ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱԵՐԲ | Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ, ԵՐԲ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏԱՀՈՒՄ
Երբ կորցնում եք ձեր սիրելիներից մեկին
Ռոնալդոն, որն ապրում է Բրազիլիայում, ավտովթարի ենթարկվեց։ Այդ վթարի ժամանակ զոհվեցին նրա հինգ հարազատները, որոնց թվում էին նաև նրա հայրն ու մայրը։ Նա պատմում է. «Հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո միայն իմացա, որ նրանք մահացել են։
Սկզբում չէի հավատում, որ նման բան է եղել։ Ինչպե՞ս կարող էին բոլորը մահանալ։ Երբ հասկացա, որ դա իրականություն է, ցնցվեցի։ Երբեք այդպիսի ցավ չէի զգացել։ Այդ օրերին մտածում էի, որ առանց նրանց կյանքս իմաստ չունի։ Ամիսներ շարունակ ամեն օր լաց էի լինում։ Ինձ էի մեղադրում, որ թույլ տվեցի՝ ուրիշը մեքենան վարի։ Եթե ես վարեի, գուցե նրանք դեռ կենդանի լինեին։
Այդ օրից տասնվեց տարի է անցել։ Ես վերադարձել եմ կյանքիս բնականոն ընթացքին, սակայն այդ դժբախտությունը իմ սրտում թողել է այնպիսի դատարկություն, որը ոչնչով չեմ կարող լցնել»։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ
Արտահայտեք ձեր վիշտը։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լացելու ժամանակ» (Ժողովող 3։1, 4)։ Ռոնալդոն պատմում է. «Ամեն անգամ, երբ ուզում էի լաց լինել, չէի զսպում ինձ, լաց էի լինում։ Եվ դրանից հետո ինձ թեթևացած էի զգում»։ Ինչ խոսք, բոլորս տարբեր կերպով ենք վիշտ ապրում։ Ուստի եթե այնպիսի անձնավորություն եք, որ ցույց չեք տալիս ձեր վիշտը, դա չի նշանակում, որ ձեր զգացմունքները պահում եք ձեր մեջ, ոչ էլ նշանակում է, որ պետք է ստիպեք ձեզ լաց լինել։
Մի՛ մեկուսացեք (Առակներ 18։1)։ Ռոնալդոն պատմում է. «Ձգտում էի չմեկուսանալ։ Երբ ինձ որևէ մեկը այցելում էր, ես սիրով ընդունում էի նրան։ Նաև սիրտս բացում էի կնոջս և մտերիմ ընկերներիս առաջ»։
Երբ ինչ-որ մեկը անմտածված խոսք է ասում ձեզ, սրտին մոտ մի՛ ընդունեք։ Օրինակ՝ թերևս ասեն. «Դե՛, նրա համար գուցե լավն էլ դա էր»։ Ռոնալդոն ասում է. «Որոշ խոսքեր, որ մարդիկ ասում էին մխիթարելու նպատակով, հակառակ ազդեցությունն էին թողնում»։ Այդպիսի բառերի վրա կենտրոնանալու փոխարեն՝ հետևեք Աստվածաշնչի խորհրդին. «Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր» (Ժողովող 7։21)։
Աստվածաշնչից տեղեկացեք, թե ինչ վիճակում են գտնվում մահացածները։ Ռոնալդոն ասում է. «Ժողովող 9։5-ում գրված է, որ մահացածները չեն տառապում։ Այդ միտքն ինձ ներքին խաղաղություն է տալիս։ Աստվածաշնչում նաև գրված է, որ հարություն է լինելու, և նրանք, ովքեր մահացել են, նորից կապրեն։ Ուստի պատկերացնում եմ, որ իմ սիրելի հարազատները պարզապես մեկնել են հեռավոր ճամփորդության» (Գործեր 24։15)։
Գիտեի՞ք արդյոք։ Աստվածաշունչը խոստանում է, որ կգա ժամանակ, երբ Աստված «կկլանի մահը հավիտյան» * (Եսայիա 25։8)։
^ պարբ. 11 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։