Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Կարելի՞ է վստահել լրատվամիջոցներին

Կարելի՞ է վստահել լրատվամիջոցներին

ՇԱՏԵՐԸ կասկածանքով են վերաբերվում այն ամենին, ինչ կարդում կամ լսում են լրատվամիջոցներով։ Օրինակ՝ 2012-ին «Գալապ» ընկերությունը ԱՄՆ-ում հարցում անցկացրեց պարզելու համար, թե մարդիկ «որքանով են վստահում» թերթերից, հեռուստատեսությունից և ռադիոյից ստացած տեղեկությունների ճշգրտությանը, անկողմնակալությանը և ամբողջականությանը։ 10-ից 6-ը պատասխանեց, որ այդքան էլ չի վստահում կամ բոլորովին չի վստահում այդ լուրերին։ Նման անվստահությունը հիմնավո՞ր է։

Շատ լրագրողներ և այն կազմակերպությունները, որտեղ աշխատում են այդ լրագրողները, ասում են, որ պարտավորվում են ճշգրիտ և բովանդակալից տեղեկատվություն ապահովել։ Սակայն անհանգստության պատճառներ կան։ Քննենք հետևյալ գործոնները։

  • ՄԵԴԻԱՄԱԳՆԱՏՆԵՐ։ Կան փոքրաթիվ, բայց ազդեցիկ ընկերություններ, որոնք հիմնական լրատվամիջոցների սեփականատերերն են։ Այդ լրատվամիջոցները մեծ ազդեցություն են թողնում այն բանի վրա, թե ինչ տեղեկություններ կներկայացվեն, ինչպես կներկայացվեն, և ինչպիսի կարևորություն կտրվի դրանց։ Քանի որ ընկերությունների մեծ մասը շահույթ է հետապնդում, լրատվամիջոցները որոշումներ կայացնելիս հաշվի են առնում շահավետությունը։ Որոշ տեղեկություններ, որոնք թերևս նյութական վնաս պատճառեն լրատվական ընկերությունների սեփականատերերին, գուցե չներկայացվեն։

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Լրատվամիջոցներով ներկայացվող տեղեկությունների մեծ մասը կապ ունի քաղաքական գործիչների և իշխանության գործունեության հետ։ Իշխանությունները ցանկանում են համոզել մարդկանց, որ աջակցեն իրենց քաղաքականությանն ու իրենց ներկայացուցիչներին։ Եվ քանի որ լրատվամիջոցները տեղեկությունները ստանում են իշխանություններից, լրագրողները և իշխանությունների տեղեկատվական ծառայությունները երբեմն համագործակցում են միմյանց հետ։

  • ԳՈՎԱԶԴ։ Շատ երկրներում լրատվամիջոցները պետք է շահույթ ունենան, որպեսզի շարունակեն իրենց բիզնեսը, իսկ շահույթը նրանք մեծամասամբ ստանում են գովազդից։ Միացյալ Նահանգներում պարբերագրերը գովազդից ստանում են իրենց եկամտի 50–60 տոկոսը, թերթերը՝ 80 տոկոսը, իսկ կոմերցիոն հեռուստաընկերությունները և ռադիոն՝ 100 տոկոսը։ Հասկանալի է, որ գովազդատուները չեն ցանկանում հովանավորել հաղորդումներ, որոնք ստվեր են գցում իրենց արտադրանքի կամ գործունեության վրա։ Եթե նրանց դուր չի գալիս այն, ինչ ներկայացնում է լրատվամիջոցը, նրանք սովորաբար իրենց գովազդը տեղադրում են այլ տեղում։ Իմանալով դա՝ խմբագիրները գուցե չհրապարակեն այն նյութերը, որոնք բացասական լույսի ներքո են ներկայացնում իրենց հովանավորներին։

  • ԱՆԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ։ Ոչ բոլոր լրագրողներն են ազնիվ։ Նրանցից ոմանք հորինում կամ կեղծում են պատմությունները։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ Ճապոնիայում մի լրագրող ցանկանում էր գրել այն մասին, թե ինչպես են սուզորդները վնասում Օկինավա կղզու կորալները։ Չգտնելով վնասված որևէ կորալ՝ նա անձամբ վնասեց մի քանիսը և հետո լուսանկարեց դրանք։ Մարդկանց մոլորեցնելու նպատակով երբեմն կեղծում են նաև լուսանկարները։ Լուսանկարների փոփոխման ծրագրերը ավելի են զարգացել, և որոշ փոփոխություններ գրեթե անհնար է բացահայտել։

  • ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄԱՏՈՒՑՈՒՄ։ Նույնիսկ եթե փաստերը միանգամայն հիմնավոր են, լրագրողից է կախված, թե դրանք ինչպես կներկայացվեն։ Նա է որոշում, թե որ փաստերը ընդգրկի և որոնք բաց թողնի։ Ասենք՝ ֆուտբոլի թիմը պարտվել է 2։0 հաշվով։ Սա փաստ է։ Բայց այն, թե ինչ պատճառով է թիմը պարտվել, լրագրողը կարող է ներկայացնել տարբեր ձևերով։

  • ԲԱՑԹՈՂՈՒՄ։ Տպավորիչ պատմություն ստեղծելու համար լրագրողը փաստերը շարադրելիս հաճախ բաց է թողնում որոշ մանրամասներ, որոնք գուցե բարդություններ և հավելյալ հարցեր առաջացնեն։ Այդ պատճառով որոշ փաստեր չափազանցվում են, իսկ մյուսները՝ մեղմացվում։ Քանի որ հեռուստահաղորդավարները և լրագրողները երբեմն ստիպված են մեկ կամ երկու րոպեում բարդ նյութ ներկայացնել, նրանք գուցե բաց թողնեն կարևոր մանրամասներ։

