Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Արդյո՞ք սուրբ ոգին ինձ օգնական է դարձել

Արդյո՞ք սուրբ ոգին ինձ օգնական է դարձել

Արդյո՞ք սուրբ ոգին ինձ օգնական է դարձել

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՆԵՐԸ, էլ չենք խոսում մարդկանց մասին ընդհանրապես, զանազան մտքեր են արտահայտում Աստծո սուրբ ոգու վերաբերյալ։ Սակայն անորոշ գաղափարներ առաջ քաշելու անհրաժեշտություն բոլորովին չկա։ Աստվածաշունչը հստակորեն բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծո սուրբ ոգին։ Դա անձ չէ, ինչպես պնդում են ոմանք, այլ Աստծո հզոր, գործող ուժն է, որն ուղղված է իրականացնելու նրա կամքը (Սաղմոս 104։30; Գործք 2։33; 4։31; Բ Պետրոս 1։21

Քանի որ Աստծո նպատակների իրագործման և նրա սուրբ ոգու միջև կապ գոյություն ունի, մի՞թե, ուրեմն, ցանկալի չի լինի մեր կյանքն այնպես ներդաշնակեցնել սուրբ ոգու հետ, որ այն մեր անձնական օգնականը դառնա։

Ինչո՞ւ օգնականի կարիքը կա

Իր երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ Հիսուսն աշակերտներին վստահեցրել էր. «Պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի հաւիտեան ձեզ հետ բնակուի»։ Բացի այդ, նաև ասել էր. «Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ’ուղարկեմ ձեզ մօտ» (Յովհաննէս 14։16, 17; 16։7

Հիսուսն իր աշակերտներին պատասխանատու հանձնարարություն էր տվել՝ ասելով. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Դա բոլորովին էլ հեշտ առաջադրանք չէր լինելու աշակերտների համար, քանի որ դրա հետևանքով հակառակությունների մեծ ալիք էր բարձրանալու (Մատթէոս 10։22, 23

Դրսից եկող հակառակությանը գումարվելու էին նաև ժողովի ներսում ծագած պառակտությունները։ «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր,— մ.թ. 56 թ.–ին գրել էր Պողոսը Հռոմում գտնվող քրիստոնյաներին,— ո՛ւշ դրէք այնպիսիներին, որ հերձուածներ եւ գայթակղութիւններ են առաջ բերում այն վարդապետութիւնից դուրս, որը դուք սովորել էք. եւ խորշեցէ՛ք նրանցից» (Հռովմայեցիս 16։17, 18)։ Այդ իրավիճակը սաստկանալու էր առաքյալների մահից հետո։ Պողոսը նախազգուշացրել էր. «Գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին։ Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց ետեւից քարշ տալու համար» (Գործք 20։29, 30

Այդ ամենը հաղթահարելու համար Աստծո օգնությունն էր հարկավոր նրանց։ Այդ օգնությունը տրվեց Հիսուսի միջոցով, երբ նրա հարությունից հետո՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեի օրը, իր հետևորդներից 120 հոգի ‘լցվեցին’ սուրբ ոգով (Գործք 1։15; 2։4

Աշակերտները հասկացան, որ այդ օրը իրենց վրա թափված սուրբ ոգին Հիսուսի խոստացած օգնությունն էր, և ավելի խորությամբ ըմբռնեցին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Մխիթարիչը [«օգնականը», ՆԱ]՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ’ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ’ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ» (Յովհաննէս 14։26)։ Հիսուսը այն կոչել էր նաև ‘օգնական, ճշմարտության ոգի’ (Յովհաննէս 15։26, ՆԱ

Ի՞նչ իմաստով է ոգին օգնական

Ոգին պետք է շատ հարցերում որպես օգնական ծառայեր։ Նախ՝ Հիսուսը խոստացավ, որ այն պետք է հիշեցներ աշակերտներին այն ամենը, ինչ նա սովորեցրել էր իրենց։ Դրանով Հիսուսը նկատի չուներ, որ աշակերտներն ընդամենը մտաբերելու էին իր ասածները։ Ոգին օգնելու էր նրանց ավելի խորությամբ հասկանալու Հիսուսի սովորեցրածն ու իր խոսքերի նշանակությունը (Յովհաննէս 16։12–14)։ Կարճ ասած, ոգու առաջնորդության ներքո՝ աշակերտներն ավելի լավ էին հասկանալու ճշմարտությունը։ Ավելի ուշ, Պողոս առաքյալը գրեց. «Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը [«բաներն ալ», Արևմտ. Աստ.]» (Ա Կորնթացիս 2։10)։ Որպեսզի Հիսուսի օծյալ հետևորդները կարողանային ուրիշներին փոխանցել իրենց ունեցած գիտելիքները, նախևառաջ պետք էր, որ ճշմարտության իրենց հասկացողությունը լիներ լիովին հիմնավորված։

