ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԼԱՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԱԶՎԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ
Դաստիարակություն, որը լավ արդյունքներ է բերում
ԻՆՉ ԽՈՍՔ, երեխայի դաստիարակությունը հեշտ բան չէ։ Սակայն, եթե ծնողը չի խրատում իր երեխային, երբ դրա կարիքը կա, նրա գործն ավելի է բարդանում։ Ինչո՞ւ։ Քանի որ առանց խրատի 1) երեխաները չեն սովորում լինել կարգապահ ու հնազանդ, ինչն էլ նյարդայնացնում և ուժասպառ է անում ծնողներին, և 2) երեխաները ստանում են անհետևողական դաստիարակություն, ինչն էլ շփոթության մեջ է գցում նրանց։
Մյուս կողմից, սակայն, սիրով ու ողջամտությամբ տրված դաստիարակությունը կարող է շտկել երեխայի մտածելակերպն ու վարքը։ Արդյունքում երեխաներն իրենց ապահով կզգան և կդառնան պատասխանատու անձնավորություն։ Բայց որտե՞ղ կարող եք վստահելի առաջնորդություն գտնել ձեր երեխաներին լավ դաստիարակություն տալու համար։
Արժեքավոր սկզբունքներ Աստվածաշնչից
Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, համոզված են, որ Աստվածաշունչը «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Սակայն Աստվածաշունչը պարզապես երեխաների դաստիարակության ձեռնարկ չէ։ Այնտեղ գրի առնված սկզբունքները գործնական առաջնորդություն են տալիս ընտանիքներին։ Նկատի առնենք որոշ օրինակներ։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Հիմարությունը կապված է երեխայի սրտին» (Առակներ 22։15)։
Թեև երեխաները կարող են լինել հասկացող ու բարի, սակայն նրանք հակված են անմտածված ու անխոհեմ արարքներ գործելու։ Այդ պատճառով երեխաները խրատի կարիք ունեն (Առակներ 13։24)։ Այդ փաստը հասկանալը կօգնի ծնողին պատասխանատվությամբ կատարելու իր դերը։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Երեխայից խրատը հետ մի՛ պահիր» (Առակներ 23։13)։
Պետք չէ մտածել, թե հավասարակշռված դաստիարակությունը կվնասի ձեր երեխային, կամ թե նա հետագայում բացասաբար կտրամադրվի ձեր հանդեպ։ Եթե երեխային խրատեք սեր ու ջերմություն դրսևորելով, նա կսովորի հեշտությամբ ընդունել խրատը. մի բան, ինչը նրան անհրաժեշտ կլինի նաև չափահաս տարիքում (Եբրայեցիներ 12։11)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Բնական է, որ ծնողները ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին, և դրա մեջ ոչ մի սխալ բան չկա։ Սակայն այս դեպքում նույնպես անհրաժեշտ է հավասարակշռություն դրսևորել։ Իրականում, դուք ձեր երեխային օգնած չեք լինի, եթե ամեն անգամ նրան «փրկեք» իր գործած սխալ արարքների հետևանքներից կամ եթե փորձեք պաշտպանել երեխային, երբ ուսուցիչը կամ մեկ այլ անհատ ասում է, որ ձեր երեխան որևէ սխալ բան է արել։ Այդ մարդկանց հանդեպ թշնամաբար տրամադրվելու փոխարեն՝ նրանց համարեք ձեր համագործակիցները։ Այդպես վարվելով՝ կօգնեք երեխային հարգելու իշխանություն ունեցողներին, այդ թվում նաև ձեզ (Կողոսացիներ 3։20)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Ինքնահոսի թողնված երեխան կամաչեցնի իր մորը» (Առակներ 29։15)։
Եղեք սիրալիր, հետևողական և հավասարակշռված
Ծնողները երբեք չպետք է կոպիտ լինեն ու վիրավորեն իրենց երեխաներին, սակայն նրանք նաև պետք է խուսափեն մեկ այլ ծայրահեղությունից՝ թույլատու լինելուց։ Մի գրքում ասվում է, որ «թույլատու ծնողներ ունեցող երեխաները դժվարությամբ են հասկանում, որ իրենց տանը իշխանությունը ծնողների ձեռքերում է» (The Price of Privilege)։ Եթե դուք՝ որպես ծնող, չբանեցնեք ձեր իշխանությունը, ձեր երեխան կմտածի, որ ինքը կարող է այն վերցնել իր ձեռքը։ Արդյունքում նա շատ անխոհեմ քայլեր կանի, ինչը վատ հետևանքներ կբերի իրեն և ցավ կպատճառի ձեզ (Առակներ 17։25; 29։21)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՍՈՒՄ Է։ «Տղամարդը.... կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթեոս 19։5)։
Համաձայն Աստվածաշնչի՝ տղամարդն ու կինը պետք է հիմնեն իրենց ամուսնական կառույցը նախքան երեխաներ ունենալը և պետք է պահպանեն այդ միությունը անգամ այն բանից հետո, երբ երեխաները մեծանում ու հեռանում են տնից (Մատթեոս 19։5, 6)։ Սա նշանակում է, որ դուք նախևառաջ՝ ամուսիններ եք, հետո՝ ծնողներ։ Բայց եթե ձեր կյանքում հակառակը լինի, ձեր երեխան կսկսի իր մասին մտածել «ավելին, քան հարկ է մտածել» (Հռոմեացիներ 12։3)։ Այն ընտանիքներում, որտեղ ծնողները չափից շատ են կենտրոնանում իրենց երեխայի վրա, ամուսնական փոխհարաբերությունները թուլանում են։
Աջակցություն ծնողներին
Որպես ծնող՝ ձեր դերը լիարժեքորեն կատարելու համար երեխաներին դաստիարակելիս հետևեք այս սկզբունքներին։
Սեր դրսևորեք։ «Մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, որ նրանք չվհատվեն» (Կողոսացիներ 3։21)։
Հետևողական եղեք։ «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։
Հավասարակշռված եղեք։ «Ես.... քեզ.... չափավորությամբ կուղղեմ» (Երեմիա 30։11)։ *
^ պարբ. 21 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այցելեք jw.org/hy-armn վեբ կայք։ Մտեք ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ԵՎ ԾՆՈՂՆԵՐ բաժինը, որտեղ կգտնեք տարբեր հոդվածներ, օրինակ՝ «Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին», «Ինչպես արձագանքել երեխայի կամակորություններին», «Բարոյական արժեքներ սերմանիր երեխաներիդ մեջ», «Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին»։