Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Որքա՞ն երկար կարող ենք ապրել

Որքա՞ն երկար կարող ենք ապրել

ՀԱՐԻԵՏԸ մահացավ 2006թ.-ին, երբ 175 տարեկան էր։ Այս գալապագոսյան կրիան (Geochelone nigra) ապրում էր Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում։ Մարդկանց հետ համեմատած՝ Հարիետը երկար ապրեց, սակայն այլ կենդանի օրգանիզմների համեմատությամբ՝ նրա կյանքի տևողությունը այդքան էլ երկար չէր։ Նկատի առնենք մի քանի օրինակներ։

  • Ֆինլանդիայի մասնագետներն ասում են, որ քաղցրահամ ջրերի մարգարտաբեր փափկամարմինը (margaritifera margaritifera) կարող է ապրել 200 տարի։

  • Մոլյուսկի մի տեսակ (arctica islandica) սովորաբար ապրում է 100 տարուց ավել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նրա կյանքի տևողությունը կարող է անցնել 400 տարին։

  • Տարբեր ծառեր, օրինակ՝ սոճու (pinus longaeva), սեքվոյայի (sequoiadendron giganteum), նոճու (fitzroya cupressoides) և եղևնու (pseudotsuga menziesii) որոշ տեսակներ ապրում են հազարավոր տարիներ։

Սակայն մարդը, որը համարվում է ստեղծագործության գլուխգործոցը, չնայած երկար ապրելու համար թափած իր ջանքերին, լավագույն դեպքում ապրում է 80–90 տարի։

Ի՞նչ եք կարծում, մեր կյանքը սահմանափակվում է միայն 8 կամ 9 տասնամյակո՞վ, թե՞ հնարավորություն կա ավելի երկար ապրելու։ Շատերը հույս ունեն, որ գիտության զարգացումն ու բժշկական տեխնոլոգիաները կկարողանան երկարակեցության դուռ բացել մեր առջև։

 Կարո՞ղ է գիտությունը օգնել

Գիտությունը մեծ դեր է ունեցել առողջապահության և բժշկական տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում։ «Սայենթիֆիք ամերիքըն» ամսագիրը նշում է. «[Այսօր Միացյալ Նահանգներում] վարակիչ հիվանդություններից կամ հետծննդաբերական բարդություններից ավելի քիչ մարդ է մահանում։ Իսկ նորածին երեխաների մահացությունը, 1960թ.-ից սկսած, 75 տոկոսով նվազել է»։ Սակայն գիտությունը դեռ մեծ հաջողությունների չի հասել մարդու կյանքը երկարացնելու հարցում։ Նույն ամսագրի մեկ այլ թողարկման մեջ ասվում է, որ «նույնիսկ տասնամյակներ տևած ուսումնասիրություններից հետո ծերության պրոցեսը առեղծված է մնում.... փաստերը թույլ են տալիս ենթադրել, որ ծերության պրոցեսն ընթացք է առնում, երբ զարգացման գենետիկական ծրագրերը սկսում են սխալ աշխատել»։ Այնտեղ նաև նշվում է. «Եթե ծերացումը հիմնականում գենետիկական գործընթաց է, ուրեմն գուցե մի օր հնարավոր լինի այն կանխել»։

«Նույնիսկ տասնամյակներ տևած ուսումնասիրություններից հետո ծերության պրոցեսը առեղծված է մնում»

Ծերության, այդ թվում նաև տարիքի հետ կապված տարբեր հիվանդությունների պատճառները գտնելու նպատակով որոշ գիտնականներ ուսումնասիրություններ են անում գենետիկայի մի ոլորտում, որը կոչվում է էպիգենետիկա։ Ի՞նչ է էպիգենետիկան։

Բջիջները պարունակում են գենետիկական տվյալներ, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների ստեղծման համար։ Այդ տվյալների մեծ մասը գտնվում է գենոմում՝ ԴՆԹ-ում պահված ինֆորմացիայի ողջ փաթեթում։ Սակայն վերջին տարիներին գիտնականները ավելի խորը սկսեցին ուսումնասիրել բջջի ներսում գործող տարաբնույթ մեխանիզմները՝ էպիգենոմը։ Այս ապշեցուցիչ մեխանիզմները և դրանց կատարած քիմիական ռեակցիաները էպիգենետիկայի ուսումնասիրության առարկան են։

