ԱԶԳԵՐ ՈՒ ԵՐԿՐՆԵՐ
Այցելություն Կոստա Ռիկա
ՀԻՆԳ դար առաջ Իսպանացիները առաջին անգամ ոտք դրեցին այս երկիր։ Նրանք այն անվանեցին Կոստա Ռիկա (հարուստ ափ)՝ մտածելով, որ այստեղ շատ ոսկի կգտնեն, սակայն նրանց ակնկալիքները չիրականացան։ Այսօր Կոստա Ռիկան հայտնի է ոչ թե որպես թանկարժեք մետաղներով հարուստ երկիր, այլ որպես ամենահարուստ ու բազմազան բուսական ու կենդանական աշխարհ ունեցող երկրներից մեկը։
Կոստառիկացիներին հաճախ անվանում են «տիկո», քանի որ նրանք սովորություն ունեն բառերի վերջում ավելացնել «իկո» նվազական ածանցը։ Օրինակ՝ փոխարենը ասելու «ուն մոմենտո» (մի րոպե)՝ նրանք սովորաբար ասում են «ուն մոմենտիկո» (մի րոպեիկ)։ Նաև առօրյայում նրանք հաճախ ասում են «պուրա վիդա» (մաքուր կյանք)՝ իրենց երախտագիտությունը կամ համաձայնությունը արտահայտելու, ինչպես նաև «բարև» և «ցտեսություն» ասելու համար։
Կոստառիկացիների սիրած ճաշատեսակներից է գալո պինտոն (բառացի նշանակում է «խայտաբղետ աքաղաղ»)։ Այն պատրաստելու համար բրինձն ու լոբին եփում են առանձին, հետո խառնում իրար հետ և ավելացնում համեմունքներ։ Գալո պինտոն կարելի է մատուցել նախաճաշին,
ճաշին կամ ընթրիքին։ Ավանդական ըմպելիքներից է սուրճ չորեադոն։ Այն պատրաստելու համար սուրճը քամում են կտորից ֆիլտրով, որն ամրացվում է կանգնակի վրա (սովորաբար այդ կանգնակը պատրաստված է լինում փայտից)։Կոստա Ռիկայում կան Եհովայի վկաների մոտ 450 ժողովներ։ Հանդիպումներն անցկացվում են 10 լեզուներով, այդ թվում նաև կոստառիկյան ժեստերի լեզվով և տեղի երկու լեզուներով՝ բրիբրի և կաբեկար։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ։ Կոստա Ռիկայում հայտնաբերվել են հարյուրավոր լավ հղկված քարե գնդեր։ Դրանցից ամենամեծը 2,4 մետր տրամագիծ ունի։ Ենթադրվում է, որ դրանցից մի քանիսը ավելի քան 1400 տարեկան են։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ նպատակով են կերտվել այդ քարե գնդերը։