Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փողն էլ չորս ոտք ունի

Փողն էլ չորս ոտք ունի

Փողն էլ չորս ոտք ունի

«ՄԵՐ կողմերում խոզը մեծ արժեք ունի ընտանիքի համար, ուստի խոզ պահելը մեծ պատասխանատվություն է»,— ասում է Էնմարի Կանին՝ 17-ամյա մի աղջիկ, որն ապրում է Պապուա Նոր Գվինեայի լեռնային շրջանում։ «Մի օր հայրս խոզուկ բերեց, որ պահեմ։ Ես շատ ոգևորվեցի, բայց անհանգստացա, որովհետև խոզուկը շատ փոքր էր, ու մտածեցի, որ նա չի ապրի»։

Ինչպե՞ս Էնմարին հոգ տարավ այդ խոզուկի մասին։ Եվ ինչո՞ւ են խոզերը Պապուա Նոր Գվինեայում ապրող գյուղացիների համար նույնքան արժեքավոր, որքան փողը։ Ահա թե ինչ պատմեց աղջիկը «Արթնացե՛ք»-ին։

Նկարագրիր, թե որտեղ ես ապրում

Ծնողներիս, փոքր քույրերիս ու եղբայրներիս հետ (երկու քույր, երկու եղբայր) ապրում եմ ծղոտե տան մեջ հեռավոր լեռնային գյուղում։ Գյուղն ունի մոտ 50 բնակիչ, որոնք իմ բարեկամներն են։ Մենք ապրում ենք մի գետակի մոտ, որն անցնում է խիտ անտառներով ծածկված խորդուբորդ բլուրների միջով։

Գյուղում մարդկանց մեծ մասը զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Իմ ընտանիքն ունի մեծ բանջարանոց, որտեղ աճեցնում ենք քաղցր կարտոֆիլ (բաթաթ), դդում, վարունգ, սուրճ և այլ բաներ։ Ես սիրում եմ բանջարեղեն աճեցնել, որովհետև ինձ դուր է գալիս ֆիզիկական աշխատանքը։ Ուրիշ գործեր էլ եմ անում, օրինակ՝ տունն եմ մաքրում, լվացք եմ անում ու հոգ եմ տանում մեր խոզի մասին։

Ինչպե՞ս ես հոգ տանում քո խոզի մասին

Երբ մեկ տարի առաջ հայրս խոզուկին մեր տուն բերեց, նա շատ փոքր էր։ Չէի կարողանում ձեռքերիս մեջ պահել։ Ամեն օր նրան կերակրում էի ձկան փոշու խառնուրդով, որի մեջ կար կարտոֆիլի պյուրե, ջուր, աղ և շաքարեղեգի հյութ։ Գիշերները, երբ արդեն ցուրտ էր լինում, քնեցնում էի նրան բրնձի դատարկ տոպրակի մեջ, որը կախում էի առաստաղից՝ վառարանի մոտ։ Ու ես էլ քնում էի հատակին։ Այդպես խոզուկը մեծացավ ու քաշ հավաքեց։

Ես նրան կանչում էի Խոզ, ու դա դարձավ նրա անունը։ Խոզը ոնց որ երեխաս լիներ։ Կերակրում էի նրան, լողացնում էի և ժամերով խաղում նրա հետ։ Խոզը շատ կապվեց ինձ հետ, և ուր գնում էի, հետևիցս գալիս էր։

Երբ Խոզը մի քիչ մեծացավ, վարժեցրի նոր գրաֆիկի, որին մինչև հիմա հետևում ենք։ Վզից կապում եմ պարանը ու տանում մեր բանջարանոց, ուր հասնելու համար 15 րոպե քայլում ենք։ Երբ տեղ ենք հասնում, պարանը կապում եմ ծառից, ու ամբողջ օրը նա ազատ տարածության մեջ հողն է փորփրում։ Պինդ վզի և դնչի շնորհիվ նա հողի միջից գտնում է որդեր ու արմատներ՝ միևնույն ժամանակ մշակելով ու պարարտացնելով հողը։ Օրվա վերջում տուն եմ տանում ու նախքան իր փայտե բնում քնեցնելը տալիս եմ հում և եփած քաղցր կարտոֆիլ։

