ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱՐՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խնդիր. երբ հնարավոր չէ փոխել հանգամանքները
ՔՐՈՆԻԿ հիվանդությո՞ւն ունես, ամուսնալուծվե՞լ ես, մահացել է քո սիրելի անձնավորությո՞ւնը։ Նման իրավիճակներում գուցե թվա, թե ոչինչ չես կարող անել։ Հնարավո՞ր է արդյոք որևէ ելք գտնել նման իրավիճակում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ. ՊՈՂՈՍ
Առաջին դարում ապրած Պողոս առաքյալը, լինելով նախանձախնդիր միսիոներ, շատ էր շրջագայում։ Բայց նրան անարդարացիորեն ձերբակալեցին և երկու տարի տնային կալանքի տակ պահեցին։ Նա այլևս չէր կարող շրջագայել։ Սակայն հուսահատվելու փոխարեն՝ Պողոսը կենտրոնանում էր այն բաների վրա, ինչը կարող էր անել։ Նա հոգևորապես օգնում ու մխիթարում էր բոլոր նրանց, ովքեր այցելում էին իրեն։ Այդ ընթացքում նա նույնիսկ գրեց մի քանի նամակ, որոնք հետագայում դարձան Աստվածաշնչի մի մաս (Գործեր 28։30, 31)։
ԻՆՉՆ Է ՕԳՆՈՒՄ ԱՆՅԱՅԻՆ
Ինչպես նշվեց նախորդ հոդվածում, Անյան իր հիվանդության պատճառով չի կարողանում տնից դուրս գալ։ Նա պատմում է. «Երբ պարզվեց, որ քաղցկեղ ունեմ, կյանքումս ամեն բան տակնուվրա եղավ։ Քանի որ ինձ համար ցանկացած վարակ կարող է շատ վտանգավոր լինել, ես չեմ գնում աշխատանքի ու խուսափում եմ շատ մարդկանց միջավայրում գտնվելուց»։ Ինչպե՞ս է Անյան կարողանում հաղթահարել իր դժվարությունները։ Նա ասում է. «Ինձ շատ օգնեց իմ առօրյա գրաֆիկը փոխելը։ Ես առաջնահերթություններ դրեցի և կազմեցի այնպիսի գրաֆիկ, որը համապատասխանում է իմ հանգամանքներին։ Դա օգնեց ինձ, որ ավելի լավ պատկերացնեմ, թե ինչ կարող եմ անել, և բավարարվածության զգացում ունենամ»։
«Ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեմ, սովորել եմ գոհ լինել» (Պողոսի խոսքերը՝ արձանագրված Փիլիպպեցիներ 4։11-ում)
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Եթե հայտնվել ես այնպիսի հանգամանքներում, որոնք հնարավոր չէ փոխել, փորձիր հետևյալը։
-
Կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչ կարող ես անել։ Օրինակ՝ գուցե չկարողանաս ձերբազատվել քո հիվանդությունից, բայց կարող ես որոշ քայլեր ձեռնարկել առողջությունդ բարելավելու համար։ Կարող ես ֆիզիկական վարժություններ անել, առողջ սնունդ օգտագործել և բավարար չափով հանգստանալ։
-
Դիր նպատակներ, որոնց կցանկանայիր հասնել։ Ապա մտածիր, թե ինչ միջանկյալ նպատակներ կարող ես դնել։ Փորձիր ամեն օր որոշ բաներ անել այդ նպատակներին հասնելու համար։
-
Արա գործեր, թեկուզ մանր-մունր բաներ, որոնք կօգնեն քեզ, որ բավարարվածության զգացում ունենաս ու երջանիկ լինես։ Տարբեր տնային գործեր արա։ Կոկիկ հագնվիր։ Ձգտիր ամենակարևոր գործերը առավոտյան անել։
-
Փորձիր դրական բաներ գտնել քո իրավիճակի մեջ։ Թերևս քո հանգամանքները օգնել են քեզ, որ դժվարությունները հաղթահարելու փորձ և իմաստություն ձեռք բերես։ Կարող ես քո փորձն օգտագործել ուրիշներին օգնելու համար։
Ամփոփում։ Գուցե չկարողանաս փոխել քո հանգամանքները, բայց կարող ես փոխել քո վերաբերմունքը դրանց նկատմամբ։