտոնիա) և անտեսվում են քրոնիկ հիվանդությունները՝ շաքարախտը, արյան մեջ ճարպերի բարձր մակարդակը և խոլեստերինը (գերճարպարյունություն), նաև զարկերակների նեղացումը (աթերոսկլերոզ)»։ Պոդագրային նպաստում են նաև «հանկարծակի կամ խիստ մրսածությունը, վնասվածքները, թերշարժունությունը, որը ուղեկցվում է անկողնային ռեժիմով», ինչպես նաև երիկամների հիվանդությունը։ Հաճախ ոտքի բութ մատի շրջանն է պոդագրայի թիրախը, ինչի պատճառը արյան վատ շրջանառությունը և ցածր ջերմաստիճանն են՝ երկու գործոն, որոնք կարող են նպաստել արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակին։
Դեղանյութեր։ Այն դեղանյութերը, որոնք նպաստում են պոդագրայի ռիսկի գործոնի բարձրացմանը, ընդգրկում են թիազիդային միզամուղներ (դեղանյութեր, որոնք օրգանիզմից հեռացնում են ջուրը և հիմնականում օգտագործվում են արյան բարձր ճնշումը իջեցնելու համար), ցածր դոզայի ասպիրին, դիմադրողականությունը թուլացնող դեղեր, որոնք ընդունում են այն հիվանդները, որոնց փոխպատվաստում են արել, և քիմիաբուժության դեղեր։
Հինգ միջոց՝ կրկնվելու ռիսկը նվազեցնելու համար
Քանի որ պոդագրան սերտ կապ ունի մեր ապրելակերպի հետ, հետևյալ առաջարկները կարող են օգնել հիվանդներին նվազեցնելու հետագա նոպաների հավանականությունը *։
1. Քանի որ պոդագրան նյութափոխանակության խանգարում է, հիվանդները պետք է պահպանեն նորմալ քաշ՝ սահմանափակելով կալորիաներով հարուստ սնունդը։ Ավելորդ քաշը ճնշում է քաշը կրող հոդերը։
2. Զգույշ եղիր, որ կտրուկ աղքատ սննդակարգի չանցնես և միանգամից քաշ չկորցնես, քանի որ դա կարող է ժամանակավորապես բարձրացնել արյան մեջ միզաթթվի մակարդակը։
3. Խուսափիր չափազանց շատ սպիտակուցներով հարուստ սննդից, հատկապես մսեղենից։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս օրաբաժնի մեջ ընդգրկել 170 գրամ անյուղ միս, այդ թվում նաև թռչնամիս և ձկնեղեն։
4. Եթե ալկոհոլային խմիչք ես օգտագործում, եղիր չափավոր։ Իսկ եթե նոպաներ են լինում, խելամիտ կլինի ընդհանրապես չօգտագործել ալկոհոլ։
5. Առատորեն հեղուկներ ընդունիր, որպեսզի միզաթթվի աղերը օրգանիզմում լուծվեն և հեռացվեն *։
Այս առաջարկները մեզ հիշեցնում են աստվածաշնչյան պատվերը՝ լինել «սովորությունների մեջ չափավոր» և «չափից շատ գինի» չխմել (1 Տիմոթեոս 3։2, 8, 11)։ Կարող ենք վստահ լինել, որ մեր սիրառատ Արարիչը գիտի, թե ինչն է մեզ համար օգտակար։
[ծանոթագրություններ]
^ Նմանատիպ ախտանշաններ կարող են լինել, երբ կալցիումի պիրոֆոսֆատի բյուրեղներ են ձևավորվում հոդերում, հատկապես աճառներում, որոնցով ծածկված են ոսկրերի հոդամակերեսները։ Սակայն պսևդոպոդագրան (կեղծ պոդագրա) ուրիշ հիվանդություն է, որի համար այլ բուժում է կիրառվում։
^ Մի պարբերագրի համաձայն՝ պուրինային հիմքերով հարուստ սնկերի և բանջարեղենի, օրինակ՝ լոբու, ոսպի, ոլոռի, սպանախի և ծաղկակաղամբի օգտագործումը «չի մտնում սուր պոդագրայի ռիսկի ուժեղ գործոնների մեջ» (Australian Doctor)։
^ Այս հոդվածը բժշկական ուղեցույց չէ։ Յուրաքանչյուր հիվանդ ինքը պետք է ընտրի իր բուժումը, նաև չպետք է դադարի իրեն նշանակված դեղամիջոցները օգտագործելուց և չպետք է սննդակարգում կտրուկ փոփոխություններ անի՝ առանց իր բժշկի հետ խորհրդակցելու։
^ Այս տեղեկությունը տրամադրել է Մայիո կլինիկան, որը զբաղվում է բժշկական կրթությամբ և հետազոտություններով։
[գծապատկեր/նկարներ 24-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Բորբոքված հոդ
Ձուսպաթաղանթ
[նկար]
Միզաթթվի կուտակված բյուրեղներ