Երիտասարդները հարցնում են
Ինչպիսի՞ն է իսկական տղամարդը
«Հայրս մահացավ, երբ երեք տարեկան էի։ Երբեմն նախանձում եմ այն տղաներին, որոնք հայրեր ունեն։ Ինձ թվում է՝ նրանք ավելի ինքնավստահ են, քան ես» (Ալեքս) *։
«Ես շատ քիչ եմ շփվում հորս հետ։ Իմ անձնական փորձով եմ հասկացել, թե ինչ է նշանակում իսկական տղամարդ լինել» (Ջոնաթան)։
ՎԵՐՈՆՇՅԱԼ երիտասարդների նըման՝ դո՞ւ էլ նույն զգացումներն ունես։ Այս կամ այն պատճառով վախենո՞ւմ ես, որ երբեք էլ չես իմանա, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ։ Եթե այո, մի՛ վհատվիր։
Քննենք, թե ինչպես կարող ես հաղթահարել երկու տարածված խնդիր։
ԽՆԴԻՐ 1. տարածված սխալ կարծիք տղամարդ լինելու մասին
Ինչ են ասում որոշ մարդիկ
- Իսկական տղամարդը ուժեղ է, նա երբեք լաց չի լինում։
- Իսկական տղամարդը թույլ չի տալիս, որ իրեն ասեն, թե ինչ անի։
- Տղամարդիկ կանանցից ավելի լավն են։
Այլ տեսակետ։ Տղամարդկությունը ոչ թե կանացիության, այլ երեխայության հականիշն է։ Դու իսկական տղամարդ ես դառնում այն ժամանակ, երբ հետևում ես թողնում երեխայական բաները։ Պողոս առաքյալը գրել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա, այդ մանկական բաներին վերջ դրեցի» (1 Կորնթացիներ 13։11)։ Այլ կերպ ասած՝ երբ փոխես մանկական մտածելակերպդ, խոսելակերպդ և ունենաս հասուն մտածելակերպ, խոսելաձև ու գործելակերպ, այդ ժամանակ կդառնաս իսկական տղամարդ *։
Փորձիր հետևյալը։ Թղթի վրա գրիր հետևյալ հարցերի պատասխանները։
- Ո՞ր բնագավառներում եմ արդեն առաջադիմել՝ հետևում թողնելով «մանկական բաները»։
- Ո՞ր բնագավառներում պետք է փոփոխություններ անեմ։
Առաջարկում ենք ընթերցել Ղուկաս 7։36–50-ը։ Տե՛ս, թե ինչպես Հիսուսը ցույց տվեց, որ իսկական տղամարդ է՝ 1) թիկունք կանգնելով այն բանին, ինչ ճիշտ է, և 2) հարգանքով վերաբերվելով ուրիշներին, այդ թվում կանանց։
«Ես հիացած եմ իմ ընկեր Քենով։ Նա ուժեղ տղամարդ է՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալ և թե՛ հոգևոր առումով, բայց նա նաև բարի մարդ է։ Նրանից սովորում եմ, որ իսկական տղամարդը ուրիշներին չի ցածրացնում, որ ինքը բարձրանա» (Ջոնաթան)։
ԽՆԴԻՐ 2. հոր դրական կերպարի բացակայություն
Ինչ են ասում որոշ մարդիկ
- Եթե ընտանիքում հայրդ իր դերում չէ, դու երբեք չես իմանա, թե ինչ է նշանակում լինել իսկական տղամարդ։
- Եթե հայրդ վատ օրինակ է թողել, դու դատապարտված ես կրկնելու նրա սխալները։
Այլ տեսակետ։ Եթե անգամ իդեալական մանկություն չես ունեցել, դա դեռ չի նշանակում, որ կձախողվես։ Դու կարող ես բարելավել հանգամանքները (2 Կորնթացիներ 10։4)։ Թերևս նախընտրես հետևել Դավիթ թագավորի խորհրդին, որը տվեց իր որդի Սողոմոնին. «Քաջացի՛ր ու արիացի՛ր» (1 Թագավորներ 2։2)։
Իհարկե, մանկության տարիներին դժվարություններ կլինեն, երբ հայրն անտարբեր է կամ երբ երեխան մեծանում է առանց հոր։ «Եթե չես ճանաչում հորդ, կյանքում մեծ բան ես կորցնում,— ասում է Ալեքսը, որի մասին նշեցինք հոդվածի սկզբում։— Ես 25 տարեկան եմ, բայց կարծես նոր եմ սովորում այն բաները, որ պետք է մանկուց սովորած լինեի»։ Եթե դու էլ ես Ալեքսի նման զգում, ի՞նչ կարող ես անել։
Փորձիր հետևյալը։ Գտիր մի անձնավորության, որը տղամարդու լավ օրինակ կարող է լինել քեզ համար *։ Հարցրու նրան, թե իր կարծիքով՝ հատկապես որ հատկություններն են կարևոր իսկական տղամարդու մեջ։ Հետո հարցրու, թե ինչպես դու կարող ես զարգացնել այդ հատկությունները (Առակներ 1։5)։
Առաջարկում ենք ընթերցել Առակներ 1–9-րդ գլուխները։ Ուշադրություն դարձրու հայրական խորհուրդներին, որոնք կարող են օգնել տղային դառնալու իմաստուն և հոգևոր տղամարդ։
«Ես ուրախ եմ, որ այսպիսի տղամարդ եմ դառնում։ Թեև կուզեի, որ հայրս իր դերն ունենար, բայց լավատեսորեն եմ տրամադրված ապագայի հանդեպ։ Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի» (Ջոնաթան)։
^ պարբ. 3 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
^ պարբ. 12 Տե՛ս «Տղա՞, թե՞ տղամարդ» շրջանակը։
^ պարբ. 24 Լավ օրինակ կարող են լինել ժողովի երեցները։
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է իսկական տղամարդը։ Երբ հարցը լուրջ բաներին է վերաբերում, ես հասունություն դրսևորո՞ւմ եմ։