Երիտասարդները հարցնում են
Ի՞նչ կարող եմ սպասել ամուսնությունից. մաս 2
ՆԱԽՈՐԴ ՀԱՄԱՐՈՒՄ քննեցինք որոշ օգուտներ և դժվարություններ, որ կարող ես ակնկալել ամուսնությունից։
ԱՅՍ ՀԱՄԱՐՈՒՄ կքննենք, թե ինչու պետք է սպասես անսպասելիին։
Դիր ✔ նշանը այն տարբերակի կողքին, որը ամենաշատն է համապատասխանում քո կարծիքին։
Ես ակնկալում եմ, որ ապագա կողակիցս . . .
- կլինի գրավիչ
- ամեն ինչ կանի, որ ինձ լավ զգամ
- կունենա նույն նպատակները, որ ես ունեմ
- կսիրի այն զվարճությունները, որ ես եմ սիրում
Եթե կողակից ես փնտրում, բնական է, որ այսպիսի սպասելիքներ ունես։ Նույնիսկ կարող ես հանդիպել մեկին, որը կհամապատասխանի բոլոր կետերին։ Սակայն իրականությունն այն է, որ մարդիկ և հանգամանքները ժամանակի ընթացքում փոխվում են։
Ամփոփում։ Հաջող ամուսնություն ունենալու համար դու պետք է սպասես անսպասելիին։
Լավ լուր։ Ամուսնության մեջ որոշ անսպասելի կողմեր կարող են հաճելիորեն զարմացնել քեզ։
«Հիմա, երբ ամուսնացած ենք, ես նկատում եմ, որ Մարիան * ուժեղ հումորի զգացում ունի, որին ընկերության շրջանում այդքան էլ ուշադրություն չէի դարձնում։ Պատճառն այն է, որ հիմա մեր մասին ավելի հավասարակշռված տեսակետ ունենք, և նույնիսկ այն խնդիրները, որոնց բախվում ենք, քիչ կարևոր են թվում» (Մարկ)։
Վատ լուր։ Ամուսնության մեջ որոշ անսպասելի կողմեր կարող են տհաճ լինել։ Քննենք մի օրինակ։
Պատկերացրու՝ դու և ապագա կողակիցդ նպատակ ունեք միսիոներ ծառայելու օտար երկրում։ Սակայն ամուսնությունից հետո կողակցիդ մոտ առողջական լուրջ խնդիր է առաջանում, և այդ պատճառով չեք կարողանում հասնել ձեր նպատակին։ Իրականում, հնարավոր է, որ նման բան պատահի, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «վատ բաներ պատահում են բոլորին» (Ժողովող 9։11, Holy Bible—Easy-to-Read Version)։ Անկասկած, դու շատ կցավես կողակցիդ համար և կվհատվես, որ չեք կարող իրականացնել ձեր նպատակը։ Եթե այսպիսի անսպասելի հանգամանքներում հայտնվես, պետք է իրականությանը բաց աչքերով նայես և փոփոխություններ անես։ Ի վերջո, դու ամուսնացել ես այդ անհատի հետ, ոչ թե նպատակի։
Ամփոփում։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, ամուսնացածները «դժվարություններ» կունենան (1 Կորնթացիներ 7։28)։ Երբեմն այդ դժվարությունները առաջանում են անսպասելի հանգամանքների պատճառով։
Ինչպե՞ս կարող ես պատրաստվել անսպասելի բաներին։ Երբ ամուսնանաս, պետք է անես երկու կարևոր բան։
1. ԻՐԱՏԵՍ ԵՂԻՐ
Անկախ այն բանից, թե որքան համապատասխան եք դու և ապագա կողակիցդ, պետք է ակնկալեք, որ
- միշտ ամեն ինչում համաձայն չեք լինի
- միշտ նույն առաջնահերթությունները չեք ունենա
- միշտ երկուսիդ դուր չի գա նույն զբաղմունքը
- միշտ առաջվա պես սիրահարված չեք լինի
Վերը նշված իրավիճակները սովորական բան են։ Բայց դրանք չեն քանդի ձեր ամուսնությունը, եթե ինքներդ դա չանեք։ Հիշիր՝ Աստվածաշունչն ասում է, որ սերը «ամեն ինչի տոկում է» և «երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4, 7, 8)։
Պարզ ճշմարտություն։ Ի վերջո, հարցը խնդիրները չեն, որոնց բախվում ես, այլ թե ինչպես ես հաղթահարում դրանք։ Քո մոտեցումը կա՛մ կշինի, կա՛մ կքանդի ձեր ամուսնությունը (Կողոսացիներ 3։13)։
2. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՂԻՐ
Եթե դու և կողակիցդ վճռել եք միշտ միասին լինել, ինչ էլ պատահի, ավելի հեշտ կլինի դիմագրավել անսպասելի փոթորիկներին (Մատթեոս 19։6)։
Ոմանք պնդում են, թե հավատարմությունը ամուսնությունը բեռ է դարձնում։ Իրականում, սակայն, հակառակն է։ Հավատարմությունը փոխհարաբերությունների մեջ կայունություն է մտցնում։ Անսպասելի խնդրի բախվելիս դուք պետք է լուծումը գտնեք, ոչ թե վերջ դնեք ամուսնությանը։
Որպեսզի հավատարիմ լինես, պետք է ամուսնության մասին ունենաս իրատեսական պատկերացում, ոչ թե իդեալական։ Տարբերությունը տեսնելու համար կատարիր հետևյալ վարժությունը։
1. Պատկերացրու՝ ձրի տոմս ունես և կարող ես թռչել աշխարհի ցանկացած երկիր։ Ո՞ր երկիրը կընտրես և ինչո՞ւ։
Երկիր
Պատճառը
- բնությունը
- մշակույթը
- կլիման
- հանգիստը
- այլ
2. Պատկերացրու, որ ինքնաթիռի տոմսը միակողմանի է, և այդ երկիրը լինելու է քո հիմնական բնակավայրը։
Հիմա՞ որ երկիրը կընտրես։
- Երկիր
- կամ Ոչ մի տեղ չեմ գնա իմ երկրից։
Հավանաբար պատասխաններդ տարբերվում են։ Եթե անգամ նույնն են, թերևս այլ կերպ ես մտածել երկրորդ ընտրության ժամանակ։ Փոխանակ պատկերացնելու, թե արձակուրդդ անցկացնում ես ծովափում կամ սար ես բարձրանում, քեզ պետք է պատկերացնես որպես մշտական բնակիչ, որն ապրում է օրվա ուրախություններով ու դժվարություններով։
Ահա՛ թե ինչ տեսակետ պետք է ունենաս ամուսնության վերաբերյալ։ Եվ բացի այդ, ժամանակի ընթացքում հանգամանքները կարող են փոխվել։ Անշուշտ, դու և կողակիցդ նույնպես կփոխվեք։ Հաջողությունը կախված է այն բանից, թե արդյոք կկարողանաս սպասել անսպասելիին, պատրաստված լինել և ճիշտ վարվել այդ իրավիճակում։
Մտածիր։ Կարողանո՞ւմ ես գլուխ հանել անսպասելի իրավիճակներից հիմա, երբ ամուրի ես։
^ պարբ. 15 Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Ի՞նչ անսպասելի օրհնություններ և դժվարություններ եք ունեցել, երբ նոր էիք ամուսնացել։ Երբ ես ամուսնանամ, ինչպե՞ս կարող եմ պատրաստվել անսպասելիին։