Էպիգենոմը կազմող մոլեկուլները բացարձակապես տարբերվում են ԴՆԹ-ի մոլեկուլներից։ ԴՆԹ-ն երկպարույր կառուցվածք ունեցող մոլեկուլ է, որը նման է ոլորված սանդուղքի, իսկ էպիգենոմը քիմիական «նիշերի» մի համակարգ է, որը կպչում է ԴՆԹ-ին։ Ո՞րն է էպիգենոմի դերը։ Երգչախմբի դիրիժորի պես՝ էպիգենոմը ղեկավարում է ԴՆԹ-ի գենետիկ ինֆորմացիայի արտահայտումը։ Բջջի պահանջներից ելնելով կամ արտաքին գործոնների ազդեցությանը ենթարկվելով (օրինակ՝ սննդակարգի, սթրեսի կամ տոքսինների)՝ այդ քիմիական «նիշերը» ակտիվացնում կամ պասիվացնում են գեները։ Էպիգենետիկայի ոլորտում վերջին հայտնագործությունները հեղաշրջում են կատարել կենսաբանական գիտության մեջ եղած պատկերացումներում, գիտություն, որը էպիգենետիկան կապում է որոշ հիվանդությունների և նույնիսկ ծերության հետ։

«[Էպիգենետիկան] ընկած է տարբեր հիվանդությունների՝ շիզոֆրենիայից մինչև ռևմատոիդ հոդաբորբի և քաղցկեղից մինչև քրոնիկ ցավի առաջացման հիմքում.... [Այն] իրոք մեծ դեր ունի ծերացման պրոցեսում»,— ասում է էպիգենետիկ ուսումնասիրություններ կատարող Նեսա Քարին։ Ուստի էպիգենետիկայի ոլորտում ուսումնասիրությունները կարող են նպաստել առողջության բարելավման և տարբեր հիվանդությունների (այդ թվում նաև քաղցկեղի) բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը, հետևաբար նաև կյանքի տևողության երկարացմանը։ Մոտ ապագայում, սակայն, մեծ նվաճումների ակնկալիքներ չկան։ Քարին ասում է. «[Ծերության դեմ պայքարելու համար] մենք դեռևս առաջարկում ենք հին բաղադրատոմսը՝ շատ բանջարեղեն և կանոնավոր մարզում»։

Ինչո՞ւ են մարդիկ ամեն հնարավոր բան փորձում իրենց կյանքի տևողությունը երկարացնելու համար։ Ինչո՞ւ ենք ուզում հավիտյան ապրել, ինչպես որ բրիտանական «Թայմս» թերթում էլ գրված է. «Ինչո՞ւ են ողջ աշխարհի մարդիկ խույս տալիս մահից՝ լինի հարության, հոգու անմահության թե վերամարմնավորման գաղափարներին հավատալու միջոցով»։ Այս հարցի պատասխանն  իմանալը կօգնի մեզ տեսնելու, թե ինչն է իրականում ընկած ծերացման հիմքում։

Ինչո՞ւ ենք ցանկանում հավերժ ապրել

Հազարավոր տարիներ է, ինչ մարդիկ փնտրում են այս հարցի պատասխանը։ Սակայն կա՞ արդյոք բացատրություն, թե ինչու մարդը չի ուզում մահանալ, և արդյոք նրա ֆիզիոլոգիական կառուցվածքը հնարավորություն տալի՞ս է հավիտյան ապրելու։ Միլիոնավոր մարդիկ միանշանակ կպատասխանեն՝ այո՛, քանի որ նրանք Աստվածաշնչում գտել են այս հարցերի գոհացուցիչ պատասխանները։

Աստվածաշնչի հենց սկզբում հստակ նշվում է, որ մարդիկ, չնայած կենդանիների հետ ունեցած որոշ ընդհանրություններին, լիովին տարբերվում են նրանցից։ Օրինակ՝ Ծննդոց 1։27-ում կարդում ենք, որ Աստված իր պատկերով է մարդկանց ստեղծել։ Ինչպե՞ս։ Նա մեզ օժտել է այնպիսի հատկություններով, ինչպիսիք են, օրինակ՝ սերը, արդարությունը և իմաստությունը։ Աստված ապրում է հավիտյան և մեր մեջ հավիտյան ապրելու ցանկություն է դրել։ Ժողովող 3։11-ում ասվում է, որ նա «հավիտենություն է դրել մարդկանց սրտերում»։

Այն, որ ի սկզբանե մարդիկ ստեղծվել են հավիտյան ապրելու նպատակով, հստակ երևում է մեր ուղեղի հնարավորություններից։ Մի հանրագիտարանում նշվում է, որ ուղեղի՝ տեղեկություն գրանցելու հնարավորությունը «իրականում անսահմանափակ է» (The Encyclopedia of the Brain and Brain Disorders)։ Ինչո՞ւ պետք է ունենայինք այդ հնարավորությունը,  եթե չէինք օգտագործելու։ Փաստորեն այն, թե ինչպես է մարդը ստեղծված, իրականում արտացոլում է Աստծու սկզբնական նպատակը։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ծերանում, տառապում ու մահանում։

Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում

Առաջին տղամարդն ու կինը կատարյալ էին և ունեին ազատ կամք։ Ցավոք, նրանք սխալ օգտագործեցին այդ ազատ կամքը և ըմբոստացան իրենց Ստեղծչի դեմ * (Ծննդոց 2։16, 17; 3։6–11)։ Անհնազանդ գտնվելով՝ նրանք լուրջ մեղք գործեցին, ինչի հետևանքով սկսեցին ծերանալ, և ի վերջո մահացան։ 1 Կորնթացիներ 15։56-ում ասվում է. «Խայթոցը, որ մահ է բերում, մեղքն է»։

Ադամի ու Եվայի բոլոր սերունդները ժառանգեցին անկատարություն և մեղք՝ սխալ գործելու հակվածություն։ Հռոմեացիներ 5։12-ում ասվում է. «Ինչպես մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին»։

Ի՞նչ եզրակացության ենք գալիս. հավիտենական կյանքի բանալին լաբորատորիաներում չենք կարող գտնել։ Միայն Աստված է ի զորու վերացնել մեղքի պատճառած վնասները։ Սակայն արդյո՞ք նա կանի դա։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ կանի։

«Նա կկլանի մահը հավիտյան»

Աստված կարևոր քայլ ձեռնարկեց մեղքն ու մահը վերացնելու նպատակով։ Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա մահանա մեզ համար։ Իսկ ինչպե՞ս կարող է Հիսուսի մահը օգնել մեզ։ Հիսուսը կատարյալ էր և «մեղք չէր գործել», ուստի կարող էր հավիտյան ապրել որպես կատարյալ մարդ (1 Պետրոս 2։22)։ Սակայն ի՞նչ արեց նա. հոժարակամորեն իր կյանքով վճարեց մեր մեղքերի համար։ Այո՛, Հիսուսը «իր կյանքը փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Շուտով փրկանքը լիովին կկիրառվի մեր նկատմամբ։ Իսկ ի՞նչ կարող է այն նշանակել քեզ համար։ Նկատի առնենք աստվածաշնչյան հետևյալ համարները։

  • «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16

  • «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Եսայիա 25։8

  • «Վերջին թշնամին մահն է, որ պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26

  • «Աստծու խորանը մարդկանց հետ է.... և նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։3, 4

Որքա՞ն երկար կարող ես ապրել։ Աստվածաշունչը հստակ պատասխանում է, որ մարդիկ հավիտյան ապրելու հույս ունեն, հույս, որը իրականություն կդառնա այն բանից հետո, երբ Աստված վերացնի չարությունը երկրի երեսից (Սաղմոս 37։28, 29)։ Հիսուսը այդ հրաշալի հույսը նկատի ուներ, երբ իր կողքը ցցին գամված հանցագործին ասաց. «Դու ինձ հետ Դրախտում կլինես» (Ղուկաս 23։43

Հավիտյան ապրելու մարդու ցանկությունը և՛ տրամաբանական է, և՛ բնական։ Աստված է մեզ այդպես ստեղծել, ուստի նա կիրականացնի մեր այդ ցանկությունը (Սաղմոս 145։16)։ Սակայն մեզանից նույնպես ջանքեր են պահանջվում։ Մենք պետք է հավատ զարգացնենք Աստծու հանդեպ։ Եբրայեցիներ 11։6-ում գրված է. «Առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն, քանի որ նա, ով մոտենում է նրան, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»։ Այսպիսի հավատը կույր չէ, այն համոզվածություն է՝ հիմնված աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքների վրա (Եբրայեցիներ 11։1)։ Եթե ցանկանում եք աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերել և այդպիսով նման հավատ զարգացնել, դիմեք ձեր տարածքում ապրող Եհովայի վկաներին կամ այցելեք www.pr418.com վեբ կայք։

^ պարբ. 21 Ադամի ու Եվայի ըմբոստության պատճառով որոշ լուրջ հարցեր ծագեցին, որոնք առնչվում են Աստծուն։ Այդ հարցերը, որոնք օգնում են հասկանալու, թե ինչու է Աստված թույլ տալիս չարությունը, քննարկվում են «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքում։ Կարդացեք այն օնլայն www.pr418.com վեբ կայքում։