  •  ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ։ Վերջին տասնամյակներում բազմապատկվել է հեռուստակայանների թիվը, ինչի հետևանքով կտրուկ նվազել է այն ժամանակը, որ դիտորդները տրամադրում են մեկ հեռուստաալիք դիտելուն։ Դիտորդների հետաքրքրությունը պահելու համար հեռուստակայանները ձգտում են ներկայացնել առանձնահատուկ և զվարճալի նյութեր։ Այս փոփոխության վերաբերյալ «Media Bias» գիրքը նշում է. «[Հեռուստատեսային] լուրերը վերածվել են նկարների ցուցադրության, որում պատկերներն ընտրվում են ցնցելու կամ սուր զգացողություններ առաջացնելու համար, իսկ նյութերը կրճատվում են այնքան, որ դիտորդները, որոնք մեկ նյութի վրա [գնալով ավելի քիչ] են կենտրոնացած մնում, դիտեն դրանք»։

  • ՍԽԱԼՆԵՐ։ Լրագրողները մեզ նման մարդիկ են, ուստի նրանք ոչ միտումնավոր սխալներ են թույլ տալիս։ Ուղղագրական, քերականական սխալները, ոչ ճիշտ տեղում դրված կետադրական նշանները այնպիսի բաներ են, որոնք կարող են աղավաղել նախադասության իմաստը։ Հնարավոր է նաև, որ փաստերը մանրակրկիտ կերպով ստուգված չլինեն։ Գուցե լինեն սխալներ նաև թվերի մեջ. օրինակ՝ լրագրողը, որը շտապում է ճիշտ ժամկետում ավարտել գործը, գուցե 100000-ի փոխարեն՝ տպի 10000։

  • ՍԽԱԼ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Տեղեկությունները ճշգրիտ ներկայացնելը այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ։ Գուցե մի բան այսօր համարվի փաստ, բայց վաղը պարզվի, որ դա միանգամայն սխալ է։ Օրինակ՝ մի ժամանակ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Արեգակնային համակարգի կենտրոնն է։ Իսկ այսօր գիտենք, որ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը։

 Հավասարակշռված մոտեցում

Թեև խելամիտ է չհավատալ լրատվամիջոցներով ներկայացված բոլոր տեղեկություններին, սակայն դա չի նշանակում, որ ոչ մի տեղեկության չի կարելի վստահել։ Գլխավորն այն է, որ լինենք զգույշ և ամեն բան կուրորեն չընդունենք, բայց միևնույն ժամանակ լինենք լայնախոհ։

Աստվածաշունչն ասում է. «Մի՞թե ականջը չի քննում խոսքերը, ինչպես որ քիմքն է զգում ուտելիքի համը» (Հոբ 12։11)։ Նկատի առնենք որոշ գործոններ, որոնց օգնությամբ կարող ենք ստուգել՝ մեր ստացած տեղեկությունը վստահելի է, թե ոչ։

  • ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԸ։ Արդյո՞ք տեղեկությունը ներկայացվում է վստահելի, հեղինակավոր անձնավորության կամ կազմակերպության կողմից։ Ի՞նչ համբավ ունի հաղորդումը կամ հրատարակությունը. լո՞ւրջ տեղեկություններ է ներկայացնում, թե՞ սենսացիոն։ Ո՞վ է հովանավորում այն։

  • ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ։ Կա՞ն փաստեր, որ մանրակրկիտ ուսումնասիրություն է արվել։ Նյութը միայն մե՞կ աղբյուր ունի։ Աղբյուրները վստահելի, անկողմնակալ և օբյեկտի՞վ են, հավասարակշռված տեսակե՞տ են արտահայտում, թե՞ ընտրվել են այնպիսիք, որոնք թիկունք են կանգնում միայն մեկ տեսակետի։

  • ՆՊԱՏԱԿԸ։ Մտածիր. «Նյութի հիմնական նպատակը տեղեկություն հաղորդե՞լն է, թե՞ զվարճացնելը, գուցե ինչ-որ բան վաճառե՞լն է կամ որևէ բանի թիկունք կանգնե՞լը»։

  • ԵՐԱՆԳԸ։ Եթե նյութի մեջ արտահայտվում է զայրույթ, չարամտություն կամ խիստ քննադատություն, ապա ակնհայտ է, որ դա հարձակում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, և այդ նյութը հիմնված չէ փաստերի վրա։

  • ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ներկայացված փաստերը ներդաշնա՞կ են այլ հոդվածներում կամ հաղորդումներում ընդգրկված տեղեկություններին։ Եթե տեղեկությունները հակասում են իրար, ապա հարկավոր է զգույշ լինել։

  • ԺԱՄԱՆԱԿԸ։ Տեղեկությունը բավականաչափ թա՞րմ է ընդունելի լինելու համար։ Մի բան, որ ճիշտ է համարվել 20 տարի առաջ, այսօր գուցե համարվի ոչ վստահելի։ Մյուս կողմից, եթե նյութը ընթացիկ իրադարձության մասին է, ապա նրանում ընդգրկված տեղեկությունները գուցե չլինեն ամբողջական և բազմակողմանի։

Ուրեմն, կարելի՞ է վստահել լրատվամիջոցներին։ Սողոմոն թագավորն այսպիսի ողջամիտ և իմաստուն խոսքեր է ասել. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15