ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԱՄՈՒՍԻՆՆԵՐ
Ինչպես ամրացնել ամուսնական միությունը
ԽՆԴԻՐ
Ձեր ամուսնության օրը դուք ուխտ եք կապել միմյանց հետ՝ խոստանալով, որ ողջ կյանքի ընթացքում իրար կողքի կլինեք և միասին կլուծեք ձեր բոլոր խնդիրները։
Սակայն տարիների ընթացքում ծագող ընտանեկան կոնֆլիկտները կարող են խարխլել ձեր միությունը։ Ուստի լավ կլինի քննես, թե առաջվա պես նվիրվա՞ծ ես քո կողակցին։
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՍ
Ամուսնական ուխտը պատվար է, ոչ թե պատնեշ։ Այսօր շատերը ամուսնական ուխտը բեռ են համարում։ Ոմանք այն համեմատում են երկաթե շղթայի հետ, որի մյուս ծայրին ծանր գունդ է ամրացված։ Բայց այն ավելի շատ նման է խարսխի, քանի որ կարող է ամուսնությունը հաստատուն պահել։ Մեգըն անունով մի կին ասում է. «Ամուսնական ուխտը ապահովության զգացում է տալիս։ Օրինակ՝ երբ կոնֆլիկտ է լինում, ո՛չ ես, ո՛չ էլ ամուսինս չենք մտածում իրարից հեռանալու մասին»։ * Երբ ամուսնական կապն ամուր է և կողակիցները նվիրված են միմյանց, դա մղում է նրանց, որ խնդիրների ժամանակ փորձեն լուծել դրանք, որքան էլ որ դժվար լինի (տե՛ս « Ամուսնական միությունը և նվիրվածությունը» շրջանակը)։
Հետևություն։ Եթե կողակցիդ հետ խնդիրներ ունես, ուրեմն ժամանակն է, որ ամրացնես ձեր ամուսնական միությունը, ոչ թե քանդես։ Ինչպե՞ս կարող ես դա անել։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Քննիր քո տեսակետը։ «Ամուսնությունը ողջ կյանքի համար է»։ Այս մասին մտածելիս քեզ ապահո՞վ ես զգում, թե՞ ասես թակարդի մեջ լինես։ Ամեն անգամ, երբ խնդիրներ են ծագում, լուծումը հեռանալո՞ւ մեջ ես տեսնում։ Ամուսնական միությունն ամրացնելու համար շատ կարևոր է այն դիտել որպես հարատև միություն։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 19։6։
Քննիր քո անցյալը։ Այն, ինչ փոքրուց տեսել ես քո ընտանիքում, կարող է ազդել ամուսնական միության հանդեպ քո վերաբերմունքի վրա։ Լիա անունով մի կին պատմում է. «Ծնողներս բաժանվեցին, երբ դեռ փոքր էի։ Վախենում եմ, որ նրանց օրինակը իր հետքը թողած լինի ամուսնության հանդեպ իմ վերաբերմունքի վրա»։ Վստահ եղիր, որ կարող ես ամուր ընտանիք ունենալ։ Դու դատապարտված չես կրկնելու քո ծնողների սխալները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գաղատացիներ 6։4, 5։
Ուշադիր եղիր, թե ինչ խոսքեր ես ասում։ Վիճաբանության թեժ պահին զգույշ եղիր, որ չասես բաներ, որոնց համար հետո կզղջաս, օրինակ՝ «Ես բաժանվում եմ» կամ «Կգտնեմ մեկին, ով կգնահատի ինձ»։ Այսպիսի խոսքերը ավելի շուտ թուլացնում են ամուսնական կապը և նոր դուռ են բացում իրար վրա վիրավորանքներ տեղալու։ Սակայն իրար ցավեցնելու փոխարեն՝ լավ կլինի ասել. «Երկուսս էլ բարկացած ենք։ Արի մտածենք՝ ինչ կարող ենք անել, որ լուծենք այս խնդիրը»։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Առակներ 12։18։
Ցույց տուր, որ քեզ համար թանկ է ձեր միությունը։ Աշխատանքի վայրում սեղանիդ վրա միշտ ունեցիր կողակցիդ նկարը։ Եթե որոշ ժամանակով բացակայելու ես տնից, ամեն օր զանգիր նրան։ Ուրիշների հետ խոսելիս դրական արտահայտվիր քո ամուսնության մասին, հաճախ օգտագործիր «մենք», «ես ու կինս» կամ «ես ու ամուսինս» արտահայտությունը։ Այդպես դու նրանց ցույց կտաս և ինքդ քեզ կհիշեցնես, որ կապված ու նվիրված ես քո կողակցին։
Գտիր օրինակներ, որոնց արժե հետևել։ Նայիր այն զույգերին, որոնք կարողացել են ամուսնական խնդիրները հաջողությամբ լուծել։ Հարցրու նրանց. «Ի՞նչ նշանակություն ունի ամուսնական նվիրումը ձեր կյանքում, և ի՞նչն է օգնել, որ այն ամուր պահեք»։ Աստվածաշունչն ասում է. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։ Այս սկզբունքը ի մտի ունենալով՝ դիմիր նրանց, և կլսես իմաստուն խորհուրդներ, որ կօգնեն ձեզ ամուսնական կյանքի ուղով քայլել միասին։
^ պարբ. 7 Աստվածաշունչը թույլ է տալիս ամուսնալուծվել միայն ամուսնական անհավատարմության դեպքում։ Տե՛ս «Ամուսնական անհավատարմություն» հոդվածը «Արթնացե՛ք»-ի այս համարում։