Աստվածաշունչ. ճշգրիտ մարգարեությունների գիրք. մաս 5
Բարի լուր ողջ մարդկության համար
Ութ մասից բաղկացած այս հոդվածաշարը կլուսաբանի Աստվածաշնչի գլխավոր երեսակը՝ մարգարեությունները։ Այն կպատասխանի հետևյալ հարցին. «Աստվածաշնչյան մարգարեությունները խելացի մարդկանց մտահղացո՞ւմն են, թե՞ դրանք ներշնչվել են Աստծու կողմից»։ Փաստերը քննելուց հետո ինքներդ կարող եք եզրակացություն անել։
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆՆ ուղղված Աստծու ուղերձը գտնվում է Աստվածաշնչում, և դա բարի լուր է։ Այդ պատճառով Հիսուս Քրիստոսը իր երկրային կյանքը նվիրեց «թագավորության բարի լուրը» քարոզելուն (Ղուկաս 4։43)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը կառավարություն է և այն կործանելու է մարդկային ճնշող իշխանությունը, խաղաղություն է հաստատելու և վերացնելու է այն ամենը, ինչ այսօր մարդկանց ցավ ու տառապանք է պատճառում (Դանիել 2։44; Մատթեոս 6։9, 10)։ Իրոք որ, բարի լուր։
Անշուշտ, այսպիսի բարի լուրը պետք է տարածվեր հնարավորինս շատ վայրերում։ Սակայն երբ Հիսուսը մահացավ, նրա հետևորդները մի փոքր խումբ էին։ Արդյո՞ք այդ բարի լուրի քարոզչությանը վերջ կդրվեր նրա մահով։ Աստվածաշունչը ճիշտ հակառակն էր կանխագուշակել։ Մարգարեացվել էր հետևյալը։ 1) Բարի լուրը համաշխարհային տարածում էր ունենալու։ 2) Այն սաստիկ հակառակության էր դիմագրավելու։ 3) Կեղծ քրիստոնյաներ էին հայտնվելու և մոլորեցնելու էին շատերին։ Քննենք այս մարգարեությունները առանձին-առանձին։
Բարի լուրը քարոզվելու էր բոլոր ազգերին
Մարգարեություններ.
«Բոլոր ազգերի մեջ նախ բարի լուրը պիտի քարոզվի» (Մարկոս 13։10)։ «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։
Կատարում. Հիսուսի մահից շատ չանցած՝ նրա աշակերտները ողջ Երուսաղեմը լցրին Թագավորության մասին բարի լուրով։ Նրանք քարոզեցին ողջ Հրեաստանում և մոտակա Սամարիայում, իսկ 15 տարի հետո միսիոներներ ուղարկվեցին Հռոմեական կայսրության այլ մասեր։ Արդեն մ.թ. 61թ.-ին կարելի էր ասել, որ բարի լուրը քարոզվել էր մինչև աշխարհի «ծայրերը»։
Ինչ է պատմությունը բացահայտում
- Երկրորդ դարի պատմական աղբյուրները վկայում են քրիստոնեության արագ տարածման մասին։ Հռոմեացի պատմիչ Սվետոնիոսը քրիստոնյաների մասին ասում էր, որ մ.թ. 49թ.-ին նրանք արդեն հաստատվել էին Հռոմում։ Մոտ մ.թ. 112թ.-ին Պլինիոս Կրտսերի՝ Բութանիայի (այժմ Թուրքիայի տարածքում է) կառավարչի կողմից Տրայանոս կայսրին ուղղված մի նամակում քրիստոնեության մասին խոսվում է որպես «վարակիչ հիվանդության», որը «տարածվել էր ոչ միայն քաղաքներում, այլև գյուղերում և ագարակներում»։ Ամփոփելով փաստերը՝ մի պատմիչ հետևյալ եզրակացությունն է անում. «Առաքելական դարաշրջանից հարյուր տարի էլ չէր անցել, որ Հռոմեական կայսրության գլխավոր քաղաքներում քրիստոնեական երկրպագության վայրեր կային»։
- «Վաղ Եկեղեցին» գրքում պրոֆեսոր Հենրի Չադվիքը նշում է, որ հավանականությունը մեծ էր, որ քրիստոնեությունը անկում կապրեր, և ոչ ոք չէր ակնկալում, որ այն կտարածվի ու մեծ հաջողությունների կհասնի (The Early Church)։
Հակառակություն բարի լուրին
Մարգարեություն.
