Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Գերմանիայում 2010թ.-ին ծնված երեխաների մոտ 33 տոկոսը ապօրինի ծնունդ է, մինչդեռ 1993թ.-ին նրանց թիվը հասնում էր ընդամենը 15 տոկոսի (ÄRZTE ZEITUNG և THE LOCAL, ԳԵՐՄԱՆԻԱ)։

2010թ.-ին անցկացրած մարդահամարի տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգների երեխաների 69,4 տոկոսը ապրում է երկու ծնողի հետ, 23,1 տոկոսը՝ միայն մոր հետ, 3,4 տոկոսը՝ միայն հոր հետ, իսկ 4,1 տոկոսը չի ապրում ծնողներից որևէ մեկի հետ (ԱՄՆ-ի ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԲՅՈՒՐՈ, ԱՄՆ)։

Ըստ հաշվարկների՝ 2011թ.-ին բնական աղետները համաշխարհային տնտեսությանը 380 միլիարդ ամերիկյան դոլարի վնաս են հասցրել։ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը «բոլոր ժամանակների ամենաթանկ աղետն է եղել. 210 միլիարդ դոլարի վնաս է հասցվել՝ չհաշված Ֆուկուսիմայի միջուկային աղետի հասցրած վնասը» («ՆՅՈՒ ՍԱՅԵՆԹԻՍՏ», ԲՐԻՏԱՆԻԱ)։

Ամբողջ աշխարհում ամենից հաճախ գողացվող սննդամթերքը պանիրն է։ Աշխարհի մանրածախ ապրանքների ավելի քան 3 տոկոսը ամեն տարի կորչում է գլխավորաբար այն պատճառով, որ դրանք գողանում են գնորդներն ու խանութի աշխատողները (ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ԲՐԻՏԱՆԻԱ)։

Ֆուտբոլում գլխով հարվածելու ռիսկերը

Գլխով հարվածելը ֆուտբոլի մի մասն է։ Սակայն պատկերագրման առաջադեմ սարքավորումների ու մտային կարողությունները գնահատող թեստերի միջոցով վերջերս արված ուսումնասիրությունները անհանգստություն են առաջացրել, թե որքանով է անվտանգ խաղի ժամանակ անընդհատ գլխով հարվածելը։ Ըստ Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի (Նյու Յորք, ԱՄՆ) հետազոտողների՝ այդ գործողությունը «մեծացնում է ուղեղի վնասվածք ստանալու և իմացականության վատթարացման վտանգը»։ Նշմարելի վնասվածքներ նկատվել են սիրողական խաղացողների մոտ, որոնք տարվա մեջ ավելի քան 1000–1500 անգամներ գլխով հարվածել են գնդակին, ինչը հավասար է «օրվա մեջ մի քանի անգամ հարվածելուն»։

Հիբրիդային էլեկտրական փոխադրամիջոցները ավելի վտանգավոր են հետիոտների համար

«Մասնագետները իրենց մտահոգությունն են հայտնել հետիոտների անվտանգության վերաբերյալ, ինչը ռիսկի է ենթարկվում ՀԷՓ-երի [հիբրիդային էլեկտրական փոխադրամիջոցների] պատճառով։ Նրանց անհանգստացնում է այն, որ ՀԷՓ-երը համեմատաբար ավելի հանգիստ են և գուցե այնպիսի ձայներ չարձակեն, որոնք կնախազգուշացնեն հետիոտներին ու հեծանվորդներին, որ փողոցում կամ խաչմերուկում մեքենա է մոտենում»,— բացատրում է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը։ Նույն աղբյուրում նշվում է, որ որոշ մանևրներ կատարելիս «հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, որ ՀԷՓ-ը վթարի կենթարկի հետիոտնին», քան սովորական մեքենան։ Այդ պատճառով Մայրուղու երթևեկության անվտանգության ազգային ադմինիստրացիան առաջարկել է, որ հիբրիդային էլեկտրական մեքենաները որոշակի ձայն արձակեն ցածր արագությամբ ընթանալիս։