Ինչո՞ւ են խոզերը այդքան կարևոր լեռնաբնակների համար

Մենք՝ լեռնաբնակներս, մի ասացվածք ունենք՝ «փողը խոզ է, խոզը՝ փող»։ Մինչև փողի ի հայտ գալը մարդիկ խոզերին օգտագործում էին փողի տեղ։ Եվ այդ սովորությունը մինչև այսօր պահպանվել է։ Մի անգամ մեքենա վաճառողները գովազդ էին անում, որ եթե նոր մեքենա գնես, կենդանի խոզ նվեր կստանաս։ Ցեղերը հաճախ վեճերը հարթում են փող և խոզ փոխանակելով։ Շատ փեսացուներ էլ հարսնացուների ծնողներին կամ տոհմին խոզեր են տալիս որպես հարսնագին։

Փաստորեն, խոզ ուտելը ձեզ համար ունեցվածք կորցնել է

Ճիշտ եք։ Քանի որ խոզերը շատ արժեքավոր են, մենք խոզի միս ուտում ենք հատուկ առիթների ժամանակ, օրինակ՝ թաղման կամ ուրիշ կարևոր արարողությունների։ Իսկ որոշ ցեղեր հարյուրավոր խոզեր են մորթում մեծ արարողությունների ժամանակ՝ ցույց տալու, թե որքան հարուստ են, կամ էլ իրենց արված լավության դիմաց մաղարիչ անելու համար։

Ձեր խոզերին ի՞նչ եք անելու

Ճիշտ ասացիք՝ խոզերին, որովհետև մեր Խոզը գոճիներ է ունեցել, որոնցից մեկին վերջերս վաճառեցինք 100 կինայով (մոտ 40 դոլար)։ Այդ փողով ավտոբուսով գնացինք Եհովայի վկաների մարզային համաժողով, որն անցկացվում էր մոտակա Բանզ քաղաքում։ Խոզի մյուս գոճիներին հայրիկը հավանաբար կվաճառի, որ հոգա ընտանիքի առօրյա կարիքները։

Ինչո՞ւ ավելի շատ խոզ չեք պահում

Մեր նպատակը հարստություն կուտակելը չէ, այլ անհրաժեշտ բաներ ունենալը՝ ուտելիք, հագուստ և ծածկ։ Մեր ընտանիքը ավելի շատ կենտրոնացած է հոգևորի վրա՝ ծառայել Եհովա Աստծուն, հաճախել քրիստոնեական հանդիպումներին, օգնել ուրիշ մարդկանց ինչով կարող ենք՝ նյութապես կամ հոգևորապես, և որպես ընտանիք՝ միասին ժամանակ անցկացնել։ Մենք պարզ կյանքով ենք ապրում, բայց մտերիմ ենք իրար հետ ու երջանիկ։

Ասեմ, որ հիմա կես դրույքով աշխատում եմ որպես այգեգործ ու խոզապահ։ Իմ հիմնական գործը քարոզչությունն է՝ հարևաններիս Աստվածաշնչի ճշմարտությունները պատմելը։ Շաբաթվա մեծ մասը զբաղված եմ այս գործով, որը Հիսուսն է հանձնարարել իր հետևորդներին (Մատթեոս 28։19, 20)։ Հույս ունեմ մի օր աշխատել Եհովայի վկաների Փորտ Մորսբիի մասնաճյուղում, որտեղ աստվածաշնչյան գրականությունը թարգմանվում է տեղի լեզուներով։ Բայց եթե չհասնեմ այդ նպատակիս, գիտեմ, որ Եհովային ծառայելով և հոգևորը առաջին տեղում դնելով՝ միշտ շատ երջանիկ կլինեմ։ Ես գոհ եմ այն նյութական միջոցներից, որ ստացել եմ այս «չորսոտանի» փողից։

[շրջանակ/​նկար 12-րդ էջի վրա]

ՏՎՅԱԼՆԵՐ ԽՈԶԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

● Նոր Գվինեա կղզում կա առնվազն երկու միլիոն խոզ, այսինքն՝ յուրաքանչյուր 3 բնակչին հասնում է մոտ 1 խոզ։

● Գյուղացիների կեսից ավելին խոզ ունի։

[քարտեզներ 10-րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

ԻԴՈՆԵԶԻԱ

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԻՆԴՈՆԵԶԻԱ

ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ

ՓՈՐՏ ՄՈՐՍԲԻ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ

ԱՎՍՏՐԱԼԻԱ

[նկար 10-րդ էջի վրա]

Գնում ենք այգի

[նկար 11-րդ էջի վրա]

Այժմ լողանալու ժամն է

[նկար 11-րդ էջի վրա]

Հիմա խաղում ենք