ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Մաքրություն
Մեր ֆիզիկական մաքրությունը կարևո՞ր է Աստծու համար
«Եկեք մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Մեր Արարիչը սիրում է մեզ և ցանկանում է, որ ունենանք լավ առողջություն և ապրենք երկար, իմաստալից կյանքով։ Աստված ասում է. «Թող քո սիրտը պահի իմ պատվիրանները, որովհետև քեզ համար երկար օրեր, կյանքի տարիներ ու խաղաղություն կավելանան» (Առակներ 3։1, 2)։ Մարդկանց հանդեպ Աստծու սերը երևում է Իսրայել ազգին տրված պատվերներից, որոնք ընդգրկում էին հատուկ հրահանգներ հիգիենայի և սանիտարական հարցերի վերաբերյալ (2 Օրենք 23։12–14)։ Երբ իսրայելացիները հետևում էին այդ ողջամիտ պատվերներին, ունենում էին լավ առողջություն։ Նրանք նաև պաշտպանված էին լինում բազում հիվանդություններից, որ տարածված էին այլ ազգերի մեջ, ինչպես, օրինակ, եգիպտացիների մեջ, որոնք չունեին նման բարձրակարգ օրենսդրություն (2 Օրենք 7։12, 15)։
Նմանապես և այսօր նրանք, ովքեր իրենց մաքրում են «մարմնի.... ամեն պղծությունից», որի մեջ մտնում են, օրինակ, ծխելը, ալկոհոլի չարաշահումը և թմրամոլությունը, խուսափում են ֆիզիկական ու մտային շատ հիվանդություններից և վաղաժամ մահից։ Ու քանի որ մենք մեկուսի կյանքով չենք ապրում, մաքրության վերաբերյալ Աստծու չափանիշներին սերտորեն հետևելով՝ հոգատարություն եք դրսևորում նաև ուրիշների հանդեպ (Մարկոս 12։30, 31)։
Աստծու համար կարևո՞ր է բարոյական և ֆիզիկական մաքրությունը
«Սպանեք ձեր մարմնի անդամները.... պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է։ Այս բաների պատճառով Աստծու ցասումը գալու է» (Կողոսացիներ 3։5, 6)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Ինչպես արդեն նշվեց, Աստվածաշունչը հորդորում է, որ «մաքրենք մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից»։ Հիսուս Քրիստոսի օրերում շատերը, այդ թվում նաև հրեա կրոնական առաջնորդները մեծ ջանքեր էին թափում ֆիզիկապես մաքուր մնալու համար, սակայն անտեսում էին բարոյական և հոգևոր մաքրության չափանիշները (Մարկոս 7։1–5)։ Ցույց տալու համար, թե որն է այդ հարցի վերաբերյալ ճիշտ տեսակետը, Հիսուսն ասաց. «Ինչ որ մարդու մեջ է մտնում, չի կարող պղծել նրան քանի որ.... [այն մտնում է] որովայնը, ապա դուրս է ելնում ու թափվում արտաքնոցը»։ Ապա ավելացնում է. «Ինչ որ դուրս է գալիս մարդու միջից, այն է պղծում նրան, որովհետև ներսից՝ մարդու սրտից են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը, գողությունը, սպանությունը, շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը, նախանձոտ աչքերը.... անխոհեմությունը։ Այս բոլոր չար բաները.... պղծում են մարդուն» (Մարկոս 7։18–23)։
Ինչպես երևում է Հիսուսի խոսքերից, այն մարդիկ, ովքեր ծայրահեղորեն հետևում են իրենց անձնական հիգիենային, սակայն անտեսում են Աստծու տված բարոյական և հոգևոր չափանիշները, նման են բաժակների, որոնք դրսից մաքուր են, բայց ներսից կեղտոտ են (Մատթեոս 23։25, 26)։
Աստվածաշնչի չափանիշները ողջամի՞տ են
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Միքիա 6։8-ում կարդում ենք. «Մի՞թե Եհովան, բացի արդարություն գործադրելուց, բարություն սիրելուց և քո Աստծու հետ համեստությամբ քայլելուց, ուրիշ որևէ բան է պահանջում քեզանից»։ Անշուշտ կհամաձայնեք, որ սա ողջամիտ պահանջ է։ Մեր Արարիչը ցանկանում է, որ մենք հնազանդվենք իրեն՝ սիրուց մղված։ Այդպես վարվելով՝ ուրախություն կվայելենք (Սաղմոս 40։8)։ Իսկ եթե սխալվենք, Աստված կարող է ողորմածություն դրսևորել մեր հանդեպ. «Ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին, որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք»։ Այո՛, Աստված հիշում է, որ մենք անկատար ենք և սխալներ ենք անում (Սաղմոս 103։13, 14)։
Այսպիսով՝ ֆիզիկական, բարոյական և հոգևոր մաքրության վերաբերյալ Աստծու չափանիշներից երևում է նրա բարությունը և սերը։ Պատրաստակամորեն այդ չափանիշներին ներդաշնակ ապրելով՝ իմաստություն կդրսևորենք և ցույց կտանք, որ սիրում ենք Աստծուն։