ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ինչ անենք, որ չվիճենք
ԽՆԴԻՐ
Դու և կողակիցդ չե՞ք կարողանում հանգիստ քննարկել հարցերը։ Ձեր ընտանեկան իրավիճակը նման է ականապատ դաշտի՞, որտեղ ամեն մի քայլը կարող է պայթյունավտանգ լինել։
Եթե այո, վստահ եղիր, որ ամեն ինչ հնարավոր է շտկել։ Բայց նախ պետք է պարզես, թե ինչու եք այդքան հաճախ վիճում։
ԻՆՉՈՒ ԵՔ ՎԻՃՈՒՄ
Տարաձայնություններ։
Ջիլիան * անունով մի կին ընդունում է. «Երբեմն ես ինչ-որ բան եմ ասում ամուսնուս, բայց այնպես չի ստացվում, ինչպես որ ուզում էի, կամ էլ հաստատ հիշում եմ, որ ասել եմ նրան, բայց պարզվում է, որ դա ինձ թվացել է։ Նման բան իսկապես եղել է»։
Տարակարծություններ։
Անկախ այն բանից՝ որքան համապատասխան եք իրար, ձեր հայացքները որոշ հարցերի վերաբերյալ կարող են տարբերվել։ Ինչո՞ւ։ Քանի որ չկան իրար բացարձակապես նման երկու մարդիկ. մի փաստ, որը կարող է կա՛մ զանազանություն մտցնել ձեր ամուսնության մեջ, կա՛մ լարվածություն։ Շատ զույգերի պարագայում հարաբերությունները լարվում են։
Վատ օրինակներ։
«Ծնողներս շատ էին վիճում ու վիրավորում իրար,— ասում է Ռեյչլ անունով մի կին։— Դրա համար էլ, երբ ամուսնացա, մորս պես էի խոսում ամուսնուս հետ։ Ես չէի սովորել հարգալից խոսելաձև»։
Գտիր իրական պատճառը։
Հաճախ վեճի բուն պատճառը բոլորովին այլ բան է։ Օրինակ՝ վեճի պատճառը, որը սկսվում է «դու միշտ ուշանում ես» արտահայտությամբ, գուցե բոլորովին էլ անճշտապահությունը չէ, այլ այն, որ կողակիցներից մեկը զգում է, որ ամուսինը իր հանդեպ անուշադիր է։
Ինչ էլ որ լինի պատճառը, հաճախակի վեճերը կարող են վատ անդրադառնալ ձեր առողջության վրա և նույնիսկ տանել ամուսնալուծության։ Ուրեմն ինչ անեք, որ չվիճեք։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Վեճը կանխելու գաղտնիքը դրա պատճառը պարզելն է։ Երբ հանդարտ լինեք, փորձեք անել հետևյալը։
1. Առանձին թղթերի վրա յուրաքանչյուրդ գրեք, թե վերջին անգամ ինչու եք վիճել։ Օրինակ՝ ամուսինը գուցե գրի. «Դու ամբողջ օրն անցկացրիր ընկերուհիներիդ հետ և չզանգեցիր ինձ՝ ասելու, թե որտեղ ես»։ Կինը թերևս գրի. «Դու նեղացար, քանի որ ես ընկերուհիներիս հետ էի»։
2. Ողջամտություն դրսևորելով՝ քննարկեք հետևյալը։ Հարցն իսկապե՞ս այդքան լուրջ է։ Կարո՞ղ եմ թեթև տանել։ Որոշ դեպքերում հանուն խաղաղության բավական կլինի միայն ընդունել, որ տարբեր կարծիքներ ունեք, և սիրով փակել հարցը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 17։9։
Եթե գալիս եք այն եզրահանգման, որ խնդիրն աննշան բան է, ներողություն խնդրեք իրարից և այլևս մի՛ անդրադարձեք դրան։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Կողոսացիներ 3։13, 14։
Եթե խնդիրը լուրջ է մեկիդ կամ երկուսիդ համար, անցեք հաջորդ քայլին։
3. Գրեք, թե ինչ զգացիք վեճի ժամանակ։ Օրինակ՝ ամուսինը գուցե գրի. «Ես զգացի, որ ինձ հետ շփվելու փոխարեն՝ նախընտրում ես ընկերուհիներիդ հետ շփվել»։ Կինը թերևս գրի. «Ես զգացի, որ դու ինձ երեխայի տեղ ես դնում, որը պապայի հսկողության տակ է»։
4. Փոխանակեք թղթերը և կարդացեք ձեր մեկնաբանությունները։ Ի՞նչն է իրականում անհանգստացրել կողակցիդ վեճի ժամանակ։ Քննարկեք, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ պետք է աներ, որ առանց վեճի լուծվեր բուն խնդիրը։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 29։11։
5. Քննարկեք, թե ինչ սովորեցիք այս վարժությունից։ Ձեր սովորածը ինչպե՞ս կարող եք կիրառել, որ հարթեք կամ կանխեք վեճերը։
^ պարբ. 7 Որոշ անուններ փոխված են։