Երկրորդ՝ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, և այն էլ՝ հաճախակի։ Եթե նրանք ժամանակ առ ժամանակ վստահ չէին լինում, թե ինչի մասին պետք է աղոթեն, ոգին կարող էր միջամտել հօգուտ նրանց կամ օգնության հասնել։ «Նոյնպէս եւ Հոգին օգնութեան է հասնում մեր տկարութիւններին. որովհետեւ մենք աղօթում ենք եւ չգիտենք, թէ ինչպէս արժան է աղօթել [«թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք», ԱԹ]. բայց Հոգին ինքը բարեխօս է լինում մեզ անմռունչ հառաչանքով» (Հռովմայեցիս 8։26

Երրորդ՝ ոգու օգնությամբ էր, որ աշակերտները պիտի ճշմարտության մասին հրապարակավ վկայություն տային։ Հիսուսը զգուշացրել էր նրանց. «Պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կը տրուի այն, ինչ պիտի խօսէք. քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով» (Մատթէոս 10։17–20

Սուրբ ոգին օգնելու էր նաև ճանաչել քրիստոնեական ժողովը և նրա անդամներին առաջնորդելու էր անձնական ճիշտ որոշումներ կայացնելու մեջ։ Եկեք այժմ մանրամասն քննարկենք այս հարցի երկու կողմերը և տեսնենք, թե ի՛նչ նշանակություն ունեն դրանք այսօր մեզ համար։

Բնորոշող նշան

Դարեր շարունակ հրեաները ծառայել էին Աստծուն Մովսիսական օրենքի ներքո՝ որպես նրա ընտրյալ ժողովուրդ։ Սակայն Հիսուսին՝ որպես Մեսիայի, չընդունելու պատճառով նրանք պիտի մերժման արժանանային՝ ինչպես տեղեկացված էր վաղօրոք։ Հիսուսն ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել՝ այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա՛ է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է։ Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կը վերցուի Աստծու արքայութիւնը եւ կը տրուի այն ազգին, որ պտղաբեր կը դարձնի այն» (Մատթէոս 21։42, 43)։ Մ.թ. 33–ի Պենտեկոստեին քրիստոնեական ժողովի հիմնադրումից հետո Քրիստոսի հետևորդները դարձան «պտղաբեր ազգ»։ Այդ ժամանակից ի վեր մարդկանց հետ Աստծո հաղորդակցումը սկսեց իրականացվել այս ժողովի միջոցով։ Եվ որպեսզի մարդիկ կարողանային ճանաչել Աստծո հաճությանն արժանացած այս նոր կարգադրությունը, Աստված բնորոշող նշան տվեց։

Պենտեկոստեին, սուրբ ոգու ազդեցությամբ, աշակերտները հնարավորություն ստացան խոսելու այնպիսի լեզուներով, որոնք նրանք երբեք չէին սովորել, ինչը ականատեսներին լցրեց զարմանքով. «Ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք» (Գործք 2։7, 8)։ Օտար լեզուներով խոսելու կարողությունը «բազում նշանների եւ զարմանալի գործերի» հետ միասին իր դերն ունեցավ, որպեսզի մոտավորապես երեք հազար հոգի ընդունեին, որ Աստծո ոգին իրոք գործում է (Գործք 2։41, 43

Դրանից բացի, իրենց կյանքում դրսևորելով ոգու պտուղը՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, զսպվածություն, Քրիստոսի աշակերտներն իրոք ապացուցեցին, որ Աստծո ծառաներն են (Գաղատացիս 5։22, 23)։ Ընդ որում, ճշմարիտ քրիստոնեական ժողովի ամենաակնառու առանձնահատկությունը սերն էր լինելու։ «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»,— ասել էր Հիսուսը (Յովհաննէս 13։34, 35

Առաջին քրիստոնեական ժողովի անդամներն ընդունեցին Աստծո սուրբ ոգու առաջնորդությունն ու օգտվեցին նրա տված օգնությունից։ Ներկայիս քրիստոնյաներին հայտնի է, որ ի տարբերություն առաջին դարի՝ Աստված այսօր հարություն չի տալիս մահացածներին և հրաշքներ չի գործում, սակայն Աստծո ոգու պտուղն «աճեցնելով» նրանք փաստում են, որ իրենք իսկապես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն են (Ա Կորընթացիս 13։8)։

Օգնական՝ անձնական որոշումներ կայացնելիս

Աստվածաշունչ գիրքը սուրբ ոգու արդյունք է։ Ուստի, երբ հնարավորություն ենք տալիս, որպեսզի Աստվածաշունչը համոզի մեզ՝ դրանով կարծես ունկնդրում ենք սուրբ ոգու խրատը (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Նրա օգնությամբ մենք ի վիճակի կլինենք իմաստուն վճիռներ կայացնել։ Բայց արդյոք այդպես վարվո՞ւմ ենք։