«Իմ պատճառով ձեզ դատարաններին կմատնեն, ժողովարաններում կծեծեն և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ՝ նրանց վկայություն լինելու համար» (Մարկոս 13։9)։
Կատարում. Քրիստոնյաները հալածվում էին հրեաների և հռոմեացիների կողմից։ Նրանց ձերբակալում էին, բանտարկում, ծեծում և մահվան դատապարտում։
Ինչ է պատմությունը բացահայտում
- Հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսը առաջին դարում իր գրվածքներում արձանագրել է հրեա կրոնական առաջնորդների ձեռքով Հիսուսի եղբայր Հակոբոսի սպանության մասին։ Աստվածաշունչը նշում է, որ երբ դատավարության ժամանակ Հիսուսի աշակերտներին դատապարտեցին, Գամաղիելը՝ հրեաների բարձրագույն ատյանի մի հարգված անդամ, նախազգուշացում տվեց (Գործեր 5։34–39)։ Աշխատությունները հաստատում են, որ Գամաղիել անունով մարդ գոյություն ունեցել է, և ասում են, որ նա ազատամիտ անձնավորություն է եղել։
- Պատմիչները տեղեկացնում են, որ մ.թ. 64թ.-ին Ներոն կայսրի իշխանությունից սկսած՝ հռոմեացի կայսրերը հաճախ են հալածել քրիստոնյաներին։ Տրայանոս կայսեր և Պլինիոս Կրտսերի միջև եղած նամակագրությունից երևում է, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվել այն քրիստոնյաների նկատմամբ, ովքեր չեն հրաժարվել իրենց հավատից։
- «Հալածանքը, փոխանակ ստիպելու, որ եկեղեցին [քրիստոնյաները] ընդհատակ անցնի, լրիվ հակառակ արդյունքներ բերեց»,— նշում է պրոֆեսոր Չադվիքը։ Փախչելով՝ քրիստոնյաները բարի լուրը տարան նոր տարածքներ (Գործեր 8։1)։ Նրանք հաստատակամ մնացին անգամ այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները և ընկերները ուրացան իրենց։ Իրոք որ սա ապշեցուցիչ է, քանի որ Հիսուսի հետևորդները «անուսում և հասարակ մարդիկ» էին ու քաղաքական ազդեցություն չէին գործադրում ուրիշների վրա (Գործեր 4։13)։ Պատմիչները հաստատում են, որ «խանութպաններն ու առևտրականները.... ավելի հեշտությամբ էին ընդունում Ավետարանը»։
Վաղ քրիստոնյաների պատմությունը ուսումնասիրելով՝ աստվածաշնչագետները զարմանում են, թե ինչպես կարող էին մի խումբ աննշան մարդիկ, չնայած խիստ ու դաժան հալածանքին, այդքան արագ տարածել քրիստոնեությունը։ Սակայն այս անհավատալի իրադարձությունների մասին Հիսուսը կանխագուշակել էր նախքան դրանց կատարումը։ Աստվածաշունչը կանխագուշակել էր նաև, որ բարի լուրի քարոզչությունը ընդհատվելու էր։
Հայտնվում են կեղծ քրիստոնյաներ
Մարգարեություններ.
«Գիշատիչ գայլեր կմտնեն ձեր մեջ և հոտի հետ քնքշությամբ չեն վարվի։ Եվ հենց ձեր միջից մարդիկ կելնեն և ծուռումուռ բաներ կխոսեն աշակերտներին իրենց հետևից քաշելու համար» (Գործեր 20։29, 30)։ «Ձեր մեջ սուտ ուսուցիչներ կլինեն։ Հենց սրանք են, որ աննկատ կտարածեն կործանարար աղանդավորությունը.... և սրանց պատճառով ճշմարտության ճանապարհի մասին անարգանքով կխոսվի» (2 Պետրոս 2։1, 2)։
Կատարում. Քրիստոնեական ժողովը ապականվեց կոպիտ, խաբեբա և փառասեր մարդկանց կողմից։
Ինչ է պատմությունը բացահայտում
- Հատկապես Հիսուսի առաջին հետևորդների մահից հետո ճշմարիտ քրիստոնեությունը աստիճանաբար ընկավ հեղինակավոր մարդկանց ազդեցության տակ, ովքեր քրիստոնեական ժողովի միջից էին։ Նրանք քրիստոնեական ուսմունքները ապականեցին հունական փիլիսոփայությամբ։ Շուտով առաջ եկավ հոգևորական դաս, որը իր ազդեցությամբ և հարստությամբ սկսեց նմանվել քաղաքական ղեկավարներին։ Պատմիչների համաձայն՝ այն ժամանակ, երբ «քրիստոնեությունը» ընդունվեց որպես Հռոմի պետական կրոն, առաջին դարի քրիստոնեական ժողովից հետք անգամ չէր մնացել։
- Դարերի ընթացքում քրիստոնեության այս աղավաղված ձևը դաժանության և ագահության համբավ ձեռք բերեց։ Փոխանակ փաստեին, որ Հիսուսի հետևորդ են, հոգևորականները հալածում էին նրանց, ովքեր ընդօրինակում էին Հիսուսի ուսուցանելու մեթոդները և փորձում էին Աստվածաշունչը թարգմանել հասարակ մարդկանց լեզվով։
Այն դարերում, երբ կեղծ քրիստոնեությունը մեծ զորություն և ազդեցություն ուներ, թվում էր, թե բարի լուրը այլևս չի քարոզվելու։ Սակայն Հիսուսը ցույց տվեց, որ բարի լուրը վերածնվելու է վերջին օրերում։ Նա այս ժամանակահատվածը նմանեցրեց հնձի, որի ժամանակ կեղծ քրիստոնյաները, որոնք ներկայացվում էին որպես որոմներ, առանձնանալու էին իսկական քրիստոնյաներից՝ խորհրդանշական ցորենից (Մատթեոս 13։24–30, 36–43)։ Եվ հենց այդ ժամանակ բարի լուրը քարոզելու մասին մարգարեությունը ունենալու էր իր ամենամեծ կատարումը (Մատթեոս 24։14)։ Այս հոդվածաշարի հաջորդ մասում կխոսվի այդ ոգևորիչ մարգարեության մասին։