Անցնել բովանդակությանը

Նա գտավ կյանքի իմաստը

Նա գտավ կյանքի իմաստը

Պատմում են թագավորության քարոզիչները

Նա գտավ կյանքի իմաստը

ՀԻՍՈՒՍՆ ասաց, որ ճանաչում է իր գառներին (Հովհաննես 10։14)։ Եթե անհատն ունի ճիշտ տրամադրված սիրտ և խաղաղության ու արդարության հանդեպ սեր, ապա նա կցանկանա դառնալ Հիսուսի հետևորդ։ Բելգիայում բնակվող մի այդպիսի կին միացավ Աստծու ժողովրդին և գտավ կյանքի իմաստը։ Ահա նրա պատմությունը։

«Մի օր Եհովայի վկաները թակեցին դուռս։ Ես դեպրեսիայի մեջ էի և ուզում էի վերջ դնել կյանքիս։ Հաճելի էր լսել, որ աշխարհի խնդիրները լուծվելու են, բայց ինձ դուր չեկավ, որ դա Աստծու միջոցով է լինելու։ Ութ տարի առաջ դադարել էի եկեղեցի հաճախել՝ տեսնելով այնտեղ տիրող կեղծավորությունը։ Վկաների ասածների մեջ տրամաբանություն կար։ Ես հասկացա, որ դժվար է ապրել առանց Աստծու։

Ցավոք, մի քանի հանդիպումից հետո Վկաների հետ կապն ընդհատվեց։ Շատ վատ էի ինձ զգում։ Օրական երկու տուփ ծխախոտ էի ծխում, նաև սկսեցի թմրադեղեր օգտագործել։ Ցանկանում էի կապ հաստատել մահացած պապիկիս հետ և դրա պատճառով ներքաշվեցի ոգեհարցության մեջ։ Դրանից հետո դևերը սկսեցին գիշերները հարձակում գործել։ Ամիսներ շարունակ վախենում էի տանը մենակ մնալ։

Մի օր զբոսանքի ժամանակ որոշեցի այլ ճանապարհով գնալ ու քայլելիս մի մեծ շինհրապարակ տեսա։ Այնտեղ շատ մարդիկ կային։ Պարզվեց, որ Եհովայի վկաներ են, Թագավորության սրահ են կառուցում։ Հիշեցի մեր հանդիպումները և մտածեցի, թե որքան հրաշալի կլիներ, եթե աշխարհում բոլոր մարդիկ նրանց պես լինեին։

Ցանկացա, որ նրանք նորից այցելեն ինձ, ուստի խոսեցի շինարարության մեջ աշխատող մի քանի Վկաների հետ։ Աղոթեցի Աստծուն, և 10 օր անց ինձ առաջին անգամ այցելած տղամարդը իմ դռան մոտ էր։ Նա առաջարկեց շարունակել Աստվածաշնչի ուսումնասիրությունը, և ես ուրախությամբ համաձայնեցի։ Նա ինձ միանգամից հրավիրեց ժողովի հանդիպման։ Ես ընդունեցի հրավերը։ Երբեք այդպիսի տեսարանի ականատես չէի եղել։ Միշտ փնտրել էի այնպիսի մարդկանց, որոնք սիրում են իրար և երջանիկ են։ Վերջապես գտա նրանց։

Դրանից հետո սկսեցի հաճախել բոլոր հանդիպումներին։ Մոտ երեք շաբաթ անց ծխելը թողեցի։ Աստղաբանության վերաբերյալ բոլոր գրքերս և սատանայական երաժշտության բոլոր ձայներիզներս դեն նետեցի։ Դևերը աստիճանաբար հանգիստ թողեցին ինձ։ Սկսեցի ապրել Եհովայի սահմանած չափանիշներով և երեք ամիս անց քարոզիչ դարձա։ Դրանից վեց ամիս հետո մկրտվեցի, իսկ մկրտությունից երկու օր անց ենթառավիրայություն սկսեցի։

Շնորհակալ եմ Եհովային այն ամենի համար, որ արել է։ Վերջապես գտա կյանքի իմաստը։ Այո, Եհովայի անունը ամուր աշտարակ է, որտեղ ես ապաստան ու պաշտպանություն գտա (Առակներ 18։10)։ Այժմ սաղմոսերգուի զգացումներն ունեմ, որը Սաղմոս 84։10-ում գրել է. «Քո գավիթներում անցկացրած մեկ օրը ավելի լավ է, քան հազարավորները՝ դրանցից դուրս։ Նախընտրում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել, քան թե բնակվել ամբարշտության վրանների մեջ»»։

Այս հեզ կինը գտավ իր կյանքի իմաստը։ Բոլոր նրանք, ովքեր փնտրում են Եհովային խոնարհ սրտով, նույնպես կարող են գտնել կյանքի իմաստը։