Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԿԱՐՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խնդիր. Չափից շատ պատասխանատվություններ

Խնդիր. Չափից շատ պատասխանատվություններ

ԴՈՒ շատ լարված կյանքով ես ապրում. պետք է հոգ տանես երեխաներիդ, ժամանակ տրամադրես ամուսնուդ, կատարես քո գործատիրոջ տված հանձնարարությունները։ Բացի այդ, պետք է խնամես քո տարեց ծնողներին։ Սա թերևս այն կյանքը չէ, որի մասին երազել ես։ Այսպիսի ծանրաբեռնված գրաֆիկով ապրելը քեզ պարզապես ուժասպառ է անում։ Գուցե ասես. «Ինչ արած, չէ՞ որ նրանք իմ օգնության կարիքն ունեն»։ Սակայն եթե փորձես անել մարդկանց ուզած ամեն մի բանը, դա հազիվ թե նպաստի քո կամ նրանց բարօրությանը։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել նման իրավիճակում։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿ. ՄՈՎՍԵՍ

Լինելով Իսրայել ժողովրդի միակ դատավորը՝ Մովսեսը թերևս մտածում էր, որ անում է այն, ինչ պարտավոր է անել։ Սակայն մի անգամ Մովսեսի աները ասաց նրան. «Այդպես անելը լավ չէ։ Դու հաստատ կհյուծվես»։ Նա առաջարկեց, որ Մովսեսը իր գործերի որոշ մասը հանձնի ընդունակ և հուսալի տղամարդկանց, իսկ բարդ գործերը ինքը քննի։ Մովսեսի աները վստահեցրեց նրան. «Այդ դեպքում կկարողանաս դիմանալ, ու բացի դրանից, այս ողջ ժողովուրդը խաղաղությամբ իր տեղը կգնա» (Ելք 18։17–23

ԻՆՉՆ Է ՕԳՆՈՒՄ ԴԵԼԻՆԱՅԻՆ

Ինչպես նշվեց առաջին հոդվածում, Դելինան տառապում է մկանային դիստոնիայով։ Նա նաև հոգ է տանում իր երեք հաշմանդամ եղբայրների մասին։ Դելինան պատմում է. «Ես հասկացել եմ, որ վաղվա համար չմտահոգվելը և գործերը չհետաձգելը նվազեցնում են սթրեսը։ Բացի այդ, ես իմ դժվարությունների մասին պատմում եմ ուրիշներին։ Եվ արդյունքում ինձ օգնության ձեռք են մեկնում շատերը, այդ թվում՝ ամուսինս։ Նաև ամեն առավոտ մի փոքր ժամանակ եմ հատկացնում, որ այգեգործությամբ զբաղվեմ, ինչը մեծ բավականություն է պատճառում ինձ»։

«Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1)

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Եթե ունես չափից շատ պատասխանատվություններ, որոնք դժվարացնում են քո կյանքը, փորձիր հետևյալը։

  • Դիմիր ուրիշների օգնությանը։ Օրինակ՝ եթե ունես երեխաներ, նրանք կարող են օգնել քեզ որոշ գործերում։ Կամ էլ քեզ կարող են օգնել քո հարազատները կամ ընկերները, որոնք ապրում են մոտակայքում։

  • Խոսիր քո դժվարությունների մասին։ Օրինակ՝ եթե աշխատավայրում պատասխանատվություններդ չափից շատ են, կարող ես այդ մասին խոսել քո գործատիրոջ հետ։ Դա բոլորովին չի նշանակում, թե պետք է սպառնաս քո գործատիրոջը, թե կհեռանաս աշխատանքից։ Պարզապես բացատրիր նրան, թե ինչ դժվարություններ ունես։ Գուցե նա համաձայնվի թեթևացնել քո գործը։

  • Գրի առ, թե շաբաթվա ընթացքում որքան բան ունես անելու։ Հնարավորության դեպքում խնդրիր, որ այդ գործերից մի քանիսը ուրիշներն անեն։

  • Հավասարակշռված եղիր ընկերական հավաքույթների հրավեր ընդունելու հարցում։ Եթե բավարար ժամանակ չունես կամ հոգնած ես, սիրալիր կերպով հրաժարվիր։

Ամփոփում։ Եթե փորձես անել ամեն բան, ի վերջո գուցե հայտնվես այնպիսի վիճակում, որ չես կարողանա անել ոչ մի բան։