Օրինակ՝ ինչպես ենք վարվում, երբ աշխատանքի ընտրության առաջ ենք կանգնած։ Սուրբ ոգու օգնությամբ մենք կկարողանանք առաջարկված աշխատանքին նայել Եհովայի տեսանկյունից։ Աշխատանքը պետք է ներդաշնակ լինի աստվածաշնչյան սկզբունքներին և նախընտրելի է, որ հնարավորություն ընձեռի հոգևոր նպատակներ հետապնդել։ Աշխատավարձը, դիրքը կամ հեղինակությունը իրականում աննշան կարևորություն ունեն։ Շատ ավելի կարևոր է, որպեսզի այդ աշխատանքը մեզ ապահովի կյանքի ամենաանհրաժեշտ միջոցներով և բավականին ազատ ժամանակ թողնի՝ հնարավորություն տալով կատարելու մեր քրիստոնեական պարտականությունները։

Կյանքը վայելելու ցանկությունը լիովին բնական է ու տեղին (Ժողովող 2։24; 11։9)։ Ուստի, հավասարակշռված քրիստոնյան կարող է հանգստի, զվարճության ու հաճույքի համար ժամանակ գտնել, սակայն այդ ամենը ոչ թե պետք է «մարմնի գործերից» մեկը լինի, այլ՝ արտացոլի ոգու պտուղը։ Պողոսը այսպես է բացատրել. «Մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնըկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ»։ Հարկավոր է խուսափել նաև սնապարծությունից, իրար հետ մրցակցելուց և միմյանց նախանձելուց (Գաղատացիս 5։16–26

Նույնն է նաև ընկերների ընտրության հարցը։ Խոհեմ կլինի ընկերներ ընտրելիս ուշադրություն դարձնել ոչ թե մարդկանց արտաքին տեսքին ու ունեցվածքին, այլ՝ նրա հոգևոր պատրաստվածությանը։ Դավիթը, ինչպես երևում է, Աստծո ընկերն էր, քանի որ Աստված նրա մասին խոսել է՝ որպես իր «սրտով մի մարդու» (Գործք 13։22)։ Ուշադրություն չդարձնելով Դավիթի արտաքինին՝ Աստված նրան Իսրայելի թագավոր ընտրեց՝ համաձայն այն սկզբունքի, որ «այն չէ բանը, որ տեսնում է մարդը. որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագաւորաց 16։7

Հազարավոր ընկերական կապեր խզվել են միայն այն պատճառով, որ հիմքում ունեցել են մարդու արտաքինի կամ ունեցվածքի գնահատանքը։ Անկայուն նյութական հարստության վրա հիմնված մտերմությունը հանկարծակի կարող է վերջ գտնել (Առակաց 14։20)։ Աստծո ոգով ներշնչված Խոսքը մեզ խորհուրդ է տալիս ընկեր ընտրել այնպիսիններին, ովքեր կկարողանան մեզ աջակցել Աստծուն ծառայելու գործում։ Այն սովորեցնում է նաև շեշտը դնել ավելի շատ տալու, քան թե առնելու վրա, որովհետև տալն ավելի մեծ ուրախություն է պարգևում (Գործք 20։35)։ Իսկ ամենաթանկագին նվերը, որ մենք կարող ենք տալ մեր ընկերներին, դա՝ մեր ժամանակն է ու սերը։

Իրենց համար կողակից փնտրող քրիստոնյաներին ուղղված աստվածաշնչյան խորհուրդը, կարծես թե հետևյալը լինի. «Մի՛ նայեք դեմքին ու մարմնին, նայեցե՛ք ոտքերին»։ «Ոտքերի՞ն»,— կհարցնեք դուք։ Այո՛, ոտքերին. «գնո՞ւմ են» այդ ոտքերը բարի լուրը քարոզելու և Եհովայի գործը կատարելու, արդյոք գեղեցի՞կ են Եհովայի աչքերում և հանդերձվա՞ծ են արդյոք ճշմարտությամբ և խաղաղության մասին ավետիսով։ «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է»,— կարդում ենք Աստվածաշնչում (Եսայիա 52։7; Եփեսացիս 6։15

Ապրելով ներկայիս «չար ժամանակներում»՝ մենք ևս օգնության կարիք ունենք Աստծո կամքը կատարելու համար (Բ Տիմոթէոս 3։1)։ Օգնականը՝ Աստծո սուրբ ոգին, հսկայական աջակցություն է ցույց տվել առաջին դարի քրիստոնյաներին և՛ իրենց գործունեության մեջ, և՛ անձնական կյանքում։ Մենք կարող ենք սուրբ ոգին մեր անձնական օգնականը դարձնել, եթե խնամքով ուսումնասիրենք նրա ներգործությամբ գրի առնված Աստվածաշունչ գիրքը։ Արդյո՞ք այդպես ենք վարվում։