Աստվածաշնչյան կրթությունը օգնում է դառնալու գրաճանաչ
«Գրաճանաչությունը մարդու հիմնական իրավունքներից է։ Այն հանդիսանում է մարդու ազատություններն ու հնարավորությունները ընդլայնելու միջոց, ինչպես նաև նպաստում է և՛ անհատի, և՛ ամբողջ հասարակության զարգացմանը» (ՅՈՒՆԵՍԿՕ)։ *
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համաձայն՝ ամբողջ աշխարհում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի 700 միլիոնից ավելի մարդ չի կարողանում կարդալ ու գրել։ Այդ մարդկանց համար փակ է մնում գիտելիքների հարուստ մի աշխարհ, այդ թվում այն բարոյական չափանիշներն ու ճշմարտությունները, որոնք գրված են Աստվածաշնչում «մեր ուսուցման համար» (Հռոմեացիներ 15։4)։ Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում Եհովայի վկաները Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու հետ միասին մարդկանց տալիս են նաև գրաճանաչության դասեր և այդ ամենը անում են անվճար։ Ի՞նչ արդյունքներ է բերել այդ կրթական ծրագիրը։
Նկատի առնենք, թե ինչ աշխատանք են կատարել Եհովայի վկաները Մեքսիկայում, որտեղ բնակչության մեծ մասը իսպանախոս է։ Սկսած 1946թ.-ից՝ Վկաները գրել-կարդալ են սովորեցրել
ավելի քան 152000 մարդկանց, որոնցից շատերը հետագայում իրենք են սկսել ուսուցանել ուրիշներին։ Վկաները բազմաթիվ շնորհակալական նամակներ են ստացել կառավարությունից։ Այդ նամակներից մեկում նշվում է. «Մեր կրթության վարչությունը երախտագիտության ու գովասանքի խոսքեր է ուղղում ձեզ ձեր անձնվեր աշխատանքի համար, որով նպաստում եք մեծահասակների կրթության ծրագրին»։Գրաճանաչության այդ դասերից օգուտներ են քաղել և՛ երիտասարդները, և՛ տարեցները։ Օրինակ՝ Խոսեֆինան 101 տարեկան էր, երբ սկսեց մասնակցել դասերին, և երկու տարի հետո հաջողությամբ ավարտեց դասընթացը։
Չնայած Մեքսիկայում հիմնական լեզուն իսպաներենն է, բայց գրաճանաչության դասընթացներ անցկացվում են նաև այլ լեզուներով։ 2013-ին այս կրթական ծրագրի շնորհիվ ութ բնիկ ժողովուրդներից տարբեր անհատներ գրել-կարդալ են սովորել իրենց մայրենի լեզվով։
Գրաճանաչությունը նորանոր բաներ սովորելու լայն դուռ է բացում։ Բացի այդ, գրել-կարդալ իմանալու շնորհիվ մարդիկ կարողանում են կարդալ Աստվածաշունչը՝ Աստծու կողմից ներշնչված այդ անզուգական գիրքը, որը կարող է նրանց ազատել սնահավատության ու կեղծ կրոնական հավատալիքների կապանքներից և օգնել նրանց փոխելու իրենց սխալ վարքը (Հովհաննես 8։32)։
^ պարբ. 2 Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն։